ԿարևորՀասարակություն

Պատերազմի ողջ ընթացքում անձամբ ականատես եմ եղել Արծրուն Հովհաննիսյանի գործունեությանը․Արմեն Խաչատրյան

<<Երկրի համար ճակատագրական պահերին ամեն ոք չէ, որ կարող է կամք, համարձակություն, պատրաստակամություն դրսևորել՝ ստանձնելով առանձնահատուկ պատասխանատու դերակատարում։ Եվ ինքնին հասկանալի է՝դրա համար ոչ միայն մտավոր ունակություններ և փորձ է անհրաժեշտ, այլև՝ կայուն հոգեվիճակ, ահռելի մեծ ուժ և քաջություն։

Պատերազմի օրերին բոլորիս ՝ թե՛ հայ ազգի, թե՛ զինվորականների ուշադրությունը սևեռված էր Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած տեղեկատվությանը, նրանից էր ակնկալվում այդքան բաղձալի հաղթանակի լուրը։

Այդուհանդերձ, ներկայումս հատկապես իրենց լրատվամիջոց համարող կայքերի կողմից տարբեր խառնիճաղանջ շրջանակների պատվերներով փորձ է արվում Արծրունին քարկոծել ու նրա գործունեությունը հողին հավասարեցնել։

Պատերազմի ողջ ընթացքում անձամբ ականատես եմ եղել Արծրուն Հովհաննիսյանի գործունեությանը։ Բացի ռազմաճակատում տիրող իրավիճակը հանրությանը ներկայացնելուց, Արծրունը շուրջօրյա ռեժիմով կազմակերպում էր առաջնագծի ստորաբաժանումների տեխնիկական համալրման աշխատանքները՝ սկսած այդքան անհրաժեշտ գիշերային, տեսանելիության, ջերմատեսիլ, նշանառության օպտիկական և օպտիկալազերային սարքերից, ռադիո և արբանյակային կապի միջոցներից, դռոններից, համազգեստից, վերջացրած ամենագնաց ավտոմեքենաներով։ Այդ ամենը իրականացվում էր ընկերների և արտերկրի մեր հայրենակիցների միջոցներով, որոնց աննկարագրելի հայրենանվեր գործունեությանը դեռևս կանդրադառնանք։ Մեր բանակի մի շարք, հատկապես՝ Գորիսի շրջանում տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանումները երբեք չեն մոռանա այն օժանդակությունը, որը կազմակերպվել էր Արծրունի կողմից։ ‌

Պատերազմի օրերին համոզվեցի, որ Արծրուն Հովհաննիսյանը, բացի պրոֆեսիոնալ բացառիկ որակներով սպա լինելուց, նաև որակյալ ռազմական փորձագետ է։ Վերջինիս և իր նման սպաների ու մասնագետների գիտելիքներն ու ներուժը հատկապես հիմա խիստ անհրաժեշտ են Հայոց բանակի մեջքն ուղղելու, տարածաշրջանում ի հայտ եկած որակապես նոր մարտահրավերները հաղթահարելու ունակ զինված ուժեր ստեղծելու գործում։

Անկասկած, մեծ էին սպասելիքներն ու հավատը պատերազմի օրերին, և առավել խորն է այսօր մեր վերքն ու անդառնալի կորուստների ցավը։ Սակայն եկեք զայրույթի և պոռթկումի պահին չմոռանանք՝ Արծրուն Հովհաննիսյանն իր վրա էր վերցրել ոչ միայն իրավիճակը սառնասրտորեն վերլուծելու և հանրությանը ներկայացնելու, հայտնելու, այլև՝ բանակին, ժողովրդին քաջալերելու և մարտական ոգին բարձր պահելու դժվարին հանձնառությունը, ինչը կատարել է պատվով, այնպես, ինչպես խրամատում մեր այն քաջարի զինվորներն ու սպաները, ովքեր մինչև վերջին պահը արել են հնարավորն ու անհնարը հաղթանակի համար>>,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker