Քաղաքականություն

Առանց ավելորդ ու անիմաստ լարվածության․Գառնիի ՔՊ թեկնածու

Կոտայքի մարզի Ողջաբերդ, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղադիր, Գեղարդ համայնքները միավորվում են՝ դառնալով Գառնի խոշորացված համայնք։ Այստեղ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ  ընտրություններին ընդառաջ մեր լրագրողը զրուցել է Տիգրան Պողոսյանի հետ:

 – Պարոն Պողոսյան, որո՞նք են Գառնի խոշորացված համայնքի գլոբալ խնդիրները և ինչպիսի՞  ծրագրեր եք նախատեսում իրականացնել Գառնի խոշորացված համայնքում:

– Նշեմ, որ քաջատեղյակ եմ հարևան համայնքների խնդիրներին և գիտեմ լուծման ուղիները, որովհետև մշտապես կապ եղել է այդ համայնքների հետ: Բացի այդ, ուշադրություն ենք դարձրել քարոզարշավի ընթացքում բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին: Ի դեպ, դրանք հիմնականում ընդգրկված են մեր ծրագրերում։ Նշեմ, որ հիմնականում բոլոր համայնքներում էլ նույն խնդիրներն են՝ ճանապարհների բարեկարգում, ոռման և խմելու ջրի ջրագծերի կառուցում և  բազմաթիվ այլ խնդիրներ։ Վերջին հինգ տարիների ընթացքում Գառնի համայնքում այս խնդիրների  առումով մեծ աշխատանքներ են իրականացվել, և դրանք, իհարկե, շարունակելի են: Մասնավորապես՝ իրականացվել է 1,3 կմ ասֆալտապատում, կառուցվել է 6,5 կմ լուսավորության ցանց, 3 կմ խմելու ջրի ջրագիծ:

– Պարոն Պողոսյան, իսկ ծրագրի մասով ի՞նչ կասեք:

– Նախ ասեմ, որ համայնքի տարեկան բյուջետային ծախսերը կազմելու ենք՝ հաշվի առնելով համայնքի մեջ ընդգրկվող յուրաքանչյուր բնակավայրի համաչափ զարգացման սկզբունքը։ Հիմնանորոգելու ենք համայնքային ճանապարհները, կառուցելու կամ վերանորոգելու ենք մշակույթի տները, իրականացնելու ենք ճանապարհների լուսավորություն, կառուցելու ենք նոր մանկապարտեզ, սպորտային կենտրոններ, անհրաժեշտության դեպքում վերանորոգելու կամ հիմնանորոգելու ենք մանկապարտեզները, բարելավելու ենք ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման որակը, իրականացնելու ենք մարզադաշտերի վերանորոգումներ՝ սպորտային կյանքը ակտիվացնելու և զարգացնելու համար:

Համայնքի գրավչությունը և յուրահատուկ աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝  զբոսաշրջության զարգացման համար նպաստավոր պայմաններ ենք ստեղծելու թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրյա այցելուների համար։ Աջակցելու ենք հանգստյան գոտիներ ստեղծելու ծրագրերին, ինչպես նաև կզարգացնենք էկոտուրիզմը համայնքում։ Գյուղատնտեսության ոլորտում արդիականացնելու ենք ոռոգման համակարգը, նախատեսում ենք ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, ընդլայնելու ենք ցանովի խոտաբույսերի ցանքատարածությունները, ներդնելու ենք մշակաբույսերի նոր տեսականի։

– Ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը: Ունեք մեկ մրցակից, կա՞ լարվածություն, սև փիառ տարվում է Ձեր նկատմամբ։

Նախընտրական մթնոլորտը նորմալ է, լարվածություն չկա։

– Ի՞նչ եք կարծում, մինչև վերջ այսպես կընթանա, թե՞…

– Կարծում եմ՝ մինչև վերջ այսպես կընթանա: Բոլորս էլ գիտակից մարդիկ ենք, պետք է նորմալ, հանգիստ պայմաններում անցկացնենք ընտրությունները: Չէ՞ որ դրանից հետո կյանքը շարունակվելու է, և մեկս մյուսի երեսին ենք նայելու: Համայնքում ավելորդ լարվածություն ստեղծելն անմիմաստ է։

– Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր շանսերը։

– Բարձր ցուցանիշներով հաղթելու ենք։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker