Արդարացնել ժողովրդի վստահությունը
Մարտունու խոշորացված համայնքը 2021 թ. դեկտեմբերից ղեկարում է Հովհաննես Հովեյանը:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույց նրա հետ:
– Պարոն Հովեյան, կադրային փոփոխություններ և համալրում իրականացնելիս ինչո՞վ եք առաջնորդվել։
– Շնորհակալություն հարցի համար։ Վարչական շրջանների ոչ բոլոր համայնքներում, բայց շատ տեղերում ղեկավարների փոփոխություն կարտարել ենք: Դա նաև ժողովրդի սպասելիքն էր՝ նոր մարդկանց հետ աշխատել, նոր աշխատաոճ տեսնել, նորություններ ունենալ համայնքներում: Նոր նշանակումների վերաբերյալ մինչ այժմ բնակիչների կողմից դժգոհություններ չենք լսել: Իհարկե, ուշադիր հետևում ենք, չեմ կարող ասել, որ մեր բոլոր նշանակումները շատ ճիշտ ընտրություն են եղել, բայց ուշադիր հետևում ենք մեր վաչական ղեկավարների աշխատանքներին: Կարծում եմ ընթացքը ցույց կտա՝ մեր կայացրած որոշումները ճի՞շտ են եղել, թե՞՝ ոչ: Համակարգը ձևավորման փուլում է: Շուտով կանցկացնենք մրցույթ՝ համայնքային ծառայողներ ընտրելու համար: Ցանկացած ոք, ով չափանիշներին կբավարարի, կունենա հնարավորություն, կծանոթանա հարցաշարերին, բաժիններին, մասնագիտություններին և կմասնակցի մրցույթին: Համենայնդեպս, ես տրամադրված եմ, որ ձևավորվի մի ապարատ՝ բանիմաց, գրագետ, իրենց աշխատանքին տիրապետող մարդկանցից, որպեսզի կարողանանք իրականացնել բոլոր այն պահանջները, որ ունի Մարտունու տարծաշրջանի բնակչությունը:
Ես այդպես եմ տրամադրված, այդ նպատակով եմ եկել, և, փառք Աստծո, կառավարությունը բավականին լայն հնարավորություն է տալիս այդ ամենը իրագործելու: Եթե որևէ բան չի ստացվում, իհարկե, մենք խոշորացման մոդելից չենք բողոքում, դրա պատճառը պետք է փնտրենք մեր մեջ, քանի որ ոչ ճիշտ կառվարման արդյունքում ինչ-որ մի բան չի ստացվելու։
– Պարոն Հովեյան, որպես երկար տարիներ մարզի խոշոր համայքներից մեկի ղեկավար՝ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է խոշորացման մոդելը։
– Խոշորացման մոդելի մասին ես մի անգամ արտահայտել եմ իմ տեսակետը ԶԼՄ-ներից մեկով։
Խոշորոցման մոդելի բնույթի, գաղափարի վերաբերյալ մինչև խոշորացումը բազմաթիվ քննարկումներ են եղել, ինքս մասնակցել եմ դրանց և ուշադիր հետևել եմ, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Եղել են հանրային լսումներ, տարբեր համայնքներում քննարկումներ: Հիմա արդեն որպես խոշորացված համայքի ղեկավար՝ նորից կրկնում եմ՝ եթե կարողանում են տրված բոլոր լայն հնարավորությունները ռացիոնալ կազմակերպել, շատ լավ մոդել է, շատ լավ գաղափար: Օրինակ, մենք ունեք բնակավայր, որ տարիներ շարունակ չի կարողացել ոչ միայն համայնքում ծրագրեր իրականցնել, այլև անգամ աշխատավարձը չի ապահովել, կամ հազիվ կարողացել է համայնքապետարանի աշխատողների աշխատավարձը ապահովել: Մինչդեռ հիմա տվյալ բնակավայրում մենք ծրագիր ենք իրականցնում, և մարդիկ կածես թե դեռ չեն հավատում, թե ինչպես կարող է այդպիսի ծրագիր իրականցվել իրենց համայնքում: Այսինքն՝ մենք կարողանում ենք տարածքները համաչափ զարգացնել՝ ուշադիր հետևելով: Ծրագրերն իրականացնում ենք ոչ թե ըստ ցանկության, այլ՝ ըստ կարևորության: Սա ասում եմ ոչ թե որպես խոշորացված համայնքի ղեկավար, ոչ՝ խոշորացված մոդելը շատ լավ գաղափար է, եթե կարողանում ես աշխատացնել և ճիշտ կառավարել քո համայնքը: Ես դա ասում եմ որպես բավականին երկար ժամանակ աշխատած համայնքի ղեկավար։
