ՄՇՏԱՊԵՍ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ

Շիրակի մարզի Անուշավան համայնքում հունիսի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված թեկնածուներն են համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանը և Համբարձում Ալեքսանյանը: Համայնքն ունի 2200 բնակիչ, 1550 ընտրող։

Այս առիթով զրուցեցինք համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, 2001թ.-ից ղեկավարում եք համայնքը: Գիտենք, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են լուծվել: Կմանրամասնե՞ք:

- Այո՛, այս տարիների ընթացքում շատ խնդիրներ են լուծվել համայնքում: Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Բայց ես հատկապես ուզում եմ ընդգծել համայնքի մանկապարտեզի հիմնանորոգումը և գիշերային լուսավորության անցկացումը. համայնքը գրեթե 90 %-ով ապահովված է լուսավորությամբ:

- Նախընտրական քարոզարշավը սկսված է: Հանդիպո՞ւմ եք բնակիչներին, քարոզարշավ իրականացնո՞ւմ եք:

- Գյուղերում նման ավանդույթ՝ նախընտրական հանդիպումներ, չկա, որովհետև հանդիպումները մշտական են: Կլինի միայն մեկ ընդհանուր հադիպում, կներկայացնեմ ծրագրերը: Ճիշտն ասած, այդքան էլ մեծ հետաքրքրություն չկա ծրագրի նկատմամբ, որովհետև գիտեն՝ եթե ես քառամյա ծրագիր եմ ներկայացնում, ապա ամբողջությմբ իրականցնում եմ։

- Պարոն Հակոբյան, վերընտրվելու դեպքում ո՞ր խնդիրներին եք առաջնահերթ ուշադրություն դարձնելու:

- Ընտրվելուց հետո առաջնային եմ համարում բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգնումը համայնքում. թերևս տեղյակ եք, որ համայնքը բաժանվել է երկու մասի։

Անմխիթար վիճակում է գտնվում միջմարզային ճանապարհը: Նախքան հեղափոխությունը գրավոր դիմել էինք կառավարությանը, իսկ հեղափոխությունից հետո դիմել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս տարի ևս դիմել ենք և դրական պատասխան չենք ստացել: Վարորդները կազմակերպեցին և փակեցին ճանապարհը, հրավիրեցինք մարզպետին, տեղում ականատես եղավ ճանապարհի անմխիթար վիճակին, որը խիստ զարմանք պատճառեց նրան: Մեր վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ այդ հարցը ընդգրկվել է ծրագրում։ Իսկ ինչ վերաբերում է ներհամայնքային ճանապարհներին, ապա մոտակա օրերին, երբ անձրևները կդադարեն, ասֆալտ-բետոնով փոսալցումներ կկատարենք։ Միջմարզային ճանապարհը գտնվում է մարզպետարանի ենթակայության ներքո, մարզպետը հետևողական է և կանի ամեն ինչ, որպեսզի այդ անանցանելի ճանապարհը նորոգվի։ Մեր ծրագրերում ընդգրկված է նաև ֆուտբոլի մարզադաշտի կառուցումը:

- Պարոն Հակոբյան, ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում համայնքում: Արդյոք սև փիառի քաղաքականություն տարվո՞ւմ է մյուս թեկնածուի կողմից: Թշնամանք, լարվածություն կա՞ համայնքում։

- Համայնքում նման իրավիճակ չկա, հանգիստ մթնոլորտ է: Որևիցե սև փիառի ականատես չեմ եղել, նորմալ նախընտրական մթնոլորտ է։ Ժամանակները փոխվել են, ընկեր-բարեկամ կապերը չեն գործում: Ճիշտ է, պայքար կա, բայց դա բնական եմ համարում։ Մարդիկ, ամեն մեկն իր ընտանիքում քննարկում, խորհրդակցում, որոշում են կայացնում, թե որ թեկնածուին ձայն տան։ Ոչ մի թեկնածուի կողմից պարտադրանք չկա՝ ում ընտրել:

- Պարոն Հակոբյան, իշխանափոխություից հետո, որպես փորձառու և համայնքային գործունեության գիտակ, ի՞նչ դրական տեղաշարժեր եք նկատում։

- Ես միշտ լավատես եմ: Դրական տեղաշարժ, իհարկե, կա, բայց համայնքային կյանքում՝ բնակիչների մոտ այդպիսի շոշափելի դրական տեղաշարժ, որ նաև բնակչությունը գոհունակություն հայտնի, առայժմ չեմ տեսնում։ Շոշափելի դրական արդյունք չկա հատկապես բնամթերքի իրացման հարցում (հացահատիկ, կարտոֆիլ): Կան խնդիրներ՝ կապված իրացման հետ: Այս պահի դրությամբ 200 տոննայից ավելի հացահատիկ կա, որը ֆերմերները շատ մեծ դժվարությամբ, երկրորդ-երրորդ ձեռքի միջոցով է կարողանում իրացնել:

Բոլոր ժամանակներում մշտապես խնդիր է եղել համայնքում ոռոգման ջրի հարցը։Ոռոգման ջուրը մեզ տրվում է Մանթաշի ջրամբարից, Մանթաշ գետով բաց համակարգով: Քանի որ մեր համայնքը ծայրամասային է, շատ մեծ դժվարությամբ է հասնում։ Բազմիցս դիմել ենք կառավարություն մեր և հարևան չորս համայնքների (Փանիկ, Անուշավան, Սպանդարյան, Գետափ) համար փակ համակարգով ջրագծի կառուցման հարցով: Ըստ նախնական հաշվարկի՝ ծրագիրը կարժենա 400 մլն դրամ։ Ուսումնասիրության արդյունքում մասնագետները նաև պարզել են, որ եթե փակ համակարգով կառուցվի, ապա ջրի կորուստը կպակասի, որի արդյունքում 3-4 անգամ ավելի ոռոգում կկատարվի։ Սա մեր չորս համայնքների համար, կարելի է ասել, փրկության ծրագիր է։ Ունենք 280 հա բերրի վարելահող, որն ընդհանրապես չի ոռոգվում: Այդ ծրագիրն իրագործելու դեպքում կդառնա ոռոգելի։ Շատ կարևոր եմ համարում վարելահողերի խոշորացման այն գործընթանցը, որի մասին տարիներ շարունակ խոսվել է և մնացել թղթի վրա: Մեր համայնքում, իսկապես, մասնատված են հողերը, շատ փոքր հողակտորներ են, այսինքն՝ երկու հողաբաժինը 1991 թ.-ին մեկ տեղի փոխարեն հատկացրել են չորս տեղ: Սա լուրջ խնդիր է գյուղացու համար։

- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը, չէ՞ որ գյուղացին կարող է չհամաձայնել։

- Այո, կլինեն մարդիկ, որ չեն համաձայնի, որովհետև իրենց լավ, բերրի հողակտոր է հասել, մինչդեռ մյուսինը շիկահող է, որը չի մշակվում: Բնականաբար խոսակցություններ կլինեն. բերրի հողերի սեփականատերը միանշանակ կդժվարանա վերամիավորել հողերը: Բայց կարծում եմ, որ խոշորացման միջոցով նաև պետք է վերանայվի հավասարության սկզբունքը:

Ունենք բավականին հողեր, որոնք չեն մշակվում, քանի որ բերրի չեն: Որպեսզի բերրի դառնան, պետք է վերականգնել նախկինում՝ կոլտնտեսության ժամանակ գործող ցանքաշրջանառությունը: Հողին այսօր անհրաժեշտ են ֆոսֆորական, կալիումական աղեր, ոչ միայն ազոտական, այլև տարբեր տեսակի սնուցում է պետք։ Նախ հողը պետք է հետազոտվի, տրվի համապատասխան սերտիֆիկատ, ապա համապատասխան բուժում կատարվի։

- Պարոն Հակոբյան, ի՞նչ կցանկանայիք ասել ընտրողներին՝ անուշավանցիներին։

- Ճիշտ ընտրություն կատարել, գնահատել արվածն ու չարվածը, արժևորել իմ՝ Երվանդ Հակոբյանիս նվիրվածությունը համայնքի նկատմաբ։ Կոչ եմ անում մեր համայնքի բնակչությանը՝ մեկ անգամ ևս վստահել ինձ, որովհետև Անուշավանը տարածաշրջանի ամենահզոր ու կայացած համայնքներից է: Այն պահպանվելու է և, նոր ծրագրերի շնորհիվ, զարգանալու է: Շարունակելու եմ աշխատել նույն ոճով՝ համայնքի առաջընթացն ապահովելու համար։ Ամեն դեպքում, թող ժողովուրդը գնահատի, ես կառչած չեմ այս աթոռից: Որոշողը ժողովուրդն է։

- Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ։

- Այո, կլինեն թափանցիկ և արդար ընտրություներ: Մեր համայնքում ՏԻՄ ընտրությունները միշտ էլ այդպես են եղել։ Որևէ խնդիր երբևէ չենք ունեցել, որևիցե խախտում չի արձանագրվել, մրցակիցների միջև լարվածություն, որևէ թեկնածուի կողմից վիրավորանք չի եղել։

- Ի՞նչ կցանկանայիք հղել պետական այրերին։

- Լուրջ ուշադրություն դարձնել համայնքներին, դեմքով շրջվեն դեպի գյուղը, գյուղացուն։

Ի դեպ նշենք, որ ամեն տարի հոկտեմբեր ամսի երկրորդ կիրակին Անուշավան համայնքում նշվում է որպես Զինվորի օր: Այս նախաձեռնության գաղափարն առաջացել է 2016 թ. Ապրիլյան պատերազմից: «Մշտապես լինել անդորրը պահպանող ու հայրենիքին իր պարտքը տվող զինվորի կողքին» - արդեն երրորդ տարին է, ինչ Անուշավան համայնքը հոկտեմբերին այս կարգախոսով միջոցառում է կազմակերպում: Համայնքապետ Երվանդ Հակոբյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ անուշավանցիները, մեկ մարդու նման, զինվորների ընտանիքներին գումար են հատկացնում, որով զինվորի ընտանիքն իր զավակի համար արկղ է պատրաստում: Դրանք Երվանդ Հակոբյանն իր ձեռքով է հանձնում համագյուղացի զինծառայողներին:

Անուշավան համայնքի ղեկավարի թեկնածու Համբարձում Ալեքսանյանը շարունակում է մնալ հեղափոխության ազդեցության տակ։ Նրա կարծիքով, իրենց համայնքում դեռևս հեղափոխական իրավիճակ է տիրում: Թերևս պետք է տեղեկացնել նրան, որ հեղափոխությունը եղել է մեկ տարի առաջ։ Մարդն ընդհանրապես՝ լինի ահել, թե ջահել, գնահատվում է ըստ իր ունակությունների, մարդկային արժանիքների: Կյանքում կատարած լավ արարքները, աշխատանքում ունեցած ձեռքբերումներն են բնութագրում նրան: Բոլորն էլ կարող են խոստանալ ամեն ինչ անել և հանդես գալ հեղափոխության «բրենդի» տակ: Մրցակցի հանդեպ սև փիառի քաղաքականություն վարելու և համագյուղացիների մեջ ավելորդ լարվածություն ստեղծելու փոխարեն ավելի լավ կլինի ծրագրեր ներկայացնել և դրանք իրագործելու ճանապարհ ցույց տալ: Գյուղում ընտրություններից հետո բարոյահոգեբանական մթնոլորտը աննախադեպ լավացնողը երևի տեղյակ չի, որ անուշավանցին միշտ բարձր է պահում համայնքի պատիվը և թույլ չի տա, որ գյուղի բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարվի, եթե այս նախընտրական փուլում սև փիառով լարվածություն չմտցնի հարաբերությունների մեջ: Ոչ մի թեկնածու չի հայտարարում, թե ինքը գալիս է, որ ոչինչ չանի:

Համբարձում Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան եթերի ժամանակ ևս հայտարարեց, թե իրագործելու բազում ծրագրեր ունի, բայց թե հստակ ինչ ծրագրեր, անհայտ է, և նաև պարզ չէ, թե ինչ ճանապարհով է դրանք իրականացնելու։ Բնակիչներին հորդորում է ընտրություն կատարել հնի և նորի, այսինքն՝ սև ու սպիտակի, միօրինակության և առաջընթացի միջև: Սակայն ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը: Թերևս կարծում է, թե առաջընթացը պայմանավորված է իր անձով:

Ըստ գյուղացիներից հասած տեղեկությունների՝ չնայած թեկնածու Համբարձում Ալեքսանյանը անկուսակցական է, բայց եղել է հեղափոխության ակտիվ մասնակից: Եվ դա է պատճառը, որ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Դավիթ Սեխելյանը (Փանիկցի), ով չի ընտրվել ԱԺ պատգամավոր, Հ. Ալեքսանյանին համարում է թիմակից: Ունենալով հեռահար նպատակներ՝ կապված առաջիկայում համայնքների խոշորացման հետ, նա հիմա էլ փորձում է իր դիրքերը հաստատել տարածաշրջանում՝ համայնքի ղեկավարընտրություններում սատարելով թեկնածուին։

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->