ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԳՆԱՀԱՏԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆՑԻՆ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ

Սպանդարյան համայնքում հունիսի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը և համաքի ավագանու անդամ, հեղափոխական շարժման ակտիվիստ Սայադ Ալմաստյանը: Համայնքը ունի 1600 բնակիչ և 1161 ընտրող:

Ընտրությունների առիթով զրուցեցինք Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավարի թեկնածուներ Ավետիք Մխիթարյանի, ինչպես նաև Սայադ Ալմաստյանի հետ:

- Պարոն Մխիթարյան, 2015 թ.-ից Սպանդարյան համայնքի ղեկավարն եք: Այս տարիների ընթացքում ինչպիսի՞ ձեռքբերումներ է ունեցել համայնքը:

- Ունեինք քառամյա ծրագիր, որը ոչ միայն կատարել, այլև գերակատարել ենք: Կար մանկապարտեզի վերանորոգման ծրագիր, բայց դրա փոխարեն նոր մանկապարտեզ ենք կառուցել 75 երեխայի համար, որն իրականացվել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի և համայնքի 14 մլն դրամ ներդրումով: Եթե ոչ ավելի շուտ, ապա սեպտեմբերի 1-ին այն կշահագործենք: Մոտավորապես 3 մլն դրամ հատկացրել է տարածքային զարգացման հիմնադրամը, գույքի համար անհրաժեշտ է ևս 3-4 մլն դրամ, համայնքի միջոցներից մեկ միլիոն դրամ արդեն հատկացրել ենք փափուկ գույքի ձեռքբերման համար: Նշեմ, որ համայնքը մանկապարտեզը շահագործելու համար ֆինանսական խնդիր չունի։ Հիմնանորգվել է նաև համայնքապետարանի շենքը, ապահովվել գույքով, աշխատակիցների համար ստեղծվել են աշխատանքային նպաստավոր պայմաններ: Համայնքի լուսավորությունն ապահովված է եղել ընդամենը 45 լուսատուով: Իսկ այսօր՝ գրեթե 4 տարի անց, ունենք 160 լուսատու: Լուսավորություն է անցկացված համայնքի նաև երկրորդական, նույնիսկ երրորդական փողոցներում, անկախ նրանից, թե մարդիկ կենտրոնական փողոցում են ապրում, թե երկրորդսկան, երրորդական:

2017 թ.-ից գործում է արարողությունների սրահը, որը նախատեսված է 200 հոգու համար: Այն ապահովված է անհրաժեշտ գույքով, ջեռուցմամբ և համայնքի բնակիչներին տրվում է անվճար։

Ունեք նաև նախակրթարան, որը գործում է դպրոցում և նախատեսված է 25 երեխայի համար: Չորս տարի առաջ, ղեկավար պաշտոն ստանձնելիս, մանկապարտեզը չէր գործում, իսկ նախակրթարանի կառուցման ծրագրի արժեքը 10 մլն դրամ էր, որից համայնքապետարանի կողմից եղել է 1,6 մլն դրամի ներդրում: Մանկապարտեզը շահագործման հանձնելուց հետո էլ նախակրթարանը կշարունակի իր գործունեությունը։ Դպրոցը նույնպես գտնվում է համայնքապետարանի ուշադրության կենտրոնում: Գրեթե 5-6 մլն դրամի աջակցություն ենք ցուցաբերել դպրոցին այս տարիների ընթացքում: Դպրոցի համար ինչ խնդրով դիմել են, բոլորը լուծվել է՝ ջրի հարցը, դասասենյակների վերանորոգում և այլն։ 2017 թ. տեղադրել ենք երեք հակակարկտային կայան, որոնք անխափան գործում են, և տեղադրումից հետո բնակչությունը չի տուժել: Այսօր պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի հարկ եղած ժամանակ անխափան աշխատի։ Կարևոր աշխատանք էր նաև 20 հա հողատարածքը վերադարձնելը, որը գրավ էր դրվել բանկում և վարկերը մուծել չկարողանալու պատճառով 1996 թ.-ից առգրավվել և դարձել էր բանկի սեփականությունը: Բանակցությունների շնորհիվ կարողացանք վերադարձնել գյուղացիներին: Վերջիններս ընդամենը վճարեցին այս տարիների ընթացքում բանկի կողմից վճարված հողի հարկերը։

- Պարոն Մխիթարյան, վերընտրվելու դեպքում ո՞րն է այն կարևորագույն խնդիրը, որն առաջնահերթ լուծում է պահանջում: Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ ծրագրեր ունեք, որոնք կիրագործեք վերընտրվելու դեպքում:

- Առաջնային է մանկապարտեզի շահագործման խնդիրը։ Մեր համագյուղացու՝ Սամվել Ֆարմանյանի անձնական միջամտությամբ ու օժանդակությամբ և պետբյուջեի միջոցներով ֆուտբոլի դաշտի կառուցման ծրագիր է իրականացվել, շուտով կլինի բացումը: Բարվոք վիճակում են գտնվում գյուղամիջյան ճանապարհները. ամեն տարի

1000-1500 մետր խճապատում ենք իրականացնում: Ինչ վերաբերում է ներհամայնքային ճանապարհներին, ապա ամեն տարի համայնքի բյուջեից գումար ենք հատկացնում փոսալցումների համար: Քանի որ մեր համայնքի կենտրոնական ճանապարհը լավ վիճակում է, իսկ երկու համայնքներն իրար միացնող ճանապարհը՝ վատ, չնայած գտնվում է մարզային ենթկայության ներքո, այս տարվա նախատեսված գումարի մի մասը կտրամադրենք կենտրոնական ճանապարհի, իսկ մնացածը՝ այդ հատվածի վերանորոգման համար։ Նախատեսում ենք համայնքի լուսավորությունը հասցնել 100 %-ի, այժմ տեղադրում ենք ևս 40 լուսատու։ Ծրագրված աշխատանքներից են ոռոգման համակարգի առուները մաքրելը, գերեզմանատունը ջրով ապահովելը, անասունների համար երկրորդ խմոցի տեղադրումը, դպրոցի ուսուցչանոցի վերանորոգումը, ֆուտբոլի թիմի համար մարզագույքի ձեռք բերումը։ Սոցիալական ծրագրեր կան՝ կապված ուսանողների, ծնողազուրկ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների հետ, այդ թվում նաև՝ բուժման խնդիրներ: Բոլորն իրականացնում ենք՝ առաջնային հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքներին:

- Պարոն Մխիթարյան, նախընտրական փուլ է, ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում համայնքում: Ունեք մեկ մրցակից, արդյոք կա՞ թշնամանք, լարվածության միմյանց և թիմակիցների միջև։

- Մինչև այսօր լարվածության կամ թշնամանքի առկայություն չեմ նկատել: Նույնիսկ տեղյակ չէի, որ քարոզարշավը սկսվել է: Ես իմ աշխատանքն եմ կատարում առավոտից երեկո և քարոզարշավի ժամանակ անգամ չունեմ։

- Եվ ի՞նչ եք կարծում, քարոզարշավը մինչև վերջ խաղաղ կընթանա՞, թե՞ լարվածություն ի հայտ կգա:

- Չեմ կարող ասել, միայն վստահ եմ, որ իմ կողմից լարվածություն չի առաջանա: Առաջին անգամ չեմ մասնակցում. միշտ ասել եմ՝ անձնական վիրավորանք չհասցնել ինձ և ընտանիքիս անդամներին, հակառակ դեպքում պատասխանս խիստ է լինելու: Իսկ ես չէի ցանկանա, որ դրան հասնի:

Քանի որ Սպանդարյան համայնքում գտնվելիս մեզ չհաջողվեց հանդիպել թեկնածու Սայադ Ալմաստյանի հետ, հեռախոսազրույցի միջոցով խնդրեցինք պատասխանել մի քանի հարցի։ Մեր այն հարցին, թե ինչու է ուզում դառնալ համայնքի ղեկավար, նա նշեց, որ հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել և կարծում է, որ իր կազմակերպչական ունակությունները շատ ավելին են, քան համայնքի գործող ղեկավարինը: Իր ծրագրերի հետ կապված՝ նա նկատեց, որ համայնքում պատշաճ չի կատարվում աղբահանությունը: Ի դեպ նշենք, որ Սայադ Ալմաստյանը, լինելով ավագանու անդամ, նաև իր ընդունած որոշումով է հաստատվել, որ աղբահանության համար յուրաքանչյուր անձ պետք է վճարի 100 դրամ: Մինչդեռ նա այս տարիների ընթացքում վճարում չի կատարել և այսօր դժգոհում է աղբահանությունից։ Նա նաև նշեց, որ համայնքը բավարար չափով ապահովված չէ լուսավորությամբ: Այնինչ մենք նկատեցինք, որ գյուղը բավականին լուսավորված է, նույնիսկ երրորդական փողոցներում լուսավորություն կար, և այսօր էլ գյուղում լուսավորության ցանց է կառուցվում։ Ի դեպ, այս չորս տարիների ընթացքում, լինելով ավագանու անդամ, նա ոչ մի որոշման դեմ չի քվեարկել։ Նա տարբեր անհիմն մեղադրանքներ հնչեցրեց համայնքի գործող ղեկավարի հասեցինք՝ վերջինիս կատարած աշխատանքերի վրա ցեխ շպրտելու միտումով։ Սայադ Ալմաստյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատում է ինտերնետ ծառայություն տրամադրող ընկերությունում, որը պատկանում է իրենց և ինչ-ինչ պատճառներով գրանցված չէ իր անունով։ Իսկ իրականում պատճառն այն է, որ մինչև վերջերս Ալմաստյանը նպաստառու է եղել։ Մեր այն հարցին, թե արդյոք բարձրագույն կրթություն չունենալը չի՞ խանգարում համայնքի ղեկավար դառնալուն, նա պատասխանեց, որ ութամյա կրթությունը խոչընդոտ չէ, օրենքի խախտում չկա:

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->