Քաղաքականություն

Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է. Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի համատեղ հայտարարությունը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարությամբ: Այն ներկայացվում է ստորև.

Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ ողջունել և հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում:

Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ և բարեկամական մթնոլորտում քննարկել մեր երկու երկրների միջև համագործակցության օրակարգը:

Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Մեր երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով: Մեր դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է մեր երկու պետությունների գործընկերությունը:

Վրաստանի հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որն էլ ավելի ամուր է կապում մեր երկու երկրները: Մենք ունենք

դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ:

Այսօր պարոն Ղարիբաշվիլիի հետ մենք հնարավորություն ունեցանք շարունակել Վրաստանի կառավարության հետ հաստատված կառուցողական երկխոսությունը:

Մենք անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին: Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը:

Ինչպես միշտ, քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցեր:

Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգովորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը։

Ավարտելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ողջունել մեր բարեկամներին և սիրով խոսքը փոխանցում իմ գործընկերոջը:

Իրակլի Ղարիբաշվիլի – Շնորհակալություն: Ինձ համար մեծ պատիվ է հերթական հյուրընկալությունը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր երկրներին կապում են բազմադարյան պատմական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի: Վրաստանն ու Հայաստանն աչքի են ընկնում իրենց մեծ պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է

կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդում են հզոր պետական ինստիտուտները, ժողովրդավարությունը, բաց և թափանցիկ կառավարումը, տնտեսական առաջընթացը և նորարարությունը:

Համաձայնում ենք, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում: Մի կողմից, Covid-19-ով հարուցված համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը Ղարաբաղում, իհարկե, էական դժվարությունների առջև է կանգնեցնել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն:

Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու համագոյակցության կողմնակից, և այս կուրսը կշարունակվի հետագայում: Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին:

Ուզում եմ նշել, որ այսօրվա մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք համագործակցության բոլոր ուղղությունները: Մենք ընդգծեցինք, որ պետք է ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկել, համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, մշակույթը, նորարարությունները և զարգացնել արդեն առկա ինտենսիվ հարաբերությունները: Չնայած այդ հարաբերություններին՝ դեռ ունենք զարգացման հնարավորություն:

Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր են Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին:

Մենք պատրաստակամություն հայտնեցինք հանդիպումները շարունակել, բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանել և նպաստել ոլորտային գերատեսչությունների համագործակցությանը:

Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհակալություն ընդունելության և արգասաբեր համագործակցության համար:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker