ԳՈՐԾԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուներն են Միհրան Հովհաննիսյանը և Ալեքսան Սարիբեկյանը։ Համայնքը ունի 1326 բնակիչ, 817 ընտրող։

Միհրան Հովհաննիսյանը ծնվել է 1989 թ.-ին, Վարդանաշեն համայնքում։ Ավարտել է Երևանի թիվ  40 միջն. դպրոցը։ Սովորել է Երևանի տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Ծառայել է ՀՀ բանակում, այնուհետև զբաղվել է բիզնեսով։

Այս առիթով զրուցեցինք համայնքի ղեկավարի թեկնածու Միհրան Հովհաննիսյանի հետ:

 - Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը, դառնալ համայնքի ղեկավար։

- Առաջադրման գաղափարը իմը չի եղել, նման ցանկություն հայտնել են համայնքի բնակիչները: Նրանց առաջարկով եմ առաջադրել իմ թեկնածությունը։

- Որո՞նք են Ձեր ծրագրերը, որ կիրականացնեք ընտրվելու դեպքում։

- Ծրագրերը շատ են: Համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից առաջնային է խմելու ջրի հարցը: Այսինքն՝ ներքին ցանցը հին է, քայքայված, ուստի նոր ջրագիծ պետք է կառուցվի, ինչը խիստ կարևոր է: Այս խնդրին պետք է  լուծում տրվի:  Նշեմ, որ վերջերս համայնքի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գրիգորյանը մեկ փողոցում խմելու ջրի նոր ջրագիծ է կառուցել, այդ փողոցում խմելու ջրի խնդիր այլևս չկա, ինչի համար շատ ուրախ եմ: Անմխիթար վիճկում է գտնվում համայնքի մշակույթի տան շենքը։ Գերեզմանատունը պետք է կանաչապատել, ապահովել ջրով, ինչպես նաև ցանկապատ կառուցել:

Կանաչապատման կարիք ունի նաև համայնքը, պետք է կառուցել նաև խաղահրապարակ երեխաների համար։ Քանի որ համայնքը չունի մանկապարտեզ, պետք է լուծվի նաև այս խնդիրը: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել համայնքում սպորտային կյանքը զարգացնելու ուղղությամբ: Բացի նշվածներից կան ևս մի շարք խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Մասնավորապես՝ լուսավորությամբ ապահովված է միայն կենտրոնական փողոցը, ուստի պետք է ընդլայնել համայնքի լուսավորության ցանցը, բարեկարգել ներհամայնքային ճանապարհները, խճապատել: Ի դեպ, համայնքի նախկին ղեկավարի՝ պարոն Մանուկյանի օրոք բավականին խճապատում է իրականացվել ներհամայնքային փողոցներում, և այսօր անանցանելի փողոց չկա: Նույնիսկ դաշտամիջյան ճանապարհներն են խճապատվել։ Ցանկանում եմ, որ մեր համայնքը լինի լավագույններից, ներկայանալի ու գրավիչ թե՛ բնակիչների, թե՛ համայնք այցելողների համար։

- Պարոն Հովհաննիսյան, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր նշած ծրագրերի իրագործումը: Չէ՞ որ համայնքը փոքր է, բյուջեի միջոցները՝ սուղ։

- Նախ՝ ամեն ինչ կախված է համայնքի բյուջեից: Կարծում եմ, որ համայնքի ղեկավարը պետք է կարողանա պատշաճ կերպով հարկերի հավաքագրում իրականացնել, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի անհրաժեշտ աշխատանքներ կատարել։ Տեսնելով համայնքի ղեկավարի պատասխանատվությունը աշխատանքի հանդեպ՝ համայնքի բնակիչներն էլ իրենց հերթին պարտավորություն կզգան՝ հարկերը ժամանակին վճարելու, որպեսզի համանքի ղեկավարը, համայնքապետարանը կարողանա աշխատանքներ իրականացնել։ Թվարկածս աշխատանքներն իրականացնել հնարավոր է նաև պետական, բարեգործական ծրագրերին մասնակցելով, որտեղ համայնքը ունենում է իր ներդրումը: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում աստիճանաբար կլուծվեն բոլոր խնդիրները: Եվ ամենից առաջ գործելու ցանկություն ու վճռականություն է պետք:

- Ունեք մեկ մրցակից, նախընտրական փուլում ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Արդյոք կա՞ թշնամանք, լարվածություն: Համայնքում մասնատվածություն նկատվո՞ւմ է:

- Ոչ, թշնամանք, լարվածություն չկա: Բոլորս էլ մի գյուղի բնակիչներ ենք: Եվ ընտրություններից հետո էլ շփվելու ենք իրար հետ: Մինչ օրս բոլորի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք։ Համայնքը չի բաժանվել երկու մասի: Բնական է, երկու թեկնածու ենք, և երկուսս էլ ունենք մեր համակիրները: Սպորտում էլ է այդպես. երկու թիմ մրցակցում են, որից հետո շնորհավորում են իրար։ Ես՝ որպես թեկնածու, չեմ ցանկանում, որ համայնքը պառակտվի, նույնն էլ հորդորել եմ իմ համակիրներին՝ հնարավորինս լավ լինեն միմյանց նկատմամբ։ Ես ոչ մեկի հանդեպ թշնամանք չունեմ և երբեք չեմ ցանկացել, որ լարվածություն լինի բնակիչների միջև։ Եթե կընտրվի Ալեքսան Սարիբեկյանը, ես միանշանակ կշնորհավորեմ նրան: Կարծում եմ՝ նույն կերպ կվարվի նաև ինքը, քանի որ մեր հարաբերությունները նախկինում էլ, այժմ էլ նորմալ են։ Ընտրվելու դեպքում լինելու եմ ողջ համայնքի ղեկավարը: Իմ վերաբերմունքը նույնն է լինելու ընտրողի և չընտրողի նկատմամբ և առհասարակ բոլորի հանդեպ՝ անկախ նրանից՝ իմ բարեկա՞մն է, ընկե՞րը, թե՞՝ ոչ: Հնարավորության սահմաններում բոլորի հարցերին է լուծում տրվելու, քանի որ բոլորն էլ մեր համայնքի բնակիչներն են:

- Ովքե՞ր են Ձեր կողքին, Ձեր թիմում։

- Համայնքի բնակիչները՝ առանց տարիքային սահմանափակման։

- Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները։

- Չեմ կարող ասել, դա կորոշի ժողովուրդը: Իմ կողմից մեծամտություն կլինի հիմա ասել, թե իմ շանսերը մեծ են: Մեր համայնքի բնակիչները, ընտրողները դա կորոշեն: Միայն իրենց ընտրությունը կատարելուց հետո պարզ կլինի, թե ինչպիսին էին իմ շանսերը:

- Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություներ։

- Այո, իհարկե, կլինեն արդար ընտրություններ: Մենք միշտ դեմ ենք եղել անարդարությանը: Միշտ ապրել եմ ազնիվ ու արդար՝ անկախ նրանից, թե ինչ աշխատանքով եմ զբաղվել։

- Ի՞նչ կցանկանաք հղել վարդանաշենցիներին՝ ընտրողներին։

- Կոչ եմ անում բոլորին՝ գնալ ընտրության, ակտիվ մասնակցել ու դարձյալ անցնել իրենց առօրյա աշխատանքներին։

Համայնքում շրջայցի ժամանակ համագյուղացիները Միհրան Հովհաննիսյանի մասին արտահայտվելիս՝ նրան բնութագրում էին հիմնականում որպես կիրթ, պարկեշտ, երիտասարդ, ով մշտապես եղել է բնակիչների կողքին: Նրանք ընդգծում էին հատկապես այն, որ նա հնարավորինս աջակցել է բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ հարցերով դիմել են իրեն։

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->