– Մարտունի խոշորացված համայնքում ո՞ր բնակավայրերն են ավելի վատ վիճակում գտնվում՝ չեն գործում ենթակառուցվածքները, շատ չլուծված խնդիրներ կան համայքնում: Կխնդրեմ՝ առաձնացնեք։
– Անվանական չեմ ասում, բայց կան համայնքներ, որոնք ծրագրերի իրականացման տեսանկյունից հետ են: Օրինակ, կա համայնք, որ մինչև օրս խմելու ջրագիծ չունի, խմելու ջրի ներքին ցանցի վիճակն է վատ, ոռոգման համակարգն է թերի, մանկապարտեզ չունի, կամ մշակույթի տունը ոչ բարվոք վիճակի պատճառով չի գործում:
Մենք դրանց բոլորին անդրադարձել ենք, կլուծվեն ըստ առաջնահերթության կարևորության:
Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում բոլոր համայնքները կունենան գործող մանկապարտեզներ, այունհետև՝ մշակույթի տներ, ասֆալտապատ ճանապարհներ, լուսավորության համակարգ, ջրագծերի ներքին ցանց և այլ ենթակառուցվածքներ, որոնք բացակայում են:
Կրկնում եմ՝ կան համայնքներ, որոնք բավականին հետ են կատարված ծրագրերից, և կան համայնքներ, որոնք կարողացել են ճիշտ կազմակերպել և առաջ են գնացել, ունեցել են իրենց ազատ միջոցները, ամբողջությամբ չեն շռայլել: Կարծում եմ՝ մեկ-երկու տարում այդ ամենը մենք կարող ենք իրականցնել, և բոլոր բնակավայրերում կլինեն նշված ենթակառուցվածքները:
Այժմ որոշ բնակավայրերում մանկապարտեզների վերանորոգումը ընթացքի մեջ է, արդեն իսկ ունենք նոր գույք՝ ձեռք բերված այդ մանկապարտեզների համար: Մինչ տարեվերջ կավարտվեն վերանորոգման աշխատանքները, նոր գույքը կտրամադրենք, և մանկապարտեզները կսկսեն գործել: Հիմնականում փոքր համայնքներում չեն կարողացել ծրագրեր իրականացնել, քանի որ համայնքը չի կարողացել իր կողմից ներդրում ապահովել: Եթե եղել է ԾԻԳ-ով որևէ ծրագիր, իրականացվել է, եթե՝ ոչ, իրենց բյուջեով չեն կարողացել: Իսկ հիմա լայն հնարավորություն կա սուբվենցիոն ծրագրերի, ազատ ընտրություն, մնում է միայն գումարը ճիշտ կառավարել, և տվյալ համայնքում ինչ ծրագիր ուզում ես, փառք Աստծո, կառավարությունը տվել է հնարավորություն, իրականացրու: Ճիշտ կառավարման արդյունքում հնարավոր է բավականին ծրագրեր իրականցնել։ Մենք ունենք փոքր համայնքներ, որտեղ այս տարի սուբվենցիոն ծրագրերում բավականին մեծ ծրագրեր ենք ընդգրկել: Դա փողոցների ասֆալտապատումն է, լուսավորության ցանցի, ոռոգման համակարգի, ջրահեռացման ցանցի անցկացումն է: Փոքր համայնքներից մեկում կառավարության ծրագրով տիպային դպրոց է կառուցվում։
Այս տարի 3.5 միլարդ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնելու, որից 1.5 միլարդը համայնքի համաֆինանսավորումն է, մնացածը՝ կառավարության ֆինանսավորման մասը: Հիմանականում դա տրամադրվում է մանկապարտեզների կառուցման, վերականգնման, մշակույթի տների, ճանապարհների ասֆալտապատման, ոռոգման համակարգերի կա, խմելու ջրագծերի կառուցման, լուսավորության ցանցերի համար: Հիմնականում այս աշխատանքների համար են պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։
Մեր խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերն ընդգրկված են այս ծրագրերում. ամեն մի բնակավայում 2-3 ծրագիր է իրականացվում։ Չնայած բոլոր համայնքներում եղել են հանրային լսումներ, և բնակիչները գիտեն, թե իրենց բնակավայրում ինչ աշխատանքներ են կատարվելու, սակայն տարվա վերջում իրականացվող ծրագրերը տեսանելի կլինեն բոլորի համար։
– Պարոն Հովեյան, համայնքը տեխնիկապես հագեցված է: Ձեր կառավարման ներքո ինչպե՞ս եք կարողանում իրականցնել գյուղտեխնիկայի ապահովումը։
– «Տարածքային զարգացման» հիմնադրամը խոշորացվող համայնքներին տրամադրում է բավարար քանակով տեխնիկա, ինչը հանրային քննարկման արդյունքում համայնքի բնակիչները պահանջել են: Այսինքն՝ այժմ մեր համայնքի կոմունալ տնտեսությունը բարեկարգելու, հզորացնելու, տեխնիկապես վերազինելու համար բավականին խոշոր գումարի արժողությամբ տեխնիկաների հայտը արդեն հաստատվել է «Տարածքային զարգացման» հիմնադրամի կողմից:
Բոլոր համայնքներում կա գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր, որը մենք կարճ ասում ենք կոոպերատիվների ծրագիր: Գրեթե բոլոր համայնքներում տեխնիկաները կան, բայց դրա հետ կապված մի խնդիր կա, որն այս պահի դրությամբ քննարկման փուլում է: Գեղարքունիքի մարզպետը՝ պարոն Սարգսյանը և ծրագրի պատասխանատուն՝ Բադալյան Խորենը դրան ուշադիր հետևում են: Մենք քննարկում ենք համայնքի կողմից դրա վերահսկողության հարցը: Այսինքն՝ ամեն մի կոոպերատիվ մի համայնքում լավ է աշխատում, մյուսում՝ ոչ այնքան, մի տեղ տեխնիկան սարքին է, մի այլ տեղ սարքին չի: Դրանց լիարժեք կանոնակարգելու հնարավորությունը դեռ չունենք՝ ըստ իրենց կանոնադրության համաձայն, բայց, բոլոր դեպքերում, մենք հետևում ենք՝ ինչ է կատարվում. գյուղատնտեսական աշխատանքների գնային առումի, տեխնիկաների ռացիոնալ օգտագործման մասին է խոսքը։
– Համայնքում ինչպե՞ս է լուծվել պարարտանյութի խնդիրը։
– Ունենք մոտ 1400 տ հայտ: Կառավարությունը սուբսիդավորում է 9 հազար դրամ մեկ պարկի համար, մոտ 12 հազար դրամ վճարում են բնակիչները՝ կախված նրանից, թե որ մատակարարը ինչ արժեքով է ներկրում։Մարզպետի հետ մշտապես հետևողական ենք եղել գործընթացին, մատակարարների հետ կապը միշտ պահպանվել է։ Թանկացումներ եղել են բոլոր երկրներում: Շնորհակալություն պետք է հայտնել կառավարությանը սուբսիդավորման համար, քանի որ գյուղացիական տնտեսությունների համար մեկ պարկի դիմաց ինը հազար դրամը քիչ աջակցություն չէ։
Վստահեցնում եմ մեր տարածքի բնակչությանը, որ հաջորդ տարի էլ ավելի զարգացած համայնք ենք ունենալու՝ էլ ավելի շատ ծրագրերով հագեցած, շատ ծրագրեր իրականություն դարձրած: Կամաց-կամաց գնում ենք առաջ: Կրկնում եմ՝ եթե խոշորացված համայնքում ինչ-որ բան չի ստացվում, երբեք չքննադատեն մոդելը, այլ քննադատեն իրենք իրենց: Սա ասում եմ որպես համայնքի ղեկավար: