Աշխարհ

Բայդենի մեղադրանքներին պատասխանելու համար Պուտինը նրան հրավիրել է քննարկման ուղիղ եթերում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է իր ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Բայդենին, վերջինիս բոլոր մեղադրանքներին պատասխանելու և հարցերի պարզաբանման համար անցկացնել բաց երկխոսություն ուրբաթ՝ մարտի 19-ին կամ առաջիկա երկուշաբթի, սակայն պայմանով, որ այն կիրականացվի ամբողջությամբ ուղիղ եթերում ու կլինի արդար:

Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ -Ի նախագահը մեղադրանքներ էր հնչեցրել Պուտինի հասցեին՝ նրան մեղադրելով Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ: Բացի այդ, նշել էր, որ հանցագործ ու մարդասպան է համարում Պուտինին, իսկ ընտրություններին ունեցած միջամտության համար սպառնում էր ՌԴ-ին նոր պատժամիջոցներով:

Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է, որ նախորդ անգամ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է Բայդենից: «Ես ուզում եմ հրավիրել Նախագահ Բայդենին շարունակել մեր քննարկումները, բայց պայմանով, որ մենք դա անենք իրար նայելով, ինչպես ասում են, առցանց: Բայց առանց որևէ հապաղման, մոտակա օրերին, ուղղակիորեն բաց քննարկմամբ», – ասել է Պուտինը:

«Ես չէի թողնի այդ գործը շատ ուշ ժամանակի վրա: Ուզում եմ հանգստյան օրերին տայգա գնալ, մի փոքր հանգստանալ այնտեղ, կարող ենք վաղը կամ, ասենք, երկուշաբթի առցանց հանդիպումը կազմակերպել: Խնդրեմ, մենք պատրաստ ենք ցանկացած պահի,ամերիկյան կողմի համար ցանկացած հարմար ժամանակ: Ես հիմա համապատասխան ցուցումներ կտամ Արտաքին գործերի նախարարությանը»,-ասել է Պուտինը:

Ըստ Ռուսաստանի ղեկավարի, դա հետաքրքիր կլիներ ինչպես Ռուսաստանի ժողովրդի, այնպես էլ Միացյալ Նահանգների ժողովրդի համար:

«Եվ շատ այլ երկրների համար էլ՝ հաշվի առնելով, որ մենք, որպես ամենամեծ միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն ենք կրում մոլորակի ռազմավարական անվտանգության համար», – ասել է  Պուտինը:

Սպիտակ տունը դեռ չի ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ուղիղ երկխոսություն կազմակերպելու առաջարկը, պաշտոնական պատասխան չկա:

Ռուսաստանի Դաշնության նախագահը մեկնաբանել է նաև իր վերաբերմունքը Բայդենի ՝ իրեն ուղղված հայտարարություններին՝ տալով խոհափիլիսոփայական պատասխան: «Երբ մենք ինչ-որ մեկին ուսումնասիրում ենք կամ մտածում ենք, թե  ուսումնասիրում ենք, տպավորություն է ստեղծվում, որ մենք ուսումնասիրության օբյեկտին նայում ենք խոշորացույցի միջոցով կամ գոնե՝ թափանցիկ ապակիով: Իրականում,  մենք սովորաբար մեկին ուսումնասիրելիս հայելու մեջ ենք նայում ու տեսնում այդ արտացոլանքի մակարդակում»: – ասել է Պուտինը:

«Որպեսզի չխորտակվենք հեռակա, մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունները», – շեշտել է ՌԴ նախագահը ՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է Բայդենի հետ աշխատել իր հայտարարություններից հետո:

«Մենք կարող ենք խոսել երկկողմ հարաբերությունների, ռազմավարական կայունության և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և այլ խնդիրների մասին, որոնց բախվում է մարդկությունը այսօր. Դրանք շատ կան, ես դրանք չեմ թվարկի հատ առ հատ», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ զրույցի թեման կարող է լինել նաև կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:

«Հայտնի է, որ Միացյալ Նահանգներում իրավիճակը բարդ է, նրանք դեռ շատ հեռու են այդ խնդիրները լուծելուց: Մենք ավելի վստահորեն առաջ ենք շարժվում, մենք խոսելու, կիսելու բան ունենք», – ասել է Ռուսաստանի նախագահը՝ կրկին հավելելով, որ Բայդենի հետ զրույցն ու քննարկումը պետք է լինի ուղիղ, իսկ անաչառությունն ապահովելու համար այն պետք է ընթանա ուղիղ եթերում:

Մեկ այլ հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կպատասխանի իրեն  որպես «մարդասպան ու հանցագործ» որակած Բայդենի հայտարարությանը, Պուտինն ասել է, թե պարզապես առողջություն կմաղթի Բայդենին:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահի խոսքերից անմիջապես հետո ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ առևտրի ոլորտում նոր սահմանափակումների մասին:

Ըստ CNN հեռուստաալիքի ՝ ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության մասին ԱՄՆ-ի հետախուզության զեկույցի հրապարակման կապակցությամբ Սպիտակ տունը հաջորդ շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խստացված պատժամիջոցների մասին:

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!
Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker