ՎԵՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ Ո՞ՒՄ ԿԸՆՏՐԻ ԳԵՂՀՈՎԻՏՑԻՆ

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ևս հունիսի 9-ին կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրվել են համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, Մակիչ Իսպիրյանը, Նաղաշ Հակոբյանը, Սերոբ Սարգսյանը, Ուրարտու Սաֆարյանը, Տիգրան Սուքիասյանը։

Մենք զրուցեցինք Գեղհովիտ համայնքի ղեկավար ղեկավար Վարդան Պողոսյանի հետ:

- Պարոն Պողոսյան, որո՞նք են այն ծրագրերը, որ կիրականացնեք վերընտրվելու դեպքում, և հատկապես առաջնային ո՞ր խնդրին կանդրադառնաք:

- Կան մի շարք խնդիրներ, որոնց պետք է լուծում տանք, մասնավորապես՝ Քռա թաղամասի ոռոգման ջրագծի կառուցում, որի աշխատանքները ընթացքի մեջ են: Այս ծրագիրն արժե 25 մլն դրամ: Առաջին փողոցի 800 մետր ասֆալտապատման ծրագիրը հաստատված է, իրականացման արժեքը՝ 45 մլն դրամ, բայց որպեսզի չշահարկվի, թե նախընտրական փուլում ենք իրականացնում, շինարարներին խնդրել ենք մի քանի օրից սկսել: Ուստի աշխատանքները կսկսվեն ընտրությունների հաջորդ օրը։ Մեր ծրագրերի մեջ ընդգրկված են նաև մինի ֆուտբոլի դաշտի կառուցումը, Լեռնակերտ համայնքում 60 աշակերտի համար նոր դպրոցի կառուցումը, թիվ երկրորդ դպրոցի շենքի կառուցում 600 աշակերտի համար: Նշված ծրագրերը հաստատված են։ Ունենք գործող մանկապարտեզ, որտեղ հաճախում է 90 երեխա: Բայց պահանջարկը մեծ է, ուստի ծրագրել ենք այս տարի ևս մեկ մասնաշենք կառուցել, որպեսզի կարողանա ընդունել 120 երեխայի: Ընտրությունները բոլորովին կապ չունեն ծրագրերի հետ: Վերընտրվելու դեպքում կաշխատենք այլ ծրագրերում ընդգրկել համայնքը: Այսօրվա կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով օգնում է համայնքներին: Ըստ այդ ծրագրի՝ նաև համայնքն ունի որոշակի տոկոս ներդրում: Օրինակ՝ ոռոգման համակարգի կառուցման համար 70 %-ը ներդրվում է պետբյուջեի, 30 %-ը՝ համայնքապետարանի կողմից, ասֆալտապատումը՝ 60-40% հարաբերակցությամբ: Որքան շատ հնարավորություն ունենանք ծրագիր բերել, այնքան մեր համայնքի պատիվն է։

Անկախ ամեն ինչից, եթե անգամ չվերընտրվեմ, ով էլ ընտրվի, կփորձեմ պիտանի լինել նրան և իմ բոլոր ուժերը կդնեմ ի նպաստ մեր համայնքի զարգացման։

- Ունեք հինգ մրցակից: Նախընտրական փուլում ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Արդյոք կա՞ թշնամանք, լարվածություն: Մրցակիցների կողմից տարվո՞ւմ է սև փիառի քաղաքականություն։

- Ոչ, բոլորն էլ մի գյուղի բնակիչ են: Քարոզարշավն ընթանում է նորմալ, հանգիստ: Արտառաց ոչինչ չկա։

- Իսկ  թեկնածուներից ո՞ւմ եք համարում լուրջ մրցակից։

- Ինձ համար բոլորն էլ հավասար ուժեր են։

- Պարոն, Պողոսյան, այսօր ովքե՞ր են Ձեր կողքին։

- Գեղհովիտ համայնքի ողջ բնակիչները: 12 տարի աշխատել եմ որպես համայնքի ղեկավար և, կարելի է ասել, բնակչության կողմից հարգված անձնավորություն եմ: Սիրում եմ մեր համայնքը, բնակիչներին, ցանկանում եմ շարունակել աշխատանքը՝ ծառայել իմ ժողովրդին։

- Քարոզարշավ իրականացնո՞ւմ եք։

- Քարոզարշավ չեմ իրականացրել, ոչ էլ կիրականացնեմ: Բնակչությունը տեսնում է իմ աշխատանքը, եթե կգնահատի, կգտնի, որ արժանի եմ վերընտրվելու, կընտրի: Եթե արժանի չհամարեն, չեն ընտրի։

- Պարոն Պողոսյան, ինչո՞վ է պայմանավորված այն, որ այսքան թեկնածու է առաջադրվել համայնքի ղեկավար ընտրվելու համար՝ Ձեզնից բացի ևս 5 հոգի։

- Թեկնածուներից երկուսը համայնքի ավագանու անդամ են: Իմ կարծիքով՝ փորձում են իրենց ուժերը համայնքի ղեկավար ընտրվելու համար։

- Ըստ Ձեզ՝ մինչև վերջ կշարունակվի՞ խաղաղ մթնոլորտը, թե՞ կրքերը կբորբոքվեն։

- Կարծում եմ՝ այո, հանգիստ կընթանա, որովհետև բոլորս էլ նույն գյուղի բնակիչներ ենք, իրար ճանաչում ենք: Մեկը մյուսի հանդեպ թշնամանք չունեն: Ոչ ոք իրավունք չունի մյուսին վատաբանելու: Որոշողը ժողովուրդն է, և ում արժանի համարի, նրան էլ կընտրի։ Ինքս անձամբ կշնորհավորեմ նրան, ով հաղթանակ կտանի ընտրություններում:

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->