Սպորտ

Մեսսի – «Բարսելոնա» պատերազմ. ֆուտբոլիստի հեռանալու որոշման 5 պատճառները

Համաշխարհային ֆուտբոլում երեկ երեկոյից թեժ է: Բոլորը քննարկում են Լինել Մեսսի-«Բարսելոնա» հարաբերությունների զարգացումը: Արգենտինացի աստղը ցանկանում է հեռանալ, սակայն ակումբը որոշել է ամեն ինչ անել նրան պահելու համար:

Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ երեկ 33-ամյա հարձակվողը ֆաքս է ուղարկել ակումբ՝ տեղեկացնելով որոշման մասին եւ խնդրելով թույլ տալ իրեն անվճար հեռանալ: Դրանից անմիջապես հետո ղեկավարությունը հատուկ ժողով է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը: Հետո ակումբը պատասխան ֆաքս է ուղարկել ֆուտբոլիստին, որում նշվել է, որ ակումբը ցանկանում է, որ նա մնա ու կարիերան ավարտի «Բարսայում»:

Բացի այդ՝ Մեսսիին տեղեկացրել են, որ նա այլեւս չի կարող օգտագործել պայմանագրի այն կետը, ըստ որի, յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում ցանկության դեպքում կարող է անվճար հեռանալ: Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայմանագրի այդ կետը ֆուտբոլիստը կարող էր օգտագործել մինչեւ հունիսի 10, իսկ հիմա նա կարող է գնալ միայն այն դեպքում, եթե վճարվի նրա հրաժարագինը, որը 700 մլն եվրո է: Ամեն դեպքում Մեսսին հույս ունի, որ կկարողանա օգտագործել այն փաստը, որ կորոնավիրուսի պատճառով այս մրցաշրջանն անսովոր երկար է եղել, եւ մրցաշրջանի վերջը ոչ թե հունիսի սկզբն էր, այլ օգոստոսի վերջը:

Իսկ ինչո՞ւ է կատալոնական ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստը որոշել հեռանալ: Պատճառը նրա ու ակումբի ղեկավարության լարված հարաբերություններն են: Այս մասին խոսվել է անցած ողջ մրցաշրջանի ընթացքում: Ամիսներ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն PR ընկերություն է վարձել, որպեսզի այն գցի ֆուտբոլիստի վարկանիշը: Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում հարաբերությունները հերթական անգամ սրվեցին, երբ ղեկավարները չէին կարողանում համաձայնության գալ թիմի հետ աշխատավարձի կրճատման հարցում: Թիմի անունից նրանց հետ բանակցում էր Մեսսին՝ որպես ավագ եւ հանդերձարանի լիդեր:

Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ այս տարաձայնությունների պատճառները խորքային են: Կատալոնական sport.es պարբերականը, որը հայտնի է որպես «Բարսելոնային» սատարող լրատվամիջոց, Մեսսիի հեռանալու 5 հիմնական պատճառ է առանձնացրել: Առաջինն այն է, որ արգենտինացին երբեք էլ չի հավանել այս ղեկավարությանը ու համաձայն չի եղել 2014 թվականից ակումբը ղեկավարող Բարտոմեուի մոտեցումների հետ: Նշվում է, որ Մեսսին այս տարիներին «Բարսայում» է մնացել միայն ակումբի նկատմամբ սիրուց դրդված, սակայն վերջերս Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի քառորդ եզրափակչում «Բավարիայից» 2-8 հաշվով կրած խայտառակ պարտությունից հետո հույս է ունեցել, որ ղեկավարությունում ինչ-որ փոփոխություն կլինի, ինչը տեղի չի ունեցել:

