Այսօր ո՞վ է կանգնած Ռաֆիկ Անդրեասյանի թիկունքում

Փետրվարի 17-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ևս կկայանան համայնք ղեկավարի ընտրություններ:

Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցությունն ընթանում է հինգ թեկնածուների՝ Գևորգ Ավետիսյանի, ով համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է և հայտնի է որպես պաղպաղակ վաճառող, Անդրանիկ Կարապետյանի, Անդրանիկ Մխիթարյանի, Սամվել Սիմոնյանի և համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի միջև:

Համայնքում կատարած շրջայցի ժամանակ բնակիչներն իրենց դժգոհությունները հայտնեցին համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ: Բացի այդ, ինքնին խոսուն էին նաև փաստերը: Տասնինը տարի ղեկավարելով համայնքը՝ Ռաֆիկ Անդրեասյանը հպարտանում է ընդամենը մի քանի, այն էլ պետական ծրագրերով կատարված աշխատանքներով: Ռ. Անդրեասյանի պատկերացմամբ՝ համայնքի ղեկավարը 19 տարի ոչինչ չպետք է աներ, այլ միայն իր անձնական նպատակներով օգտագործեր համայնքի բյուջեն: Մասնավորապես՝ ավելանային իր տներն (Վեդիում, Երևանում) ու մեքենաները: Բնակիչները նաև վստահեցրին, որ տեղեկություն ունեն, թե քանի պետական ծրագրեր էլ այդպես էլ չեն իրագործվել:

Հիշեցնենք, որ այստեղ, հեղափոխությունից հետո, սեպտեմբերին համայնքի բնակիչները պահանջում էին համայնքի ղեկավարի հրաժարականը: Թեև վերջինս համառորեն պայքարում էր պաշտոնին մնալու համար, բայց համայնքի բնակիչների կամքն ուժեղ էր, և համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց: Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա համայնքի բնակիչները պնդում են, որ համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Հատկապես՝ համայնքապետարանի նախկին վարչական շենքը սեփականաշնորհել ու դարձրել է հյուրատուն: Որդու՝ Դավիթի անունով սեփականաշնորհել է մոտ 18 հա հողատարածք, մյուս երեխայի՝ Հայկուհու անունով՝ կավի պաշարներով հարուստ սարերը՝ հետագայում բարձր գներով Վեդու ջրամաբարի համար որպես լիցք վաճառելու նպատակով: Մյուս դուստրը՝ Ալվարդ Անդրեասյանն աշխատում է որպես մշակույթի տան տնօրեն: Իր տեղակալը, որը մինչև հիմա աշխատում է, իր կնոջ եղբայրն է: Մի խոսքով, գրեթե բոլոր աշխատողները կամ իր բարեկամներն են, կամ՝ ընկերները: Ընդ որում պարոն Անդրեասյանը գյուղում պարծենում է, թե ինքը մեղավոր չէ, որ իր երեխաները կիրթ են ու աշխատասեր: «Ուրեմն այս գյուղում մենակ իր երեխանե՞րն են կիրթ ու աշխատասեր, մեր երեխաներն էլ են կրթված ու աշխատում են»,- վրդովված էին համայնքի բնակիչները:

Պարզեցինք, որ Անդրեասյանին է պատկանում նաև գյուղ մտնող ճանապարհին կառուցված լցակայանը:

Նախկինում իշխանությունն ամեն գնով սատարել է նրան, նպաստել, որ Անդրեասյանի հետ այլ թեկնածու չառաջադրվի, և նա հանգիստ վերընտրվի: Սա հաստատեց նաև համայնքի ղեկավարի թեկնածու Անդրանիկ Կարապետյանը, որի դեմ պայքարում էին նախկին իշխանությունները, պահանջում, որ հանի թեկանածությունը՝ ահաբեկելով, որ համակիրներին և ընտանիքի անդամներին կվնասեն տարբեր ձևերով:

Համայնքի բնակիչները նաև տեղեկացրին, որ իշխանափոխությունից հետո բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել Ռ. Անդրեասյանի նկատմամբ: Եվ նրանց վրդովեցնում էր այն, թե նա ինչպես է հիմա առաջադրել իր թեկնածությունը, և թե ինչու նրան պատասխանատվության չեն ենթարկում:

Մի բան հստակ է. պարոն Անդրեասյանը ցանկանում է նորից դառնալ համայնքի ղեկավար, որպեսզի այն, ինչ մնացել է նախորդ տարիներից, հնարավոր ամեն ինչ, դարձյալ իր կամ իր ընտանիքի անդամների անունով սեփականաշնորհի: Գուցե որպեսզի շարունակի՞ օգտվել Խոսրովի արգելոցից…

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->