Քաղաքականություն

Հաղթանակին հասնում են կատրած աշխատանքով․Արաքս խոշորացված համայնքի թեկնածու Ղազար Ղազարյան

Դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «ՔՊ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։ Խոշորացված Արաքս համայնքի մեջ ընդգրկված են Առատաշեն, Խորոնք, Արտիմետ, Գրիբոյեդով, Ակնաշեն, Հայկաշեն, Գայ, Մեծամոր, Արաքս, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ գյուղերը։

Այս առիթով զրուցել ենք Արաքս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ:

– Պարոն Ղազարյան, ինչո՞ւ առաջադրվեցիք «ՔՊ» կուսակցությամբ։

– Ինձ առաջադրել է կուսակցությունը, ես էլ համաձայնել եմ։

– Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրերը:

– Նախընտրական ծրագրերում ներառված են բոլոր կետերը, որոնք քննարկել ենք ժողովրդի հետ միասին: Մասնավորապես՝ հնարավորինս աջակցելու ենք գյուղատնտեսությանը՝ մշտապես լինելով գյուղացու կողքին, նպաստելու ենք գյուղմթերքի արտահանմանը, մթերմանը։ Վերանորոգելու և վերազինելու ենք ոռոգման համակարգը, կառուցելու ենք պոմպակայաններ, ապահովելու ենք գործող կարկտակայանների անխափան աշխատանքը, տեղադրելու ենք նորերը։ Նախատեսում ենք իրականացնել Արաքս, Մեծամոր, Հայկաշեն բնակավայրերի գազաֆիկացումը, մնացած չգազաֆիկացված բնակավայրերում ապահովելու ենք գազի հասանելիությունը։ Հիմնանորոգելու և բարեկարգելու ենք ներհամայնքային ճանապարհները, մայթեզրերը։ Արդիականացնելու ենք փողոցային լուսավորության ցանցը, ինչպես նաև կառուցելու ենք նորերը։ Խմելու ջրի մատակարարումը բարելավելու համար կառուցելու ենք նոր ջրագծեր։ Իրականացնելու ենք համայնքների կանչապատում, խաղահրապարակների կառուցում։ Աստիճանաբար ընդլայնելու ենք բնակավայրերի կոյուղագծերի անցկացումը։ Արաքս խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայր ունենալու է իր մանկապարտեզը՝ վերանորոգված ու կահավորված, վերանորոգելու և վերազինելու ենք մշակութային կենտրոնները։ Աջակցելու ենք ոչ միայն աշակերտների դասագրքերի ու գրենական պիտույքների ձեռքբերմանը, այլև մարզագույքով և այլ անհրաժեշտ պարագաներով մարզադպրոցների, սպորտային խմբակների գործունեությանը: Մշտապես լինելու ենք իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների ընտանիքների և մարտական գործողություններին մասնակցած մեր բնակիչների կողքին։ Մեծ ուշադրություն ենք դարձնելու համայնքի տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց։ Հատուկ ուշադրություն ենք դարձնելու երիտասարդության հիմնախնդիրներին՝ իրականացնելով ծրագրեր ու միջոցառումներ: Մի խոսքով, կան մի շարք ծրագրեր, որոնք ավելի մանրամասն նշված են նախընտրական բուկլետում, և բոլորն էլ իրատեսական ու իրագործելի են։

– Պարոն Ղազարյան, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում խոշորացված համայնքի խնդիրների լուծումն ու Ձեր նախընտրական ծրագրերի իրագործումը:  

– Ինչպես գիտեք, 2008 թ.-ից մինչ այսօր Ջրարբի համայնքի ղեկավարն եմ, մեր համայնքում բազմաթիվ խնդիրներ են լուծվել: Թեև համայնքն ունի մոտ 1700 բնակիչ և համայնքի բյուջեն այնքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Դրա մասին կվկայեն մեր բնակիչները: Ուստի գիտեմ  խոշորացված համայնքների խնդիրները և շատ լավ պատկերացնում եմ դրանց լուծման ճանապարհները։

– Պարոն Ղազարյան, նախընտրական ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում համայնքում:

– Նորմալ նախընտրական մթնոլորտ է: Մենք մեր քարոզարշավն ենք իրականացնում, հանդիպում բնակիչների հետ և ներկայացնում մեր ծրագրերը, անելիքները։

– Ի՞նչ եք կարծում, Արաքս խոշորացված համայնքի բնակիչները ինչո՞ւ պետք է ընտրեն Ձեզ։

– Թերևս՝ գնահատելով այս տարիների ընթացքում իմ կատարած աշխատանքները Ջրարբի համայնքում և հաշվի առնելով նախընտրական ծրագրերն ու այն հանգամանքը, թե թեկնածուներից ով կարող է էլ ավելին անել մեր Արաքս խոշորացված համայնքի համար։

– Կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ։

– Իհարկե, ՏԻՄ ընտրությունները մեզ մոտ միշտ եղել են արդար։

– Պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր շանսերը:

– Բարձր:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker