Նախագահ Սարգսյանի հրամանագրով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը Մխիթար Հերացու մեդալով
Նախագահ Սարգսյանի հրամանագրով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման ու համակարգման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Նախագահը բժշկական կենտրոնի տնօրենին է հանձնել մեդալը և շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած նվիրումի համար: «Ես հպարտ եմ, որ Երևանում կա հիվանդանոց, որը ոչնչով չի տարբերվում միջազգային հիվանդանոցներից, ինչ-որ տեղ նաև առավելություն ունի, որովհետև պրոֆեսիոնալիզմին ու կարգապահությանն ավելանում է հայկական հոգատարությունը: Այսինքն, մենք գտել ենք այն մոդելը, որը լավագույններից է աշխարհում. պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն, մաքրություն և, դրա կողքին, մարդկային ջերմ հոգատարություն,-նշել է նախագահը: -Միայն այդպիսի որակի դեպքում կարող ենք լուծել ոչ միայն ամենօրյա խնդիրները, այլև պատրաստ լինել կորոնավիրուսի նման արհավիրքներին»:
Պարգևատրման արարողության ավարտին, դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանք իրենց հետ կտանեն այն վստահությունը, որ պետությունը, հայրենիքն ու ժողովուրդը գնահատում են իրենց հարազատների և իրենց ներդրումը. «Մեր ժողովուրդն այսօր գնահատում է ձեզ: Ամեն ինչ պետք է անենք, որ յուրաքանչյուր անձ, որը նվիրումով աշխատում է հայրենիքի համար, անպայման իր շնորհակալության խոսքը ստանա: Եվ այս շնորհակալության խոսքը ձեզ, ձեր ընտանիքի համար չէ միայն: Այդ գնահատականը շատ կարևոր է մեր ժողովրդի մնացած բոլոր զավակների համար: Ամեն մարդ պետք է իմանա, որ նվիրումը հայրենիքին, հերոսական քայլը, ամենօրյա կարգապահ աշխատանքը պետք է գնահատվեն»: