Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում, հետագայում վերածել պատերազմի. վարչապետ
«Պաշտոնական Բաքուն փորձում է իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա կառուցողական դիրքորոշում չէ:
«Կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը՝ գնալու կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքները արդեն իսկ պայմանավորված են: Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը. միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված պայմանավորվածության, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որն էլ պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը: Սա նշանակում է, որ մեզ մնացել է, ըստ էության, տեխնիկական աշխատանք: Քարտեզների և գետնի վրա վերարտադրել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը՝ դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով և լուծել հարցը: Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև էքսկլավ-անկլավների հարցը»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձելով ընթանալ տեղայնացման ճանապարհով. «Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին՝ սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերաարտադրելով սահմանը, և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել վերջին փուլին»:
Ըստ վարչապետի՝ երկու տարբերակ կա՝ նախ, որ ամբողջ սահմանագծով իրականացվում է սահմանագծում, երկրորդ տարբերակով կտոր-կտոր սահմանագծումով գնում են առաջ: Վերջինիս հավաստմամբ՝ երկու տարբերակն էլ հայկական կողմի համար ընդունելի է:
«Բայց Ադրբեջանը խուսափում է նաև այս տարբերակից, և մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը կարող է լինել ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»,- նկատեց նա: