Սահմանից մեքենաները կարող են դուրս գալ մեկ դեպքում. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ ԱԱԾ-ին

Հունվարի 23-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Հետևաբար՝ կոչ էին արել տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության:

168.am-ի հետ զրույցում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն անդրադառնալով տարածված հաղորդագրությանը՝ ասաց.

«Երևի ԱԱԾ-ում լավ տեղյակ չեն խնդրի մանրամասներին: Սահմանից մեքենաները կարող են դուրս գալ մեկ ճանապարհով ՝ «ներմուծում ներքին վերամշակման համար» մաքսային ընթացակարգով։ Մենք դեմ ենք այդ ընթացակարգին, մենք դեմ ենք մեքենաների ղեկը վերասարքավորելուն:

Ունենք երկու տարբերակ. կամ մեքենաները պետք է կանգնեն սահմանին այնքան ժամանակ, մինչև ԱԺ-ն նոր օրենք ընդունի, կամ պիտի կառավարությունը մեզ հնարավորություն տա  մեքենաները սահմանն անցկացնենք առանց «ներմուծում ներքին վերամշակման համար» մաքսային ընթացակարգի»։

Ինչ վերաբերում է 7 օր ժամանակ տալուն և վարչական պատասխանատվության ենթարկելուն՝ նախաձեռնության անդամը նշեց.

«Պետք է պարզաբանեն, թե ինչո՞ւ են մեզ 7 օր տվել: Մենք վարչական իրավախախտում չենք իրականացրել, որ ԱԱԾ-ն մեզ տուգանի, բացի այդ՝ ինչքանով ես եմ տեղյակ, ԱԱԾ-ի գործառույթների մեջ չի մտնում՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել վարչական իրավախախտում կատարած անձանց»:

Նշենք, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ սահմանին կուտակված մեքենաները կներմուծվեն, և խնդիրը կվերանա։ Նա հավաստիացրել է, որ Արդարադատության նախարարությունը կտա իր կարծիքը, և նախագիծը կուղարկվի ԱԺ:

Հիշեցնենք, որ Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ, որտեղ ասվում է. «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը և թվերը փոխարինել «որոնց ձեռք բերման համար վճարումները ՀՀ տարածք ներմուծողների կողմից կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և որոնք ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով և թվերով»:

Նախագիծը ձևավորվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում:

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->