ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՌՈԳՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԹՈՂՆԵՆՔ ԱՆՑՅԱԼՈՒՄ
Հարցազրույց «Արագածոտն» ջրօգտագործողներ ընկերության գործադիր տնօրեն Գոռ Արշակյանի հետ:
– Պարոն Արշակյան, ո՞ր թվականից եք ղեկավարում «Արագածոտն» ՋՕԸ-ն և ո՞ր տարածքներն են ընդգրկված Ձեր սպասարկման տարածքում։
– 2017 թ. նախկին 5 ՋՕԸ-երը միացել են իրար, այսինքն՝ տեղի է ունեցել խոշորացում համակարգում, ինչի արդյունքում Ապարան, Քասախ, Փարպի, Շամիրամ, Աշտարակ ՋՕԸ-երը միացել են՝ դառնալով «Արագածոտն», որի գործադիր տնօրենի պաշտոնը ես ստանձնել եմ 2021թ.-ին։
– Ի՞նչ պետք է անել այս դժվարին և մարտավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտի բարելավան համար։
– Ոռոգման համակարգը ինքնին բարդ ոլորտ է, այսպես ասած՝ գյուղատնտեսության արյունատար անոթը: Իսկ գյուղատնտեսությունը մեր պետության կարևոր ճյուղերից է։ Եղանակային պայմաններով պայմանավորված՝ տարեց տարի ավելի է բարդանալու՝ կապված տարածաշրջանում ջրի քանակի հետ: Դրա համար կառավարությունը ռազմավարություն է մշակել ջրամբարաշինության ուղղությամբ: Մենք էլ պետք է ռացիոնալ օգտագործենք ջուրը՝ հնարավորինս անցնեք կաթիլային ոռոգման: Ավանդական ոռոգումը պետք է թողնենք անցյալում։
– Շատ լավ մեթոդ է կաթիլային ոռոգումը, բայց չէ՞ որ ոչ բոլոր գյուղացինները, ֆերմերներն ունեն այդ հնարավորությունը։ Ինչպիսի՞ աջակցություն է պետք պետության կողմից, որպեսզի հողօգտագործողները ավանդական ոռոգման համակարգից անցում կատարեն կաթիլայինի։
– Կառավարության կողմից բազմաթիվ ծրագրեր կան հաստատված և կյանքի կոչված: Ունեք երկու խոշոր շահառու, որոնք օգտվում են այդ ծրագրից: Դրանք էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ոլորտի ծրագրերն են։ Պայմաններն այսպիսին են. կառավարությունն առաջարկում է ֆերմերին, գյուղացուն կաթիլային ոռոգման ցանց կառուցել լիցենզավորված հիմնարկով, տեղադրել ջրաչափ, ունենալ ջրամբար, որովհետև կարող է ֆորսմաժորային իրավիճակ լինի: Օրինակ վերջերս եղավ մի դեպք, երբ ջրանցքի մեջ մարդ էր ընկել, և երեք օր դադարեցվել էր ջրամատակարարումը՝ որոնողական աշխատանքների պատճառով: Նման դեպքերում ֆերմերը պետք է կարողանա իր ջրամբարից օգտվել և ժամանակին կատարել ոռոգումը։ Մինչև երեք հեկտար ունեցողների համար կաթիլային ոռոգման անցնողները պետության կողմից հինգ տարով ազատվում են ոռոգման ջրի գումարից։ Կաթիլային ոռոգման անցնելու դեպքում կունենանք ջրի տնտեսում, գյուղատնտեսության զարգացում: Գյուղացիների մտածելակերպը պետք է փոխվի։ Մեր սպասարկման տարածքը ձգվում է 107 կմ, դա մեծ, բարդ համակարգ է: Ունենք 200-ից ավելի բաժանարարի հարթ փական, սակայն դրանց վրա մշտական վերահսկողություն իրականացնելու բավարար ռեսուրսներ չունենք: Այսինքն՝ նաև մեր բնակչությունը մեզ պետք է օգնի։
– Ի՞նչ աշխատանքներ են իրականցվել սպասարկման տարածաշրջանում Ձեր ղեկավարման ժամանակահատվածում։
– 2021-2022թ-ին ՀՀ Ոռոգման Համակարգերի Արդիականացման ծրագերի շրջանակներում վերակառուցվել են <<Արագածոտն>> ՋՕԸ սպասրկաման Աշտարակի մայր ջրանցքի Քասախ գետի թեք լանջի դժվարին հատվածը, Օշականի մայր ջրանցքի գյուղամիջյան հատվածը, ՄԽ-1 բաժանարարը, որը ոռոգում է Կարբի և Նոր Երզնկա համայնքներ, ՄՈՒ-11 բաժանարարը,Ոսկեվազի մայր առուն։
Համայնքների Զարգացման Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընդհանում են շինարարական աշխատանքներ՝ Նոր-Ամանոս ,Ուջան բնակավայրերում։
Շինարարական աշխատանքները կատարվում են բարձր որակով ,որի արդյունքում նվազում են ոռոգման ջրի կորուստները ՝խնայելով Սևանա լճի ջուրը ։
Մեր ընկերությունը անցած տարվա համեմատ այս տարվա դրությամբ ջրախնայողություն է ունեցել 3 միլիոն խորանարդ՝ համեմատականով նույն հեկտարի մասով՝ 9350 հա, այսինքն՝ դա եղել է կորուստների կրճատման, ներտնտեսային ցանցերի որոշակի վերանորոգումների հաշվին։ Ունեք մի փոքր աճ նաև գումարների գանձման առումով՝ մոտ 20%-ի չափով։ Այսինքն՝ ժողովուրդը փորձել է պարտաճանաչ վճարումներ կատարել: Անպարտաճանաչ ջրօգտագործողներից գանձվել է դատարանի միջոցով։
– Պարոն Արշակյան, կադրային խնդիրներ ունե՞ք։
– Այո, սա այն ոլորտ է, որտեղ կարդրերի հարցը խնդիր է, քանի որ այդ տվյալ շրջանի տվյալ բնակավայրին տիրապետող մարդիկ չեն ուզում աշխատել ոլորտում, որովհետև այն ինքնին խնդրահարույց ոլորտ է: Բնակիչը չի ուզում իր հարևանի, բարեկամի հետ լավուվատ լինել: Ուստի՝ կադրային մասով մենք լուջ խնդիրներ ունենք, բայց փորձում ենք մեր սեփական ուժերով հաղթահարել, անգամ կողքի բնակավայից ենք աշխատակից ընդունում, որը քիչ–քիչ ծանոթանում է տեղանքին և անցնում իր բնականոն աշխատանքին։
– Իսկ ինչպիսի՞ն է տեխնիկական հագեցվածությունը։
– Կառավարության միջոցներով մասնակի տեխնիկական բարելավում ենք ունեցել, որը շարունակական է, տեխնիկաներ տալիս են ՋՕԸ-երին, քանի որ նախորդները հնամաշ են պարկը, քիչ-քիչ նորացվում է։ Հագեցվածությունը նորմալ է։
– Այս պահին ո՞ր տարածքը՝ բնակավայրը կառանձնացնեիք՝ որպես խնդրահարույց՝ ջրի կառավարման առումով։
– Ջրի կառավարումը բոլոր տեղերում տոկոսային հարաբերակցությամբ նույն է՝ խնդրահարույց է: Այսինքն՝ ջրի կառավարման մասով մենք չունենք այնպիսի մի տեղ, որտեղ խնդիրը խորացված է: Սպասարկման թե՛ գլխամասի բնակավայրում, թե՛ վերջնամասի համայնքում ջրի քանակը նույնն է։ Մեր մոտեցումը օբյեկտիվ է, ոչ ոք արտոնյալ չէ: Բոլոր բնակավայրերի ջրամատակարարումն իրականցվում է ըստ պլանի, համահավասար: Կան բնակավայրեր, որտեղ կորստի աստիճանը շատ ավելի բարձր է, դա մենք ընթացիկ փորձում ենք կարգավորել, այսինքն՝ վերանորոգումներ ենք իրականացնում՝ փոքրացնելով կորուստները։
– Պարոն Արշակյան, երբեմն լինում է այնպես, որ ջրբաշխները տարբերակում են դնում ծանոթ-բարեկամի: Ձեզ մոտ նման դեպքեր աձանագրվե՞լ են: Եթե այո, ապա Ձեր մոտեցումը ինչպիսի՞ն է եղել։
– Արձանագրվել են, և մեր մոտեցումը եղել է այսպես՝ արտոնյալներ չպետք է լինեն: Ջրբաշխը կա՛մ բանավոր նկատողություն է ստացել իմ կողմից, որ հաջորդ դեպքում կհեռացվի աշխատանքից, կա՛մ հեռացվել է անմիջապես։ Իսկ նման դեպքերը շատ արագ են բացահայտվում բնակիչների կողմից։