Հասարակություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է Արման Թաթոյանին

ՀՀ ֆինանսների նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շաբաթօրյա ասուլիսում հնչած մտահոգություններին այն  մասին, թե կառավարությունը ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է անում  ՄԻՊ-ին ֆինանսական կախվածության մեջ պահել:

Ի պատասխան նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է ներկայացրել ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում բյուջետային գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով հաստատված օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

«Առաջարկված օրենքների վերանայումները կապ չունեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և ազդեցություն չունեն հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի չափերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ֆիննախի պնդմամբ՝ քննարկվող 9 նախագծերով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, գիտության, կրթության, բնապահպանական ծրագրերի, հանրային հեռարձակողների հատկացումներին առնչվող կարգավորումների վերանայումը չի հանգեցնի այդ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը։
Օրենսդրական ներկայացված նախաձեռնությամբ, ըստ ՖՆ-ի, փորձ է արվում 2 խնդիր լուծել․յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները և օրենքով նախատեսել պետական մարմինների բյուջետային հայտերը հանրային քննարկման առարկա դարձնելու և դրանց արդյունքների հրապարակման պահանջները:

«Պատկերացնենք, որ դիցուք՝ ՄԻՊ աշխատակազմի համար 2021 թվականին որոշվում է, որ պետք է ունենա 10 նոր մարզային ստորաբաժանում։ Դրանով պայմանավորված ընթացիկ՝ 532 մլն դրամ ծախսերից բացի, 2021 թվականի համար կատարվում է, ենթադրենք, լրացուցիչ 1 մլրդ դրամ ֆինանսական միջոցների հատկացում, որից 450 մլն դրամը՝ ավելացված պայմանական 100 հաստիքների վարձատրության նպատակով, իսկ 550 մլն դրամը՝ շենքերի, ավտոմեքենաների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։ Ըստ գործող կարգավորման, որն առաջարկվում է վերանայել, ՄԻՊ աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեով հատկացման չափը չի կարող պակաս լինել 1 մլրդ 532 մլն դրամից։ Այլ հավասար պայմաններում, ՄԻՊ աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման համար 2022 թվականին անհրաժեշտ կլինի ընդամենը 982 մլն դրամ, մինչդեռ գործող կարգավորմամբ առաջնորդվելու պարագայում պետք է նախատեսվի 1 մլրդ 532 մլն դրամ»,-օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորելու համար այսպիսի օրինակ է բերում նախարարությունը:

Միաժամանակ, ներկայացված նախագծերը, պարզաբանման համաձայն, կոչված են ապահովելու ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրով նախատեսված հանրային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսում հնչած ֆինանսական կախվածության մասին մտահոգությանը, ՖՆ-ը հիշեցնում է, որ ՄԻՊ ֆինանսական երաշխիքներն արձանագրված են ՀՀ Սահմանադրությամբ, իսկ առաջարկվող օրենքի փոփոխությամբ կառավարությունը ՄԻՊ-ի մասին օրենքում առաջարկում է շարադրել հետևյալ դրույթը. «Պաշտպանի և նրա աշխատակազմի բնականոն գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է պատշաճ ֆինանսավորում»:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ակրեդիտացիային՝ նախարարությունը հայտնում է, որ առաջարկվող նոր օրենսդրական կարգավորման պարագայում «թե՛ Պաշտպանի ֆինանսական անկախության Սահմանադրական երաշխիքները, թե՛ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի անփոփոխ մնացող կարգավորումներն ամբողջությամբ բավարարում են պաշտպանի ակրեդիտացիայի հիմքում դրվող փարիզյան սկզբունքների պահանջները, քանի որ կառավարությունը շարունակում է կրել պաշտպանի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ չափի ֆինանսավորում հատկացնելու պոզիտիվ պարտականությունը։ Ընդ որում, այդ չափը կարող է յուրաքանչյուր տարի լինել տարբեր և որևէ կերպ պայմանավորված չէ պաշտպանի՝ տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա ֆինանսավորման չափով»։

Նախարարությունը նաև նկատում է, որ քննարկման առարկա դարձած օրենսդրական նախագծերը մշակվել, շրջանառվել և կառավարության քննարկմանն են ներկայացվել 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Դրանք ընդգրկված են եղել ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերի օրակարգում և քննարկվել են շահագրգիռ բոլոր մարմինների ներգրավմամբ: «Այս համատեքստում նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապելու, ինչպես նաև որպես առանձին պաշտոնատար անձանց և/կամ ինստիտուտների և վերջիներիս գործունեության նկատմամբ կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ են»,- շեշտում է ֆինանսների նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական նախաձեռնության առնչությամբ հանրային հարթակներում տեղ գտած մեկնաբանությունները դրա բովանդակության հետ որևէ կապ չունեն։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker