Մամուլի Տեսություն

Արցախում դանակահարության միջադեպով լարվածություն է ստեղծվել

Արցախում նախընտրական գործընթացներին զուգահեռ՝ միջադեպերն իրար են հաջորդում: Երեկ երեկոյան դանակահարվել է ներկուսակցական խմորումներում հայտնի ակտիվիստներից մեկը, ով համարվում է ԼՂՀ նախկին վարչապետ, նախագահի հավակնորդ թեկնածու Արայիկ Հարությունյանի համակիրներից: Իսկ դանակահարող անձը՝ Կարմիրի նախկին գյուղապետի որդի Աբո Ավետիսյանը, հակառակ թիմից է, արցախցիները նրան ճանաչում են՝ որպես Սամվել Բաբայանի ակտիվ համակիրներից մեկը:

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության Ստեփանակերտի գրասենյակի դիմաց գրանցված դանակահարության դեպքն ավարտվել է ձերբակալություններով, իսկ ներքաղաքական և հասարակական դաշտում քննարկվում են հետագա հնարավոր զարգացումների տարբեր վարկածներ:

Մինչդեռ 168.am-ին փոխանցված տեղեկություների համաձայն՝ վեճը ծագել է ճանապարհին պատահաբար իրար հանդիպած քաղաքական հակառակորդ թիմերի ներկայացուցիչերի միջև, երբ տղամարդիկ սադրիչ արտահայտություներով սպառնացել են միմյանց: Մինչ այդ Ստեփանակերտի փողոցներով մեքենաներով իրար երկար հետապնդած երիտասարդները փոխադարձ վիրավորանքներով ու հայհոյախառն արտահայտություններով սրել են վեճը, ինչն ավարտվել է դանակահարության միջադեպով:

Արցախցիները միանշանակ հակված են կարծելու, որ այս միջադեպը Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան սրված հարաբերությունների վերջին զարգացումը չէ, և այն ուղիղ կապ ունի նախորդած կրակոցների հայտնի միջադեպի հետ:

Հիշեցնենք, նախօրեին ձերբակալվել էին Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, ովքեր, ըստ արցախցի ֆեյսբուքյան օգտատերերի, թեև իրականում ֆինանսական պարտք ու պահանջի հողի վրա էին Սևան-Մարտունի ճանապարհին միջադեպ հրահրել, սակայն ներկայումս ներգրավված են Արայիկ Հարությունյանի կուսակցական ակտիվ աշխատանքների մեջ:

Ավելին, նրանք Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներ են հանդիսանում, Ալեքսեյ Բալայանը համակարգում է Մարտակերտի շրջանի կուսակիցների ու համակիրների հետ աշխատանքը, Ռոլանդ Այդիյանը Շահումյանի շրջանում է ակտիվ աշխատանքներ տանում, Քարվաճառում նրան բոլորը ճանաչում են՝ իբրև նախկին վարչապետի մարդը:

168.am-ի տեղեկություններով՝ Ալեքսեյ Բալայանը նախկինում մի քանի քրեական գործերով անցած հայտնի թաղային հեղինակություն է, ով նախկինում հասցրել է մի քանի ծեծկռտուքի միջադեպերով աչքի ընկնել հենց Մարտակերտի շրջանում: Նրա ֆինանսական պարտքերը, ըստ աղբյուրի՝ հաճախ բարեկամաբար զրոյացրել, աջակցել է նույն Արայիկ Հարությունյանը՝ նախկինից ունեցած հարաբերությունների պատճառով:

Արայիկ Հարությունյանն ինքն էլ հաստատել է՝ ձերբակալված 2 անձանց էլ ճանաչում է, նրանց հետ կապեր ունի, Ալեքսեյ Բալայանը Ղարաբաղի լեգենդար հրամանատարներից մեկի՝ Վլադիմիր Բալայանի որդին է, ում աջակցել է բիզնես գործունեություն ծավալելու հարցում, իսկ Ռոլանդն իր կուսակցության համակիրներից է, իր վարչապետության ժամանակ զբաղեցրել է Քարվաճառի քաղաքապետի պաշտոնը։

Հետաքրքրականն այն է, որ արցախցիները չեն բացառում նաև նախկինից մնացած կենցաղային վեճերի թեման, սակայն նկատում են, որ այսօր երկու կողմերի միջև առկա լարվածության պայմաններում Արցախում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ ցանկացած խոսք ու զրույց արագ վերաճում է ծանր միջադեպի:

Արցախում, ասում են, երբեք այսքան սրված ներքին հարաբերություններ չեն նկատել:

Սադրիչ վերջին զարգացումների շուրջ քաղաքական հակառակորդ թիմերի գրասենյակները շարունակում են պնդել, որ միջադեպերը լիդերների քաղաքական ձգտումների հետ առնչություն չունեն, նախկինի դեպքում Արայիկ Հարությունյանն էր բացառում քաղաքական գործոնը, այս դեպքում Սամվել Բաբայանի գրասենյակն է հաղորդել, որ միջադեպի քաղաքական դրդապատճառներով սադրանքների վարկածը հորինված է, և, որ ոչ դանակահարողը, ոչ դանակահարվողն իրենց հետ կապ չունեն: «Մենք մեր բոլոր համակիրներին չենք ճանաչում և պատասխանատվություն չենք կրում նրանց արարքների համար»,- նշել էին հաղորդագրության մեջ:

«Կանանց գաղութ է, ոչ թե գործարան»․ ժողով Գյումրու «Սաստեքս»-ում ստեղծված աղմուկի թեմայով

Գյումրու «Սաստեքս» կարի գործարանում, որի աշխատակիցները բողոքում են իրենց ստրկական պայմաններում աշխատեցնելուց ու սահմանված նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը կրճատելուց, այսօր ժողով է հրավիրվել։ Ժողովին մասնակցել են Թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, աշխատակիցներն ու Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները՝ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Շիրակի մարզպետի օգնականները։ «Սաստեքս»-ի աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց սկզբում փորձել են լռեցնել, ասել են, որ սփյուռքահայ գործարարները հսկայական գումարներ են ներդրել, աշխատատեղ ստեղծել, պիտի գնահատել, ոչ թե ելնել ու միտինգ անել։ «Հիշո՞ւմ եք երկու օր առաջ պարզաբանում էին, թե բռակ ապրանքը կապ չունի աշխատավարձի կրճատման հետ, էսօր էլ բռակ ապրանքի ցանկը՝ պապկի մեջ դրած, բերել էին, թե տեսեք բռակ ապրանք եք տվել։ Մեկ էլ Սահմանադրությունը՝ թևի տակ զարկած, եկել էր, թե չգիտեմ որերորդ հոդվածով, եթե աշխատողը իր աշխատանքը ճիշտ չի կատարում, ուրեմն իր աշխատավարձը չի վճարվում։  3 ամիս աշակերտ եղանք, արտադրանք տվեցինք, ոչ մի բռակ ապրանք չկար, հիմի որ ավելի ենք հմտացել, հանկարծ ապրանքը բռակ դարձավ, հա՞։ Ահաբեկել էին, թե լրագրողներին կանչած աշխատակիցներին աշխատանքից կազատենք․ էսօր վախից որոշ տեխնոլոգ-վարպետներ ելան, ելույթ ունեցան, թե իբր Քրիստիան Գելիջին մեզ ավելին էլ է վճարել։ Գիտեք էնպես չէ, որ մեզ ճշմարտությունն ասելու համար պիտի գնդակահարեն, նրանց դոշին էլ սուտ գովերգելու համար մեդալ կախեն, կա խնդիր, պիտի լուծվի:

Ինձ էլ են ահաբեկել, վախեցրել ԶԼՄ-ներին հարցազրույց տալու համար, բայց ես նորից խոսել եմ։ Նեղվում էին՝ ինչո՞ւ ենք ԶԼՄ-ներին ասել, թե եղունգներդ կոտրվում են, կտորները թունավոր են, ուշաթափվում, վատ եք զգում, ուզում եք գործարանը փակել տա՞լ։  Երբ իմացան, որ փոխմարզպետն է գալիս, ասին՝ ժողովուրդ ջան, ամեն ինչ պարզ է, ավելի լավ է երկուշաբթի սկսենք բնականոն աշխատանքը։ Փոխմարզպետը  եկավ ու հարցրեց, թե ինչո՞ւ  նվազագույն աշխատավարձը չի պահպանվում, իր հարցերը տվեց ու այդպես էլ չստացավ պատասխանը։ Փոխմարզպետին տեղյակ պահեցինք, որ բյուլետինը չի վճարվում, հիվանդ մեռնես, հնար չկա, չես վճարվում։ Ի զարմանս մեզ՝ հենց այսօր իմացանք, որ գործարանը տնօրեն ունի, նախկին փոխմարզպետ Պետրոսյան Սեյրանից հետո փաստորեն տնօրեն են ընդունել Շվեյցարիայից, ելավ, հանկարծակի բերեց բոլորիս, հանդես եկավ որպես տնօրեն։ Զարմացանք, թե մենք տնօրեն ունենք ու տեղյակ չենք, որ այդ մարդը մեր տնօրենն է։ Թարգմանիչն էլ իր խոսքերն էր թարգմանում,  թե մենք անկարգապահ ենք, աշխատանքի ժամին սուրճ ենք խմում, հեռախոսով խոսում, զուգարան ենք գնում, քարե դարում ենք երևի ապրում։ Իզուր չէ, որ բոլորը մեզ ասում են «Սաստեքսի գերիները», հենց էդպես էլ անվանում են, կանանց գաղութ լինի, ոչ թե գործարան։ Փոխմարզպետը խոսք տվեց, որ հետևողական կլինեն մեր պայմանների ու  աշխատավարձի հարցում»,-պատմեց աշխատակիցներից մեկը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հարցրեց, թե նվազագույն աշխատավարձի շեմը ո՞նց է պահպանվում ու իմանալով, որ գործավարձայինի դեպքում ընդհանրապես չի պահպանվում․ կան մարդիկ, որոնք 40 ժամ աշխատելով, 55 հազար դրամ չեն ստանում, ասաց, որ սա օրենսդրության խախտում է։ Արհմիության նախագահն էլ իր հերթին ասաց, որ պիտի վերանայվի։ «Սաստեքսի» ներկայացուցիչ Ներսես Տաշչյանն էլ հայտարարեց, որ ոչ մի մարդ չկա կրճատված։ Աշխատակիցներից հետաքրքրվեցին՝ գալո՞ւ են աշխատանքի երկուշաբթի ու ստացան դրական պատասխան։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/05/31/1047137/ 

Կարեն Կարապետյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Հրայր Թովմասյանը` Արցախում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայապետյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ Արցախում են եղել ու հանդիպումներ ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ այլ պաշտոնյաների հետ: «Հանդիպումները հիմնականում փակ են եղել, օրակարգում՝ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը: Երկուստեք դժգոհել են նոր կառավարիչների քայլերից: Հատկապես դժգոհ ու վրդովված է եղել Ռուբեն Հայրապետյանը,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։ Արցախի իշխանություններն էլ իրենց հերթին են դժգոհել, մանավանդ վերջին զարգացումներից եւ Ազատության հրապարակում հնչած կոչերից: Ընդգծել են նաեւ, որ երկրի նորօրյա պատմության մեջ առաջին անգամ Արցախը պաշտոնապես չի մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառմանը՝ Հայաստանի առաջին հանրապետության տոնին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Լարված իրավիճակ Արմավիրում. մարզպետարանի դիմաց թիվ 5 դպրոցի կոլեկտիվն ու երեխաները դասադուլ ու գործադուլ են հայտարարել.
 
 

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ից Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել են Արմավիրի մարզպետարանի դիմաց։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին.

«Պահանջում ենք, որպեսզի հստակ պատասխան տան, թե ում միջամտության արդյունքում են դպրոցի երկարամյա տնօրեն, դպրոցում մեծ հեղինակություն վայելող Մաշա Իվանյանին փորձում ինչ-ինչ ճանապարհներով ազատել աշխատանքից։ Ավերակների վերածված դպրոցը տիկին Իվանյանի շնորհիվ զարթոնք է ապրել։ Թե ծնողների, թե ուսուցչական կոլեկտիվի կողմից ընդունված է։ Մենք պահանջում ենք, որպեսզի դպրոցի բնականոն աշխատանքը ինչ-որ մարդկանց կողմից չխաթարվի։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ամենն ուղղորդված է։ Եթե մեր բարձրացրած խնդիրը չլուծվի, ապա շարունակելու ենք դասադուլ, գործադուլ, ու այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է մարզի ղեկավարության վրա»։

Այս պահին մարզպետարանի դիմաց ասեղ գցելու տեղ չկա։ Մարդիկ վանկարկում են «Իվանյան, Իվանյան» ու պահանջում են մարզպետի հետ հանդիպում։

ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՅԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ.«ՀՐԱՊԱՐԱԿ».

Թագուհի Ղազարյան

 
Լուրեր կան, որ «Իմ քայլում», ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը` «թեւերը, ոտքերը, ճանկերը» շատացել են, եւ սպասվում է, որ առավել լիբերալ թեւը, չասենք՝ «սորոսականները», առանձնանան․ հնարավո՞ր է նման բան՝ հարցրինք դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ «Հարցը բաժանեմ մի քանի բաղադրիչների. տեսակետների բախում կուսակցությունում ու դաշինքում առաջին օրվանից էլ լինում է, սակայն, կախված քննարկումներից, բաժանումները տարբեր ֆորմատներով են լինում` ըստ հայացքների, մի անգամ՝ այս ֆորմատով, մյուս անգամ` այլ։ Սկզբունքն եղել է կոնսենսուս կառուցելը»:

Սանասարյան Դավիթի առնչությամբ ի՞նչ կոնսենսուս եք «կառուցել»։ «Էս հարցում մենք բոլորս սպասողական վիճակում ենք, տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն»: Եթե պարզվեց, որ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը ճիշտ էր, այդ ժամանակ ի՞նչ եք անելու, քննարկվե՞լ է այդ տարբերակը։ «Ոչ ոք մեզ չի խաբելու, չէ՞, կտեսնենք, թե ինչ է լինելու»: Իսկ ինչո՞ւ եք այդպես` հարցականով ասում. կասկածո՞ւմ եք Դավիթին։ «Չէ, սակայն «եթե»-ներով հարցերին եկեք չպատասխանեմ»: Չե՛ք համակրում Սանասարյանին։ «Ես համակրում եմ միայն Հայաստանի Հանրապետությանը։ Չպատասխանեցիք դաշինքից որեւէ թեւի առանձնանալու հարցին։ «Այս պահին նման որեւէ գործընթաց չի ընթանում, չեմ կարծում, որ մոտ ապագայում նման բան լինի. գոնե ես` ինձ չեմ պատկերացնում այլ կուսակցության մեջ, քան «Քաղաքացիական պայմանագիրն» է»:

«Ես չեմ կարա ուրիշին առևանգեմ․ վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել»․ Սամվել Ալեքսանյան

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեում երեկ հարցաքննվել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա հարցաքննվել էր իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասով, «Ազատության» հետ զրույցի ժամանակ, Սամվել Ալեքսանյանը նշել է․ «Ես առևանգող մա՞րդ եմ, այ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձնից․․․ Ինձ չառևանգեն ես չեմ կարա ուրիշին առևանգեմ․ վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել․․․ Ինքը երևի բուժման կարիք ունի, թող գնա բուժման․․․ Իմ հեղինակության, անվան հետ ա ուզում խաղա, էդքան բան։ Ես իրան մենակ հեռուստացույցով եմ տեսել, հետը չեմ էլ շփվել։ Երևի մեկը սովորացրել ա կամ էլ գժվել ա»։

Հիշեցնենք, որ Ղուշչյանը հայտարարել էր, որ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին։

«Իրավունք». «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Չնայած երիտասարդ տարիքին, Մաշադյան կրտսերն արդեն միլիոնատեր է, թեպետ հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը՝ դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի:

Ինչեւէ, ոչ ավել, ոչ պակաս պաշտոնը ստանձնելու պահին Հ. Մաշադյանը հայտարարագրել է 12 մլն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա:

Թե ինչպես են Մաշադյանները սրընթաց պաշտոնների հասնում նոր իշխանությունների օրոք, բավական ուշագրավ է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են:

Եվ եթե Ն. Փաշինյանի բարեկամներն այսօր խորհրդարանում են, լիովին «արդար» է, որ Ա. Հակոբյանի բարեկամներն էլ լինեն ՊԵԿ-ում եւ այլ պաշտոններում:

Իսկ ոչ վաղ անցյալում այսօր իշխանության եկած մարդիկ ասում էին, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մայիսին սպասվող տարբեր ճակատների քաղաքական բուռն մուտքը ստվերային ձևով առաջնորդելու է Կարեն Կարապետյանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.«Ասում են, թե այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Հայաստանում է,  բացարձակապես չի զբաղվում ու չի զբաղվելու քաղաքականությամբ:

Ավելին, պնդում կա, որ մայիսին սպասվող տարբեր ճակատների` Ռոբերտ Քոչարյան, Արմեն Սարգսյան, ՀՀԿ, «Քառյակ մեդիա» բուռն մուտքը քաղաքական դաշտ, քոչարյանական թեւից ստվերային ձեւով առաջնորդելու է հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը.

«Նրա ռեյտինգը հենց այս պահին չափազանց բարձր է, եւ իշխանությունների անընդմեջ վրիպումների, կառավարության բաժակաճառային ծրագրի, տնտեսական քաղաքականության տապալման ֆոնին նրա մուտքը «խաղադաշտ» բավականին տպավորիչ արդյունքներ կգրանցի»,- ասաց «կոնկուրենտ ֆիրմայի» մեր զրուցակիցը:

Ի դեպ, Կարեն Կարապետյանը, որն այս պահին «կտրուկ» մերժում է քաղաքականություն մտնելու հայտը, խաղում է միջնորդավորված` էներգետիկայի նախկին նախարար Հայկ Հարությունյանի եւ փոխկապակցված` սանիկների, տնտեսական լուրջ մասնագետների բլոկով:

Հիշենք. «փեսան»` Հայկ Հարությունյանը, Գագիկ Հարությունյանի զարմիկն է, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ընդդիմության առաջնորդից կառավարության ղեկավար դառնալուց հետո ինքը մնացել է նույն մարդը։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, շվեյցարական RTS ռադիոկայանինտված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը խոսել է նաև Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ համագործակցությունը հավասարակշռելու մասին։

«Մենք անդամ ենք Եվրասիական տնտեսական միության, որ շատ կարեւոր շուկա է մեր երկրի համար: Սակայն Հայաստանն ունի համաձայնագրեր նաեւ ԵՄ-ի հետ, եւ դա անհամատեղելի չէ: Մեր կապերը Ռուսաստանի հետ կարեւոր են տնտեսական եւ անվտանգության տեսանկյունից, բայց մեր հարաբերությունը ԵՄ-ի հետ մեզ հնարավորություն է տալիս բարեփոխել մեր քաղաքական, իրավական համակարգը եւ զարգացնել մեր հասարակությունը, այն դարձնել ավելի մրցունակ»:

Փաշինյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ին միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա:

«Մենք չենք նախատեսում միանալ այդ կազմակերպությանը: Մենք արդեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, մասնավորապես խաղաղապահ առաքելությունների համար Կոսովոյում, Աֆղանստանում, շուտով` Լիբանանում: Այս համագործակցությունները կշարունակվեն եւ ավելի կզարգանան, որովհետեւ մենք գիտենք խաղաղության իսկական արժեքը»:

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍՈՒՊԵՐՈՃ

Օպտիմալացվող, «սուպեր»նախարարությունները սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլեւս բանավոր հարցերի չեն պատասխանում` պահանջում են հարցը գրավոր ուղարկել եւ, օրենքով նախատեսված` միայն 5-րդ օրն են պատասխանում:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցեր էինք ուղարկել. Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հունվարի 22-ին ծանուցագրեր են ստացել, որ աշխատելու են մինչեւ մարտի 31-ը՝ «նրանց պայմանագրերը կարող են լուծվել»․ ինչո՞վ է պայմանավորված սա, եւ ինստիտուտը վերակառուցվելո՞ւ է, թե՞ հնարավոր է եւ լուծարվի:

Հարցմանը «սպառիչ» պատասխան է տվել նախարարության քարտուղար Նաիրի Հարությունյանը․ «Հաստիքների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019-ին նախատեսում է «Կրթության բովանդակային եւ մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում», «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրային  միջոցառումներն իրականացնել  մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է Կրթության ազգային ինստիտուտի ֆինանսավորման նվազեցում:

Ելնելով այս իրողությունից` խորհուրդը որոշել է Կրթության ազգային ինստիտուտի անձնակազմին գրավոր ծանուցել հաստիքների կրճատման մասին: Միաժամանակ նշենք, որ Ձեր կողմից առաջ քաշված ենթահարցերին հնարավոր է պատասխանել` ելնելով մրցույթի արդյունքներից»:

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ՀԱՊԿ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ
 

Մեր աղբյուրի փոխանցմամբ` այնքան էլ այնպես չէ, թե ՀԱՊԿ քարտուղարի հարցը մեկընդմիշտ լուծված է․ 2-3 ամիս հետո ՀԱՊԿ նիստում (ժամկետները դեռ հայտնի չեն) հարցը կրկին օրակարգ կմտնի: Բայց չէ՞ որ ՀԱՊԿ անդամ երկրներն արդեն իսկ ասել են, որ պաշտպանում են Բելառուսի թեկնածու Զասին։

«Ոչ, դա ընդամենը փիար ակցիա էր Լուկաշենկոյի կողմից, դա Բատկայի երազանք-ճնշումն էր Պուտինի վրա` ցույց տալու, թե ինչ ազդեցություն ունի ՀԱՊԿ-ում Նազարբաեւ-Լուկաշենկո տանդեմը, նույնը` ԵԱՏՄ-ում։ Մի մոռացեք, որ Լուկաշենկոն ասել էր` մինչեւ դեկտեմբեր կլուծվի Զասի հարցը։

Դեկտեմբերն անցավ, հարցը չլուծվեց. այդ փաստաթուղթը ստորագրել են միայն Տաջիկստանն ու Բելառուսը, հարցի քննարկումը կշարունակվի մինչեւ պաշտոնական նշանակում։ Էտապներ կան, որոնցից չես կարող խուսափել, դա կարող է անգամ վերածվել լուրջ սկանդալի` հաշվի առնելով Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների վերջին թնջուկը` «հարկային մանյովրին»՝ 10 միլիարդին առնչվող։

Կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջել, Լուկաշենկոն այդ հարցում եւս բույանիտ արեց, հիմա լուռ հետ է քաշվել։ Բելառուսում այս տարի ընտրություններ են՝ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական, Ռուսաստանը կարող է քթից բերել։ Դրա համար է Բատկան լռում։ Այնպես որ` պետք է սպասել, սրանք համալիր լուծման հարցեր են»:

Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված քրեական գործով վարույթը վերսկսվել է

«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հայտնում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ ICIJ-ի հրապարակման՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ՀՀ նոր կառավարությունը հետաքննություն է սկսել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ կապված՝ Պանամայի օֆշորային սկանդալի գործով:

ICIJ-ն նշում է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քննում է Միհրան  Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը, ինչպես նաև ստուգում է փողերի հնարավոր լվացման դեպքերը:

2016 թվականին «Հետք» լրատվամիջոցը՝ իր «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Սուրենի  Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Հրապարակումից հետո՝ 2016թ. ապրիլի 18-ին Պողոսյան Միհրանը Սուրենի հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից:

2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում է կայացրել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Պողոսյանը կրկին պատգամավոր ընտրվեց և շարունակեց օրենսդիր գործունեությունը ՀՀԿ խմբակցության կազմում:

 Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբացման մասին տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ  Մարինա Օհանջանյանը: «Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված քրեական գործով վարույթը վերսկսվել է»,- ասաց Մարինա Օհանջանյանը: 


Սահմանից մեքենաները կարող են դուրս գալ մեկ դեպքում. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ ԱԱԾ-ին

Հունվարի 23-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Հետևաբար՝ կոչ էին արել տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության:

168.am-ի հետ զրույցում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն անդրադառնալով տարածված հաղորդագրությանը՝ ասաց.

«Երևի ԱԱԾ-ում լավ տեղյակ չեն խնդրի մանրամասներին: Սահմանից մեքենաները կարող են դուրս գալ մեկ ճանապարհով ՝ «ներմուծում ներքին վերամշակման համար» մաքսային ընթացակարգով։ Մենք դեմ ենք այդ ընթացակարգին, մենք դեմ ենք մեքենաների ղեկը վերասարքավորելուն:

Ունենք երկու տարբերակ. կամ մեքենաները պետք է կանգնեն սահմանին այնքան ժամանակ, մինչև ԱԺ-ն նոր օրենք ընդունի, կամ պիտի կառավարությունը մեզ հնարավորություն տա  մեքենաները սահմանն անցկացնենք առանց «ներմուծում ներքին վերամշակման համար» մաքսային ընթացակարգի»։

Ինչ վերաբերում է 7 օր ժամանակ տալուն և վարչական պատասխանատվության ենթարկելուն՝ նախաձեռնության անդամը նշեց.

«Պետք է պարզաբանեն, թե ինչո՞ւ են մեզ 7 օր տվել: Մենք վարչական իրավախախտում չենք իրականացրել, որ ԱԱԾ-ն մեզ տուգանի, բացի այդ՝ ինչքանով ես եմ տեղյակ, ԱԱԾ-ի գործառույթների մեջ չի մտնում՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել վարչական իրավախախտում կատարած անձանց»:

Նշենք, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ սահմանին կուտակված մեքենաները կներմուծվեն, և խնդիրը կվերանա։ Նա հավաստիացրել է, որ Արդարադատության նախարարությունը կտա իր կարծիքը, և նախագիծը կուղարկվի ԱԺ:

Հիշեցնենք, որ Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ, որտեղ ասվում է. «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը և թվերը փոխարինել «որոնց ձեռք բերման համար վճարումները ՀՀ տարածք ներմուծողների կողմից կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և որոնք ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով և թվերով»:

Նախագիծը ձևավորվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում:

ՀԻՆԳ ԴԱՍ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Կան մարդիկ, որոնք քաղաքական գործիչ են դառնում իրենց աշխատասիրության, համառության ու կամքի շնորհիվ: Հարգում եմ այդպիսի մարդկանց, բայց և չեմ կարող կարող բավարարել ընթերցողներիս պահանջ-հարցադրումը` ինչո՞ւ Դուք քաղաքական գործիչ չեք դառնում: Ես չեմ ուզում քաղաքական գործիչ դառնալ, որովհետև քաղաքական գործիչներին հետևելն ու նրանց գործունեությունը գնահատելն ավելի հետաքրքիր գործ է ինձ համար:
Հիմա ուզում եմ «գնահատել» Ալեն Սիմոնյան քաղաքական գործչի գործունեությունը, որն օրերս հասավ ԱԺ փոխնախագահի աթոռին, բայց արդեն գլխից բարձր ցատկելու առաջին փորձերն է անում:

Ալեն Սիմոնյան, հանգիստ նստիր տեղդ, ասում եմ` հանգիստ նստիր տեղդ: Դու իրավունք չունես մեկնաբանելու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հայտարարությունը, որով նա հստակ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հարգել իրենց պայմանավորվածությունը: Ալեն Սիմոնյան, դու ներկա չես եղել երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բանակցություններ է վարել Փաշինյանի հետ: Ավելի կոնկրետ ասեմ` երբ Էրեբունիից Նիկոլին տարան «անհայտ ուղղությամբ», դու շարունակում էիր փողոցում բղավել բարձրախոսից ու ինչ-որ անկապ կոչեր անել ժողովրդին: Ողղիր ինձ, եթե սխալվում եմ: Իսկ եթե ոչ, ապա բարի եղիր և քո անմիջական ղեկավարից հետաքրքրվիր, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսել Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 33-րդ ԸԺ բացման ժամանակ: Սա` մեկ:

Երկրորդ` զուտ պատահականության բերումով իշխանության գլխին հայտնված ուժը, որի ներկայացուցիչն ես դու` Ալեն Սիմոնյան, երբեք չի կարող խոստովանել, որ անցած 9 ամիսների ընթացքում չի կատարել իր խոստումներից և ոչ մեկը: Հետևաբար, մեկը պետք է լինի, որ խոսի այդ մասին և ցույց տա ձեր իսկական դեմքը: Խորհրդարանում այդպիսի ուժ չկա այսօր, և այդ ուժի ֆունկցիան կատարում է ՀՅԴ-ն և դա անում է ամենաբարձր մակարդակով: Ժողովուրդը պետք է իմանա դա, պետք է ի վերջո հասկանա, որ իր էյֆորիկ քվեարկությամբ իշխանության է բերել փանջունիների մի խմբակի, որոնց համար պաշտոնը ճոճք է թվում, իսկ երկիրը ծիրանագույն բուրաստան: Եվ շատ էլ մի շահարկիր, Ալեն Սիմոնյան, հոկտեմբերի 2-ը և հին ԸՕ-ով ընտրությունների գնալու փաստը: Հոկտեմբերի 2-ի հետ կապված բոլոր պարզաբանումներն են տրվել` բացառությամբ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքի, որ այդպես էլ չհասկացանք, թե ինչի հետևանք էր: Իսկ ահա հին Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու պատճառները փնտրիր Փաշինյանի շտապողականության և ՀՀԿ-ի հետ պայմանավորվածությունների մեջ:

Երրորդ` դու, Ալեն Սիմոնյան, Դաշնակցությունից ոչինչ չես հասկանում: Լիբանանում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում ՀՅԴ գրասենյակ այցելելը և լավ ընդունելություն գտնելը դու և քո թիմակից Փաշինյանը համարում եք դրսի և ներսի Դաշնակցության տարբերություն և հայտարարում եք, որ Դաշնակցությունը, իբր, բազմաշերտ կառույց է: Ողբամ զձեզ, որ այդպիսի թյուր կարծիք ունեք մի ուժի մասին, որ մոխիրներից Հայաստան է կերտել և այսօր էլ հպարտությամբ կարող է ասել, որ մեր նոր անկախության 30 տարիների ընթացքում իր օրակարգն է եղել Հայաստանի Հանրապետության գոյատևման, պահպանման, զարգացման հիմքում: Բավարարվենք միայն թվարկելով` զինված պայքար Արցախում, ԼՏՊ-ի հրաժարական, զարգանալ առանց զիջելու, ոչ հայ-թուրքական արձանագրություններին, նոր սահմանադրության ընդունում և, վերջապես` Նիկոլի հետ պայմանավորվածություն, որ այս շարժումը պետք է ծառայեցնել ժողովրդի շահերին: 

Չորրորդ` Ալեն Սիմոնյան, որպեսզի դու, դաշնակցական չլինելով, կարողանայիր Հրանտ Մարգարյանի անձը զատել Դաշնակցությունից, ապա առնվազն պետք է չիմանայիր, որ թվարկված օրակարգերի մեծ մասը բաժին է ընկնում հենց Հրանտ Մարգարյանի ներկայացրած Դաշնակցության օրերին: Մենք` դաշնակցականներս, այլ կերպ ենք մտածում: Հրանտ Մարգարյանն արել է այն, ինչ պետք է և կարող էր անել Դաշնակցությունը` ոչ ավել, ոչ պակաս: Եվ սա է պատճառը, որ Դաշնակցությունը հավասարապես պատասխանատվություն է ստանձնում թե իր հաջողությունների և թե իր «անհաջողության» համար:

Եվ հինգերորդ` Ալեն Սիմոնյան, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ի՞նչ է, ձեզ նման կտրիճնե՞ր են տուն գնացել Դաշնակցության պահանջով: Իսկ ի՞նչ է նշանակում` նախ թող ներս գան, հետո մեզ տուն ուղարկեն: Դուք իշխանափոխությունը միայն խորհրդարանական ուժերի միջոցո՞վ եք պատկերացնում: Դարձյալ պետք է հիասթափեցնեմ` դա քաղաքական մտածողություն չէ: Հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին և նա ձեզ կբացատրի, թե որը որից հետո է: Այնպես որ, աշխատեք շատ չշեղվել Դաշնակցության օրակարգից և երկիրը չկանգնեցնել նոր վտանգների առջև: Հստակ է ասվել, որ շարժումը պետք է ծառայեցնել Հայաստանի և նրա քաղաքացու շահերին: Եվ ուրեմն, ամպերից իջիր, Ալեն Սիմոնյան ու գործով զբաղվիր:      Hraparak.am 

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԵՍ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՒՈՐ ԱՐԺԱՆԻՔՆԵՐ ԷԼ ՈՒՆԵՄ

 

 
 

 «Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանին երեկ հարցրինք՝ վստա՞հ է, որ, ինչպես ինքն է պնդում, «երկու շարժման համահեղինակ» լինելու շնորհիվ են իրեն ընդգրկել պատգամավորական ցուցակում, քանի որ տեղեկություններ կային, որ Սոնան արժանացել է Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն իր արտասվելու դրվագով։

Սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում, հանդիպումներից մեկի ժամանակ, նա արտասվել է, երբ Փաշինյանը հարթակից արտասանում էր Համո Սահյանի «Հայաստան ասելիս»-ը։ Երիտասարդ պատգամավորը կարծես չուներ հարցի պատասխանը եւ հորդորեց այն ստանալ մարդկանցից, որոնք իրեն ընտրել են, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար կազմից։

Ինքը կարող է ենթադրել, թե ինչու են, ասենք, այդ երկու՝ «Մերժիր Սերժին» եւ «Չեք անցկացնի» շարժումների համահեղինակներից հենց իրեն ընտրել․ «Միգուցե իմ արժանիքների համար են ընտրել, միգուցե՝ ստացած կրթության»։ Ինքն անձամբ չի լսել, որ իրեն ընտրել են հուզվելու համար, ավելին՝ ասում է, որ շատերն են այդ օրը հուզվել ու արտասվել։ Բայց ամենաշատը Դուք էիք։ «Երեւի ամենաշատը ես էի արտասվում, բայց չեմ կարծում, որ դա իմ կյանքի ամենամեծ դրվագներից մեկն է, եւ ես կարծում եմ, որ ուշադրության եմ արժանացել շատ ավելի կարեւոր արժանիքների համար»,- ասաց Սոնա Ղազարյանը, սակայն այդպես էլ չթվարկեց այդ արժանիքներից գեթ մեկը։ Hraparak.am

 
 

 

ԱԺ-ում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերը

galatv.am-ն գրում է. Այս օրերին ԱԺ շենքում աշխատանքային եռուզեռ է: Նախապատրաստվում են դիմավորել 7-րդ գումարման պատգամավորներին: Թարմացվում են ԱԺ գույքը, կահույքը, գորգերը:

Իսկ որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարներն ու պատգամավորները: Ըստ օրենքով ամրագրված գործակցի ու հաշվարկի՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը կստանա 793 հազար 680 դրամ, նրա տեղակալը՝ 694 հազար 470 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը կստանան 661 հազար 400 դրամ: Ազգային ժողովի նախագահի օգնականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի վարձատրությունը 529 հազար 120 դրամ է:

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ: Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտը կստանա 396 հազար 840 դրամ աշխատավարձ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի աշխատավարձերը կազմում են 363 հազար 770 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձը 330 հազար 700 դրամ է, ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի և ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետինը՝ 297 հազար 630 դրամ: ԱԺ պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի աշխատավարձն էլ 198 հազար 420 դրամ է:

Մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ քվե ապահովել «Իմ քայլի» համար Նաիրա Զոհրաբյան. 168.am

Սյունիքում եւ Վայոց Ձորում քարոզարշավը բավականին հանգիստ է անցել. Այստեղ ինձ համար անհավասար պայման չի եղել թեկուզ միայն այն պատճառով, որ չի եղել որեւէ այլ թեկնածու, որ անցկացնի քարոզարշավ։ Այս մասին 168.am-ի  հետ զրույցում նշել է ԲՀԿ կողմից թիվ 12 ընտրական տարածքում առաջադրված թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված 100-ից ավելի ռեյտինգային թեկնածուներից ես որեւէ մեկին այդպես էլ չտեսա քարոզարշավ անցկացնելիս. Վայոց Ձորի եւ Սյունիքի մոտ 70 համայնքում եղել եմ։ Բազմաթիվ թեկնածուներ նախկին զզվելի գործելաոճով են շարժվել, եւ այսօր էլ, վաղն էլ այդ գործելաոճին են հավատարիմ մնալու։

Քարոզարշավ անցկացնելու, ընտրողին, քաղաքացուն իրենց տեսակետը ներկայացնելու փոխարեն՝ մարդիկ զբաղված են տարբեր օբյեկտներում գյուղապետերի, համայնքում տարբեր հեղինակություն ունեցող մարդկանց հանդիպելով, նրանց գրպանը գումար են դնում, ասում են՝ կգնաք, «պերերիվ» կանեք, միայն թե այսքան ձայն ես ստանամ։

Երբ մեր հարգարժան իրավապահները պարբերաբար հայտարարություն են անում, որ իմանալու են՝ ով է անօրինական գործունեություն իրականացնում, ես զարմանում եմ, որ նրանք մի անգամ իրենց հայացքները չթեքեցին Սյունիք եւ Վայոց Ձոր եւ չտեսան, թե ռեյտինգային որ թեկնածուներն են, որ իրենց իրական գործը թողած, համայնք-համայնք ընկնելու փոխարեն՝ ընկած են օբյեկտ-օբյեկտ, եւ մարդաորս են անում։

Ես հասկանում եմ՝ իրենք չէին կարող դասական քարոզարշավ անել, որովհետեւ ինտելեկտի հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն, ասելիք չունեն, եթե անգամ ասելիք էլ ունենան, ասելիքը ձեւակերպելու ընդունակություն չունեն, դրա համար ընտրել են այդ տարբերակը»,-հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ, թեեւ բացահայտ վարչական ռեսուրս չի կիրառվել, բայց մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ հնարավորինս շատ քվե ապահովել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների համար.

«Որեւէ մեկը չփորձի ասել, որ նման բան չի եղել, դա միանշանակ այդպես է։ Բայց դա բացարձակապես ինձ չի մտահոգում, որովհետեւ ես հույս ունեմ, որ գոնե այս սահմանային ռեգիոնում, որտեղ մարդիկ շատ ավելի լուրջ են վերաբերվում ընտրական պրոցեսին, շատ ավելի հստակ են հասկանում խաղաղության եւ պատերազմի գինը, իրենց մաշկի վրա զգացել են, թե ինչ է նշանակում՝ տարիներ շարունակ խորհրդարանում ունենալ տգետ պատգամավորներ, որ Արշակ Սադոյանն անվանել էր տապանաքարեր, գոնե զգալի մասը ճիշտ ընտրություն կկատարի՝ հասկանալով, որ առաջիկա խորհրդարանն ամենածանր խորհրդարաններից մեկն է լինելու, առաջիկա խորհրդարանի առջեւ բավականին լուրջ խնդիրներ են դրված լինելու, տգետների «շայկային» խորհրդարան չի ուղարկի»։

Ի՞նչ է կատարվել Նոր Նորքում. ընդհարում «Մենք»–ի և «Իմ քայլի» ներկայացուցիչների միջև

 Նոր Նորքում պաստառներ փակցնելիս են եղել իմ թիմակիցները, տեսել են, թե ինչպես են իմ պաստառները փչացնում, մոտեցել են նրանց եւ ենթարկվել հարձակման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու Մեսրոպ Պապիկյանը` նշելով, որ իր թիմակցին քաշքշել եւ բռնության է ենթարկել «Մենք» դաշինքի ներկայացուցիչը։

Պապիկյանը նշեց, որ իրենք այս պահին գտնվում են ոստիկանությունում եւ բացատրություն են ներկայացնում։

Պապիկյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում սա առաջին  նման դրսեւորումն է, ինչին հետեւողական են լինելու։

Մինչդեռ «Մենք» դաշինքից Անի Խաչատրյանը մեզ փոխանցեց` իրենց դաշինքից Արտավազդ Սարգսյանը քարոզչություն իրականացնելիս է եղել, նրան են մոտեցել Մեսրոպ Պապիկյանի թիմակիցները եւ «մարկեր» խնդրել, պատասխանել է, որ չունի, դրանից հետո էլ սկսվել է քաշքշուկ. «Արտավազդ Սարգսյանն ասել է` չունեմ մարկեր, նրանք ասել են` ունես, աղչի, մեր պաստառներին նկարում ես։ Տղամարդուն ասել են՝ աղչի, դրանից հետո սկսվել է քաշքշուկ»։

Խաչատրյանի խոսքով` դեպքից հետո Պապիկյանը զանգահարել  է իրեն, իրավիճակը պարզաբանել են, սակայն մի քանի ժամ անց խմբով ներխուժել են «Մենքի» շտաբ. «10-15 հոգով ներխուժել են մեր շտաբ, իսկ նոր Հայաստանի ոստիկանները իշխանության ներկայացուցչին ոչինչ չէին ասում։ Այնտեղ քարոզչական նյութեր կային, որոնք իրենք գուցե չպիտի տեսնեին։ Դրանից հետո ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել ներխուժման դեպքով»։

Ավելի ուշ, NEWS.am-ը ստացել է «Մենք» դաշինքի հայտարարությունը, որում ասվում է. «Իմ Քայլ»  թեկնածուն քիչ առաջ  (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…

Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»:

ՄԵՐ ՄԱՐԶՈՒՄ 17 ԹԻՎՆ Է՝ ԿՈՏՈՐԱԾ ԵՆ ԱՆՈՒՄ

Հարցազրույց Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքի պատգամավորության ռեյտինգային թեկնածու ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանիհետ։

- Քարոզարշավի դեռ սկզբում էիք ասում, որ 37 թվից վատ է ձեր մարզում, քարոզարշավն ավարտին է մոտենում` փոխվե՞լ է այդ մթնոլորտը։

- Միանշանակ պնդում եմ, որ հիմա ավելի վատ է, հիմա 17 թիվն ա, կոտորած են անում մեր մարզում, մարզպետը կանչում է գրեթե բոլոր գյուղապետերին, պլան է դրել նրանց վրա։ Մարզպետն առաջադրվել է «Իմ քայլից», տեղակալը՝ առաջադրվել, աշխատակազմի ղեկավարն էլ, ու իրենց համար պլանային առաջադրանքներ ունեն՝ ով ում համար պետք է ձայն բերի։ Հիմա էլ ոստիկանությունը հատ-հատ կանչում ա գյուղապետերին ու ստիպում, որ բացատրագիր գրեն, որ իբր մարզպետն իրանց չի կանչել, չի ասել՝ էսքան ձեն կբերեք։ Բայց մտեք շրջան, հարցրեք՝ չկա մարդ, որ չիմանա էդ մասին, հիմա ուզում են սուտը ճշտի տեղ տանեն։ Լծակներն իրանց ձեռքը օգտագործում են, ոնց կուզեն, կանեն, ի՞նչ արդարության մասին ենք խոսում։ Մենք չենք խոսում, որ իրանց մոտ մարդիկ կան, որ Մասիսի ճանապարհները չեն իմանում, գյուղերի տեղը չգիտեն՝ թեկնածու են։

- Բացի համայնքապետերին ճնշելուց, իշխող ուժի ներկայացուցիչներն այլ լծակներ օգտագործո՞ւմ են։

- Վախեցնում են բոլորին, բոլոր-բոլորին։ Ես վախենում եմ նույնիսկ անուններ տալ, շտաբ չեն կարողանում մտնել, մեզ չեն համարձակվում անգամ զանգել, ես գնամ հանդիպեմ, ի՞նչ անեմ, որ էդ մարդկանց բռնեն տանե՞ն։ Ձեզ ասում եմ՝ 4 հազար 100 մարդուց չորս հոգի չի գալիս մեր շտաբ։

- Գուցե ոչ թե վախենում են, այլ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, այլեւս ՀՀԿ-ի հետ չե՞ն ուզում ճանապարհ անցնել։

- Է, եթե իրենց մոտ բան ա փոխվել, թող բոլորն էլ գան կուսակցությունից դուրս գան, մարդիկ տեսնում, լսում են, որ իշխանության համար արդեն ոստիկանությունն ա աշխատում, ոստիկանությունն ա վախացնում։ Դե, եթե այդքան հզոր էիք, Հայանիստի դեպքերը բացահայտեիք, ոստիկանության կեսին ջարդեցին, երբ ժողովուրդն ուզում էր գնալ Երեւան՝ հավաքների, միլպետին, միլպետի տեղակալին, բոլորին ջարդեցին, ընկան հիվանդանոցները, էլ սիստեմաներ, էլ ինչ ասես… տո ձեզ պաշտպանեիք, հիմա ի՞նչ գործ ունեք… էդքան ուժեղ եք, հիմա ընկել եք մեր հետեւից, տարբեր տեղեր էլ խոսում եք, թե հեսա Մուրադյանին ենք վատություն անելու, տղաներին անենք։ Ուժային կառույց եք, որ ձեզ սամասուդ էին անում, էդ ժամանակ ձեզ պաշտպանեիք։ Հիմա Մասիսում ոստիկանության թայֆա են ստեղծել, գիտեք չգիտե՞նք ովքեր էիք, ոնց եք աճել ու ինչի տեղ եք ձեզ դրել։

- Իսկ ովքե՞ր են խոսում՝ ոստիկանության պաշտոնյանե՞ր, թե՞ մարզային իշխանություններ։

- Չեմ ուզում անուններ տալ, բայց պնդում եմ՝ իմ հեռախոսն էլ են լսում, ես միանշանակ հիմա ասում եմ՝ ովքեր հանկարծ կփորձեն ընտրակաշառքի խոստումներ իմ անունից տալ, գործողություններ անել, հորինված, սարքված մարդիկ են։