Մյուս պատճառը համարվում է այս տարվա սկզբին գլխավոր մարզչի պաշտոնից Էռնեստո Վալվերդեի հեռացումը: Ընդհանրապես Մեսսին միշտ լավ հարաբերություններ է ունեցել մարզիչների՝ այդ թվում Վալվերդեի հետ, ու վերջինիս վերաբերյալ ակումբի որոշումը հարված է եղել: Ի հավելումն սրա՝ ակումբը որպես փոխարինող բերեց կարիերայում ոչ մի լուրջ հաջողության չհասած Կիկո Սետիենին, որն ուրախությամբ նշում էր, որ մի քանի օր առաջ իր ֆերմայում զբաղվում էր իր կովերով, իսկ հիմա աշխարհի լավագույն թիմի ֆուտբոլիստների հետ է աշխատում: Մեսսիի ու նոր մարզչի սառը հարաբերությունները ակնհայտ էին ոչ միայն ակումբի ներսում: Նրա վերաբերմունքն արտահայտվում էր նաեւ հանդիպումների ժամանակ՝ տեսախցիկների առաջ, երբ նա ցուցադրաբար հեռանում էր, երբ մարզիչը սկսում էր ցուցումներ տալ թիմին:

Մեկ այլ պատճառ է այն, որ ֆուտբոլիստը երբեք համաձայն չի եղել ակումբի ղեկավարների քաղաքականության հետ: Նա համարել է, որ ակումբը սխալվում է տրանսֆերների հարցում՝ ինչպես ֆուտբոլիստներ բերելիս, այնպես էլ վաճառելիս: Նա կարծում է, որ ակումբը սխալ է օգտագործել Նեյմարի վաճառքից ստացած հսկայական գումարը: Բացի այդ՝ տրանսֆերների հարցում նա երբեք համամիտ չի եղել վերջերս տեխնիկական տնօրենի պաշտոնից հեռացած Էրիկ Աբիդալի հետ: Մեսսիի մոտ զգացողություն է, որ ամեն տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո թիմն ավելի թույլ ու ավելի քիչ մրցունակ է դառնում:

Ֆուտբոլիստի որոշման վրա ազդել է նաեւ հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ ակումբի վերաբերմունքը: Ուրուգվայցի հարձակվողը նրա մտերիմ ընկերն է: Նրանք ընտանիքներով շատ մոտ են, միասին են անցկացնում իրենց արձակուրդները: Ակումբն օրերս հայտնել է Սուրաեսին, որ այլեւս հույսեր չի կապում նրա հետ: Մեսսին դուր չի եկել այն ձեւը, որով Սուրաեսին հայտնել են այդ նորությունը:

Վերջին՝ 5-րդ, պատճառը համարվում է այն, որ Մեսսին «Բարսայի» պլաններում հաղթանակների ձգտող նախագիծ չի տեսնում: Նա արդեն շփվել է նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ: Հոլանդացին չի կարողացել տպավորել իր ծրագրերով ու չի համոզել նրան: Բացի այդ՝ հասկացրել է Մեսսիին, որ հանդերձարանում արտոնյալներ չեն լինելու:

Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» է մանկուց՝ 13 տարեկանից: «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիրն առաջի թիմում 16 մրցաշրջան է անցկացրել: Հաղթել է անհատական ու թիմային բոլոր հնարավոր մրցանակներն ու տիտղոսները:

Մի կողմից թիմի երկրպագուները՝ «կուլեները», չեն կարողանում հաշտվել Մեսսի հեռանալու հետ: Երեկ Բարսելոնայում ակումբի գրասենյակի մոտ երկրպագուներ են հավաքվել, որոնք պահանջել են Բարտոմեուի հրաժարականը: Համացանցի հայկական տիրույթում այս թեման եւս ակտիվ քննարկվում է: Ոչ միայն «Բարսայի» երկրպագուներն են տխրել, այլեւ մյուս թիմերի՝ այդ թվում կատալոնցիների ոխերիմ թշնամի «Ռեալի» հետեւորդներն են ցավում դրա համար:

Մյուս կողմից արդեն խոսվում է կարիերան շարունակելու նրա տարբերակների մասին: Ըստ մամուլի՝ Մեսսիով հետաքրքրվող ակումբների թվում են Միլանի «Ինտերը», «Մանչեստեր Յունայթեդը», «Մանչեստեր Սիթին», ՊՍԺ-ն: Շաբաթներ առաջ տեղեկություններ էին տարածվել, որ նա տուն գնում Միլանում: Օրերս էլ նշում էին, որ արդեն խոսել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, որը մարզել է նաեւ «Բարսան»:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker