Թուրքիայի գործողությունները միտված են Օսմանյան կայսրության վերականգնմանը. վարչապետը՝ TIME հանդեսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի մասին հոդվածը. «TIME-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար:
«Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ», – հոկտեմբերի 2-ին TIME-ի հետ հեռախոսազրույցում ասաց Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին ի աջակցություն Ադրբեջանի տարածաշրջան 1500–2000 սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մեջ: Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասաց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:
Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանեց, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա, իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:
Փաշինյանն ասաց` որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:
Նա պնդում էր, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին:
Ըստ Փաշինյանի, ներկայումս Ադրբեջանում կան 1,500–2,000 ահաբեկիչներ»