- Մտավախություններ ունեք, որ կարող են «սարքել» ու Ձեր անունից ընտրակաշառքի խոստումնե՞ր տալ։

- Ամեն ինչ ես էսօր սպասում եմ։

- Դուք հանդիպումներ ունենո՞ւմ եք ընտրողների հետ, ինչպե՞ս են Ձեզ ընդունում։

- Ո՞նց հանդիպեմ, եթե մարդիկ ընկնելու են տեսադաշտում, շտաբ մտնող-դուրս եկողների հետեւից են գնում, դուք ասում եք՝ հանդիպում… ես չեմ ուզում անուններ տամ, բայց բոլորին տարբեր տեղերից մի բանով վախեցնում են․ որին՝ աշխատանքով, որին՝ բիզնեսով։ Հիմա ես հանդիպեմ, որ մարդկանց վատությո՞ւն անեն, ճի՞շտ ա։ Ես մեր մարզում էնքան բան եմ արել, որ էդ բոլոր թեկնածուներն իրար հետ վերցրած չեն արել, բայց իրանք ի՞նչ են արել, հիմա որ ՀՀԿ-ական եմ, դարձել եմ չգիտեմ ի՞նչ։ Խոսում են թալանի մասին, հա, Մասիսն էլ ա թալանվել, մարզն էլ։ Թող  ոստիկանները զբաղվեն էդ թալանչիներով ու տենան, թե հիմա դրանք ում համար են աշխատում։ Կտեսնեն, որ ՔՊ-ի ու իշխանության համար են աշխատում։ Իսկ իմ հետ էսօր շփվում են մարդիկ, ովքեր մի կոպեկ էլ չունեն, թող գան պարզեն՝ Մասիսի շենք-շինություններն ումն են, թե՞ իրենց ուժը մեր վրա է պատում, որ իրենց ղեկավարների մոտ գլուխ գովան, թե տեսա՞ք՝ ճնշեցինք։ Դեկտեմբերի 10-ից հետո այնքան անուն կտամ, որ իրենք կտենան ով ով է։

- Փաշինյանը երեկ ասաց, որ ՀՀԿ-ի վախճանին մի քանի օր է մնացել, ինչո՞ւ են ձեզանից այդքան զգուշանում։

- Իրանք գիտեն՝ ես ինչեր եմ արել, բացի լավությունից ես ուրիշ բան չեմ արել։ Ինչքան ես եմ պետք եղել մարզում ժողովրդին, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով ու շրջապատով մի տոկոս էլ չեն արել։ Ժողովուրդը բոլորիս գիտի։ Նիկոլ Փաշինյանը մոռացել ա ինքն ով ա, ես ով եմ, հիմա կարում ա բա՞ն ասի։ Վարչապետ ես, 7 ամսում փակեիր արտաքին պարտքը, ասում էիր՝ հնարավոր ա, ի՞նչ ա արել, բացի խոսելուց։ Թող նայի՝ իր ցուցակում ովքեր որտեղից են ի հայտ եկել ու հասել թեկնածուի կարգավիճակի, Նիկոլ Փաշինյանն էլ թող պարզի, թե ովքեր են մարզը թալանել ու ում կողմնակիցներն են, ես վախենալու բան չունեմ։ Ի՞նչ ա փոխվել հեղափոխությունից հետո գյուղում՝ ոչ մի բան։ Ես դեռ երեք տարի առաջ եմ կառավարությանն առաջարկել, որ բերեք գյուղացիներին 5-6 տարով հողի ու ջրի հարկերից ազատեք, այսինքն՝ այն հողերը, որոնք սեփականաշնորհված են, իսկ էն մարդիկ, որ ունեն 5-10 հազար հեկտար եւ ավելի հող, թող վճարեն։ Ընդամենը 6-8 մլրդ-ի պատմություն է, ուրեմն երկրում չե՞ն կարում էդքան փող ճարեն, որ գյուղացու համար լավ լինի։ Լավ, անցած իշխանությունը չէր կարում, դե թող նոր են եկել՝ անեն։

- Իշխանափոխությունից հետո չէի՞ք կանխատեսում, որ ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակում դժվար է լինելու, հարվածի տակ եք ընկնելու։

- Իմ գերնպատակը պատգամավոր դառնալը չի, ես չորրորդ անգամն եմ առաջադրվում, բայց ես չեմ տեսնում, որ էս մարզում առաջադրվածներից ինձ հավասար մարդ կա, ես ափսոսում եմ մի բանի համար, որ շատերի համար շատ եմ տանջվել, իմ հանգստի օրերն էլ եմ տրամադրել, իմ եւ բարեկամներիս մեքենաները տասնյակ հազար կիլոմետրեր տրամադրել եմ սրա-նրա համար, բանակայինների համար, բայց մարդիկ էսօր հինգ րոպեում դավաճանում են, էսքան դավաճան այս երկրո՞ւմ։ Չիմանալով ՔՊ-ն ով ա, ինչ ա, մի քիչ տաք տեղ են տեսնում, վազում են, ես ցավում եմ։ Ես էլ չեմ զարմանում, թե ինչու է Հայաստանը 169 հազար ք/կմ-ից մնացել 29, ես վստահ եմ, որ դավաճանության պատճառով։ Ընտրություն է, թողեք ընտրություն անեն։

- Առաջինը Ձեզ դավաճանեց Մասիսի քաղաքապետը, ում Դուք դարձրեցիք քաղաքապետ։

- Քաղաքապետի հետ կապված հարցերը, էլի եմ ասում՝ տվեք իրեն։ Hraparak.am

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ Ա ԱՆՈՒՄ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի որոշ մտքեր այս օրերին փոթորիկ են առաջացրել հասարակության շրջանում: Նրան դուր չի գալիս, որ ոչ տնտեսագետ մարդիկ այսօր մտել են տնտեսագիտական թեմաների մեջ ու «լայվեր» են անում։ Խոսքը հատկապես ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանի մասին է, ով մասնագիտությամբ իրավաբան է։ Անանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, լավ է անում, նրա ոչ մի խոսքը մյուսին չի հակասում։ Փոխարենը, ինչպես հասկացանք «խոպանչիներին հարկելու» թեմայի շուրջ բարձրացած աղմուկից, վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները կարծես հակասում են հենց իր՝ ՊԵԿ նախագահի հայտարարություններին։

Նրա հետ զրույցում նախ անդրադարձանք այն թեմային, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ եկամտային հարկի իջեցման առաջարկով իրենք վաղուց էին հանդես եկել եւ առաջարկում էին 20-25 տոկոս, մինչդեռ հիմա իրենք առաջարկում են ընդամենը 150 հազարից բարձր աշխատավարձ ստացողների համար սահմանել 23 տոկոս։

«Ուրեմն տեսեք, նախորդ կառավարության էդ 20-25-ը, որ եղել ա մինչեւ 500 հազար ստացողների համար, քննարկվել ա, վարչապետն էլ ա ասել, մենք էլ ենք առիթ ունեցել ասելու, որ եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխության 11-ից ավելի տարբերակներ ա քննարկվել։ Տարբերակներից մեկն էլ եղել ա էդ նույն 20-25 տոկոսը։ Ուղղակի մասնագիտական քննարկման ժամանակ կանգ ա առնվել 23 համահարթ տոկոսադրույքի վրա»,- ասաց նա։

- Բայց այդ 23 տոկոսը վերաբերում է 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, այսինքն՝ նրանց, որոնք, վարչապետի խոսքով ասած՝ ճռռում են, որ մյուսներն աշխատավարձ ստանան։

- Գիտե՞ք, ես հիմա ընդհանրապես որեւէ հարցի չեմ ուզում պատասխանեմ, որովհետեւ ես ուղղակի խորհուրդ կտամ, որ հանրությունը հետեւի վարչապետի խոսքերին էս քարոզարշավի ժամանակ եւ ոչ մենակ քարոզարշավի ժամանակ։ Քարոզարշավը՝ ինքը, ոչ մենակ տնտեսական հարցերի ժամանակ պատասխան գտնելու գործընթաց ա, այլ նաեւ շատ ու շատ հարցերի վերաբերյալ խեղաթյուրված կամ սեփական կարծիքը ժողովրդի վզին փաթաթելու փորձեր ա պարունակում։ Ես, ասենք, ՀՀԿ-ի ներկայացուցիչների տեսակետներն ընդհանրապես չեմ էլ մեկնաբանի, որովհետեւ ես չեմ ուզում ներքաշեմ էդ մարդկանց տնտեսական հարցերի կամ բանավեճի մեջ, որովհետեւ ես, օրինակ, մարդասիրությունից ելնելով, տնտեսագետ չհանդիսացող մարդկանց չեմ կարող բանավեճի հրավիրել։

- Բայց ՀՀԿ-ում տնտեսագետների թիմ է աշխատում՝ նախկին, ներկա կառավարություններից գուցե, ի վերջո, ունեն տնտեսագետներ։

- Կարող ա եւ աշխատում են, բայց եթե, ասենք, տեսակետներ են հայտնում ոչ տնտեսագետները եւ, ընդհանրապես, տնտեսագիտությունից հեռու բաներ են ասում, ես դա չեմ կարա էս պահին, տնտեսագիտությունից ելնելով, որեւէ ձեւով մեկնաբանել, որովհետեւ իրենց «լայվ» մտնելը կամ իրենց տեսակետներն էսօր զուտ քաղաքական ենթատեքստ են պարունակում։

- Նիկոլ Փաշինյանի ելույթներն էլ են քաղաքական ենթատեքստ պարունակում այս նախընտրական շրջանում։

- Հնարավոր ա, հետեւաբար, ես հիմա Ձեր հարցերին ուղղակի չեմ ուզում պատասխանեմ, որովհետեւ այսօր ես մինչեւ դեկտեմբերի 9-ը չեմ պատրաստվում մասնագիտական քննարկումներ անել մամուլի հետ, որովհետեւ այսօր մամուլն ինքը քաղաքականացված է, որովհետեւ շնչում եւ արտաշնչում ա նախընտրական էս ամեն ինչով։ Հետեւաբար, իմ մասնագիտական տեսակետները, վստահաբար ասեմ, որ խեղաթյուրվելու են տարբեր քաղաքական ուժերի կողմից։

- Մամուլը ներկայացնում է այն կողմի, այս կողմի տեսակետները եւ ակնկալում է Ձեզնից մասնագիտական տեսակետ։

- Այո, իմ տեսակետը զուտ մասնագիտական է, եւ ես մինչեւ դեկտեմբերի 9-ը որեւէ մասնագիտական տեսակետ չեմ հայտնելու։

- Ի դեպ, այդ «խոպանչիներին հարկելու» գաղափարն ի վերջո կա՞, թե՞ չկա։

- Այդպիսի գաղափար չի եղել, չի էլ քննարկվել, դա ուղղակի մատից դուրս բերված ինչ-որ մի գաղափար էր։

- Բայց Արարատ Միրզոյանը չհերքեց դա, միայն ասաց, որ հանրային քննարկման կդնեն։

- Արարատ Միրզոյանն այդպես չասեց, նա ասաց, որ ընդհանրապես որեւէ հարց առանց հանրային քննարկման չի լինելու, ժողովուրդ ջան, հանգիստ եղեք։ Ինքն ընդհանրապես այդպիսի հիպոթետիկ մի պատասխան տվեց։

- Այդ դեպքում տրանսֆերտների հարկումն ի՞նչ էր ենթադրում։

- Տրանսֆերտների հարկումն ապուշություն է, էդպիսի բան չկա։ Ես չեմ ասել տրանսֆերտների հարկում, ես ասել եմ՝ արտագնա աշխատանքի դիմաց ստացված եկամուտներն այսօր էլ են հարկում, եւ դրանց ներառելը տարեկան դեկլարացիաների մեջ կարող է քննարկվել։ Դա տրանսֆերտ չէ, դա եկամուտ է։

- Իսկ ինչպե՞ս է որոշվելու՝ դա տրանսֆե՞րտ է, թե՞ եկամուտ։

- Ձեր հարցին ես չեմ պատասխանի, մինչեւ դեկտեմբերի 9-ը ես որեւէ մասնագիտական հարցերի չեմ պատասխանելու, որովհետեւ իմ մասնագիտական հարցերը չեն ընկալվում հասարակության կողմից հիմա, օդը քաղաքականացված ա, հիմա շնչում եւ արտաշնչում է հասարակությունը՝ առանց տնտեսագիտության մեջ խորանալու։ Երբ մասնագիտությամբ իրավաբան հանդիսացող անձը, որը նախորդ կառավարությունում իմ կողմից բավականին հարգանքի արժանացած անձնավորություն էր, նախարար ա եղել, «լայվ» ա մտնում ու տնտեսագիտությունից հեռու բաներ ա ասում…

- Ո՞ւմ մասին է խոսքը՝ Արփինե Հովհաննիսյանի՞։

- Մնացածը Դուք որոշեք։

- Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետն ընտրություններից առաջ նման հայտարարություններ անում։

- Լավ ա անում։ Շատ էլ լավ ա անում, որովհետեւ վարչապետը շատ ավելի հավասարակշռված մտքեր ա ասում, եւ եթե տեսնեք, վարչապետի որեւէ խոսք իրա նախորդ արտահայտածների հետ որեւէ հակասության մեջ չէ։ Վարչապետը գոնե ասում ա այն, ինչ որ իրականությունն է։ Մնացածը շահարկում են եւ ուրիշ բաներ են ասում։

Hraparak.am

Շատ դիտվածները

Գալուստ Սահակյանն ու իր հարազատները նույնպես անձեռնմխելի՞ են

 Թավշյա հեղափոխությունը մուտք գործեց Վաղարշապատ, փոթորկեց քաղաքը, բայց հեռացավ՝ իր հետ տանելով միայն Մանվել Գրիգորյանին: Այստեղ մնացին նախկին ՀՀԿ-ական տնօրեններ՝ շարունակելով իրենց գործունեությունը՝ ի վնաս ժողովրդի:  Էջմիածնեցիների համար հին իշխանության «սև ուրվականներից» մեկը, որ շրջում է քաղաքում, «Էջմիածին» ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանն է: Վերջինիս գլխավորած բուժկենտրոնը, շարունակելով սնվել պետությունից, համառորեն պատշաճ սպասարկում չի իրականացնում: Բնակչության մեծամասնությունն անգամ չգիտի, թե պետության կողմից տրամադրվող ո՛ր ծառայություններն են անվճար, քանի որ անգամ պոլիկլինիկային դիմելու դեպքում անվճար ծառայությունները սպասարկվում են վճարովի հիմունքներով: Օրինակ՝ մինչև յոթ տարեկան երեխաներին պատվաստելու համար բնակիչներից անամոթաբար 200 դրամ են կորզում,  այն դեպքում, երբ դա անվճար է: Սա թերևս ամենաչնչին օրինակն է, որ կարելի է նշել:

