Վերլուծություններ

Գազի գինը և շահերի բախումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին շրջանում գազի գնի հարցը հայտնվել է հանրային և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում: Գազի գնի շուրջ գործընթացներն այժմ զարգանում են երեք ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին:

Քննարկումեր բազմակողմ ձևաչափով

Հայաստանի համար ռուսական գազի գնի հետ կապված խնդրի լուծման հնարավոր գործիքներից մեկը ԵԱՏՄ շրջանակներում համատեղ մեխանիզմների ձևավորումն է: ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցն արդեն մի քանի տարի է ակտիվ քննարկվում է, և արդեն իսկ կա որոշում, որ մինչև 2025թ. այն պետք է ձևավորված լինի: Սակայն այս ճանապարհին ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես՝ էներգակիրներ արտահանողների և ներկրողների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են, ինչը դրսևորվեց նաև մայիսի 19-ին հեռավար տարբերակով կայացած՝ եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Ակնկալվում էր նիստի արդյունքում ստորագրել «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մինչև 2025թ. ռազմավարությունը»։ Այն իրենից ներկայացնում է Միության շրջանակներում ինտեգրման խորացման «ճանապարհային քարտեզ», որը  պետք է սահմանի մինչև 2025թ. կառույցի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: Փաստաթուղթը նախատեսում է 13 միջազգային պայմանագրերի ստորագրում, շուրջ 60 իրավական ակտերի ընդունում, «ԵԱՏՄ մասին պայմանագրում»  և ազգային օրենսդրություններում փոփոխությունների իրականացում։

Դեռ ապրիլի 23-ին տեղի ունեցած միջկառավարական նիստի շրջանակներում հնարավոր էր եղել պայմանավորվել դեռևս չհամաձայնեցված գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացում, առողջապահութան ոլորտում համագործակցություն, տնտեսական զարգացմանը օժանդակելու՝ նպատակային աջակցության ճկուն մեխանիզմների ստեղծում։ Միակ հարցը, որ որոշվել էր փոխանցել բարձրագույն խորհրդին, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների հարցն էր։ 

Այս խնդիրն, ի դեպ, քննարկվում է տարիներ շարունակ, միշտ արդիական է, և ինչպես նախկինում, այդպես էլ մայիսի 19-ի բարձրագույն խորհրդի նիստին կողմերին չհաջողվեց գալ ընդհանուր հայտարարի։ Այս հարցում միանման դիրքորոշմամբ հանդես եկան Հայաստանն ու Բելառուսը՝ առաջարկելով փաստաթղթում ամրագրել ընդհանուր սակագին գազի փոխադրման և տարանցման ծառայությունների համար։ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում որոշակիորեն տարբերվում էր։ Մասնավորապես, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «միասնական սակագին կարող է լինել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով»։ Դա, ըստ էության, նշանակում է, որ գազի միասնական սակագին ունենալու համար անհրաժեշտ է ինտեգրման ավելի խորը մակարդակ։ Խնդիրն այն է, որ գազի միասնական սակագին սահմանելու դեպքում, ԵԱՏՄ երկրներում գործող տարբեր հարկային համակարգերի և օրենսդրության պատճռով, երկրների մի մասը տարբեր ապրանքների գծով կարող են ստանալ մրցակցային առավելություն։ Ուստի խաղի հավասար պայմաններ սահմանելու համար Ռուսաստանն առաջարկում է միասնականացնել նաև մյուս ոլորտները, որոնք ազդում են տնտեսական մրցակցության վրա։ Սակայն ԵԱՏՄ երկրները դեռևս պատրաստ չեն նման սերտ ինտեգրման, իսկ գազի ընդհանուր շուկայի հարցն օրակարգից դուրս չի եկել, և տարաձայնությունների հաղթահարման համար կողմերը շարունակում են քննարկումները:

Հայռուսական երկկողմ բանակցություններ

Էներգառեսուրսների միասնական շուկաները ԵԱՏՄ-ում, ինչպես հայտնի է, նախատեսվում է ստեղծել մինչև 2025թ., և անհրաժեշտ է բավական երկար ժամանակ՝ գործնականում փորձարկելու նման համակարգի կենսունակությունը։ Մինչ այդ նավթի և գազի հետ կապված խնդիրների քննարկման առաջնային ձևաչափը շարունակում են լինել երկկողմ բանակցությությունները։ Թեև այդ բանակցությունները հատկապես վերջին երկու տարիներին ակտիվ են եղել և՛ հայ-ռուսական, և՛ ռուս-բելառուսական հարաբերություններում, 2020թ. ապրիլ-մայիս ամիսներին դրանք ընթանում են նոր թափով։ 

Մարտի 31-ին ՀՀ կառավարությունը դիմել է ռուսական «Գազպրոմին»՝ Հայաստան մատակարարվող գազի գնի վերանայման առաջարկով։ 

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ին լրացավ 2013թ. հինգ տարի ժամկետով ստորագրված պայմանագրի ժամկետը, որով սահմանվում էր ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին։ Հունվարի 1-ից արդեն ՀՀ առաքվող գազի գինը 150 դոլարից բարձրացվեց մինչև 165 դոլար՝ 1000 մ3-ի համար, սակայն գինը սպառողների համար չփոփոխվեց, քանի որ գնի տարբերությունը կոմպենսացվեց «Գազպրոմ Արմենիայի» շահույթի հաշվին:

Հատկանշական է, որ գազի գնի վերանայման խնդրանքով այս տարվա ապրիլի 13-ին Ռուսաստանին դիմել է նաև Բելառուսը, որին գազը մատակարարվում է 1000 մ3-ի դիմաց 127 դոլարով։ Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ գազի գնի իջեցման խնդրանքով Ռուսաստանին դիմել է նաև Ղրղըզստանը, ով ռուսական գազը ստանում է 1000 մ3-ի դիմաց 170 դոլարով։ 

Հարցի բարձրաձայնումը հենց այս ժամանակահատվածում պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նախ, դա ուղղակիորեն շաղկապված է համաշխարհային տնտեսության մեջ նշմարվող ճգնաժամով՝ կապված կորոնավիրուսի համավարակի և դրա արդյունքում նաև ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում առաջացող խնդիրների հետ։ Մյուս կարևոր գործոնը էներգակիրների համաշխարհային գների կտրուկ անկումն է, որի արդյունքում արժեզրկվել է նաև ռուսական գազը՝ 2020թ. առաջին եռամսյակում ԵՄ երկրների համար միջինում կազմելով 87 դոլար 1000 մ3-ի դիմաց։ Ստացվում է, որ եթե նախկինում ռուսական գազի գինը ԵԱՏՄ երկրների համար կարող էր համարվել շահավետ, ապա այժմ գրեթե կրկնակի բարձր է, քան Եվրոպայում։ Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ գազի գնից կախված են տնտեսական այլ հարցեր, ինչպես, օրինակ, ապրանքների գնագոյացումը և տնտեսական մրցակցությունը։ Հետևաբար, Միության շրջանակներում, որտեղ գազի գինը խիստ տարբեր է, գազ արտահանող երկրները (որտեղ նաև ցածր է սակագինը) ստանում են ակնհայտ մրցակցային առավելություն։ 

Միանգամայն բնական է, որ էներգակիրներ ներկրող ԵԱՏՄ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի մոտեցումները «գազային հարցում» կարող են տարբերվել արտահանող երկրների՝ Ռուսաստանի ու Ղազախստանի դիրքորոշումից։ Հասկանալի է նաև Ռուսաստանի կոմերցիոն շահը էներգակիրների արտահանումից, ինչը ծանր կշիռ ունի երկրի տնտեսության մեջ, իսկ էներգակիրների գների անկումը անխուսափելիորեն հարված է հասցնում այն արտահանող երկրերին։ 

«Գազպրոմ Արմենիա» – ՀԾԿՀ

Սպառողներին հասնող գազի գնի վրա Հայաստանն ունի ազդեցության իրավական գործիքակազմ՝ ի տարբերություն, օրինակ, Ղրղըզստանի, որտեղ սպառման գինը սահմանում է անմիջապես «Գազպրոմի» կողմից։ Հայաստանում սպառողների համար գազի սակագնի վերաբերյալ որոշումը գտնվում է ՀՀ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» իրավասությունների շրջանակում:  

2020թ. ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիան» դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին» (ՀԾԿՀ)՝ վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից վերանայելու, ավելի հստակ՝ բարձրացնելու հայտով (նշվում է միջինը մինչև 11%)` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։

Ներկայումս բնակիչներին հասնող գազի սակագինը կազմում է 290$՝ 1000 մ3-ի դիմաց, և այժմ դրա փոփոխության հարցը առաջիկայում պետք է որոշի  «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»։

Այսպիսով, «գազային հարցը» ներկայումս քննարկվում է երեք հարթությամբ։ Մինչև 2025թ. ԵԱՏՄ ռազմավարության մեջ գազի վերաբերյալ ամրագրվելիք հարցերը դեռևս քննարկման փուլում են։ Վերջնական որոշումը նախատեսվում է կայացնել մինչև հաջորդ գագաթաժողով, որը հավանաբար տեղի կունենա ոչ հեռավար եղանակով՝ այս տարվա աշնանը Մինսկում։ Գազի հետ կապված ընդհանուր մոտեցման հստակեցումը և փաստաթղթում ֆիքսումը կարևոր է մինչև 2025թ. ռազմավարության ընդունման, և ապագայում գազի ընդհանուր շուկայի ձևավորման համար։ Այնուամենայնիվ, եթե կողմերին չհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, չի բացառվում, որ երկրները կարող են հարցը հանել փաստաթղթից և կարգավորել երկկողմ մակարդակում՝ միաժամանակ շարունակելով բանակցել։ 

Այդ քննարկումներին զուգահեռ՝ կշարունակվեն ակտիվ քննարկումները երկկողմ ձևաչափում։ Այստեղ անհրաժեշտ է դիտարկել նաև քաղաքական գործոնը, քանի որ գազի գինը պետությունների համար ունի նաև ռազմավարական նշանակություն։ Այս առումով կարևոր է, որ կողմերը կարողանան գալ փոխշահավետ փոխզիջումային տարբերակի։ Այս հարցով անհրաժեշտ է որոշում ունենալ առնվազն մինչև 2021թ. հունվարի 1-ը, քանի որ գործող պայմանավորվածությունների ժամկետը սպառվում է 2020թ. ավարտին։

Ինչ վերաբերում է սպառողներին հասնող գազի գնին, ապա մոտ ապագայում այս հարցով կլինի ՀԾԿՀ որոշումը։ Ըստ ՀՀ իշխանությունների՝ ներկայումս կա հնարավորություն, որ բնակչության համար գազի գնի բարձրացում առհասարակ տեղի չունենա, իսկ տնտեսվարողների համար թանկացումը կարող է լինել այնպիսին, որ արտադրվող ապրանքների ինքնարժեքի վրա էական ազդեցություն չի ունենա։ 

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker