Սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուրի հանդեպ

Արմավիրի մարզի Մերձավան hամայնքի ղեկավար Լյովա Գրիգորյան

- Պարոն Գրիգորյան, երկար տարիներ շարունակ ղեկավարում եք Մերձավան համայնքը: Այդ տարիների ընթացքում ինչպիսի՞ հիմնախնդիրներ է ունեցել համայնքը և որո՞նք են լուծում ստացել:

- Այս տարիներին բազմաթիվ գլոբալ աշխատանքներ են կատարվել համայնքում՝ հիմնանորոգված և կահավորված համայնքապետարան, բուժամբուլատորիա: Խիստ կարևորություն եմ տալիս գիտելիքներով զինված, բազմակողմանի և ներդաշնակ զարգացած սերնդի ձևավորմանը: Այդ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում մանկապարտեզին և դպրոցին առնչվող խնդիրներին, չէ՞ որ մատաղ սերունդն է մեր վաղվա ապագան: Համայնքի մանկապարտեզի աշխատանքները կորդինացնելու, ժամանակին ու անթերի կատարելու համար 2018թ., որպես սուբսիդիա, տրամադրվել է 35 215 000 ՀՀ դրամ, որն ուղղվել է աշխատավարձի, կոմունալ ծառայությունների, սննդի, նորոգումների և սարքավորումների ձեռք բերման համար: Մանկապարտեզը հիմնանորոգվել է բոլոր նորմերին համապատասխան՝ համալրված նոր գույքով, նորացված բակով, փոխված խոհանոցային բոլոր իրերով ու պարագաներով՝ խաղալիքներ, աթոռներ, համակարգիչ, տպիչ, մսաղաց և այլն, և գործում է շուրջ տարի: Հաճախում է գրեթե 110 երեխա: Սանիտարահիգիենիկ պայմանները գտնվում են բացարձակ գերազանց վիճակում: Երեխաներն այսօր սնունդը ստանում են ըստ սննդակարգի, սահմանված կարգով` համապատասխան 1200-1400 կալորիականությամբ: Մանկապարտեզն ունի լոկալ ջեռուցում: Նույնը վերաբերում է նաև դպրոցին: Ի դեպ, համայնքապետարանի և մանկապարտեզի տարածքում տեղադրվել է տեսախցիկների համակարգ:

Փոխվել է համայնքի Ավան թաղամասի մոտ 6 կմ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը, ի դեպ՝ համայնքը գրեթե ամբողջությամբ ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ամեն տարի կատարվում են ասֆալտապատման, փոսալցման, գյուղամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ: Տարեց-տարի ընդլայնվում է լուսավորության ցանցը, անցյալ տարի նոր լուսավորության ցանց է կառուցվել: Բացի այդ համայնքի փողոցների լուսավորության լամպերը փոխվել են նոր լուսադիոդային լամպերով: Փոխվել են դպրոցի պատուհաններն ու դռները, անցկացվել է լոկալ ջեռուցում: Վերանորոգվել է դահլիճը, սահանգույցներն ու տանիքը: Գնվել են դպրոցական սեղաններ և աթոռներ, իսկ դպրոցի վերանորոգվող դասարանի համար՝ շինարարական նյութեր: Ամեն տարի համայնքապետարանի կողմից առաջին դասարանի աշակերտներին տրվում են նվերներ՝ պայուսակներ գրենական պիտույքներ: Կազմվել են մի շարք նախագծեր, ինչպիսիք են համայնքապետարանի շենքի վերանորոգումը, համայնքում նոր գազատար խողովակաշարի անցկացումը: Հիմնանորոգվել է Մշակույթի տունը, նկուղային հարկը, ձեռք է բերվել նոր գույք: Այստեղ գործում են պարի, կարատեի, ֆուտբոլի խմբեր: Մշակույթի տան տարածքում տեղադրվել է տեսախցիկների համակարգ:

Ունենք նաև հանդիսությունների տուն՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով, որը անվճար տրամադրվում է համայնքի բնակիչներին: Համայնքում վերակառուցվել է 1,38 կմ երկարությամբ ոռոգման ջրատարը, մաքրվել 5,0 կմ երկարության հողային հունով ջրատարը: Կանոնավոր կերպով կազմակերպվում են աղբահանության աշխատանքները:

- Համայնքում այսօր կա՞ն խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:

- Ներկայումս համայնքի հիմնախնդիրներն են համայնքի փողոցների և նոր թաղամասերի գիշերային լուսավորության անցկացումը, ներհամայնքային ճանապահների և փողոցների բարեկարգում՝ փոսալցումը, համայնքում կանգառների կառուցումը, համայնքի նոր թաղամասի գազիֆիկացումը, Մշակույթի տան նկուղային հարկի, պարի և սպորտային սենյակների նորոգումը, մանկապարտեզի երկու ննջասենյակների հատակների նորոգումը:

Անավարտ են դպրոցի շենքի ներքին հարդարաման աշխատանքների հետ կապված հարցը, որի լուծման համար ակնկալվում է պետական միջամտություն:

Մերձավան համայնքի հնգամյա զարգացման ծրագրում նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում՝ համայնքը անհատ ներդրողների համագործակցությամբ կունենա կոնյակի արտադրություն, կզարգանա ջերմոցային տնտեսությունը՝ 1.9 հա, որտեղ կաճեցվեն լոլիկ, ծաղիկներ: Նշված աշխատանքների կատարման համար կներդրվի 800,0 մլն ՀՀ դրամ, և արդյունքում կստեղծվեն մի քանի տասնյակ աշխատատեղեր: Համայնքը կսկսի կայուն զարգանալ: Ներկայումս խաղողագործությունը զարգացման միտում ունի՝ արդեն առկա է 140 հա խաղողի այգի, տնամերձերում զարգանում է նաև պտղաբուծությունը: Համայնքը շարունակում է կառուցապատվել գլխավոր հատակագծի շրջանակներում:

Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացմամբ ակնկալվում է համայնքի բնակիչների իրական եկամուտների աճ, իսկ ոռոգման համակարգի վերակառուցման դեպքում կբարձրանա գյուղատնտեսության արդյունավետությունը:

- Արդյոք որոշակի աջակցություն ցույց տրվո՞ւմ է համայնքի անապահով ընտանիքներին:

- Իհարկե: Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել է դրամական օգնություն, այդ թվում՝ մերձավանցի նորածին երեխաների ծնողներին, մահացածների ընտանիքներին, ինչպես նաև սոց-օգնություն է հատկացվել համայնքի սակավ ապահովված ընտաիքներին:

Համայնքն ակտիվորեն նշում է ժողովրդականություն վայելող տոները, որոնց ընթացքում նաև նվերներ են հանձնվում բնակիչներին: Մասնավորապես՝ համայնքապետարանը «Կանանց միջազգային տոնի», «Մայրության և գեղեցկության օրվա» կապակցությամբ համայնքապետարանի, փոստի, մանկապարտեզի, մշակույթի տան դպրոցի, բուժ ամբուլատորիայի կին աշխատակիցներին նվերներ է մատուցել: Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին համայնքի մանկապարտեզում, դպրոցում և մշակույթի տանը կազմակերպվել է միջոցառումների շարք, հրավիրվել են մուլտ-հերոսներ, համայնքի մանկապարտեզի սաները ստացել են նվերներ, նվերներ են ստացել նաև Ամանորի կապակցությամբ: Ամանորի հանդեսին հրավիրվել են «Ձմեռ Պապ և Ձյունանուշ» դերասաններ:

 

Ի դեպ, Մերձավան համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում նաև` ՀՀ նախագահի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալի, որը շատ թանկ է գնահատում: Այդ պարգևները համարում է ոչ միայն իրենը, այլև նրանց, ովքեր թև ու թիկունք են եղել, օգնել են համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելիս: Համայնքում շրջելիս՝ բնակիչներից միայն դրական կարծիքներ լսեցինք համայնքի ղեկավարի մասին, ընդգծում էին նրա ուշադրությունը բոլոր ոլորտների, նրա սրտացավ վերաբերմունքը համայնքի յուրաքանչյուր բնակչի հանդեպ: «Մարդ, ով անհանգստանում է յուրաքանչյուրիս համար, տեղեկանում բնակիչներին հուզող խնդիրներին և ամեն կերպ ձգտում է թեթևացնել նրանց հոգսերը»,- լսեցինք մերձավանցիներից:

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->