ԿարևորՀասարակությունՏեսանյութերՔաղաքականություն

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ. ՍԹԱՓ ԴԱՏՈՂՈՒԹՅԱՄԲ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Սյունիքի մարզի Քաջարան համայնքում  սեպտեմբերի 25-ին կկայանան ՏԻՄ համամասնական ընտրություններ: Այստեղ առաջադրվել է երեք քաղաքական  ուժ: Այդ առիթով զրուցեցինք համայնքի գործող ղեկավար, «Դեպի միասնություն» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Մանվել Փարամազյանի հետ։ Վերջինս 2017 թ. նոյեմբերի 5-ին ընտրվել և նոյեմբերի 13-ից Քաջարան խոշորացված համայնքի ղեկավարն է:

– Պարոն Փարամազյան, որո՞նք են այն աշխատանքները, որ իրականացրել եք Ձեր ղեկավարման տարիներին:

– Բազմաթիվ աշխատանքներ են իրագործվել այս տարիների ընթացքում: Մասնավորապես՝ հիմնանորոգվել և նոր գույքով վերազինվել են Արվեստի դպրոցը և Մշակույթի պալատը, կառուցվել է Գայի փողոցի պուրակը, ամրացվել են հենապատերը և շենք 1-ը, հիմնանորոգվել է Տերյան փողոցի կամուրջը: Խաղահրապարակ է կառուցվել Խանջյան փողոցում, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել մի շարք փողոցներում, ինչպիսիք են՝ Շահումյան, Չարենց, Շիրվանզադե, Տերյան, Լեռնագործ, Գետափնյա և այլն: Հիմնանորոգվել է ջրի մաքրման կայանը, որտեղ նաև կառուցվել ու նոր գույքով վերազինվել են նոր սանհանգույցներ, հանգստի սենյակ, ճաշարան:

Վերակառուցվել է Եղբայրական հուշահամալիրը, իսկ քաղաքի մուտքի մոտ կառուցվել է Արջի պուրակը: Լուծվել է փողոցային լուսավորության խնդիրը, նորացվել է քաղաքի ջրագծերի ցանցը:

Ամենակարևոր աշխատանքներից է սահմանների պաշտպանական հատվածի ամրացումը, վերազինվել են սահմանային ու դիրքային պաշտպանական տարածքներ տանող ճանապարհները: Կառուցվել է Չարենց փողոցի մարզադաշտը, հիմնանորոգվել են Քաջարանի թիվ 1 մանկապարտեզը, ՀՈԱԿ-ի սննդի բլոկը և սանհանգույցները, կառուցվել է հանդերձարան, դահլիճ, կաթսայատուն: Գեղի բնակավայրում կառուցվել են խմելու ջրի արտաքին ցանցի 1-4 և 2-3 ճյուղերը, հիմնանորոգվել է Լեռնաձորի Մշակույթի կենտրոնի 2-րդ հարկը: Հիմնանորոգվել են նաև Լեռնաձոր, Քաջարանց, Բարիկավան բնակավայրերի փողոցները, ինչպես նաև մի շարք շենքերի բակեր ու մուտքեր: Կառուցվել են խաղահրապարակներ, մարզահրապարակ և այլն: Կառուցվել են Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քաջարան համայնքով անցնող հատվածի աջակողմյան մայթերը: Հիմնվել են թատերարվեստի, ժողգործիքների, խեցեգործության և կավագործության խմբակներ: Չմոռանանք նաև Քաջարան քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման արտաքին ցանցի մասին: Մի խոսքով, աշխատանքները բազմաթիվ են, որոնց մասին կվկայեն նաև բնակիչները: 

– Պարոն Փարամազյան, այսօր, Ձեր կարծիքով, ո՞ր բնակավայրերում կան ավելի շատ խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեն:

– Խոշորացումից հետո մեր համայնքում ընդգրկվել է 22 գյուղական բնակավայր: Իհարկե, կախարդական փայտիկ չունենք, որ օգտագործենք և միանգամից բոլոր խնդիրները լուծենք, բայց երկուս ու կես տարվա ընթացքում, հաշվի առնելով ճգնաժամային տարիները, համավարակը, իմ բացակայությունը, այնուամենայնիվ որոշակի աշխատանքներ իրականացվել են: Ի դեպ, իմ բացակայությունը շատ խիստ ազդեց մեր համայնքի ու բնակչության վրա: Սակայն  կիսատ մնացած, բաց թողնված բոլոր աշխատանքները շատ հետևողական, արագ սկսել ենք, որոշներն արդեն իրագործվել են, որոշներն էլ ընթացքի մեջ են։ Պետք է նշեմ, որ բնակավայրերում առկա խնդիրները կապված են հիմնականում ջրի, ասֆալտապատման հետ: Ընդհանուր առմամբ գյուղական բնակավայրերում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։

Ընդհանրապես, ծրագրերի իրականացումը ես այնպես եմ կազմակերպել, որ համահավասար զարգանան և՛ գյուղական բնակավայրերը, և՛ քաղաքը: Եկող տարվա համար 2,8 միլարդ դրամի սուբվենցիոն հայտ ենք ներկայացրել։

– Պարոն Փարամազյան, իսկ կառավարության կողմից եղե՞լ է սուբվենցիոն ծրագրի մերժման դեպք: 

– Երբեք նման բան չի եղել։ Խիստ կարևորում եմ փոխհամագործակցության դաշտի ձևավորումը կառավարության հետ, քանզի դա նպաստում է միմիայն ժողովրդի, համայնքի բարօրությանը: Անտրամաբանական է անգամ մտածելը, որ առանց կառավարության ու պետության հնարավոր է ինչ-որ բանի հասնել: Ինչ էլ որ լինի, մենք միշտ պետք է առաջ նայենք։

– Պարոն Փարամազյան, Դուք խոսեցիք իրականացրած աշխատանքների մասին, իսկ որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրերը, որ կյանքի կկոչվեն Ձեր վերընտրվելու դեպքում։

– Ծրագրերը բազմազան են, մասնավորապես՝ միջհամայնքային և գյուղական բնակավայրերի ճանապարհների ու կամուրջների հիմնանորոգում, Քաջարան քաղաքի խմելու ջրի 6 կմ-անոց նոր ջրագծի կառուցում, Քաջարան քաղաքի բակերի, փողոցների և մայթերի հիմնանորոգում, բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրների վերջնական լուծում, համայնքի սելավատարերի և ջրահեռացման համակարգերի վերազինում, Սգո սրահի կառուցում, կենցաղ-սպասարկման օբյեկտների (հացատներ) վերանորոգում, «Թթու ջուր» հանգստյան գոտու կառուցման և բարեկարգման աշխատանքների ավարտ, գյուղական համայնքներում մանկական զբոսայգիների և հանգստի գոտիների կառուցում, դեպի Մեղրի (գետափնյա փողոցի կամրջով) Քաջարան քաղաքը շրջանցող նոր ճանապարհի կառուցում, հատուկ մանկավարժական և շտկողավերականգնողական կենտրոնի ստեղծում, ռոբոտաշինության կենտրոնի հիմնում:

Նախատեսում ենք նաև աջակցություն բժշկական կրթական հաստատություններում սովորող առաջադեմ ուսանողներին՝ ավարտելուց հետ մասնագիտական աշխատանքը համայնքում շարունակելու պայմանով, Քաջարանի թիվ մեկ ՆՈՒՀ-ի տիպային շենքի կառուցում, Քաջարան քաղաքում կառուցված 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը խորդհրդանշող հուշակոթղի և հարակից այգու հիմնովին վերանորոգում, ինչպես նաև գրադարանային համակարգի բարելավում, ֆոնդի թվայնացում, Էլեկտրոնային գրադարանների, թանգարանի ստեղծում, փակ լողավազանի կառուցում, հեծանվային կանգառների ստեղծում։ Մեր ծրագրերում ընդգրկված աշխատանքներից են նաև գյուղատնտեսական շուկայի ստեղծումը, բացօթյա առևտրի կանոնավորումը, կոմունալ և գյուղտեխնիկայի ավտոպարկի համալրումը, համայնքի գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրի ցանցի խնդիրների վերջնական լուծումը,Քաջարան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը, համայնքի կանաչ գոտիների հիմնումը և այլն։ Ինչպես տեսնում եք, պլանները շատ-շատ են:

– Իսկ ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը: Համայնքում կա՞ լարվածություն, թշնամանք, արդյոք իրականացվո՞ւմ է սև փիառ մրցակիցների կողմից։

– Ես հայ եմ, բնականաբար իմ թշնամին թուրքն է: Սև փիառ որպես այդպիսին դեռ չկա: Նկատվում են որոշ էժանագին քայլեր, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է։

– Ի՞նչ եք կարծում, նախընտրական փուլը մինչև վերջ նորմալ կընթանա՞, առանց ցնցումների։

– Եթե ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն՝ պետք է լինի ազատ, թափանցիկ ընտրություն: Բազմիցս ապացուցվել է, որ ժովորդի դեմ գնալով ոչ մի արդյունքի հնարավոր չէ հասնել: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը սեպտեմբերի  25-ին տալու է իր ճիշտ գնահատականը։

– Պարոն Փարամազյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում վերընտրվելու Ձեր շանսերը։

– Ես չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել և որևէ գնահատական տալ: Պարզապես մենք մեր կշիռը լավ գիտենք, ունենք բավականին ճիշտ թիմ և այդ թիմով էլ հանդես ենք գալիս: Բնակչությունը լավ գիտի թե՛ մեզ, թե՛ մյուս թեկնածուներին, բոլորի արած-չարածները: Ես չեմ սիրում որևէ մեկի հետից ինչ-որ բան խոսել, բայց սա այն դեպքն է, երբ տեսնում ես, որ նախկին ղեկավարը կարծես ինքնախաբեությամբ է զբաղվում: 14 տարվա ղեկավարումից հետո, անկեղծ ասած, ես ստացել եմ վատ ժառանգություն: Դա բոլորը գիտեն: Առ այսօր Քաջարան քաղաքը ես մաքրում եմ «Ավգյան ախոռներից»:

Ի դեպ, ուզում եմ նշել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհիվ մենք մեր համայնքը օր օրի զարգացնում ենք, կոմբինատը միշտ էլ աջակցել է համայնքին, ողջունել ցանկացած ծրագիր, եթե այն ի շահ համայնքի է, նաև նախկին ղեկավարության օրոք: Համայնքի բյուջեի հիմնական մասը ձևավորվում է կոմբինատի վճարած հարկերից: Ներկայումս էլ տնօրինության հետ շատ լավ հարաբերություններ ունեք, ստեղծված է փոխշահավետ համագործակցության դաշտ, վստահության մթնոլորտ:

Ավելացնեմ, որ նախկին ընտրությունների ժամանակ մենք ինչ ծրագրեր ունեցել ենք, ինչ խոստումներ տվել ենք, իրականություն ենք դարձրել, դեռ մի բան էլ ավելին: Եթե թվարկեմ կատարած աշխատանքների մասին, օրեր կտեևի: Սակայն մենք փիառի, մեզ  ներկայացնելու կարիք չունենք: Երբ գնում ենք բնակիչների հետ հանդիպման, ես չգիտեմ՝ ինչ խոսեմ, քանի որ ամեն օր նրանց տեսնում եմ: Դա նույնն է, թե ամեն օր Ձեզ տեսնեմ ու հաջորդ օրը գամ քարոզարշավի։

Մարդ իր տեսակը չպետք է փոխի: Մենք չենք գալիս մեր անձնական շահի համար: Մենք գալիս ենք նույն խոնարհ ծառայի նման, ինչպես հինգ տարիների ընթացքում էր: Համայնքի ղեկավարի պաշտոնը ժողովրդի ծառա լինելն է, պետք է կարողանաս քո ժողովրդի հոգսերով ապրել, նրան հուզող խնդիրներին լուծում տալ: Չկայացած մարդը չի կարող համայնքի կայացած ղեկավար լինել։

– Ի՞նչ կհղեք Քաջարան խոշորացված համայնքի բնակիչներին՝ ընտրողներին։

– Առաջնահերթ առողջություն և հաջողություն եմ մաղթում: Չեմ կասկածում ընտրողների գիտակցությանը: Մարդը, ամբոխը կարող է սխալվել, բայց ժողովուրդը չի կարող սխալվել: Ուստի՝ ես չեմ կասկածում մեր ժողովրդի դատողությանը: Կոչ եմ անում սառը դատելով և գիտակցված ընտրություն կատարել: Համոզված եմ, որ ամսի 25-ին կկատարեն ճիշտ ընտրություն, և «Դեպի Միասնություն» դաշինքը, 25 համարը կստանա ժողովրդի վստահության քվեն, որպեսզի մեր կիսատ մնացած աշխատանքները, ծրագրերը հասցնենք ավարտին։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker