Քաղաքականություն

Պրոֆեսիոնալիզմը, խորագիտակ լինելը մեր առավելությունն է․Արարատ խոշորացված համայնքի թեկնածու Հայկ Հայկյան

Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Իմ Հզոր Համայնք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Հայկ Հայկյանը: Վերջինս 2013 թ.-ին ընտրվել է Արարատ քաղաքի քաղաքապետ, 2017-ին վերընտրվել է:

Մենք զրուցեցինք Հայկ Հայկյանի հետ՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ: 

– Պարոն Հայկյան, ինչո՞ւ «Իմ Հզոր Համայնք» կուսակցությամբ առաջադրվեցիք Արարատ խոշորացված համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրություններում։

– Ընկերներով որոշեցինք ստեղծել նոր կուսակցություն, որը զբաղվելու է ոչ թե քաղաքականությամբ, այլ սոցիալ-տնտեսական հարցերով: Քանի որ ընկերներով գրեթե բոլորս էլ աշխատել ենք որպես համայնքի ղեկավար և շատ լավ պատկերացում ունենք համայնքի հոգսերի ու համայնքում կատարվող աշխատանքների վերաբերյալ, ուստի մեր ամբողջ կենսաէներգիան այդ աշխատանքների մեջ ներդնելու համար որոշեցինք ստեղծել «Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը: Այդ կուսակցության սոցիալ-տնտեսական գաղափարախոսությունից ելնելով ու առաջ շարժվելով՝ նպատակ ունենք առաջիկայում ձևավորվող մեր համայնքներն ավելի հզորացնել ու առավել նպաստավոր պայմաններ ստեղծել մեր ժողովրդի համար։

– Ձեր կառավարման տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել համայնքում, ինչքանո՞վ է բարելավվել արարատցիների կյանքը:

– Արարատում իսկապես շատ աշխատանքներ ենք իրականացրել՝ և՛ տեսանելի, և՛ աննկատ աշխատանքներ, մասնավորապես՝ սպորտդպրոցում, մշակույթի տանը, մանկապարտեզներում, երաժշտական դպրոցում կատարված աշխատանքները, որոնք տեսնում են միայն այն բնակիչները, ծնողները, որոնք առնչվում են այդ ոլորտների հետ: Քաղաքում ենթակա կառույցներից ոչ մեկը գազաֆիկացված կամ ջեռուցված չէր, տանիքներն անբարեկարգ էին, գույքը՝ ահավոր վիճակում: Հիմա այդ ամենը կարգավորվել է, երաժշտական և սպորտ դպրոցները ջեռուցվում են, ձմռանը երեխաները տաք պայմաններում են պարապում, և մենք բազմաթիվ հաջողություններ ունենք: Այս տարի Արարատ քաղաքի սպորտ դպրոցից ունեցանք Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն, տղաներից մեկն էլ դարձավ փոխչեմպիոն։ Երաժշտական դպրոցի սաները մասնակցում են հանրապետական բոլոր տեսակի փառատոներին, մասնակցում են տարբեր հյուրախաղերի՝ արտերկրում: Կարծում եմ՝ այս հաջողությունները պայմանավորված են ստեղծված պայմաններով: Բացի թվարկածներից, մեր բնակիչների համար տեսանելի աշխատանքներ են ասֆալտապատումը, տանիքների բարեկարգումը, լուսավորության անցկացումը, այգու վերակառուցումը և այլն:

Այս ամենը տեսնելով, կարծում եմ, մեր բնակիչները կգնահատեն և դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների ժամանակ անպայման նկատի ունենալով իրականացված աշխատանքները՝ ճիշտ ընտրություն կկատարեն: Ըստ իս՝ նրանք համոզվել են, որ հնարավոր է աշխատանք կատարել, քաղաքը բերել բարետես վիճակի։ Համոզված եմ՝ նրանք արդարացի և ճիշտ ընտրություն կկատարեն, որպեսզի Արարատ խոշորացված համայնքը՝ Արարատ քաղաքն ու գյուղական համայնքներն էլ ավելի բարեկեցիկ ու էլ ավելի բարենպաստ լինեն ապրելու համար։

– Պարոն Հայկյան, ո՞րն է Ձեր առաջարկած նախընտրական ծրագիրը և ինչի՞ հիման վրա եք կազմել այն: Որո՞նք են համայնքի առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնց ընտրվելու դեպքում պետք է ուշադրություն դարձնեք:

– Ծրագրային դրույթները կազմված են մեր աշխատանքի փորձի հիման վրա: Շատ լավ ծանոթ լինելով բոլոր հոգսերին ու խնդիրներին՝ մենք նպատակ ենք դրել հետագա տարիներին լուծել դրանք, ուստի և դրանց վրա հիմնվելով՝ կազմել ենք մեր ծրագրային դրույթները, որոնք պետք է կենսագործենք նաև նոր ձևավորվող համայնքում՝ գյուղական բնակավայրերում։ Բուկլետում նշված մեր բոլոր ծրագրային դրույթները Արարատ քաղաքում ներդրված ու կատարված ծրագրեր են, որոնք արդյունավետ են, փորձված։ Հիմա մենք ունենք պատրաստի աշխատանքի մի մոդել, որը ուղղակի տեղափոխելու ենք գյուղերի վրա, այսինքն՝ այդ աշխատանքները նաև կատարվելու են գյուղերում: Մենք գիտենք՝ որտեղից ենք սկսելու և ուր ենք հասնելու: Պրոֆեսիոնալիզմը, խորագիտակ լինելը և միևնույն ժամանակ աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն ու ցանկությունը մեր առավելությունն է։

– Ավագանու համամասնական ցուցակն ի՞նչ սկզբունքով եք ձևավորել, ինչո՞վ եք առաջնորդվել ընտրություն կատարելիս:

Ավագանու ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնք աշխատանքային մեծ կենսագրություն ունեն, բազմափորձ են՝ սկսած բանկի կառավարիչներից մինչ հասարակ բանվոր: Մեր ցուցակում տեղ գտած մարդիկ, ամենակարևորը, ազգասեր հայեր են, որոնք անմնացորդ նվիրված են իրենց բնակավայրին ու իրենց ընկերական շրջապատին: Այդ բոլոր հատկանիշները հաշվի առնելով՝ կազմել ենք ավագանու ցուցակը, որովհետև համոզված ենք՝ այնպիսի մարդիկ են, որ լինելու են այն շարժիչ ուժը, որն այս դժվարին գործընթացը առաջ է տանելու ու հասցնելու վերջնական նպատակին։

– Պարոն Հայկյան, քարոզարշավի շրջանակում հանդիպումների ժամանակ բնակիչները ի՞նչ խնդիրներ են բարձրացնում և ի՞նչ առաջարկներ անում:

– Գյուղական բնակավայրերում հիմնական հարցը վերաբերում է ոռոգման ջրին և գազին: Կան համայնքներ, որոնք գազաֆիկացված չեն: Մյուս կարոր հարցը գյուղտեխնիկայի խնդիրն է: Մնացած բոլոր տեսակի հարցերն ինձ համար կարծես թե երկրորդական են: Կան գյուղական համայնքներ, որոնք գտնվում են շատ լավ վիճակում, այսինքն՝ ասֆալտապատ են, լուսավորված, գործում են բարեկարգ մշակույթի տներ, ամբուլատորիաներ, գործող համակարգ է, լիարժեք աշխատում են: Եվ այս ամենին զուգահեռ կան համայնքներ, որտեղ այդ ամեն ինչը բացակայում է: Բայց այդ համայնքներում ամենակարևորը ոռոգման ջրի և գազաֆիկացման խնդիրն է: Մենք եղել ենք բոլոր գյուղերում, ծանոթ ենք բոլոր հոգսերին, խնդիրներին, և, կարծում եմ՝ չլուծվող հարցեր չկան: Քանի որ հիմա ձևավորվում է նոր միասնական համայնք, և բյուջեն դառնում է միասնական, ընդհանուր բյուջեի մասով եթե վերցնենք, ուրեմն՝ համաչափ բաշխում է լինելու մեծ և փոքր գյուղերի միջև, ինչն էլ հնարավորություն կտա, որ փոքր գյուղերն էլ զարգանան: Եթե նախկինում փոքր գյուղի գյուղապետը հնարավորություն չուներ ֆինանսական միջոցներից ելնելով աշխատանք կատարել, որովհետև իր համայնքի բյուջեն չէր բավարարում, հիմա այդ հնարավորությունը կա. մի տեղից կվերցնենք և կդնենք մյուսի վրա, ինչի շնորհիվ այդ գյուղերը նույնպես համաչափ կզարգանան: Այդ գյուղերի բնակիչները մեղավոր չեն, որ իրենք ապրում են նախալեռնային շրջաններում և շատ բաներից տեղյակ չեն, բազմաթիվ հաճույքներից, բարեկեցիկ վիճակից չեն օգտվում: Այժմ մենք պարտավորվում ենք ստեղծել պայմաններ բարեկեցիկ կյանքի համար, որ մարդիկ իրենց լիարժեք զգան իրենց վարչական տարածքի բնակիչ և միևնույն ժամանակ վստահ լինեն, որ համայնքի իշխանությունը կանգնած է իրենց կողքին՝ ցանկացած հարց լուծելու համար։

– Ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը, կա՞ն ճնշումներ մրցակիցների կողմից, արդյոք տարվո՞ւմ է սև փիառի քաղաքականություն:

– Առայժմ անցնում է հանգիստ մթնոլորտում: Հինգ կուսակցություն է առաջադրվել Արարատ համայնքում, բոլորս էլ արարատցիներ ենք, ճանաչում ենք մեկս մյուսին, գիտենք մեր ուժերը և ճանաչելով իրար՝ բնականաբար թույլ չենք տալիս սև փիառ անելու, որովհետև կայանալու համար մեզ պետք չէ որևէ մեկին փնովել: Մեր կուսակցությունը դրա կարիքը չունի, որովհետև մենք կայացած մարդիկ ենք: Մեր մասին կարող են խոսել մեր կատարած աշխատանքները. նախկինում տրված մեր բոլոր խոստումներն իրականացված են:

Ինչ վերաբերում է ճնշումներին, առայժմ ճնշումներ չկան, բայց դեռ մի քանի օր կա մինչև ընտրությունների օրը, տեսնենք՝ ինչ կլինի։

– Պարոն Հայկյան, արդեն մեկ ամիս է, ինչ Դուք Արարատ համայնքի ղեկավար չեք, համայնքի ԺՊ է նշանակվել Ա. Ավետիսյանը,քաղաքում կատարվող աշխատանքներում ի՞նչ նորություններ կամ փոփոխություններ կան, և աշխատակազմում արդյոք եղե՞լ են փոփոխություններ։

– Ոչ, առայժմ փոփոխություններ չկան: Այս պահին կատարվող աշխատանքները իմ ղեկավարման ժամանակ արված նախագիծ-նախահաշիվներով արված աշխատանքներն են, որոնք նաև փորձաքննություն են անցել: Դրանք շարունակվում են և կընթանան մինչև դեկտեմբերի կեսերը: Աշխատակազմում չորս հոգի ազատվել է աշխատանքից: Իմ վերընտրվելու դեպքում անպայման կվերականգնվեն, որովհետև ազատման պատճառներն անհիմն են: Բացի վերականգնվելուց, նրանք կստանան նաև իրենց չաշխատած ամիսների աշխատավարձը։

– Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու շանսը:

– Բարձր։

– Թեկնածուներից որևէ մեկին Ձեզ համարո՞ւմ եք լուրջ մրցակից։

– Բոլորն էլ, եթե առաջադրվել են, ուրեմն՝ մրցակիցներ են: Այնպես որ, մենք ոչ մի մրցակցի չենք թերագնահատում, մենք մեր աշխատանքն ենք անում, իրենք էլ՝ իրենցը։ Ընտրությունները ցույց կտան։

– Ի՞նչ կցանկանաք հղել Արարատ խոշորացած համայնքի բնակիչներին՝ ընտրողին։

– Կխնդրեի մեր ազգաբնակչությանը պարտադիր մասնակցել դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին և ճիշտ ընտրություն կատարել, ևս մեկ անգամ չսխալվել: Ճիշտ ընտրություն կատարելով՝ նրանք որոշելու են իրենց հետագան, իրենց հետագա բարենպաստ կենսակերպն են վճռելու: Կուզենայի, որ քվեախցիկ մտնելուց առաջ անպայման ծանրութեթև անեն, թե ում են տալիս իրենց ձայնը, ում են տեսնում իրենց նպատակները և ցանկությունները իրականացնող անձ կամ կուսակցություն և համապատասխան ընտրություն անեն։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker