ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ Ա ԱՆՈՒՄ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի որոշ մտքեր այս օրերին փոթորիկ են առաջացրել հասարակության շրջանում: Նրան դուր չի գալիս, որ ոչ տնտեսագետ մարդիկ այսօր մտել են տնտեսագիտական թեմաների մեջ ու «լայվեր» են անում։ Խոսքը հատկապես ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանի մասին է, ով մասնագիտությամբ իրավաբան է։ Անանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, լավ է անում, նրա ոչ մի խոսքը մյուսին չի հակասում։ Փոխարենը, ինչպես հասկացանք «խոպանչիներին հարկելու» թեմայի շուրջ բարձրացած աղմուկից, վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները կարծես հակասում են հենց իր՝ ՊԵԿ նախագահի հայտարարություններին։

Նրա հետ զրույցում նախ անդրադարձանք այն թեմային, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ եկամտային հարկի իջեցման առաջարկով իրենք վաղուց էին հանդես եկել եւ առաջարկում էին 20-25 տոկոս, մինչդեռ հիմա իրենք առաջարկում են ընդամենը 150 հազարից բարձր աշխատավարձ ստացողների համար սահմանել 23 տոկոս։

«Ուրեմն տեսեք, նախորդ կառավարության էդ 20-25-ը, որ եղել ա մինչեւ 500 հազար ստացողների համար, քննարկվել ա, վարչապետն էլ ա ասել, մենք էլ ենք առիթ ունեցել ասելու, որ եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխության 11-ից ավելի տարբերակներ ա քննարկվել։ Տարբերակներից մեկն էլ եղել ա էդ նույն 20-25 տոկոսը։ Ուղղակի մասնագիտական քննարկման ժամանակ կանգ ա առնվել 23 համահարթ տոկոսադրույքի վրա»,- ասաց նա։

- Բայց այդ 23 տոկոսը վերաբերում է 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, այսինքն՝ նրանց, որոնք, վարչապետի խոսքով ասած՝ ճռռում են, որ մյուսներն աշխատավարձ ստանան։

- Գիտե՞ք, ես հիմա ընդհանրապես որեւէ հարցի չեմ ուզում պատասխանեմ, որովհետեւ ես ուղղակի խորհուրդ կտամ, որ հանրությունը հետեւի վարչապետի խոսքերին էս քարոզարշավի ժամանակ եւ ոչ մենակ քարոզարշավի ժամանակ։ Քարոզարշավը՝ ինքը, ոչ մենակ տնտեսական հարցերի ժամանակ պատասխան գտնելու գործընթաց ա, այլ նաեւ շատ ու շատ հարցերի վերաբերյալ խեղաթյուրված կամ սեփական կարծիքը ժողովրդի վզին փաթաթելու փորձեր ա պարունակում։ Ես, ասենք, ՀՀԿ-ի ներկայացուցիչների տեսակետներն ընդհանրապես չեմ էլ մեկնաբանի, որովհետեւ ես չեմ ուզում ներքաշեմ էդ մարդկանց տնտեսական հարցերի կամ բանավեճի մեջ, որովհետեւ ես, օրինակ, մարդասիրությունից ելնելով, տնտեսագետ չհանդիսացող մարդկանց չեմ կարող բանավեճի հրավիրել։

- Բայց ՀՀԿ-ում տնտեսագետների թիմ է աշխատում՝ նախկին, ներկա կառավարություններից գուցե, ի վերջո, ունեն տնտեսագետներ։

- Կարող ա եւ աշխատում են, բայց եթե, ասենք, տեսակետներ են հայտնում ոչ տնտեսագետները եւ, ընդհանրապես, տնտեսագիտությունից հեռու բաներ են ասում, ես դա չեմ կարա էս պահին, տնտեսագիտությունից ելնելով, որեւէ ձեւով մեկնաբանել, որովհետեւ իրենց «լայվ» մտնելը կամ իրենց տեսակետներն էսօր զուտ քաղաքական ենթատեքստ են պարունակում։

- Նիկոլ Փաշինյանի ելույթներն էլ են քաղաքական ենթատեքստ պարունակում այս նախընտրական շրջանում։

- Հնարավոր ա, հետեւաբար, ես հիմա Ձեր հարցերին ուղղակի չեմ ուզում պատասխանեմ, որովհետեւ այսօր ես մինչեւ դեկտեմբերի 9-ը չեմ պատրաստվում մասնագիտական քննարկումներ անել մամուլի հետ, որովհետեւ այսօր մամուլն ինքը քաղաքականացված է, որովհետեւ շնչում եւ արտաշնչում ա նախընտրական էս ամեն ինչով։ Հետեւաբար, իմ մասնագիտական տեսակետները, վստահաբար ասեմ, որ խեղաթյուրվելու են տարբեր քաղաքական ուժերի կողմից։

- Մամուլը ներկայացնում է այն կողմի, այս կողմի տեսակետները եւ ակնկալում է Ձեզնից մասնագիտական տեսակետ։

- Այո, իմ տեսակետը զուտ մասնագիտական է, եւ ես մինչեւ դեկտեմբերի 9-ը որեւէ մասնագիտական տեսակետ չեմ հայտնելու։

- Ի դեպ, այդ «խոպանչիներին հարկելու» գաղափարն ի վերջո կա՞, թե՞ չկա։

- Այդպիսի գաղափար չի եղել, չի էլ քննարկվել, դա ուղղակի մատից դուրս բերված ինչ-որ մի գաղափար էր։

- Բայց Արարատ Միրզոյանը չհերքեց դա, միայն ասաց, որ հանրային քննարկման կդնեն։

- Արարատ Միրզոյանն այդպես չասեց, նա ասաց, որ ընդհանրապես որեւէ հարց առանց հանրային քննարկման չի լինելու, ժողովուրդ ջան, հանգիստ եղեք։ Ինքն ընդհանրապես այդպիսի հիպոթետիկ մի պատասխան տվեց։

- Այդ դեպքում տրանսֆերտների հարկումն ի՞նչ էր ենթադրում։

- Տրանսֆերտների հարկումն ապուշություն է, էդպիսի բան չկա։ Ես չեմ ասել տրանսֆերտների հարկում, ես ասել եմ՝ արտագնա աշխատանքի դիմաց ստացված եկամուտներն այսօր էլ են հարկում, եւ դրանց ներառելը տարեկան դեկլարացիաների մեջ կարող է քննարկվել։ Դա տրանսֆերտ չէ, դա եկամուտ է։

- Իսկ ինչպե՞ս է որոշվելու՝ դա տրանսֆե՞րտ է, թե՞ եկամուտ։

- Ձեր հարցին ես չեմ պատասխանի, մինչեւ դեկտեմբերի 9-ը ես որեւէ մասնագիտական հարցերի չեմ պատասխանելու, որովհետեւ իմ մասնագիտական հարցերը չեն ընկալվում հասարակության կողմից հիմա, օդը քաղաքականացված ա, հիմա շնչում եւ արտաշնչում է հասարակությունը՝ առանց տնտեսագիտության մեջ խորանալու։ Երբ մասնագիտությամբ իրավաբան հանդիսացող անձը, որը նախորդ կառավարությունում իմ կողմից բավականին հարգանքի արժանացած անձնավորություն էր, նախարար ա եղել, «լայվ» ա մտնում ու տնտեսագիտությունից հեռու բաներ ա ասում…

- Ո՞ւմ մասին է խոսքը՝ Արփինե Հովհաննիսյանի՞։

- Մնացածը Դուք որոշեք։

- Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետն ընտրություններից առաջ նման հայտարարություններ անում։

- Լավ ա անում։ Շատ էլ լավ ա անում, որովհետեւ վարչապետը շատ ավելի հավասարակշռված մտքեր ա ասում, եւ եթե տեսնեք, վարչապետի որեւէ խոսք իրա նախորդ արտահայտածների հետ որեւէ հակասության մեջ չէ։ Վարչապետը գոնե ասում ա այն, ինչ որ իրականությունն է։ Մնացածը շահարկում են եւ ուրիշ բաներ են ասում։

Hraparak.am

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->