Հավաստի տվյալներ կան նաև այն մասին, որ «Էջմիածին» ԲԿ-ին պատկանել են երկու մեքենա «NISSAN TIDA»` 808 ՈՈ 01 պետհամարանիշով, և «Hyundai Elantra»` 808 QQ 01 պետհամարանիշով: Վերջինս առնվազն երկու տարի, ըստ պահանջի, վարել է տնօրենի որդին, իսկ վառելիքի (300-400 լիտր) և սպասարկման ծախսերը դուրս են գրվել պոլիկլինիկայի հաշվեկշռից: Մեքենան այս ընթացքում երկու անգամ վթարի է ենթարկվել, որի ծախսերը ևս հատուցվել են պետական միջոցներով: Այնուհետև «Hyundai Elantra»-ն վերադարձվել է «Էջմիածին» ԲԿ-ին (դե, վթարված մեքենան ինչպե՞ս կարող էր վարել տնօրենի տղան, ամոթ է, չէ՞), իսկ ընտանիքին սկսել է սպասարկել «NISSAN TIDA»-ն:  Այս չարաշահումների պատճառով մի քանի միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանը: Ընդ որում, հարց է ծագում՝ ինչպես է «Էջմիածին» ԲԿ-ն ձեռք բերել գոլդ պետհամարանիշները, քանի որ բոլորս էլ գիտենք, որ նման պետհամարանիշները առևտրային կազմակերպությունները ձեռք են բերում հավելավճարով: Ի՞նչ է ստացվում, ԲԿ-ն դարձյա՞լ չարաշահել է պետական միջոցները:

Բուժկենտրոնի տնօրեն Լ. Գասպարյանն իր բոլոր չարաշահումները կոծկել է անձնական կապերի շնորհիվ: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ Լիլիթ Գասպարյանը ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ապօրինի որդու` ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Վահան Պողոսյանի կինն է, և հարսին առնչվող ցանկացած խնդրով Գ. Սահակյանը երբևէ չի զլացել դիմել մարզային իշխանություններին:

Անգամ իշխանափոխությունը չսթափեցրեց Տիկին Գասպարյանին: Արդեն Նոր Հայաստանում նա իր համար նոր կապեր է հաստատել և շարունակում է պաշտոնավարել նույն գործելաոճով՝ իրեն համարելով այդ տարածքի միակ տիրուհին:

Ի դեպ, պարզվում է՝ ժամանակին «Էջմիածին» ԲԿ-ն իր ողջ տարածքով պետք է նվիրվեր «Մեդիպրիզ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են Գալուստ Սահակյանի կինը՝ ժաննա Աղաբաբյանն ու նույն Լիլիթ Գասպարյանը: Այս նվիրատվությունը կատարվելու էր այդ ժամանակ Պետգույքի կառավարման պետ, Գ. Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի թեթև ձեռքով: Սակայն ընտանեկան այս մեծ գործարքը ինչ-ինչ պատճառներով չստացվեց:

 

 

 

 

Լուրեր

15 /Փետրվար 2019

Հովհաննես Գալստյանը հրապարակել է Լիլիթ Մակունցի հետ զրույցի ձայնագրությունը

Հացադուլ հայտարարած կինոռեժիսով Հովհաննես Գալստյանն իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ունեցած ձայնագրությունը՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար հատկացված գումարները փոխանցելու վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք ձայնագրության սղագրությունը.

Լիլիթ Մակունց - Այսօր չորեքշաբթի է, ճի՞շտ է։

Հովհաննես Գալստյան – Այո։

Լիլիթ Մակունց - Երկու օրյա ժամկետում ես կխնդրեմ, որ իրավաբանները բոլոր փաստաթղթերը հավաքագրեն։

Րաֆֆի Մովսիսյան - Եվ տան համապատասխան բանին չէ՞։

Լիլիթ Մակունց - Այո։ Տալիս եք համապատասխան եզրակացություն կինոկենտրոնին:

Մարինե Զաքարյան-Տիկին Մակունց, մի բան էլ կա․․․

Լիլիթ Մակունց-Եվ ես այստեղից արդեն չկամ։

Մարինե Զաքարյան - Տիկին Մակունց ջան, մի բան էլ կա, եթե մենք ժամանակացույց, եթե մենք էդ 55 միլիոնը ֆիքսում ենք, մենք ունենում ե՞նք ժամանակացույց, արդեն ըստ մեր արտադրական պլանի։

Շուշանիկ Միրզախանյան - Պարտադիր, պարտադիր։

Լիլիթ Մակունց - Նայեք, էսպես, ես կառաջարկեմ նաեւ, որպեսզի կինոկենտրոնը իր դիրքորոշումը այդ առումով նույնպես հայտնի։ Այսինքն, չգիտեմ 20, 15, 10:

Րաֆֆի Մովսիսյան - Փուլային երեւի։

Շուշանիկ Միրզախանյան - Այո այո։ Այո այո։

Լիլիթ Մակունց - Ասենք հունվարի վերջին 20 միլիոնը։

Մարինե Զաքարյան - Այսինքն ըստ մեր աշխատանքների, հա էլի։

Րաֆֆի Մովսիսյան - Ձեզ հարմար:

Շուշանիկ Միրզախանյան - Ձեզ պետք ա հարմար լինի:

Հովհաննես Գալստյան - Հիմա մենք ձմեռային նկարահանումներ ունենք:

Շուշանիկ Միրազախանյան - Մարինա ջան, ուրեմն ձե՛զ պետք ա հարմար լինի, դու՛ք եք տալու ժամանակացույցը, ոչ թե կինոկենտրոնը։

Մարինե Զաքարյան - Ըստ մեր արտադրական պլանի եւ ժամանակացույցի:

Շուշանիկ Միրզախանյան - Արտադրական պլանը Պարտադիր պարտադիր:

Րաֆֆի Մովսիսյան - Էկեք թող էս փուլը ավարտվի, հասկանաք ոնց ենք անում, մանացածը:

Լիլիթ Մակունց - Մնացածը կորոշվի էլի, հա։ Էդ դուք ինքներդ կխոսեք, հա։

Շուշանիկ Միրզախանյան - Ուղղակի որ չեք աշխատել մեզ հետ պայմանագրով, այ հիմա էս տարվա բոլորը իրենք են ներկայացնում։

Մարինե Զաքարյան - Ուրեմն, նախարարի հանձնարարությամբ երկօրյա ժամկետում պայմանագրի գոնե ընդհանուր:

Լիլիթ Մակունց - Նայեք հիմա էսպես ենք անում, երկօրյա ժամկետում, ուրբաթ օրվա մինչեւ աշխատանքային օրվա վերջ, պետք ա պատրաստ լինեն էդ իրավաբանական բոլոր հիմքերը։ Իրավաբանական հիմքերը եւ եզրակացությունը ներկայացվում է կինոկենտրոնի տնօրենին, ես այլեւս չկամ այս հատվածում, քանի որ արդեն ճանապարհային քարտեզը կա, ես այլեւս գոյություն չունեմ։ Իրականում դա․․․

Շուշանիկ Միրզախանյան - Այս աշխատանքի մեջ։

Լիլիթ Մակունց - Այո, այո։ Դուք պետք է էդ ամբողջը կարգավորեք այլեւս։ Սա, ես որպես նախարար իրականում ես չպետք է զբաղվեի այս գործառույթով, տիկին Միրզախանյան։ Դուք վերցնում եք իրավական փաստաթղթերը, տեսնում եք համապատասխանում են, համապատասխանությունից հետո կազմում եք ֆորսմաժորային իրավիճակի հետ կապված տեղեկացնում եք բուլղարական եւ գերմանական կողմին, եւ խնդրում եք, որպեսզի հետաձգվի եւս 12 ամսով։ Էդ պարագայում դիմում եք, ֆինանսական առումով նաեւ պետք ա արդեն մենք հավելյալ դիմենք, որպեսզի կինոկենտրոնին փոխանցվի մյուս տարվա համար։ Դա արդեն մենք ենք անում։ Դա արդեն մոնիթորինգի վարչության հետ պիտի քննարկենք։

Հովհաննես Գալստյան - Էդ նամակը Բուլղարիային ու Գերմանիային շատ կարեւոր ա։ Ես կբերեմ հասցեները։

Շուշանիկ Միրզախանյան - Պետք ա ինձ տաս էդ ամեն ինչը, ես ասեմ դու ոչ մի բան չես ներկայացրել Հովիկ։

Հովհաննես Գալստյան - Իրանց շնորհակալություն եմ ուզում ասենք։

Շուշանիկ Միրզախանյան - Ու էս վիճակը եկել ա դրանից։

Լիլիթ Մակունց - Լավ մի հատ բան ասեմ, որ հետո էլ շփոթմունք չառաջանա էլի տիկին Միրզախանյան։ Դրանից հետո դուք աշխատում եք մոնիթորինգի հետ բյուջեի հետ կապված եւ գտնում, լուծում էդ մեխանիզմը։ Դրանից հետո, էդ պայմանգրերը, միեւնույն ժամանակ, դրանից հետո չէ, միեւնույն ժամանակ կազմում եք պայմանագիր, իրավական առումով համապատասխանեցնելով Հովհաննես Գալստյանի հետ եւ աշխատում եք։

Հիշեցնենք, որ «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր եւ համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը շարունակելու է հացադուլն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները եւ չի հավաքվել նկարահանման համար անհրաժեշտ նվազագույն գումարային շեմը:

Նշենք նաեւ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարությունների վերաբերյալ:

 

Կարդալ ավելին

15 /Փետրվար 2019

Ավարտվել է նաեւ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով նախաքննությունը. ՀՔԾ

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,

Սեյրան Օհանյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Նախաքննության ավարտի մասին հայտնվել է դատավարության մասնակիցներին, և վերջիններիս պարզաբանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

Կարդալ ավելին

15 /Փետրվար 2019

Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի շարունակական խորացումը և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը:

Դեսպան Լազարոթոն նշել է, որ պաշտոնավարման ընթացքում պատրաստ է ներդնել առավելագույն ջանքերը՝ հայ-շվեցարական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ կողմերն անդրադարձել են տարբեր ուղղություններով գործակցության զարգացման հնարավորություններին: Որպես այդպիսիք՝ երկուստեք հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, առողջարանային զբոսաշրջության, բնապահպանության, դեղագործության և մի շարք այլ ոլորտներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում կապեր հաստատել երկու կողմերի համապատասխան պետական մարմինների միջև և արդեն միջգերատեսչական մակարդակով մանրամասն քննարկել անելիքները:

Կարդալ ավելին

15 /Փետրվար 2019

Հայաստանի տնտեսական հետագա զարգացման համար կարևոր է մարդու տնտեսական վարքագծի փոփոխությունը. Նիկոլ Փաշինյան

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետն անդրադարձել է կառավարության առաջիկա քայլերին և տվել հանձնարարականներ:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշման մեջ, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ըստ հիմնավորման՝ 2019 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար, որը կբաշխվի ցանկում ընդգրկված փոխհատուցում ստացող համայնքներին: Գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 1), Վայոց ձորի (թվով 2) և Տավուշի մարզերի (թվով 11) 16 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքվել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ համապատասխան աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: «Ամեն ինչ անում ենք, որ Ձեր նախանշած ժամկետում՝ մարտի 15-ին, բոլոր տնտեսությունները ջուր ունենան»,- նշել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդ աշխատանքներում պետք է նաև համայնքներին, բնակիչներին, կամավորներին ներգրավել, քանի որ ի վերջո այդ տնտեսությունն առաջին հերթին իրենց է սպասարկում: «Շատ կարևոր է, որ քաղաքացիներն իրենց կողմից ինչով կարող են այդ գործընթացին մասնակցեն, որովհետև շատ դեպքերում մենք աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացած խնդիրները լուծելու համար: Օրինակ՝ ջրանցքներն օգտագործվում են որպես աղբանոցներ: Այսինքն՝ պետական բյուջեից միջոցներ ենք տրամադրում, որպեսզի ջրանցքները մաքրվեն: Ենթադրենք կառավարությունը, պետությունը այս ուղղությամբ չաշխատի, դա նշանակում է, որ ջրամատակարարումը պատշաճ չի իրականացվի: Բայց հարց՝ ինչո՞ւ է այդ աղբը հայտնվել այդտեղ, որովհետև քաղաքացիները աղբը լցնում են ջրանցքները: Իսկ ինչո՞ւ աղբահանություն չի արվում համայնքներում, որովհետև քաղաքացիները ընտրությունների ժամանակ գյուղապետ, ավագանի ընտրելիս առաջնորդվում են ոչ թե այն տրամաբանությամբ, թե ով այդ հարցերը կլուծի, այլ ով է ընտրակաշառք տալիս, ով ում հետ է բարեկամ, ում հետ ինչ շահեր ունի, ով ինչ ապօրինի ծառայություն է խոստացել»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը մեր հետագա տնտեսական զարգացման համար մեկ անգամ ևս կարևորել է մարդու տնտեսական վարքագծի փոփոխությունը: «Երբ այդ մասին ասում ենք, նաև սա նկատի ունենք. աղբը լցնել-չլցնել իրենց իսկ մատակարարող ջրանցքի մեջ՝ տնտեսական վարքագծի փոփոխություն է: Այսինքն՝ մեր մոտ տրամաբանությունը հետևյալն է՝ աղբը լցնում ենք, ջրանքցքները ջարդուփշուր ենք անում, այդ թվում՝ ապօրինի գծեր քաշելու համար, այդ ամենը խաթարում ենք, ընդ որում նաև՝ աջ ու ձախ կաշառքներ տալով և վերցնելով, և հետո էլ ասում ենք, որ ջուր չկա ոռոգման սեզոնի թեժ շրջանում: Երբ մենք ասում ենք տնտեսական վարքագծի փոփոխություն, նաև սա նկատի ունենք: Պետք է այս սեզոնին նաև իրենք աջակցեն կառավարությանը, որպեսզի այս աշխատանքները պատշաճ մակարդակով արվեն և հետագայում էլ ջրանցքներն առավել խնամքով օգտագործեն: Եվ այն գումարները, որոնք մենք այսօր պետք է ծախսենք լցված աղբը հանելու համար, կարող ենք ծախսել ընթացիկ սպասարկման, ինչ-որ փոքր կապիտալ ծախս իրականացնելու վրա»:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև այսօրվա դրությամբ բոլոր ջրամբարների լցվածության մակարդակի, ջրամբարներից թողքերի նկատմամբ նախատեսվող հսկողության ընթացքի և ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Կարդալ ավելին

15 /Փետրվար 2019

Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը:

Ներդրումային ծրագիրն իրականացրել է «Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ-ի հիմնադիր/նախագահ Ղուկաս Գրիգորյանը: Հյուրանոցի կառուցման աշխատանքները տևել են երեք տարի, կատարվել է շուրջ տասնյակ մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ:

Կառավարության ղեկավարը շրջել է հյուրանոցով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդհանրապես Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,6 միլիոնի և գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ:

«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում առկա է 130 սենյակ, ինչպես նաև կահավորված հանդիպումների սրահ։ Նախասրահը հագեցած է համակարգիչներով, հարմարավետ նստատեղերով, լիցքավորող սարքերով և գերարագ Wi-Fi ինտերնետով:

Այնուհետև կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել այստեղ կատարվա վերակառուցման աշխատանքներին:

Կարդալ ավելին

15 /Փետրվար 2019

<<ԽԱԹՐՈՎ>> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵ՛Ն ԿԱՏԱՐՈՒՄ

Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրվել է երեք թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Արմեն Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում է 2004 թ.-ից, Ժորա Խալաթյանը, ով մարզիկ է և աշխատում է դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ինչպես նաև անհատական մարզումներ է անցկացնում, և Սուրեն Նավասարդյանը: 

Ներկայացնում ենք մեր զրույցը թեկնածու Սուրեն Նավասարդյանի հետ,ինչպես նաև բնակիչների կարծիքները  թեկնածուների և համայնքի խնդիրների վերաբերյալ :

Համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Նավասարդյանը ավարտելով Վաղարշապատի Ներսիսյան վարժարանը՝ ուսումը շարունակել է Երևանի պետական տնտեսագիտական համալսրանում: Ծառայել է ՀՀ բանակում: Այնուհետև աշխատել է «Ակնալիճ» ՋՕԸ-ում, «Նոյ» ջրերի գործարանում: Այժմ զբաղվում է իր տնտեսությամբ: Անկուսկացական է:

- Պարոն Նավասարդյան, ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը համայնքի ղեկավարի ընտրություններում:

- Տեսնելով, որ մեր համայնքում ոչինչ չի կատարվում, որոշեցի մասնակցել ընտրություններին և, եթե դրական արդյունքներ լինեն, նպաստել համայնքի զարգացմանը: Ի դեպ, այս տարիների ընթացքում մեր համայնքում ընդհանրապես ոչինչ չի փոխվել: Իհարկե, առաջադրման որոշումն իմն է, բայց իմ համակիրները, ընկերներն ու երիտասարդները ևս առաջարկել են, որպեսզի առաջադրեմ թեկնածությունս:

- Որո՞նք են Ձեր ծրագրերը, որոնք ընտրվելու դեպքում կյանքի կկոչեք:

- Իմ ընտրվելու դեպքում նախ և առաջ պետական ծրագրերի միջոցներով կվերանորոգվի մանկապարտեզը: Պետք է կանաչապատել համայնքը, կառուցել խաղահրապարակ, ժամանցի վայր, որ մարդիկ երեկոյան իրենց հանգիստը անցկացնելու տեղ ունենան, թեկուզ սրճարան, որտեղ կբացառվի ալկոհոլային խմիչքների վաճառքը, այսինքն՝ ապահովել հանգիստ, ընտանեկան միջավար: Եթե նման նախաձեռնություն լինի, պահանջվող գումարի մի մասը համայնքի բյուջեից ներդրվի, ապա վստահ եմ, որ արտերկրում բնակվող մեր համայնքի բնակիչները ևս կաջակցեն ոչ միայն այս հարցերի լուծման, այլև ցանկացած նախաձեռնության իրականացման համար: Պետք է հիմնավորված ծրագիր լինի, վստահություն լինի համայնքապետի նկատմամբ, որպեսզի հավատան, որ այդ գումարները ծառայելու են նպատակին: Ավելացնեմ, որ քաջաջատեղյակ եմ համայնքի խնիրներին և բնակիչների հետ քննարկելուց հետո ըստ առաջնահերթության բոլոր խնդիրներին էլ լուծում կտրվի:

- Պարոն Նավասարդյան, առաջադրվել է երեք թեկնածու: Ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը:

- Նորմալ, թեկնածուների հետ ոչ մի խնդիր չունեմ, անձերի հետ կապված ոչ մի լարվածություն, պարզապես ընտրապայքար է համայնքի ղեկավար ընտրվելու համար: Միայն նշեմ, որ խնդիր էր առաջացել կապված բուկլետների հետ՝ նրանում ընդգրկված տողերի («Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ կանեք ձեր քայլը») ու թավշյա հեղափոխությանը վերաբերող նկարների պատճառով: Բայց չէ՞ որ ինքս էլ հեղափոխական եմ եղել և մեր համայնքից ոտքով գնացել եմ Երևան, Գյումրի և այլ վայրեր, որտեղ շարժում է եղել: Ամենուր ներկա եմ եղել, նույնիսկ աշխատանքս եմ անտերության մատնել ու գնացել-մասնակցել եմ ցույցերին: Չպետք է մոռանալ, որ հեղափոխությունը միայն «Իմ քայլը» դաշինքը չի իրականացրել, հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, մենք՝ ես, դու, նա: Սա է պատճառը մտածելու, որ ո՛չ այդ բառերը, ո՛չ այդ հեղափոխական նկարները իրենց սեփականությունը չեն: Բայց զգուշացում ստանալուց հետո այլևս բուկլետներ չեն բաժանվել:

- Ինչպիսի՞ն են ընտրվելու Ձեր հնարավորությունները:

- Չէի ցանկանա առաջ ընկնել, և թող մեծամտություն չընկալվի, բայց, միանշանակ, հնարավորությունները մեծ են: Վստահ եմ, որ լավ է լինելու:

- Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ:

- Ես հավատում եմ, որ այդպես պետք է լինի:

- Ի՞նչ կհղեք ընտրողին:

- Կցանկանայի, որ ընտրողները խելամիտ որոշում կայացնեն, ոչնչի առաջ զիջումների չգնան, «խաթրով» ընտրություն չկատարեն, ապավինեն խղճի ձայնին և ընտրեն նրան, ով, իրենց կարծիքով, կարող է ներկայացնել համայնքն ու բնակիչներին: Ահա այս ամենը հաշվի առնեն ու գնան ընտրության:

Ի դեպ, ինձ ոչ ոք չի աջակցում «Իմ քայլը» դաշինքից, և ընդհանրապես որևէ կուսակցությունից: Ոչ ոքի հետ կապ չունեմ, ոչ մեկի հետ չեմ շփվում: Ինքնառաջադրված թեկնածու եմ:

 Համայնքում հարցումներ անցկացրեցինք թեկնածուների և համայնքում առկա խնդիրների վերաբերյալ կածքիներ լսելու նպատակով: Համայնքի բնակիչները Ժորա Խալաթյանին նկարագրեցին որպես մարզիկ, բայց նրանց կարծիքով, նա այն մարդը չէ, որին տեսնում են համայնքի ղեկավարի պաշտոնում: Ինչ վերաբերում է համայնքի գործող ղեկավարին, պատասխանն այսպիսին էր. «Դե մեր համայնքի ղեկավարն է, լավ, թե վատ, դա է»: Ի դեպ նշենք, որ նրանից առաջ տարիներ շարունակ համայնքի ղկավարը նրա հայրն էր: Սեփականաշնորհել են նախկինում գյուղին պատկանող ֆերման, հարակից խոշոր հողատարածքները: «Այսօր էլ լինելով համայնքապետ՝ գյուղի ամենալավ տունը, մեքենաները նրան են պատկանում, կարծում ենք՝ եկել է փոփոխությունների ժամանակը, նոր շունչ, նոր աշխատաոճ ենք ուզում»,- պահանջում էին բնակիչները: Իսկ Սուրեն Նավասարդյանին բնութագրեցին որպես կիրթ, պարկեշտ մարդու: Ինչ վերաբերում է համայնքում առկա խնդիրներին՝ նրանք կարևորեցին ներհամայնքային ճանապարների բաեկարգումը, խճապատումը: Հատկապես շեշտեցին գերեզմանատան ճանապարհը, որը գրեթե անանցանելի է, հուղարկավորության ժամանակ ստիպված են լինում քայլել ցեխաջրերի միջով: Ընդ որում՝ այս հարցով դիմել են համայնքի գործող ղեկավարին՝ առաջարկելով այդ ճանապարհը խճապատել իրենց միջոցներով, պարզապես թուլտվություն չեն ստացել, քանի որ այդտեղ խողովակները պետք է փոխվեն: «Մինչ օրս դրանք չեն փոխվել, թունավոր ազբեստյա խողովակներ են, որոնց կողքին անգամ արգելված է կանգնել, պատկերացնո՞ւմ եք, թե ջուրն ինչ կլինի»,- վրդովված էին բնակիչները: Անդրադարձան նաև մանկապարտեզի շենքին, որը քայքայված վիճակում է: Եվ դժգոհությամբ տեղեկացրին, որ այսօր իրենց երեխաները մանկապարտեզ են հաճախում Էջմիածնում և վճարում են 15 000 դրամ, մինչդեռ տեղում կլիներ 5 000 դրամ: Համայնքում առկա խնդիրներից մատնանշեցին նաև մարզադահլիճի, մշակույթի տան ու մշակութային կյանքի, խաղահրապարակի, հանգստի գոտու խնդիրները, որն, իրենց կարծիքով, այդքան էլ մեծ ծախսեր չի պահանջում: «Եկեղեցի ունենք, որ խոնարհված է, միայն պատերն են մնացել»,- դժգոհեցին նրանք և տեղեկացրին, որ ինչ-որ մեկը ցանկացել է վերնորոգել այն, բայց համայնքի ղեկավարի հետ համաձայնության չեն եկել, և եկեղեցին չի վերականգնվել: Մինչդեռ մենք պատրաստ ենք վերանորոգման դեպքում ամեն մեկս մեր ներդրումը ունենալ՝ թե՜ ֆինանսապես, թե՜ շինարարական աշխատանքներում:

Ճիշտ է, եղել է հեղափոխություն, թվում է, թե խոսքի ազատություն է, և մարդիկ կարող են իրենց կարծիքն ազատ արտահայտել, բայց ոչ: Այս համայնքում ևս ամեն մեկը ինչ-որ բանից, ինչ-որ մեկից կաշկանդվում է, վախ կա:

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, բավական է վախենալ, կաշկանդվել: Եվ որքան էլ ձեզ փորձեն համոզել, մի հավատացեք, ոչ ոք չի կարող իմանալ կամ վերահսկել, թե դուք ում եք ընտրում: Եղեք ազատ Ձեր ընտրություններում, ընտրեք արժանավորին, որ հետագայում չբողոքեք Ձեզ բաժին ընկած համայնքի ղեկավարից, առավել ևս՝ պետությունից:

Կարդալ ավելին

15 /Փետրվար 2019

Բարիդրացիական հարաբերություններ ընտրապայքարում. Ո՛չ սև փիառին

Գեղարքունքի մարզի Վարդենիս համայնքում փետրվարի 17-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված թեկնածուներից է Արսեն Ամիրխանյանը:

- Պարոն Ամիրխանյան, ինչո՞ւ եք որոշել դառնալ համայնքի ղեկավար՝ առաջադրելով Ձեր թեկնածությունը:

- Թեև առաջադրման մտահղացումը իմն էր, բայց նաև ազգաբնակչության կողմից է եղել առաջարկություն: Մի կարճ պահ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելս ու չաշխատելս նպաստեց, որ բավականին մեծ թվով համայնքի բնակիչներ առաջարկեն իմ թեկնածությունը: Եվ որպեսզի հուսախաբ չանեմ մեր համաքաղաքացիներին, առաջադրել եմ իմ թեկնածությունը՝ համայնքի ղեկավար ընտրվելու համար:

- Որո՞նք են Ձեր ծրագրերը, այն խնդիրները, որոնց լուծում կտրվի Ձեր ընտրվելու դեպքում:

- Վարդենիս համայնքում առաջնային լուծում պահանջող մի շարք խնդիրներ կան, մասնավորապես՝ անմխիթար վիճակում գտնվող ներհամայնքային ճանապարհների, մայթերի բարեկարգում, ոչ միայն ճանապարհների, այլև մայթերի ձնամաքրման աշխատանքների իրականացում: Մայթերի հաստաբուն, ծեր ծառերը կարելի է փոխարինել նորերով, ծառատունկ, կանաչապատում իրականացնել համայնքում: Կան գազոններ, որոնք, ինչպես ասացվածքում է ասվում, «անունը կա, ամանումը չկա»: Պատկերացնում ենք, թե ինչի համար է, բայց հետք չկա, կանաչապատումից հետո պետք է ցանկապատել գազոնները, որպեսզի պահապանվեն: Լուսավորությամբ ապահովված է միայն կենտրոնական հատվածը, համայնքի ծայրամասային թաղամասերում լուսավորություն չունենք: Բարեկարգման կարիք ունեն բազմաբնակարան շենքերի բակերը, որտեղ ասֆալտի նշույլ անգամ չկա: բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը, շքամուտքերում դռների տեղադրումը, ինչը ոչ մի բարդություն չի կրում: Նույնը կարելի է ասել նաև Բանավան թաղամասի մասին, որտեղ այս խնդիրներից բացի առաջանային են խաղահրապարակի, հանգստի գոտու՝ այգու կառուցումը: Բանավանի բնակիչները հիմնականում աշխատում են Սոթքի ոսկու հանքում (թաղամասն այդ նպատակով է ստեղծվել), թաղամասը մեկուսացված է և զուրկ անհրաժեշտ պայմաններից: Մինչդեռ այն կարելի է շատ արագ բարեկարգել նույնիսկ կոմբինատի աջակցությամբ: Բավականին ծրագրեր կան, որոնք ընտրվելու դեպքում կիրականացնեմ ըստ առաջնահերթության:

- Պարոն Ամիրխանյան, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր թվարկած խնդիրների լուծումը:

- Նախ և առաջ, կարծում եմ, համայնքի բյուջեի խնայողաբար և նպատակային ծախսման դեպքում է հնարավոր: Բացի դրանից, նաև ունեմ ըկնկեր-բարեկամներ, ովքեր պատրաստ են իմ ընտրվելու դեպքում ներդրում կատարել՝ հանուն խնդիրների լուծման ու համայնքի զարգացման: Եվ, իհարկե, պետական տարբեր ծրագրեր կան, որոնց հետ համագործակցելով՝ կարող ենք համայնքում բազմաթիվ խնդիրներ լուծել: Շատ կարևոր հանգամանք է համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելով որոշել, թե որն է տվյալ պահին առաջնային խնդիր: Այսինքն՝ պետք է լինեն հանդիպումներ, քննարկումներ, միայն համայնքի ղեկավարը չպետք է որոշի:

- Պարոն Ամիրխանյան, առաջադրվել է ևս յոթ թեկնածու: Ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը, մրցակիցների միջև թշնամանք կա՞, արդյոք տարվո՞ւմ է սև փիառի քաղաքականություն, թե՞ մինչև վերջ կտիրի խաղաղ մթնոլորտ:

- Ես, առհասարակ, ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ, բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ եմ պահպանում, հարգալից եմ բոլորի հանդեպ: Մթնոլորտի լարում իմ և իմ համակիրների կողմից չի լինի, չեմ կարծում, որ իմ համակիրների կողմից որևէ մեկը իր ոչ սթափ մտածելակերպով խոչընդոտ հանդիսանա ինձ համար:

- Ի՞նչ կհղեիք Ձեր ընտրողին՝ վարդենիսցիներին:

- Միայն ուզում եմ ասել, որ ծնվել, ապրել ու ապրելու եմ Վարդենիսում, իրենց կողքին, սիրում և հարգում եմ բոլորին: Հաջողություններ եմ մաղթում բոլորին, և կոչ անում ընտրել նրան, ում արժանի են համարում և ով իսկապես կարող է նպաստել համայնքի զարգացմանը:

Կարդալ ավելին

14 /Փետրվար 2019

Համայնքի զարգացումը վեր սիրված մասնագիտությունից

Փետրվարի 17-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում առաջադրվել է 4 թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Ալեքսան Ալեքսանյան, Էդգար Հայրապետյան, Արբակ Միսակյան, Ջանիկ Խալաթյան:

Օհանավան համայնքի ղեկավարի թեկնածու Ջանիկ Խալաթյանը ծնվել է 1989 թ. Օհանավան համայքում, տեղի միջն. դպրոցը ավարտելուց հետո սովորել է Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան, ապա՝ մագիստրոսի որակավորում: Անցել է կլինիկական օրդինատուրա Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, ստացել ակնաբույժի որակավորում: 2016 թ.-ին ակտիվ մասնակցություն է ունեցել «Առաքելություն Հայաստան» բարեգործական ծրագրին՝ Տավուշի մարզում: 2016 թ.-ից առայսօր աշխատում է «Ապարան» ԲԿ ՓԲԸ-ում՝ որպես ակնաբույժ:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը Ջանիկ Խալաթյանի հետ:

- Պարոն Խալաթյան, լինելով մասնագիտությամբ բժիշկ՝ բավականին հարգի մասնագիտություն, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկնածու:

- Այս պահին համայնքն ավելի կարևոր է: Որոշում կայացնելն այնքան էլ հեշտ չէր: Առաջարկությունը եղել է ընկերներիս, հարազատներիս կողմից: Իհարկե, պատրաստ ժամանակավոր դադարեցնել ակնաբուժական գործունեությունը և զբաղվել գուղի խնդիների լուծմամբ:

- Ինչպիսի՞ կարևոր, մտահոգող խնդիրներ կան համայնքում, և ի՞նչ ծրագրեր ունեք՝ կապված համայնքի զարգացման հետ, որոնք Ձեր ընտրվելու դեպքում կիրականացնեք:

- Երեսուն տարվա ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներ կան: Ամենահասարակ խնդիրն այն է, որ լինելով բավականին մեծ և հարուստ համայնք՝ չունենք մանկապարտեզ: Շենքը կա, սակայն առ այսօր չի գործակվել: Ներհամայնքային ճանապարհները ինչո՞ւ չեն բարեկարգվում, լուսավորության ցանցը ինչո՞ւ չի ընդլայնվում, հարցեր, որոնք այսօր լուծման կարիք ունեն: Մշակույթի տունը չի գործում, ուստի և մշակութային կյանք չկա համայնքում, իսկ մարզական կյանքը շատ պասիվ է:

Նախընտրական ծրագրերից է՝ սպորտի և մշակույթի ոլորտներում կազմակերպել ոչ ֆորմալ կրթական ծրագրեր՝ համայնքի պատանիների և մանկահասակ երեխաների համար, բարեկարգել և ուշադրության կենտրոնում պահել մշակութային կոթողները և նրանց հարակից տարածքները, ներհամայնքային ճանապարհները, վերանորոգել համայնքապետարանի շենքը, կառուցել խաղահրապարակներ, ժամանակակից բուժամբուլատորիա: Համայնքի բոլոր փողոցների լուսավորությունը պետք է իրականացնել ժամանակակից խնայող լամպերով: Կարևոր է նաև աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ ստանալու որակյալ բուժօգնություն: Նախատեսում ենք ստեղծել հասարակական խորհուրդ՝ երիտասարդների խնդիրները քննարկելու և հուզող հարցերում աջակցելու համար, ընդ որում, ակտիվ երիտասարդներին ներգրավելով համայնքի զարգացման գործառույթներում: Երիտասարդությունը մեր վաղվա օրն է, և նրանք միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն։

- Ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդիրների լուծումը:

- Լավ պատկերացնում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա ու նաև պատկերացնում եմ, որ տվյալ խնդրի լուծման համար նախ գումար, միջոցներ են անհրաժեշտ: Իսկ թե ինչու համայնքի առջև ծառացած խնդիրներին մինչ օրս լուծում չի տրվել, կարծում եմ, բացատրություն ունի: Հստակ գիտակցում եմ, որ մեզ համար հեշտ չի լինելու, և դժվար ճանապարհ է սպասվում: Կարծում եմ՝ խնդիրների լուծումը ոչ միայն ֆինանսի առկայության դեպքում է լինում, այլև պայմանավորված է անձով՝ համայնքի ղեկավարով: Կան տարբեր հիմնադրամներ, բարեգործական, գյուղատնտեսական ծրագրեր, որոնց հետ պետք է համագործակցել: Ոչ ոք չի գալու ու հարցնելու՝ թույլ կտա՞ք ձեր համայնքին օգնել: Համայնքի ղեկավարը պետք է նպատակ, ցանկություն ու աշխատասիրություն ունենա: Երբ գիտակցում ես, թե ինչ խնդիրների առջև ես կանգնած ու ինչ պատասխանատվություն ես վերցնում քեզ վրա, ուրեմն պետք է մինչև վերջ կրես այդ պատասխանատվությունը, այսինքն՝ երբ կողքիդ են քո համակիրները, ընտրվելու դեպքում պատասխանատու ես լինելու բոլորի առջև:

- Ձեր կողքին, Ձեր թիմում ովքե՞ր են այսօր:

- Իմ կողքին են մեր համագյուղացիները տարբեր տարիքային խմբերից:

- Քարոզարշավի ընթացքում համայնքի բնակիչներն ի՞նչ խնդիրներ են բարձրացնում:

- Անձնական ոչ մի հարց չեն բարձրացնում, միայն գյուղի համար լավ լինի: Բոլոր ցանկությունները միայն համայնքի բարօրության հետ են կապված:

- Ինչպիսի՞ մթնոլորտում է ընթանում նախընտրական փուլը՝ քարոզարշավը, արդյոք վերջում կլարվի՞ իրավիճակը:

- Համայնքում հանգիստ, համերաշխ մթնոլորտ է: Հույս ունեմ, որ մինչև վերջ այսպես կլինի:

- Ի՞նչ եք կարծում, գյուղական համայնքներում բարեկամության գործոնը դեր կխաղա՞, այսինքն՝ կընտրվի այն թեկնածո՞ւն, որի ազգակիցներն ավելի մեծ թիվ են կազմում:

- Մեր հիմնական խնդիրը դա է, պետք է գիտակցել, որ ազգության կռիվ չենք տալիս: Այսօր իմ կողքին մարդիկ են տարբեր ազգերից, այսինքն՝ գերդաստաններից: Մեր նպատակը գյուղը միավորելն է, ոչ թե պառակտելը: Տվյալ թեկնածուի ընտրվելով չի նշանակում, որ լավ է լինելու միայն նրա ազգակիցների համար:

- Ընտրվելուց հետո կադրային ջարդ կիրականցնե՞ք:

- Ոչ, իհարկե: Եթե տվյալ անձը այդ ոլորտի մասնագետն է և կարողանում է իր աշխատանքը բարեխղճորեն կատարել, ինչո՞ւ պետք է փոփոխություն կատարել: Դեմ եմ կադրային ջարդին: Եթե ցանկանում ենք համայնքի միասնականություն, նախ և առաջ ինքներս պետք է փոխենք նման մտածելակերպը և գործելաոճը:

- Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները:

- Ոչ մեկին չեմ թերագնահատում: Թե ինչ կլինի, ցույց կտան ընտրությունների արդյունքները:

- Կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ:

- Այո, ինչպես միշտ:

- Ի՞նչ կցանկանայիք հղել ընտրողին՝ Ձեր համագյուղացիներին:

- Թող յուրաքանչյուր ընտրող իր խղճի թելադրանքով կատարի իր ընտրությունը:

Կարդալ ավելին

14 /Փետրվար 2019

Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և գործարար կապերի սերտացման նպատակով բիզնես ֆորումների կազմակերպումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը հաստատվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ կառավարությունը կհասնի իր հռչակած ծրագրերի իրականացմանն ու հաջողությամբ կիրականացնի տնտեսական հեղափոխություն: Դեսպանը նշել է, որ պատվով է ստանձնում երկկողմ բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը և այդ նպատակով կգործադրի առավելագույն ջանքերը: Նա շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի կարևորագույն դերը երկրի զարգացման գործում և ավելացրել, որ իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի հետ բազմակողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ ակտիվ գործունեությամբ նոր թափ կհաղորդի հայ-եգիտպական տնտեսական համագործակցությանն ու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, Եգիպտոսի բիզնեսի՝ Հայաստան ներգրավմանը:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և քննարկել Հայաստանի և Եգիպտոսի միջև փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, տարբեր ձևաչափերով շփումների ակտիվացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը:

Կարդալ ավելին

14 /Փետրվար 2019

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված եմ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման լուրից, որը մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ:

Խնդրում եմ իմ սփոփանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Կարդալ ավելին

14 /Փետրվար 2019

Ովքե՞ր են Քաղսի համայնքում թեկնածուները և նրանց սատարողները

Սույն թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

Կոտայքի մարզի Քաղսի համայնքում ևս կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուներն են՝ Ռաֆայել Գրիգորյանը, ում, համագյուղացիների տեղեկացմամբ, աջակցում է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը («Իմ քայլը» դաշինք) (փետրվարի 3-ին համայնքում հանդիպում է տեղի ունեցել, և հայտարարվել է, որ Ս. Միքայելյանը սատարում է այս թեկնածուին), Սեդրակ Դավթյանը, ով 2007-2014 թթ. եղել է համայնքի ղեկավար, Ռուդիկ Կարապետյանը, Գևորգ Խուրշուդյանը:

Մեր հարցերին պատասխանեց  համայնքի ղեկավարի թեկնածու՝ Ռուդիկ Կարապետյանը:

- Պարոն Կարապետյան, որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրերը:

- Համայնքում առկա են մի շարք խնդիրներ, որոնք ընդգրկված են մեր ծրագրերում: Մասնավորապես՝ ոռոգման ջրի խնդրի լուծում, համայնքային բոլոր փողոցների լուսավորության ցանցի կառուցում, քանի որ գյուղի միայն կենտրոնական հատվածն է լուսավորված: Կարծում եմ՝ բյուջեի գումարները խնայողաբար ծախսելու դեպքում կարելի է պարբերաբար, 6 ամիսը մեկ, լուսավորության ցանց անցկացնել, ճանապարհներ բարեկարգել, խճապատել:

Համայնքում կա 1827 թ. կառուցված եկեղեցի, որի ամրացման աշխատանքները կատարելու համար պահանջվում է ընդամենը 200 000 դրամ, որպեսզի պատը չքանդվի: Ինչպես նաև դեպի եկեղեցի տանող ճանապարհը առայժմ պետք է խճապատել, հետո ասֆալտապատել: Դա կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը:

Մշակույթի տունը գործել է մինչև 2000 թ., դրանից հետո տանիքը քամին քշել-տարել էր, և շենքը ավիրվել էր: Համայնքի գործող ղեկավարը՝ Սահակ Ալեքսանյանը, հիմնանորոգել է մշակույթի տան տանիքը, և այժմ պետք է իրականացնել ներսի վերանորոգման աշխատանքները, այդ թվում նաև դահլիճի, որը նախատեսված է 300 հոգու համար: Այդ ամենի համար մոտավորապես 300 մլն դրամ է անհրաժեշտ:

Կարծում եմ՝ եթե դրա հնարավորությունները առայժմ չկան, կարող ենք սկսել սենյակներն աստիճանաբար վերանորոգելուց ու կահավորելուց, որպեսզի մշակութային կյանքը նորից արթնանա համայնքում, և չօգտագործվելով՝ շենքը չքայայքվի: Պետք է շունչ տանք մշակութային կյանքին և աստիճանաբար գտնենք միջոցներ, հովանավորներ՝ շենքը հիմնանորոգելու համար:

Մյուս խնդիրներից է համայնքի շուրջօրյա ջրամատակարարումը, իսկ դրա համար անհրաժեշտ է պոմպակայանի հզորացում, որի շնորհիվ 18-20 ժամի փոխարեն կունենանք շուրջօրյա ջրամատակարարում:

Աղբահանությունը կատարվում է շաբաթը մեկ անգամ: Իմ ծրագրերում նախատեսվում է դարձնել շաբաթը երկու անգամ և համայնքում աղբարկղեր տեղադրել: Համայնքի կենտրոնական ճանապարհը նաև մայրուղուց Հրազդան քաղաք տանող ճանապարհն է: Եվ ես ցանկանում եմ, որ այն մաքուր ու բարեկարգ լինի: Լուծման անհրաժեշտություն ունի տրանսպորտի խնդիրը: Գործող Հրազդան-Երևան, Հրազդան–Սոլակ, Հրազդան–Չարենցավան երթուղայինները ծանրաբեռնվածության պատճառով հաճախ համայնքում չեն կանգնում, այդ պատճառով էլ պետք է վերականգնել 4-րդ համարի երթուղին՝ Հրազան-Քաղսի:

Համայնքում չկա ոչ մի խաղահրապարակ, միայն ֆուտբոլի դաշտ ունենք և մի փոքրիկ խաղահրապարակ՝ մանկապարտեզի ետնամասում, որը ծառայում է մանկապարտեզի երեխաներին: Պետք է զբոսայգի և խաղահրապարակներ հիմնել: Բուժամբուլատորիայի հարակից տարածքում կարող ենք կառուցել փոքրիկ խաղահրապարակ, իսկ վերևի թաղամասում՝ ֆուտբոլի դաշտ:

- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար:

- Առաջադրվել եմ համակիրներիս առաջարկով: Գյուղում երկար տարիների իմ աշխատանքային փորձը նրանց վստահություն է ներշնչում և հավատում են, որ ես կարող եմ այդ ամենն աստիճանաբար իրագործել: Ամեն ինչ հնարավոր չէ միանագամից անել:

- Ինչպե՞ս է ընթանում նախըտրական փուլը, կա՞ թշնամանք:

- Ոչ, թշնամանք չկա, ազատ քարոզարշավ ենք իրականացնում, հադիպումներ ենք կազմակերպում բնակիչների հետ: Ի դեպ, ընտրվելուց հետո դա շարունակական բնույթ է կրելու, լինելու եմ բոլոր տնտեսություններում, ծանոթանալու նրանց ապրելակերպին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ինչ-որ ձևով կարողանամ աջակցություն ցուցաբերել:

- Իսկ ընտրվելու դեպքում համայնքապետարանում կադրային փոփոխություններ կիրականացնե՞ք:

- Ոչ, չեմ կարծում, որ առայժմ փոփոխության կարիք կա: Պարզապես համայնքի ղեկավարն ու իր աշխատակիցները չպետք է ձեռքերը ծալած նստեն աշխատասենյակում: Պետք է շփում լինի ժողովրդի հետ, բոլորս միահամուռ պետք է աշխատենք:

- Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ:

- Այո, որովհետև ժամանակները փոխվել են, և բոլորն էլ ազատ են ընտրություն կատարելու: Մեր համայնքի բնակիչներին կոչ եմ անում ազատ ընտրություն կատարել, ոչ մեկից չվախենալ, չկաշկանդվել և իրենց ձայնը տալ այն թեկնածուին, ում արժանի են համարում:

Կարդալ ավելին

14 /Փետրվար 2019

ԹԵԺ ԸՆՏՐԱՊԱՅՔԱ՞Ր ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ, ԹԵ՞ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Գեղարքունքի մարզի Վարդենիս համայնքում փետրվարի 17-ին անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել է ութ թեկնածու՝ Գրիշա Աղաջանյան, Արսեն Ամիրխանյան, Վահան Զարոյան, Գարսևան Սաղաթելյան, Գևորգ Սիմոնյան, Կարեն Մկրտչյան, Արման Մելքոնյան, Արկադի Խաչատրյան:

Ստորև ներկայացնում ենք զրույցը համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Մկրտչյանի հետ, ով 2017 թ. նոյեմբերից մինչև սույն թվականի փետրվարի 6-ը աշխատել է որպես Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ:

- Պարոն Մկրտչյան, ո՞րն է նպատակը, ինչո՞ւ եք ցանկանում դառնալ Վարդենիս համայնքի ղեկավար:

