Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ընդդիմության առաջնորդից կառավարության ղեկավար դառնալուց հետո ինքը մնացել է նույն մարդը։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, շվեյցարական RTS ռադիոկայանինտված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը խոսել է նաև Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ համագործակցությունը հավասարակշռելու մասին։

«Մենք անդամ ենք Եվրասիական տնտեսական միության, որ շատ կարեւոր շուկա է մեր երկրի համար: Սակայն Հայաստանն ունի համաձայնագրեր նաեւ ԵՄ-ի հետ, եւ դա անհամատեղելի չէ: Մեր կապերը Ռուսաստանի հետ կարեւոր են տնտեսական եւ անվտանգության տեսանկյունից, բայց մեր հարաբերությունը ԵՄ-ի հետ մեզ հնարավորություն է տալիս բարեփոխել մեր քաղաքական, իրավական համակարգը եւ զարգացնել մեր հասարակությունը, այն դարձնել ավելի մրցունակ»:

Փաշինյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ին միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա:

«Մենք չենք նախատեսում միանալ այդ կազմակերպությանը: Մենք արդեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, մասնավորապես խաղաղապահ առաքելությունների համար Կոսովոյում, Աֆղանստանում, շուտով` Լիբանանում: Այս համագործակցությունները կշարունակվեն եւ ավելի կզարգանան, որովհետեւ մենք գիտենք խաղաղության իսկական արժեքը»:

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->