ԱՐԴԱՐ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄՈԶՎԱԾՈՒԹՅԱՄԲ

Հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում որպես ղեկավարի թեկնածու առաջադրվել են Արտաշես Մխիթարյանը և Բաբիկ Հակոբյանը, ով աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես Ծովասար համայնքի տեսուչ։ Համայնքն ունի 3000 բնակիչ և 2040 ընտրող։

Ստորև՝ զրույցը Արտաշես Մխիթարյանի հետ:

- Պարոն Մխիթարյան, Ձեր ղեկավարման տարիների ընթացքում որո՞նք են համայնքում լուծված գոլոբալ խնդիրները։

- 2013 թ.ին կառուցվել է նախակրթարանը, որը տեղակայված է դպրոցում: Այստեղ հաճախում է 45 երեխա։ Համայնքի ղեկավար դառնալուց հետո առաջնային եմ համարել խմելու ջրի խնդիրը: Ձմռան ամիսներին 4-5 ժամ էր տրվում: Գյուղի հիմնական մասի խմելու ջրի ներքին ցանցը փոխարինվել է պոլիէթիլենային խողովակներով: Մնացել է երկու փողոց, սրանք էլ առաջիկայում կփոխենք: Ունենք նաև հաստատված ծրագիր՝ Զարգացման հիմնադրամով իրականացվող երկու նոր կապտաժների կառուցում: Այս ծրագրում համայնքը ունի իր ներդրումը՝ 3 մլն դրամ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո մեր համայնքում իսպառ կվերանա խմելու ջրի խնդիրը։ Ի դեպ, սպասարկումն անվճար իրականացվում է համայնքապետարանի կողմից: Հիմնանորոգվել է մշակույթի տունը, որտեղ գործում է ազգագրական պարերի խմբակ, հաճախում է 80 երեխա։

Համայնքում կատարված աշխատանքներում մեծ դեր ունեն համագյուղացի բարերարները, ովքեր այս տարիների ընթացքում եղել են իմ կողքին: Առանց նրանց օգնության, հիմնվելով միայն համայնքի բյուջեի և պետության աջակցության վրա՝ համայնքում կատարված աշխատանքների նույնիսկ կեսը ես չէի կարողանա իրականացնել։ Համայնքի մուտքի կամարը նույնպես համագյուղացի բարերարներն են կառուցել։ Սուբվենցիոն ծրագրով արդեն իսկ հաստատված է մանկապարտեզի կառուցման ծրագիրը, որի արժեքը կազմում է 240 մլն դրամ: Դրա 15 %-ը տրամադրվելու է համայնքի բյուջեից, 15 % ներդրում էլ կատարելու է համագյուղացի բարերար Զարզանդ Մուրադյանը։

- Պարոն Մխիթարյան, գյուղամիջյան ճանապարհներով շրջելիս՝ նկատեցինք, որ դրանք գտնվում են բավականին վատ վիճակում։

- Այո, համամիտ եմ, իմ ղեկավարման առաջին երկու տարիներին կատարում էինք խճապատում, որը կարճաժամկետ կյանք ունի: Պատճառը նաև աշխարհագրական դիրքն է. տեղումներից հետո ճանապարհները շարքից դուրս են գալիս: Իսկ հարթեցում կատարելու համար քանդող-ջարդող տեխնիկա է հարկավոր, ինչը նույնպես կարճաժամկետ հարցի լուծում կլինի: Ուստի այդպիսի մեծ ծախսերով կարճաժամկետ լուծում տալու փոխարեն նախընտրում ենք տնտեսել գումարները և ուղղել երկարաժամկետ լուծում տալու տարբերակին, այսինքն՝ ասֆալտապատմանը: Օրինակ անցյալ տարի սուբվենցիոն ծրագրով մոտավորապես 65 մլն դրամ արժողությամբ 1300 մետր ասֆալտապատում ենք իրականացրել։ Վերոնշյալ տնտեսումների հաշվին այս տարի կասֆատապատենք գրեթե 850 մետր ճանապարհ: Սա երկրորդական փողոց է, անցյալ տարի ավարտել ենք կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը: Մոտեցումս հետևյալն է՝ նախ կենտրոնական ճանապարհը, այնուհետև՝ ամենաբանուկ և շատ տնտեսություն ունեցող երկրորդային փողոցները: Մի պահ քննադատում էին, թե ինչու նախ և առաջ գերեզմանտան ճանապարհը չենք ասֆալտապատում, հետո նոր այլ ճանապարհներ: Բայց չէ՞ որ այդ ճանապարհը տարվա մեջ մոտավորապես 15 օր է ծանրաբեռնված լինում: Այնպես որ կարելի է մեկ-երկու տարի անց իրականացնել գերեզմանատան ճանապարհի ասֆալտապատումը:

Բացի այդ կար նաև երկրորդ հարցը: Երբ ստանձնեցի համայնքի ղեկավարի պաշտոնը, խմելու ջրագծերը չուգունյա էին ու հին: Դրանք պետք է փոխարինել նորով, հետո ասֆալտապատել: Հակառակ դեպքում արածը շատ արագ կքանդվի: Նախ և առաջ անհրաժեշտ է ջրագծերը փոխել, ջրահեռացում ապահովել, պետք է հաշվարկել ծախսերը և հաշվի առնել համայնքի նեդրման հնարավորությունները: Այլապես պետությունն ինչքա՞ն կարող է օգնել, չէ՞ որ պետության միջոցներն էլ են սահմանափակ:

Հարկավոր է տարեց տարի խնդիրները լուծելով առաջ գնալ ։

- Պարոն Մխիթարյան, վերընտրվելու դեպքում որո՞նք են առաջիկա անելիքները։

- Կապտաժների ցանկապատում, խմելու ջրի ջրագծի մնացած հատվածի կառուցում։ Այս աշխատանքների հետ միաժամանակ համայնքի միջոցներն ուղղելու ենք ճանապարհաշինությանը և կրթության ոլորտին՝ իհարկե, օգտվելով նաև ծրագրերից:

- Ինչպիսի՞ նախընտրական մթնոլորտ է տիրում համայնքում, արդյոք կա՞ թշնամանք։

- Կարծում եմ՝ համայնքում մթնոլորտը խաղաղ է: Իսկ թշնամանք լինել չի կարող։

- Ի՞նչ եք կարծում, մինչև վերջ այսպե՞ս կընթանա ընտրապայքարը, կրքեր չե՞ն բորոբոքվի։

- Եթե բորբոքվի, կփորձեմ հանդարտեցնել։

- Հույս ունե՞ք, որ կլինեն արդար և թափանցիկ ընտրություններ։

- Համոզված եմ, որ այդպես է լինելու

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->