Աշխարհ

Ուկրաինան պետք է հրաժարվի կորցրած տարածքներից․ Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ցանկանում է համագործակցել Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու համար:

Deutsche Welle-ի փոխանցմամբ, Լուլա դա Սիլվան ասել է, որ այս նախաձեռնությունն արդեն քննարկել է Չինաստանի և ԱՄԷ-ի ղեկավարության հետ։

Նա նշել է, որ արդեն զրուցել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ՝ միջնորդական խմբի ստեղծման վերաբերյալ։ Այն կարող է ձևավորվել G20-ի նմանությամբ, կարծում է Բրազիլիայի ղեկավարը։

«G-20-ը ստեղծվել է ճգնաժամի մեջ գտնվող համաշխարհային տնտեսությունը փրկելու համար»,- հիշեցրել է Լուլա դա Սիլվան և հավելել,- «Այժմ կարևոր է ստեղծել այլ տեսակի G20՝ այս պատերազմը վերջ տալու և խաղաղություն ապահովելու համար»։

Բրազիլիայի նախագահը մանրամասնել է նաև, որ նախաձեռնությունը քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և հարավամերիկյան մի քանի պետությունների ղեկավարների հետ։

Բրազիլիայի նախագահը կարծում է, որ «Եվրոպան և ԱՄՆ-ն շարունակում են յուրովի նպաստել պատերազմի շարունակմանը» և նրանցից պահանջել է «նստել բանակցությունների սեղանի շուրջ և ասել «բավական է»։ Ես հավատում եմ, որ «մենք կհասնենք». մեծ հաջողություն»՝ միջնորդական նախաձեռնության միջոցով, հավելել է Բրազիլիայի նախագահը։

Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, Պեկին կատարած այցի ժամանակ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ԱՄՆ-ին կոչ էր արել դադարեցնել ռազմական աջակցությունն Ուկրաինային։ Եվրամիությունը, ըստ Բրազիլիայի ղեկավարի, նույնպես պետք է «սկսի խոսել խաղաղության մասին»։

Բացի այդ, Լուլան ֆրանսիական Le Figaro-ի խմբագրությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Կիևը պետք է համաձայնի Ղրիմի միացմանը Ռուսաստանին, ինչպես նաև վերաիմաստավորի պատերազմի սկզբից ռուսական զորքերի կողմից գրավված տարածքների կարգավիճակը։ 
«Նախագահ Զելենսկին չի կարող ամեն ինչ ցանկանալ: Պետք է լուծում գտնել, քանի որ ամբողջ աշխարհը խաղաղություն է պահանջում»,- ասել է Լուլան։

Ուկրաինան, ի պատասխան, հայտարարեց, որ բարձր է գնահատում Բրազիլիայի նախագահի ջանքերը՝ ռուսական ագրեսիան կասեցնելու համար լուծում գտնելու համար, սակայն ստիպված է հիշեցնել, որ «իր տարածքների առևտուր չի անում»։  

«Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. խաղաղության վերականգնման ցանկացած միջնորդական ջանք պետք է հիմնված լինի Ուկրաինայի ինքնիշխանության հարգման և տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան», – նշել էր  Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

Հայտնի է, որ Բրազիլիան, ինչպես Չինաստանը, չի դատապարտել Մոսկվայի ներխուժումն Ուկրաինա, չի միացել նաև հակառուսական պատժամիջոցներին։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker