ՀասարակությունՄշակույթ

Ի՞նչ արժեն Սնուփ Դոգի համերգի տոմսերը

Մի քանի շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ի լուր աշխարհի աչքալուսանք տվեց, որ սեպտեմբերի 23-ին Հայաստան է գալիս համաշխարհային աստղերից մեկը: Հետո պարզվեց, որ մեգա աստղը, որը մեզ երջանկացնելու է իր համերգով, Սնուփ Դոգն է: Արագությամբ հանրությանը հասանելի դարձավ կառավարության որոշումը, ըստ որի՝ 23 միլիոն դոլար պետք է ծախսվեր 3 համերգի համար, որոնք կայանալու են մինչեւ փետրվար ամիսը, եւ որոնցից մեկը Սնուփ Դոգի համերգն է լինելու: Կառավարությունը, կառչելով անորոշ տեղեկատվության հանգամանքից, նախ հերքում տարածեց, թե 23 միլիոն չեն ծախսելու, սակայն հետո պարզվեց, որ 23 միլիոնը ոչ թե մեկ համերգի, այլ 3 համերգի վրա է ծախսվելու, ընդ որում հաջորդը կարծես թե Ջենիֆեր Լոպեսի այցն է լինելու։ Իսկ ՍնուփԴոգի համերգի վրա ,արդեն հայտնի է ,որոշել է պետության պահուստային ֆոնդից հատկացնել 6 մլն դոլար։ Այդ որոշումն ընդունվել է անցած շաբաթ կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի շարքում։

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը, ի դեպ, այս միջոցառումը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջեւ մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ Սփեյսը»։ Ավելին՝ «Դոպինգ Սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։

2 օր է արդեն՝ սկսվել է տոմսերի վաճառքը։ Ընկերության էջում ներկայացված է տոմսային քաղաքականությունը՝ «Հրազդան» մարզադաշտը, եռագույնի տրամաբանությամբ, բաժանված է լինելու 3 տարբեր գունային գոտիների, ըստ որի՝ տարբերվելու են նաեւ տոմսերի գները․ բեմին մոտ կարմիր գոտու տոմսերն արժեն 55 հազար դրամ, կապույտ գոտու տոմսերը՝ 35 հազար, իսկ նարնջագույն գոտունը՝ 20 հազար։                              

Ըստ կառավարության, «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում եւ արտերկրում՝ նշելով, որ միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker