07 /Հունիս 2019

«Յանդեքս»-ի ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում նոր նախագծեր իրականացնելու ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ:

«Յանդեքս» ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացքիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը: Նրանք նշել են, որ շահագրգռված են մեր երկրում «Յանդքս»-ի գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցության: Մասնավորապես, նրանք նշել են, որ «Յանդեքս»-ը հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես, զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է «Յանդեքս»-ի ղեկավարների ծրագրերը և նշել, որ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումն ու ընդլայնումը մեր երկրում: Գործադիրի ղեկավարի խոսքով` կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց իրականացմանը:

Կարդալ ավելին

07 /Հունիս 2019

Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ

Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր:

Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:

Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ:

Հարգանքով՝ Արտակ»:

Կարդալ ավելին

07 /Հունիս 2019

Հայաստանն ու Բուղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռումեն Ռադևի հանդ

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուդրների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ և Հայաստանի ու Բուղլարիայի կառավարությունները պետք է գործնական քայլեր իրականացնեն միջպետական հարաբերություններին նոր ազդակներ հաղորդելու համար: Կառավարության ղեկավարը նշել է Բուլղարիայի կարևոր դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և նշել, որ Հայաստանը շահագրգռված է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը Բուլղարիայի խորհրդարանի կողմից ու ընդգծել, որ այդ համաձայնագրի լիարժեք գործարկումը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ամրանդմանն ու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարևորում է Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա:

Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ժողովրդավարական փոփոխություններին: Բուլղարիայի նախագահի խոսքով` երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ, որի իրացմանը կարող է էապես նպաստել Բուլղարիայի հայ համայնքը, որը հաջողությամբ ինտեգրված է երկրի հասարակական կյանքին և մեծ ներդրում ունի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռումեն Ռադևը կարևորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում և նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է Թումո կենտրոնում և տպավորվել վերջինիս գործունեությամբ: Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում Թումոյի մասնաճյուղի ստեղծմամբ և շահագրգռված են ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղղությամբ քայլերի իրականացմամբ:

Նիկոլ Փաշինյանը և Ռումեն Ռադևը կարևորել են նաև երկկողմ համագործակցությունը առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, մասնավոր հատվածի միջև գործնական կապերի զարգացումը, ներդրումային համատեղ նախագծերի քննարկումն ու իրականացումը, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում գործակցության ընդլայնումը: Կողմերը կարևորել են նաև համատեղ ֆորումների անցկացումը, որոնք կնպաստեն գործարար կապերի խթանմանը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Կարդալ ավելին

07 /Հունիս 2019

Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ:

Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կաուցվածքում լոկոմոտիվ դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտը ու այդ նպատակով գործադիրն իր գործիքակազմերով անելու է ամեն ինչ` խթանելու ոլորտի զարգացումը: Վարչապետն Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և իսրայելական ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:

Ահարոն Ահարոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և իսրայելական ընկերություններին երևանյան կոնգրեսին մասնակցելու հրավերի համար: Նա նշել է ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ ներուժը և այդ առումով կարևորել մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունն ու կապերի ընդլայնումը: Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի խոսքով` բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական գործակցությունը կարող է ունենալ մեծ հեռանկարներ և հավելել, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու ամրապնդմամբ: Ահարոն Ահարոնը վստահություն է հայտնել, որ երևանյան կոնգրեսին իր մասնակցությունը կունենան իսրայելական տարբեր ընկերությունները: Նա նշել է, որ 1971 թվականից սկսած պետությունը մեծ ուշադրություն է դարձրել տեխնոլոգիական ոլորտին և ներկայացրել այն քայլերը, որոնք նպաստել են բնագավառի զարգացմանը:

Փոխգործակցության առումով Ահարոն Ահարոնն առաջարկել է դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը և միջպետական պայմանագրի ստորագրումը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի առաջարկները և կարևորել այդ ուղղությամբ առաջիկայում գործնական քայլեր իրականացումը:

Կարդալ ավելին

06 /Հունիս 2019

Հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները: «Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս ունենք, որ Նոր Հայաստանը իսկապես շատ մեծ ձգողականություն ունի և պիտի ավելի ու ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների նպատակն է, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար, հպարտանա նրա բովանդակությամբ, տնտեսական, քաքաղաքական վիճակով: Բնականաբար այդ հպարտությունը նաև պետք է նրանց ոգևորի, որ նրանք իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման գործում: Ներդրում ասելիս սովորաբար ընկալվում է ֆինանսական ներդրումը, բայց իմ ընկալմամբ` նույնքան կարևոր է բարոյական, տրամադրության, մթնոլորտի ներդրումը: Ուրախ եմ, արձանագրել որ հայության շրջանում այդ պոզիտիվ ներդրումը ձևավորված է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը փաստել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ: «Այս ընթացքում մեր վստահությունն ավելի է մեծանում: Մենք ի վերջո հասել ենք մի վիճակի, որ կարողանալու ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները, ամենակարևորը` Հայաստանը դարձնել մրցունակ պետություն, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգային առումով: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով և մենք իրար հետ գնալու ենք այդ ճանապարհով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս տարի առաջին եռամսյակի տվյալներով արձանագրվել են բավականին շոշափելի հաջողություններ: «Նույնիսկ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն ապահոված պետությունն է: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք շարունակում ենք պահպանել այդ դիրքերը: Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենամեծ տնտեսական աճի ցուցանիշն ունի, որը կազմել է 7,1 տոկոս: Ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել է 9,2 տոկոս: Սա չի նշանակում, որ ամեն ինչ փայլուն է, բայց նշանակում է` այն գաղափարը, որ մենք դրել ենք զարգացման հիմքում, սկսել է աշխատել»,- ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել, որ Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական գործունեության ազատ դաշտ: «Յուրաքանրյուր հայ, ով ուզում է Հայաստանը շենացնելու, հարստանալու և հարստացնելու գործում ներդրում ունենալ, այդ հնարավորությունը պետք է ստանա և այդ հնարավորություններն արդեն կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ ՀՀ կառավարությանն այլևս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, հասարակ տնտեսական սխեմաները: Նրա խոսքով` մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք և դրանցից ամենակարևորը Հայաստանն ինովացիոն, տեխնոլոգիական երկիր դարձնելն է:

Վարչապետը նշել է, որ մեկ տարի առաջ` մարտ ամսին, քաղաքացիների 95 տոկոսն անհնար էր համարում քաղաքական փոփոխությունները, բայց դրանք արդեն իսկ ակնհայտ էին ապրիլին: «Քաղաքական խնդիրները լուծելը հեշտ չէր, գործընթացը բավականին երկար է տևել: Հույս ունեմ և համոզված եմ, որ տնտեսական զարգացումն այդքան երկար չի տևի, ինչու եմ վստահ, որովհետև վստահ եմ, որ մեր ժողովուրդը տաղանդավոր է:

Շատերը ասում են, թե այդ ինչպես է, որ հայերը գնում են ՌԴ, ԱՄՆ և մեծ հաջողությունների հասնում, իսկ Հայաստանում չեն կարողանում: Հիմա հենց այդ ժամանակն է, հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այն հմտությունները, որ նրանք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրներում, պետք է ներդնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի:

Ցանկանում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ այն հաջողություններով, հեղինակությամբ, որ ունեք Ռուսաստանի Դաշնությունում: Համոզված եմ, որ ձեր տաղանդը կծառայի ձեր հայրենիքի հետագա հզորացմանը, դուք կարող եք դա, այդ ճանապարհին ձեր առաջ չի լինի որևէ արհեստական խոչընդոտ, որովհետև Հայաստանը ձեր հայրենիքն է, այն երկիրն է, որտեղ հույս ունեմ, որ դուք և ձեր երեխաները ապրելու եք, գործելու եք, հարստանալու եք և հարստացնելու եք»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը զրուցել է ընդունելությանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններով, վարչապետի հետ կիսվել հայրենիքում տարբեր ծրագրեր իրականացնելու գաղափարներով ու նախաձեռնություններով:

Կարդալ ավելին

06 /Հունիս 2019

Սանկտ Պետերբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. քննարկվել են երկկողմ հարաբերությունների օր

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, ընկերներ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի և հուսով եմ, նաև օգտակար՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցելու քննարկումներին: Սա հրաշալի հարթակ է՝ հանդիպելու գործընկերների հետ, շփվելու, մտքերով փոխանակվելու ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ, խոսելու քաղաքական բնույթ ունեցող մի շարք հարցերի մասին. իմ կարծիքով այսպիսի օգտակար և լուրջ միջոցառում ունենք: Անհարժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին:

Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը: Ուրախ եմ այսօր հնարավորություն ունենալ հանդիպել Ձեզ և խոսել համալիր հարցերի շուրջ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի: Շատ ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ Սանկտ Պետերբուրգում: Վերջերս մենք հանդիպեցինք Նուր-Սուլթանում: Առաջին անգամ հանդիպել ենք 1 տարի առաջ, այս մեկ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք, փաստացիորեն խոսել մեր ընդհանուր օրակարգի բոլոր հնարավոր հարցերի մասին: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները համաչափ են զարգանում: Մեր երկրների միջև, ինչպես Դուք նշեցիք,

ռազմավարական, գործընկերային հարաբերություններ են: Եվ դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, մենք ակտիվորեն համագործակցում ենք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Եվ կարծում եմ, որ այս բոլոր ուղղությունները մեր երկրների համար ունեն ռազմավարական նշանակություն:

Շատ ուրախ եմ, որ մենք այս ուղղություններով հնարավորություն ունենք համաչափորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Ուզում եմ ասել, որ այս տարի մեզ մոտ բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ կան. առաջին քառորդի ցուցանիշներով մենք գրանցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության մեր ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Ինչո՞ւ եմ այս մասին խոսում, որովհետև ակնհայտ է, որ սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները շատ հարցերով կապված են ԵԱՏՄ կազմում մեր հարաբերությունների և ռուսական շուկային հայկական բիզնեսի հասանելիության հետ: Սա շատ կարևոր է:

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի այս դրական տեմպը: Ուզում եմ ասել, որ այս տարի մենք նաև դրական աճ ունենք այն զբոսաշրջիկների թվով, ովքեր Ռուսաստանից այցելում են Հայաստան: Եվ հիմա Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք: Շատ հաճելի է: Ես միշտ նրանց հանդիպելիս պարտադիր հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում: Ուզում եմ վստահորեն ասել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում: Եվ ակնհայտ է, որ ավելի ու ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելելու մեր երկիր: Սա, իհարկե, հաճելի է, քանի որ կարծում եմ, որ սա ոչ միայն տնտեսական հարց է, այլև այն առնչվում է մեր մշակութային, հումանիտար կապերին: Նման շփումները, իմ կարծիքով, նպաստում են մեր քաղաքական ու տնտեսական հարաբերություններին»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական օրակարգային հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը: Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շարունակական շփումները և երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովող հարցերի քննարկման պատրաստակամությունը: Նշվել է աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկումների շարունակման անհրաժեշտությունը:

Կարդալ ավելին

Շատ դիտվածները

Քավոր-սանիկ հարաբերություններ նաև Թավշյա հեղափոխությունից հետո

Ինչպես գիտենք, բավականին երկար ժամանակ Նոր Գեղի համայնքում լարված իրավիճակ է: Գյուղացիների որոշ մասը պահանջում էր ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանի հրաժարականը: Սակայն մարզպետը նրա նշանակումը չեղյալ չի համարել, բացի այդ համայնքում հոկտեմբերի 21-ին անցկացվելիք ընտրությունները հետաձգվել են մարզպետի միջամտությամբ։

Բնակիչները վստահ են, որ դրա պատճառը թերևս այն է, որ Պապյանը այդ ժամանակահատվածում որոշ գործեր, «բարեգործություններ» կանի և այդպիսով կնվաճի իրենց համակրանքը: Դա է վկայում նաև այն, որ Վարդան Պապյանը, ով նույնպես առաջադրվել է փետրվարի 17-ին կայանալիք ընտրություններում որպես համայնքի ղեկավարի թեկնածու, հունվարի 24-ին «ԴԻԱԿՈՆԻԱ» բարեգործական հիմնադրամի կողմից ստացած սնունդը բաժանել է 70 ընտանիքի՝ անտեսելով այն հանգամանքը, որ առջևում ընտրություններ են: Թեև նա պնդում է, որ այդ օգնությունը մինչ իր առաջադրումն է եղել, քանի որ ինքը առաջադրվել է դրանից հետո (առաջադրման վերջնաժամկետը հունվարի 27-ն էր): Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ է Վ. Պապյանը քարոզարշավի ընթացքում կանգառներ տեղադրում, Տրնդեզին նվիրված միջոցառում կազմակերպում, որի ընթացքում նախատեսում են նաև նվերներ բաժանել:

Եթե վարչապետ Փաշինյանը ասում է, որ ծանոթ- բարեկամ գոյություն չունի, ապա ինչո՞ւ է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, որպես մարզպետարանի ներկայացուցիչ, ընտրությունների ժամանակ համայնքի 28/1 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի քարտուղարը լինելու, ի՞նչ շահագրգռվածություն ունի մարզպետը, որ ջանք ու եռանդ չի խնայում, որ «սանիկը» գյուղապետ ընտրվի:

Ի դեպ, նշենք, որ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը («Իմ քայլը» դաշինք) նույնպես դեմ է մարզպետի «վարած քաղաքականությանը», և ըստ տեղեկությունների՝ նրանց հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն: Դեռ Հրազդան քաղաքի ընտրությունների ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել, չնայած որ որոշ տեղերում Սասուն Միքայելյանը սատարում է ՔՊ-ական թեկնածուներին, բայց այստեղ շահագրգիռ կողմը մարզպետն է:

Ամեն նոր բան լավ մոռացված հինն է...

Հին Հոդվածներ

© Website developed by Vardan Hoveian

Վերև