«Կանանց գաղութ է, ոչ թե գործարան»․ ժողով Գյումրու «Սաստեքս»-ում ստեղծված աղմուկի թեմայով

Գյումրու «Սաստեքս» կարի գործարանում, որի աշխատակիցները բողոքում են իրենց ստրկական պայմաններում աշխատեցնելուց ու սահմանված նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը կրճատելուց, այսօր ժողով է հրավիրվել։ Ժողովին մասնակցել են Թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, աշխատակիցներն ու Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները՝ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Շիրակի մարզպետի օգնականները։ «Սաստեքս»-ի աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց սկզբում փորձել են լռեցնել, ասել են, որ սփյուռքահայ գործարարները հսկայական գումարներ են ներդրել, աշխատատեղ ստեղծել, պիտի գնահատել, ոչ թե ելնել ու միտինգ անել։ «Հիշո՞ւմ եք երկու օր առաջ պարզաբանում էին, թե բռակ ապրանքը կապ չունի աշխատավարձի կրճատման հետ, էսօր էլ բռակ ապրանքի ցանկը՝ պապկի մեջ դրած, բերել էին, թե տեսեք բռակ ապրանք եք տվել։ Մեկ էլ Սահմանադրությունը՝ թևի տակ զարկած, եկել էր, թե չգիտեմ որերորդ հոդվածով, եթե աշխատողը իր աշխատանքը ճիշտ չի կատարում, ուրեմն իր աշխատավարձը չի վճարվում։  3 ամիս աշակերտ եղանք, արտադրանք տվեցինք, ոչ մի բռակ ապրանք չկար, հիմի որ ավելի ենք հմտացել, հանկարծ ապրանքը բռակ դարձավ, հա՞։ Ահաբեկել էին, թե լրագրողներին կանչած աշխատակիցներին աշխատանքից կազատենք․ էսօր վախից որոշ տեխնոլոգ-վարպետներ ելան, ելույթ ունեցան, թե իբր Քրիստիան Գելիջին մեզ ավելին էլ է վճարել։ Գիտեք էնպես չէ, որ մեզ ճշմարտությունն ասելու համար պիտի գնդակահարեն, նրանց դոշին էլ սուտ գովերգելու համար մեդալ կախեն, կա խնդիր, պիտի լուծվի:

Ինձ էլ են ահաբեկել, վախեցրել ԶԼՄ-ներին հարցազրույց տալու համար, բայց ես նորից խոսել եմ։ Նեղվում էին՝ ինչո՞ւ ենք ԶԼՄ-ներին ասել, թե եղունգներդ կոտրվում են, կտորները թունավոր են, ուշաթափվում, վատ եք զգում, ուզում եք գործարանը փակել տա՞լ։  Երբ իմացան, որ փոխմարզպետն է գալիս, ասին՝ ժողովուրդ ջան, ամեն ինչ պարզ է, ավելի լավ է երկուշաբթի սկսենք բնականոն աշխատանքը։ Փոխմարզպետը  եկավ ու հարցրեց, թե ինչո՞ւ  նվազագույն աշխատավարձը չի պահպանվում, իր հարցերը տվեց ու այդպես էլ չստացավ պատասխանը։ Փոխմարզպետին տեղյակ պահեցինք, որ բյուլետինը չի վճարվում, հիվանդ մեռնես, հնար չկա, չես վճարվում։ Ի զարմանս մեզ՝ հենց այսօր իմացանք, որ գործարանը տնօրեն ունի, նախկին փոխմարզպետ Պետրոսյան Սեյրանից հետո փաստորեն տնօրեն են ընդունել Շվեյցարիայից, ելավ, հանկարծակի բերեց բոլորիս, հանդես եկավ որպես տնօրեն։ Զարմացանք, թե մենք տնօրեն ունենք ու տեղյակ չենք, որ այդ մարդը մեր տնօրենն է։ Թարգմանիչն էլ իր խոսքերն էր թարգմանում,  թե մենք անկարգապահ ենք, աշխատանքի ժամին սուրճ ենք խմում, հեռախոսով խոսում, զուգարան ենք գնում, քարե դարում ենք երևի ապրում։ Իզուր չէ, որ բոլորը մեզ ասում են «Սաստեքսի գերիները», հենց էդպես էլ անվանում են, կանանց գաղութ լինի, ոչ թե գործարան։ Փոխմարզպետը խոսք տվեց, որ հետևողական կլինեն մեր պայմանների ու  աշխատավարձի հարցում»,-պատմեց աշխատակիցներից մեկը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հարցրեց, թե նվազագույն աշխատավարձի շեմը ո՞նց է պահպանվում ու իմանալով, որ գործավարձայինի դեպքում ընդհանրապես չի պահպանվում․ կան մարդիկ, որոնք 40 ժամ աշխատելով, 55 հազար դրամ չեն ստանում, ասաց, որ սա օրենսդրության խախտում է։ Արհմիության նախագահն էլ իր հերթին ասաց, որ պիտի վերանայվի։ «Սաստեքսի» ներկայացուցիչ Ներսես Տաշչյանն էլ հայտարարեց, որ ոչ մի մարդ չկա կրճատված։ Աշխատակիցներից հետաքրքրվեցին՝ գալո՞ւ են աշխատանքի երկուշաբթի ու ստացան դրական պատասխան։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/05/31/1047137/ 

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->