«Սա տանելու է սոցիալական բունտերի». Սուրեն Պարսյան

ՀՀ կառավարությունն ԱԺ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի կարծիքով՝ սա ռիսկային է, ու մի շարք խնդիրներ կարող են առաջանալ: Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի կիրառման արդյունքում կխաթարվի սոցիալական արդարությունն ու համերաշխությունը հասարակության մեջ:

«Համաձայն այս օրենքի նախագծի՝ առաջարկվում է ներկայումս գործող պրոգրեսիվ հարկային համակարգի փոխարեն՝ կիրառել  համահարթեցված դրույքաչափ: Այսինքն, եթե հիմա 23, 28, 36 տոկոս են դրույքաչափերը՝ կախված եկամտից, առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս: Այսինքն, շատ աշխատավարձ, եկամուտ ստացողը և քիչ աշխատավարձ ստացողը նույն չափով եկամտային հարկ են վճարելու: Սա անարդար, անազնիվ մոտեցում է, քանի որ սրա արդյունքում խաթարվում է սոցիալական արդարությունը և համերաշխությունը՝ հասարակության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրեն Պարսյանը:

«Ըստ Սահմանադրության՝ մեր երկիրը սոցիալական պետություն է, և այս դրույթից ելնելով՝ պետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ: Շատ ունեցողը հարաբերականորեն պետք է շատ վճարի, քանի որ պետությունը շատ ունեցողի համար կատարում է ավելի մեծ աշխատանքներ, մատուցում է ավելի մեծ ծառայություն, և այս տրամաբանությունը պետք է պահպանել հարկային դրույքաչափերի  հարկման ժամանակ:

Բացի այդ՝ այս և նախորդ կառավարությունները հռչակել էին ներառական տնտեսական աճի ապահովում,  որը ենթադրում է՝ այդ աճից պետք է օգտվի հասարակության մեծ մասը, իսկ հիմա փորձում են ներառականության նոր սահմանում տալ, ըստ որի՝ ներառականությունը դա հասարակության մեծ մասի  մասնակցությունն է, ինչը սխալ է:

Ներառականությունը ենթադրում է, որ այդ աճը պետք է բաշխվի հասարակության բոլոր անդամների միջև, և պրոգրեսիվ հարկային համակարգը հենց կոչված է ապահովել այդ բաշխումը: Մենք չենք կարող տնտեսությունը զարգացնել առանց հանրային բարիքների ներդրման: Կառավարությունը գնում է ծայրահեղ լիբերալ տարբերակով՝ ամեն ինչ թողնելով շուկային: Այսինքն, շուկան թող կարգավորի, թող բաշխի: Նորություն չեմ ասի՝ շուկան անարդարացի է բաշխում, և այս հարկային քաղաքականության հետևանքով  եկամուտների բևեռացվածություն է լինելու: Դրա վառ օրինակը Վրաստանն է, որը ԱՊՀ երկրներում առաջին տեղում է գտնվում: Մենք պետք է բացառենք նման հարկային օրենսդրության ընդունումը, սա տանելու է նաև սոցիալական բունտերի՝ եթե ոչ հիմա, ապա մի քանի տարի հետո»,- հավելեց նա:

Սուրեն Պարսյանը նկատեց՝ փորձում են ամբողջ ծավալով ներդնել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որ 2022 թվականից 500.000 դրամ ավելի աշխատավարձ ստացողները ոչ թե 5 տոկոս, այլ 10 տոկոս են վճարելու:

«Պետությունն առաջարկում է 8 տոկոսով նվազեցնել եկամտային հարկը՝ հետագայում կուտակայինը 10 տոկոսով ավելացնելու պայմանով: Այս մոտեցման արդյունքում բարձր աշխատավարձ ստացողները միանշանակ չեն շահելու: Կառավարությունը սա հիմնավորում է նրանով, որ կկարողանան այսպիսով բացահայտել ստվերը: Միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ կազմակերպություններ փաստում են, որ ուղղակի կապ դրույքաչափի և ստվերի միջև գոյություն չունի»,- նշեց նա:

Տնտեսագետը նաև շեշտեց՝ պետությունը բարձր եկամուտ ստացողներին զիջելով եկամտային հարկի հարցում, փորձում է պետբյուջե մուտքերն ապահովել փոքր ու միջին բիզնեսի հաշվին, ակցիզային հարկերի օգնությամբ։

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->