Հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկին բացառիկ համերգով ելույթ կունենա Հայաստանում
Գերմանացի հանրաճանաչ թավջութակահար Միշա Մայսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եզակի համերգով հանդես կգա Երևանում:
Երեկոն տեղի կունենա փետրվարի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Ծրագրում կհնչի Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան:
Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է: Նա միակ թավջութակահարն է, որն ուսանել է երկու մեծագույն վարպետների՝ Մ. Ռոստրոպովիչի և Գ. Պյատիգորսկու մոտ: Մ. Ռոստրոպովիչն այսպես է բնութագրել Մայսկուն. «… ամենահանճարեղ տաղանդներից է. նրա կատարման մեջ պոեզիան ու բացառիկ նրբագեղությունը միաձուլվում են հզոր տեմպերամենտի և փայլուն տեխնիկայի հետ»:
Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է: Հանդիսանում է Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու-Յորքի կամերային Orpheus և այլ նվագախմբերը: Նա առաջին երաժիշտն է, որը ձայնագրել է թավջութակի համար գրված Յ. Ս. Բախի բոլոր ստեղծագործությունները: Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից և արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ճապոնական Record Academy Prize (5 անգամ), Echo Deutscher Schallplattenpreis (3 անգամ), Grand Prix du Disque и Diapason d’Or of the Year և բազմիցս հավակնել են «Գրեմմի»-ի: