ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան

- Պարոն Փարամզյան, 2016 թ.-ին ընտրվել եք Քաջարան քաղաքի, այնուհետև 2017 թ. նոյեմբերի 5-ին՝ Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար: Ձեր ղեկավարման ընթացքում համայնքում ի՞նչ խնդիրներ են լուծվել, ինչպիսի՞ ձեռքբերումներ եք արձանագրել:

- Մինչ խոշորացումը Քաջարան քաղաքում մեր նախաձեռնությամբ և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, մասնավորապես՝ քաղաքի մուտքի ճանապարհների հենապատերի կառուցում, ճանապարհների մայթերի ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքների իրականացում:Հիմնովին բարեկարգվել ու նորացվել է Քաջարանի մուտքը, կառուցվել է փոքրիկ պուրակ, տեղադրվել է խորհրդանշական արջի   նոր արձան:

 Ծայրամասային Գայի փողոցում գրեթե քսան տարի ոչ մի աշխատանք չէր իրականացվել: Այդտեղ մեր նախաձեռնությամբ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, կառուցվել է հանգստյան գոտի, մանկական խաղահրապարակ: Իրականացրել ենք նաև հենապատերի ամրացում: Ի դեպ հենապատերի ամրացում վերջին անգամ կատարվել է 1980-ականներին:

Այդ փողոցում կար վթարային շենք, որի ամրացումը կատարվել է կոմբինատի միջոցներով: Նաև այդ փողոցի բարեկարգումն ու ասֆալտապատումն է իրականացվել, որոշակի աշխատանքներ դեռևս ընթացքի մեջ են, կապված եղանակային պայմաների հետ՝ եկող տարի ավարտին կհասցնենք:

Քաղաքում նոր ծառատեսակներ ու վարդի թփեր են տնկվել, ինչը նույնպես շարունակական բնույթ է կրում: Մյուս տարի կունենանք տասնհինգ հազար նոր ծառ և մեկ միլիոն վարդի թուփ:

Քաղաքում դեռևս չլուծված խնդիրներ կային, որոնց, խոշորացումից հետո, գումարվեցին նաև մյուս համայնքների խնդիրները: Ի դեպ, անմխիթար վիճակում էին գտնվում ինչպես Քաջարան քաղաքը, այնպես էլ գյուղական համայնքները: Մենք

խիստ օբեկտիվորեն ենք մոտենում այդ հարցերին. ուշադրություն ենք դարձնում ոչ միայն քաղաքին, այլև բոլոր համայնքներին հավասարապես:

Քաջարանում իրականացրել ենք ճանապարհների բարեկարգում, լուսավորության ցանցի կառուցում՝ ժամանակակից լեդ լամպերով: Ընթացքի մեջ են գերեզմանատան ճանապարհի բարեկարգման աշխատանքները: Նախատեսվում է մյուս տարի հիմնանորոգել 1941 թ. պատերազմում զոհվածների հուշարձանը: Հիմնանորոգվել և հնի ու նորի համակցությամբ ճարտարապետական մի նոր կոթողի է վերածվել Մշակույթի տունը,

որն իր մեջ ներառում է կինոդահլիճ, երգի, պարի դասասենյակներ: Այստեղ կբացվի նաև նոր Էլեկտրոնային գրադարան: : Իմիջիայլոց նշեմ, որ քաղաքում գրադարանի տարածքի խնդիր կա: Գրքերի որոշակի մասը կտեղափոխվի Մշակույթի տուն, քանի որ ունենք 120 հազար կտոր գիրք, իսկ մնացած գրքերը տեղավորելու համար ստիպված ենք նոր տարածք ձեռք բերել:Մշակույթի տանը կբացվեն նաև օտար լեզվի դասարաններ:

Արվեստի դպրոցը, որտեղ հաճախում է 290 երեխա, կառուցվել է 1960-ականներին: Շենքի պատմամշակութային տեսքը չխաթարելով՝ կատարվում են շինարարական աշխատանքներ, որոնք 

կավարտվեն սեպտեմբերին: Շենքը նաև կհամալրվի նոր գույքով: Այս, ինչպես նաև միջհամայնքային կամրջի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են կոմբինատի միջոցներով:

Նորոգվել է նաև Քաջարանի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը:

Քաջարան քաղաքի մանկապարտեզը, որը նույնպես 60-ականների կառույց էր, չէր համապատասխանում այսօրվա պայմաններին: Ուստի այստեղ ևս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ նորոգվում է խոհանոցը, սանհանգույցները, կառուցվում է կցակառույց՝ սուբվենցիայի միջոցներով, իսկ կոմբինատի աջակցությամբ՝ փլված պատի կառուցում, որն ի դեպ շենքի հին լինելու պատճառով փլուզվել էր շինարարական աշխատանքների ժամանակ:

Կատարված աշխատանքներից են նաև գրեթե 2 կմ ասֆալտապատումը, մայթերի բարեկարգումը: Տարեցների պահանջն է եղել քաղաքային սանհանգույցի կառուցումը: Քաղաքի լուսավորության 80%-ը փոխարինվել է լեդ լամպերով:

Իրականացրել ենք բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ, սկսել ենք ինը հարկանի բազմաբնակարան շենքերի մուտքի դռների վրա դամաֆոններ տեղադրել, որը նաև անվտանգության տեսակետից է լավ: Այս ծրագիրը շարունակական է:

Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերին, ապա Լեռնաձորում անցկացրել ենք լուսավորության ցանց, կատարվել է մասնակի ասֆալտապատում, հողե ճանապարհները հարթեցվել են: Մյուս տարի այստեղ նախատեսում ենք հուշարձանի վերանորոգում, տարածքի բարեկարգում, խաղահրապարակի կառուցում: Իսկ մնացած բնակավայրերում մոտ օրերս կավարտվեն լուսավորության հետ կապված խնդիրները:

Ձագեձոր բնակավայրում կային խմելու ջրի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց մի մասը լուծվել է, փոխվել են խողովակները: Այս բնակավայրում լուծված է լուսավորության հարցը: Այստեղ ևս խնդիրներ կան, որոնք ներառել ենք հնգամյա ծրագրերի մեջ:

Բաբիկավան փոքրիկ, բայց գեղեցիկ բնակավայրում լուծվել է լուսավորության խնդիրը: Մյուս տարի այստեղ նախատեսել ենք կառուցել մանկական խաղահրապարակ և հանգստի գոտի, ինչպես նաև ամբողջությամբ ասֆալտապատում իրականացնել բնակավայրում:

Անդոկավանում լուսավորության ցանց է կառուցվել, կատարվել է ճանապարհների խճապատում-հարթեցում ողջ բնակավայրում:

Գեղի գյուղական բնակավայրում խմելու ջրի նոր ջրագիծ ենք կառուցել: Այստեղ ևս մեծ քանակությամբ աղբ էր կուտակվել, որը մաքրվել է: Կառուցել ենք լուսավորության համակարգ: Իրականացրել ենք գյուղամիջյան ճանապարհների հարթեցում: Իմ խնդրանքով մասնավոր ընկերության կողմից համայնքին աջակցություն է լինելու, և եղանակային պայմանները բարելավելուն պես կսկսենք այդ բնակավայրի բարեկարգումը, կվերանորոգենք պուրակը՝ ստեղծելով գեղեցիկ հանգստյան գոտի: Այստեղ գործող ՀԷԿ-ը որոշակի վնասներ է պատճառել բնակիչներին, նշանակվել են վարչական տուգանքներ: Այս հարցում եկել ենք փոխհամաձայնության, և համայնքին և բնակիչներին պատճառված վնասների փոխհատուցումն արդեն իսկ կատարված է:

Միջհամայնքային տրանսպորտի հարցը, որն ամենակարևորն է համայնքում, նույնպես լուծվել է, այն գործելու է անվճար: Իմ քաղաքականությունը հետևյալն է՝ այնպես անել, որ գյուղական բնակավայրերը չդատարկվեն: Ի՞նչ է անհրաժեշտ գյուղացուն՝ բարեկարգ ճանապարհ, լույս և ջուր, աջակցել գյուղատնտեսական աշխատանքներում, ապահովել գյուղտեխնիկայով: Գյուղացին պետք է շահագրգռված լինի, եկամուտ ունենա, որպեսզի մնա գյուղում: Ոչ պակաս կարևոր է տրանսպորտի հարցը, որը գյուղական բնակավայրերը կապում է քաղաքի հետ, դրանով իսկ նպաստում, որ գյուղացին իր բերքն ու բարիքը դուրս բերի շուկա և կարողանա իրացնել: Սեփական մեքենայով գրեթե 20 կմ գնալ-գալը ձեռնտու տարբերակ չէ, և գյուղացին ո՛չ շահագրգռված կլինի գյուղատնտեսությամբ զբաղվել, ո՛չ էլ կմնա գյուղում:

Քաջարանց գյուղական բնակավայրում վերակառուցվում է համայնքապետարան: Իսկ Քաջարանի համայնքապետարանի առաջին հարկում կառուցում ենք բնակիչների սպասարկման կենտրոն, որի աշխատանքների իրականացման համար 9 միլիոն ներդրել է «Ջի Այ Զեթ» կազմակերպությունը, 17 մլն դրամ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Սահմանամերձ գոտում գտնվող Աստղաբերդ բնակավայրում ամբողջությամբ լուծվել են լուսավորության խնդիրները, կառուցել ենք խմելու և ոռոգման ջրի ջրագծերը, իրականացրել ենք ճանապարհների հարթեցում:

Իրականում ծրագերը շատ են: Դրանք իրագործելու համար ցանկություն և շահագրգիռ մոտեցում է անհրաժեշտ: 2020 թ.-ի ծրագրերում ընդգրկված է ստադիոնի կառուցումը:

- Ինչպե՞ս է կազմակերպվում աղբահանության հարցը համայնքում:

- Կազմակերպչական ճիշտ աշխատանքի շնորհիվ կարողացանք ազատվել «ավգյան ախոռներից» և չնայած արտադրական քաղաք լինելուն, որտեղ էլ ավելի է դժվարանում մաքրության պահպանումը, այսօր ունենք իդեալական մաքուր քաղաք: Կոմբինատը աղբահանության 2 նոր, ժամանակակից մեքենա է նվիրել համայնքին, որոնք կշահագործվեն մյուս տարի: Ունենք նաև փոշեկուլ մեքենա:

Նախատեսում ենք 2019 թ. կառուցել երգող շատրվաններ: Մեր քաղաքը պետք է ոչ միայն իր զարգացմամբ հետ չլինի մեր մյուս քաղաքներից, այլև մեր համայնքն իր գյուղական ու քաղաքային բնակավայրերով մի քանի տարի հետո պետք է լինի աշխարհի լավագույն, գեղեցիկ, բարեկարգ համայնքներից մեկը, ուր կզարգանա նաև զբոսաշրջությունը:

- Բնակիչների զբաղվածության, աշխատանքով ապահովման հարցն ինչպե՞ս է լուծվում Քաջարանում:

- Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատատեղերն ավելի շատ նախատեսված են տղամարդկանց համար, և կանայք հիմնականում աշխատանք չունեն: Մեր խնդիրն է լուծել կանանց զբաղվածության հարցը: Ուստի Լեռնաձոր բնակավայրում այս տարի բացվեց կարի արտադրամաս, որտեղ այս պահին աշխատում է մոտավորապես 40 հոգի: Այստեղ կարելի է 100 աշխատատեղ ունենալ, սակայն խնդիրն այն է, որ կարի մասնագետներ չկան: Այդ խնդիրը լուծվում է նրանց միջոցներով՝ տանում են Երևան, սովորեցնում:

- Ինչպե՞ս է կազմակերպվում մարզական կյանքը Քաջարանում:

- Ունենք սպորտդպրոց, որտեղ գործում են տաբեր սպորտաձևերի՝ վոլեյբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, կառատեի, բոքսի, մարմնամարզության և այլ խմբեր: Մեր համայնքը բավականին լուրջ արդյունքներ է գրանցել սպորտային բնագավռում: Քաջարանցի Արարատ Մանուչարյանը Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, մարմնամարզիկները նույնպես առաջատարներից են ՀՀ-ում, վերջերս մասնակցել են Սոչիում կազմակերպված մրցույթին՝ գրավելով առաջին, երկրորդ, երրորդ տեղերը, ինչի շնորհիվ կմասնակցեն ապրիլին Կիևում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ես սպորտի նկատմամբ խիստ ընդգծված մոտեցում ունեմ. եթե տվյալ անձը հեռանկար ունի, ամեն կերպ պետք է աջակցել նրան՝ հաջողության հասնելու համար: Սպորտն առանց հովանավորության չի կարող գոյատևել և լավ արդյունքներ գրանցել: Անցյալ տարի եռամարտի երկու մասնակցի իմ միջնորդությամբ կոմբինատը հովանավորեց, նրանք Պրահայում մասնակցեցին աշխարհի առաջնությանը և նրանցից մեկը վերադարձավ աշխարհի չեմպիոնի տիտղոսով, իսկ մյուսը աշխարհում երրորդ տեղը գրավեց:

- Բազմիցս նշեցիք տարբեր հարցերի լուծման գործում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից ցուցաբերվող աջակցության մասին: Իսկ ի՞նչ հարցերով են հիմնականում դիմում բնակիչները:

- Մենք երախտապարտ ենք կոմբինատի ղեկավարությանը՝ միշտ մեր կողքին լինելու և աջակցություն ցուցաբերելու համար:Դիմում են սոցիալական տարբեր խնդիրներով, և չկա մեկը, որին օգնած չլինենք: Հիմնականում դիմում են աշխատանքի կամ ֆինանսական որևէ խնդրով աջակցության համար: Քանի որ մեր համայնքային բյուջեն սուղ է, և մեծ հնարավորություններ չունենք, ուստի ցանկացած հարց քննարկվում է կոմբինատի ղեկավարության հետ, և բոլորն էլ կյանքի են կոչվում: Առանց կոմբինատի աջակցության չենք կարող համայնքը ոտքի կանգնեցնել: Կոմբինատի աջակցությամբ համայնքում լուծվում են նաև տարբեր սոցիալական խնդիրներ, բոլոր ուսանողները վճարում են ուսման վարձերը: Ունենք նաև ուսանողներ, որոնք ուսանում են արտերկրի համալսարաններում: Ունենք ուսանող Անգլիայի Շեֆիլդի համալսարանում, որի ուսման վճարը, կեցության ապահովման բոլոր ծախսերը հոգում է կոմբինատը: Վերջինիս ղեկավարության շնորհիվ մեր համայնքի բնակիչը կարողանում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկում կրթություն ստանալ:

- Պարոն Փարամազյան, համայնքում շրջելիս նկատեցինք, որ լույսերով ողողված Քաջարանն ասես էլ ավելի է պայծառացել քաղաքի գլխավոր տոնածառի լույսերից, և ընդհանրապես ամանորյա ոգևորության և ուրախության մթնոլորտ էր տիրում քաղաքում: Օգտվելով առիթից՝ ի՞նչ կմաղթեիք Ձեր համայնքի բնակիչներին:

- Մեր համաքաղաքացիներին մաղթում եմ, որ նրանց սրտերից հորդող ջերմությունը, որին ականատես եղաք, մանուկների խանդավառությունը տևական լինի: Ամանորը հաճելի ակնթարթներ պարգևի բոլորին, սերն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ ուղեկից լինեն ողջ տարվա ընթացքում:

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->