- Լինելով վարդենիսցի՝ ցանկանում եմ, որ մեր բնակիչներն ապրեն զարգացած ու բարեկեցիկ համայնքում: Բացի դրանից, նաև ժողովրդի առաջ պարտավորություն եմ ստանձնել՝ ծաղկեցնել մեր համայնքը, ամենակարևորը՝ երիտասարդացնել, ինչի մասին նշել եմ նաև այլ հարցազրույցներում՝ Վարդենիս քաղաքը խիստ կարիք ունի երիտասարդանալու: 2017 թ. նոյեմբերի 13-ից նշանակվելով որպես համայնքի ղեկավարի տեղակալ՝ հիմնականում զբաղվել եմ ծրագրային գործունեությամբ, այսինքն՝ ծրագրեր կազմել, հաստատել և իրականացնել: Մասնավորապես՝ «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցելով՝ հիմնովին վերանորոգվել են երեք բազմաբնակարան շենքերի տանիքներ: Իրականացրել ենք նաև սոցիալական տարբեր ծրագրեր, ինչպես օրինակ՝ ձմռան ամիսներին Վարդենիս քաղաքի խիստ անապահով ընտանիքներին օգնություն է տրամադրվել սննդի տեսքով: Նույն ծրագրի շրջանակներում 200 տնտեսության բաժանվել է կարտոֆիլի սերմնացու, ազոտական պարարտանյութ: Սոցիալապես անապահով ընտանիքների առաջինից չորրորդ դասարանի երեխաներին ապահովել ենք հագուստով և ձմեռային ու ամառային կոշիկներով: Ի դեպ, թվարկված աշխատանքներն իրականացվել են իմ անմիջական մասնակցությամբ: Մի շարք ծրագրեր էլ իրականացվել են համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում:

Թեև ես էլ էի առաջադրել իմ թեկնածությունը, բայց, հանուն համայնքի բարօրության, միավորվեցինք Արամ Հարությունյանի հետ: Ունեինք հինգ տարվա ծրագիր, որ պետք է կյանքի կոչեինք, սակայն պարոն Հարությունյանը հրաժարական տվեց: Մեկ տարի երկու ամիս ժամանակը շատ քիչ էր, ուստի ունենք այն, ինչ ունենք: Եվ հիմա անավարտ մնացած բոլոր ծրագրերը պետք է ավարտին հասցնենք:

- Պարոն Մկրտչյան, չընտրվելու դեպքում կցանկանա՞ք աշխատել որպես համայնքի ղեկավարի տեղակալ:

- Դա ժամանակը ցույց կտա, բայց ընտրվեմ-չընտրվեմ, միշտ կանգնելու եմ մեր ժողովրդի կողքին՝ իմ ուժերի ներածի չափով:

- Պարոն Մկրտչյան, այսօր ի՞նչ խնդիրներ կան համայնքում, որոնք ընդգրկվել են Ձեր ծրագրերում և լուծում կստանան Ձեր ընտրվելու դեպքում:

- Ընտրվելու դեպքում, եթե, իհարկե, ստանամ ժողովրդի քվեն, և համոզված եմ, որ կստանամ, որովհետև մեր ժողովուրդը գնահատում է աշխատող մարդուն, բոլոր ջանքերս ներդնելու եմ, որպեսզի հիմնանորոգվի մարզադաշտը: Այն իր ռեսուրսներով չորրորդն է ՀՀ-ում, բայց անմխիթար վիճակում է: Արդեն կան պայմանավորվածություններ, նաև Ֆուտբոլի ֆեդերացիան է խոստացել ներդրող գտնելու դեպքում ևս աջակցել որոշակի չափով: Բացի այդ, առաջնային է համայնքի կենտրոնական ճանապարհների վերանորոգումը: Վարդենիս քաղաքի արտաքին տեսքը պետք է փոխվի, բազմաբնակարան շենքերի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հինգ տարվա ընթացքում: Ունենք արդեն հաստատված ծրագիր, ըստ որի այս տարի կփոխվեն վեց շենքերի տանիքներ: Նշեմ, որ Վարդենիս քաղաքի առաջնային խնդիրներից են բազմաբնակարան շենքերի կոյուղիները, տանիքները, մուտքի դռները և, ինչպես նշեցի, Վարդենիս քաղաքի ճանապարհները: Պետք է ցանկապատվի համայնքի աղբավայրը: Բարեկարգման կարիք ունի Բանավան թաղամասը, այստեղ ևս բազմաբնակարան շենքերի, ճանապարհների բարեկարգման խնդիրներ կան: Պետք է կառուցենք հանգստի գոտի, խաղահրապարակ: Ծրագրերում ընդգրկված է նաև Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգման հարցը, որը հաստատման վերջնական փուլում է: Ի դեպ, մանկապարտեզը 15 տարի չի գործել:

Կարծում եմ՝ բացի այն, որ մեր երեխաներն ավելի բարեկարգ մանկապարտեզ կհաճախեն, մանկապարտեզի վերագործակումը նաև աշխատատեղերի խնդիր կլուծի: Ծրագրերիս մեջ է քաղաքի լուսավորության հարցը: Ճիշտ է, քաղաքը լուսավորված է, բայց կփոխարինենք ժամանակակից էներգախնայող լեդ լույսերով: Այս հարցի շուրջ արդեն վերջնական փուլում գտնվող պայմանավորվածություն ունեմ մեկ այլ ներդրողի հետ:

Ծրագրերը բազմաթիվ են, աշխատում եմ իրատեսական ծրագրեր ներկայացնել: Եթե թվարկեմ մի շարք ծրագրեր ու չկարողանամ իրականացնել, ապա չեմ կարող նայել մեր համայնքի բնակիչների աչքերին:

Ինչպես գիտեք, Վարդենիսը խոշորացված համայնք է, որի մեջ ընդգրկվել է երեք գյուղական բնակավայրեր՝ Այրքը, Վերին և Ներքին Շորժաները: Կարևոր է այս բնակավայրեր տանող ճանապարհի հիմնանորոգումը, քանի որ այն կարող է նաև ռազմավարական նշանակություն ունենալ: Այդ նույն ճանապարհով հնարավոր է ճանապարհ բացել դեպի Արցախ: Մյուս ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը Գայի փողոցն է, որը մոտ 15 գյուղական համայնքներից դեպի զինվորական հոսպիտալ տանող կարճ ճանապարհն է, և որը ասֆալտապատման խնդիր ունի:

Լուծման կարիք ունի Բանդեր թաղամասի կոյուղու խնդիրը, այստեղ պետք է դրենժային համակարգ կառուցել, ինչպես նաև հիմնանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները: Այսինքն՝ մեր համայնքի գլխավոր խնդիրներն են՝ ճանապարհների ասֆալտապատում, մայթերի կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, կոյուղագծերի կառուցում, իսկ աղբահանության կատարումը համայնքի ղեկավարի պարտականությունն է:

- Պարոն Մկրտչյան, քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ինչպիսի՞ հարցեր են բարձրացվում:

- Ամենաառաջնայինը աշխատատեղերի խնդիրն է, որը նաև գլոբալ խնդիր է մեր պետության համար: Ճիշտ է, համայնքի ղեկավարը ի պաշտոնե աշխատատեղ ստեղծող չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերս լվանանք: Կան բարերարներ, ներդրողներ, որոնց հետ ճիշտ համագործակցության դեպքում հնարավոր կլինի Վարդենիս համայնքում գործարաններ կառուցել: Պարզապես պետք է ուղղորդենք, ներգրավենք նրանց: Նոր աշխատատեղեր կբացվեն մարզահամալիրի, լողավազանի կառուցմամբ: Կան տարբեր ծրագրեր, որոնք վերջնական փուլում չեն, և դրանց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել:

- Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը: Թեկնածուները շատ են՝ ութ հոգի, կա՞ թշնամանք մրցակիցների միջև, նրանց կողմից տարվո՞ւմ է սև փիառի քաղաքականություն:

- Իհարկե, թեկնածուները շատ են, և ես դա կապում եմ այն հանգամանքի հետ, որ երկրում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել: Մարդիկ համոզվել են, որ անցել են այն ժամանակները, երբ կարող էին կեղծիքի, բարեկամ-ծանոթի, կաշառք բաժանելու միջոցով ընտրվել համայնքի ղեկավար: Հիմա մարդիկ այս ընտրապայքարի ժամանակ փորձում են իրենց ուժերը: Ինքս թշնամանք չունեմ ոչ մի մրցակցի նկատմամբ և բոլոր թեկնածուներին կոչ եմ անում զսպվածություն դրսևորել, առողջ պայքար տանել, ընտրողների հետ շփումների միջոցով հասնենք նրան, որ Վարդենիսում տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ: Եվ ամենակարևորը՝ ընտրվի նա, ով ի վիճակի է աշխատելու: Ես միշտ ասել եմ, ամենահեշտը ընտրվելն է, ամենադժվարը՝ աշխատելը:

- Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները:

- Շատ լավ, և համոզված եմ, որ մեր համայնքի բնակիչները ճիշտ ընտրություն կկատարեն և իրենց ձայնը կտան նրան, ով իրոք գործի մարդ է: Ես իմ բնույթով կուսակցական գործիչ չեմ, գործի մարդ եմ, և միշտ երազել եմ Վարդենիս համայնքը տեսնել երիտասարդացած, ծաղկած ու բարեկարգ:

- Թեկնածուներից ո՞ւմ ենք լուրջ մրցակից համարում:

- Բոլորին էլ մրցակից եմ համարում, արդեն իսկ այսքան թեկնածուի առկայությունը թեժացնում է ընտրապայքարը: Բայց վերջնական որոշողը ժողովուրդն է: Ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 17-ի գիշերը քվեաթերթիկները հաշվելուց հետո:

- Պարոն Մկրտչյան, Ձեր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էիք Ձեր հասցեին Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի հնչեցրած մեղադրանքին, ըստ որի Դուք, իբր, կաշառք եք բաժանել օգնության տեսքով: Ընդ որում նաև մամուլում էր նմանատիպ հոդված հրապարկվել, որում ասվում էր, թե Վարդենիսում կաշառք է բաժանվում, բայց նշված չէր, թե ում կողմից, և իբր տվյալ թեկնածուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպել, քննարկել և պարզել ենք, որ դա ընդամենը թյուրիմացություն էր: Ես իմ ողջ կյանքում երբևէ ընտրակաշառք չեմ բաժանել: Ինչպես նշել եմ հարցազրույցում, դա «Կամրջակ» բարեգործական և հասարակական կազմակերպության հերթական ծրագիրն էր՝ սննդի տեսքով, որի հետ համագործակցել ենք 2017 թ.-ից սկսած: Չեմ կարծում, որ երկրում իրավիճակի փոփոխությունից հետո որևէ մեկը, եթե անգամ ցանկանա, կկարողանա ընտրակաշառք բաժանել: Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին, ապա եթե նույնիսկ կա նման դեպք, ինձ, համենայն դեպս, իրավապահ մարմինները հարցաքննության չեն կանչել: Իսկ թե գրված հոդվածը ում է վերաբերում, թող իրավապահ մարմինները ճշտեն, բոլորս էլ գիտենք, որ նրանք միշտ անաչառ որոշումներ են կայացնում:

- Ի՞նչ կհղեիք ընտրողին:

- Վարդենիս համայնքի բնակիչներին կհղեի զսպվածություն դրսևորել, առանց թշնամանքի, առանց այն էլ վիճակը շատ շիկացած ու թեժացած է, փետրվարի 17-ին ընտրություն կատարել այն թեկնածուի օգտին, ով իրոք գործի մարդ է: Կոչ եմ անում չտրվել սադրանքներին, բամբասանքներին, այլ իրենց սրտի ձայնին համահունչ գնալ ընտրության և հիշել, որ միշտ հաղթում է միասնականությունը:

Կարդալ ավելին
«Յանդեքս»-ի ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում նոր նախագծեր իրականացնելու ծրագրերը Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանն ու Բուղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռումեն Ռադևի հանդ Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հե ԳՈՐԾԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Էքսկլյուզիվ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՎԻՃԱԿՆ ԱՀԱՎՈՐ ԾԱՆՐ Է Այսօր Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է. միլիարդատեր հայը` թռչող գորգի վրա Հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ Սանկտ Պետերբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. քննարկվել են երկկողմ հարաբերությունների օր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված. Նիկոլ Փաշինյան ՎԵՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ Ո՞ՒՄ ԿԸՆՏՐԻ ԳԵՂՀՈՎԻՏՑԻՆ «Սա տանելու է սոցիալական բունտերի». Սուրեն Պարսյան ԼՀԿ-ն առաջարկում է վերացնել Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրումը ՄՇՏԱՊԵՍ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ ԱՐԴԱՐ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄՈԶՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը՝ ՔԱՋԱՐԱՆՈԻՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գրանդ Քենդիի» քաղցր նվերներն ու օգնությունը երեխաներին հունիսի 1-ի առթիվ Ավտովթարի հետևանքով մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը Արցախում դանակահարության միջադեպով լարվածություն է ստեղծվել ՀՀ-ից պետական մակարդակով փորձել են Facebook-ից ստանալ 81 օգտատիրոջ տվյալ. Սամվել Մարտիրոսյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արձանը վնասելու դիտավորություն չի եղել. ՀՀ ոստիկանություն «Կանանց գաղութ է, ոչ թե գործարան»․ ժողով Գյումրու «Սաստեքս»-ում ստեղծված աղմուկի թեմայով Բրիտանական և հայկական զինվորական նվագախմբերի համատեղ համերգ Երևանում Կարեն Կարապետյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Հրայր Թովմասյանը` Արցախում. «Իրատես» Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհեց Հովհաննես Այվազովսկու անունը Վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԳՆԱՀԱՏԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆՑԻՆ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ ԱՌԱՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԹՇՆԱՄԱՆՔՆԵՐԻ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք՝ կներդվի տուգանային միավորների համակարգ Լարված իրավիճակ Արմավիրում. մարզպետարանի դիմաց թիվ 5 դպրոցի կոլեկտիվն ու երեխաները դասադուլ ու գործադուլ են հայտարարել. ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՅԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ.«ՀՐԱՊԱՐԱԿ». Կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը Huawei-ը մեկնաբանել է ընկերությունը սեւ ցուցակ մտցնելու ԱՄՆ որոշումը Վարչապետը չինական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացման հե Սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուրի հանդեպ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ տեսակցելու Արգիշտի Սեփխանյանին Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ և ՀՀ քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր Վարչապետը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը «Ես չեմ կարա ուրիշին առևանգեմ․ վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել»․ Սամվել Ալեքսանյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԵՐԵՒԱՆ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՍԱՆԱՎԻԱՑԻԱՅԻ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել հայտարարությամ Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը << Միհրան Պողոսյանին չեն կարողանում ներել տարբեր բաների համար>>Ռուբեն Գրդզելյան ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԿ-ՆԵՐԻՆ ՀՐԱՎԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ(ՏԵՍԱՆՅՈՒԹ) ԱՌԱՋԻՆ ԲԿ-Ն ՀՀ-ՈՒՄ, ՈՐ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ (ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ) Այսօր ո՞վ է կանգնած Ռաֆիկ Անդրեասյանի թիկունքում ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ․ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ Հովհաննես Գալստյանը հրապարակել է Լիլիթ Մակունցի հետ զրույցի ձայնագրությունը Ավարտվել է նաեւ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով նախաքննությունը. ՀՔԾ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանի տնտեսական հետագա զարգացման համար կարևոր է մարդու տնտեսական վարքագծի փոփոխությունը. Նիկոլ Փաշինյան Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը

© Website developed by Vardan Hoveian

Վերև