ԱՌԱՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԹՇՆԱՄԱՆՔՆԵՐԻ

Արմավիրի մարզի Ապագա համայնքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առաջադրվել են երեք թեկնածու՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ավագյանը, Գրիգոր Մանուկյանը և Գևորգ Մելիքյանը:

Պետրոս Ավագյանը ծնվել է 1986 թ.ին, գերազանցությամբ ավարտել է Ապագայի միջն դպրոցը: Այնուհետև ուսումը շարունակել է Ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում։ 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: Այնուհետև աշխատել է դպրոցում՝ որպես օպերատր, ապա՝ համայնքապետարանում՝ որպես խորհրդական, առաջատար մասնագետ։ 2019 թ. մարտի 13-ին նշանակվել է Ապագա համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։

Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը Արմավիրի մարզի Ապագա համայնքի ղեկավարի թեկնածու Պետրոս Ավագյանի հետ:

- Պարոն Ավագյան, համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու մտահղացումը միայն Ձե՞րն է:

- Ոչ, միայն իմը չէ: Առաջարկներ եղել են նաև իմ համագյուղացիների, համակիրների կողմից։

- Համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են ևս երկու թեկնածու: Ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում համայնքում, արդյոք կա՞ թշնամանք։

- Թեև նախընտրական փուլ է, բայց համայնքում նորմալ մթնոլորտ է: Առաջինը ես եմ շնորհավորելու նրան, ով հաղթանակ կտանի ընտրություններում: Եվ կարծում եմ՝ նույնը կլինի իրենց կողմից. կշնորհավորեն ինձ՝ իմ ընտրվելու դեպքում։

- Պարոն Ավագյան, երկար տարիներ աշխատելով համայնքապետարանում և ներկայումս էլ լինելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ թերևս, քաջատեղյակ եք համայնքի խնդիրներին: Ընտրվելու դեպքում առաջնահերթ ո՞ր խնդրին կանդրադառնաք և որո՞նք են Ձեր ծրագրերը։

- Համայնքում առաջնային է ոռոգման ջրի խնդիրը: Համայնքն ունի մոտավորապես 100 հա հողատարածք, որը, ջուր չլինելու պատճառով, գյուղացին չի մշակում: Սուբվենցիոն ծրագրով կառուցելու ենք նոր պոմպակայան: Վերջինիս էլեկտրաֆիկացումը, որը մոտ 11 մլն դրամ է կազմում, կատարվելու է համայնքի միջոցներով: Առաջիկայում կսկսվեն նաև մոտ 2,7 կմ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Այս երկու աշխատանքների ավարտից հետո համայնքում 95 %-ով կլուծվի ոռոգման ջրի խնդիրը։ Համայնքի խնդիրներից է ճանապարհների հարցը: Երկրորդային ասֆալտով կասֆալտապատենք մշակույթի տան բակը։ Նշեմ, որ մշակույթի տունն անվանակոչվել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանի անունով, ով անցյալ տարի մահացավ ավտովթարից: Մայիսին կազմակերպված Վահագն Մարգարյանին նվիրված «5 տառ» բալետային երկու ներկայացման հասույթը տրամադրվել է մշակույթի տան վերանորոգմանը։ Նշեմ նաև, որ դպրոցն էլ անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվամբ։ Մշակույթի տան պատին Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» նկարն է, որը այս տարի պետք է վերականգնվի: Նկարչի դուստր Զարուհի Մուրադյանը այդ հարցով դիմել է «Իմ Քայլը» հիմնադրամին, խոստացել են աջակցել: Մշակույթի տան դահլիճի վերանոգումը կներկայացնենք հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրով։ Համայնքում առկա խնդիրներից է նաև լուսավորության անցկացումը: Ի դեպ նշեմ, որ մեր համայնքի նախկին ղեկավար Արտաշես Բարսեղյանի ղեկավարման տարիներին բազմաթիվ խնդիրներ են լուծվել համայնքում: Ստամբուլահայ գործարար, բարերար ԷՖրին Ֆերմանի Պաղի միջոցներով հիմնանորոգվել է մանկապարտեզը: Կառուցվել է հուշահամալիր: Դպրոցը վերանորոգվել է դարձյալ ստամբուլահայ, բարերար Ճեզօ Թաշի միջոցներով: Կառուցվել է մեկ պոմպակայան ոռոգման ջրի համար, վերանորոգվել է համայնքապետարանի մի հատվածը, որը տեղակայված է մշակույթի տան շենքում, ստեղծվել են աշխատանքային նորմալ պայմաններ։ Մնացածը ընթացիկ խնդիրներ են, որոնք ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ լուծում կստանան։

Կցանկանայի, որ վերանայվեր համայնքներին տրվող դոտացիան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի համայնքում գործում է մանկապարտեզը, մյուսում՝ ոչ: Համայնքի բյուջեից բավականին մաս ուղղվում է մանկապարտեզի գործունեությունը պատշաճ կերպով ապահովելուն։ Համայնքի սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս գլոբալ շատ խնդիրներ լուծել, օրինակ՝ լուսավորություն անցկացնել համայնքում։

Լուրջ ձեռքբերումներ ունենք հունահռոմեական ըմբշամարտ սպորտաձևում: Այն արդյունքները, որ գրանցել ենք, Արմավիրի մարզը իր պատմության ընթացքում երբևէ չի ունեցել: Այս սպորտաձևով Եվրոպայի, աշխարհի բրոնզե մեդալակիր է Արթուր Շահինյանը։ Համագյուղացիների միջոցներով սկսել ենք մարզադպրոց կառուցել, արդեն պատերը կան: Այս աշխատանքներն ավարտին պետք է հասցնենք։

- Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ։

- Այո, միանշանակ համոզված եմ, որ այդպես է լինելու։

- Իսկ ընտրվելու դեպքում համայնքապետարանում աշխատակիցների փոփոխություններ կլինե՞ն։

- Ոչ, համայնքապետարանում բոլոր աշխատակիցները փորձառու են։

Նշենք, որ ՀՀ մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ, և Ապագան այն եզակի համայնքներից է, որտեղ թեկնածուները անկուսակցական են: Իշխող կուսակցությունը չի սատարում որևէ թեկնածուի: Համայնքում չկա ավելորդ նախընտրական լարվածություն: Չկա շիկացած մթնոլորտ, անձանական և կուսակցական շահերից բխող թոհուբոհ:

Համայնքի բնակիչներից հարցումներ կատարելիս նկատեցինք, որ բոլոր թեկածունների մասին համագյուղացիները դրական էին արտահայտվում, ինչը բնական է, բայց հատկապես ընդգծում էին Պետրոս Ավագյանի կրթվածությունն և փորձառությունը։

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->