Գալուստ Սահակյանն ու իր հարազատները նույնպես անձեռնմխելի՞ են

 Թավշյա հեղափոխությունը մուտք գործեց Վաղարշապատ, փոթորկեց քաղաքը, բայց հեռացավ՝ իր հետ տանելով միայն Մանվել Գրիգորյանին: Այստեղ մնացին նախկին ՀՀԿ-ական տնօրեններ՝ շարունակելով իրենց գործունեությունը՝ ի վնաս ժողովրդի:  Էջմիածնեցիների համար հին իշխանության «սև ուրվականներից» մեկը, որ շրջում է քաղաքում, «Էջմիածին» ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանն է: Վերջինիս գլխավորած բուժկենտրոնը, շարունակելով սնվել պետությունից, համառորեն պատշաճ սպասարկում չի իրականացնում: Բնակչության մեծամասնությունն անգամ չգիտի, թե պետության կողմից տրամադրվող ո՛ր ծառայություններն են անվճար, քանի որ անգամ պոլիկլինիկային դիմելու դեպքում անվճար ծառայությունները սպասարկվում են վճարովի հիմունքներով: Օրինակ՝ մինչև յոթ տարեկան երեխաներին պատվաստելու համար բնակիչներից անամոթաբար 200 դրամ են կորզում,  այն դեպքում, երբ դա անվճար է: Սա թերևս ամենաչնչին օրինակն է, որ կարելի է նշել:

Հավաստի տվյալներ կան նաև այն մասին, որ «Էջմիածին» ԲԿ-ին պատկանել են երկու մեքենա «NISSAN TIDA»` 808 ՈՈ 01 պետհամարանիշով, և «Hyundai Elantra»` 808 QQ 01 պետհամարանիշով: Վերջինս առնվազն երկու տարի, ըստ պահանջի, վարել է տնօրենի որդին, իսկ վառելիքի (300-400 լիտր) և սպասարկման ծախսերը դուրս են գրվել պոլիկլինիկայի հաշվեկշռից: Մեքենան այս ընթացքում երկու անգամ վթարի է ենթարկվել, որի ծախսերը ևս հատուցվել են պետական միջոցներով: Այնուհետև «Hyundai Elantra»-ն վերադարձվել է «Էջմիածին» ԲԿ-ին (դե, վթարված մեքենան ինչպե՞ս կարող էր վարել տնօրենի տղան, ամոթ է, չէ՞), իսկ ընտանիքին սկսել է սպասարկել «NISSAN TIDA»-ն:  Այս չարաշահումների պատճառով մի քանի միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանը: Ընդ որում, հարց է ծագում՝ ինչպես է «Էջմիածին» ԲԿ-ն ձեռք բերել գոլդ պետհամարանիշները, քանի որ բոլորս էլ գիտենք, որ նման պետհամարանիշները առևտրային կազմակերպությունները ձեռք են բերում հավելավճարով: Ի՞նչ է ստացվում, ԲԿ-ն դարձյա՞լ չարաշահել է պետական միջոցները:

Բուժկենտրոնի տնօրեն Լ. Գասպարյանն իր բոլոր չարաշահումները կոծկել է անձնական կապերի շնորհիվ: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ Լիլիթ Գասպարյանը ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ապօրինի որդու` ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Վահան Պողոսյանի կինն է, և հարսին առնչվող ցանկացած խնդրով Գ. Սահակյանը երբևէ չի զլացել դիմել մարզային իշխանություններին:

Անգամ իշխանափոխությունը չսթափեցրեց Տիկին Գասպարյանին: Արդեն Նոր Հայաստանում նա իր համար նոր կապեր է հաստատել և շարունակում է պաշտոնավարել նույն գործելաոճով՝ իրեն համարելով այդ տարածքի միակ տիրուհին:

Ի դեպ, պարզվում է՝ ժամանակին «Էջմիածին» ԲԿ-ն իր ողջ տարածքով պետք է նվիրվեր «Մեդիպրիզ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են Գալուստ Սահակյանի կինը՝ ժաննա Աղաբաբյանն ու նույն Լիլիթ Գասպարյանը: Այս նվիրատվությունը կատարվելու էր այդ ժամանակ Պետգույքի կառավարման պետ, Գ. Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի թեթև ձեռքով: Սակայն ընտանեկան այս մեծ գործարքը ինչ-ինչ պատճառներով չստացվեց:

 

 

 

 

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->