Հասարակություն

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԳԵՐԽՆԴԻՐ

 «Գազպրոմ  Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ի տնօրեն Մհեր Խչեյան

– Պարոն Խչեյան, որոնք են այս մասնաճյուղի սպասարկման տարածքները։

– Մասնաճյուղը սպասարկում է Չարենցավան և Հրազդան քաղաքները և տարածաշրջանների գյուղական համայնքները։

– Կպատմե՞ք այս ոլորտում Ձեր աշխատանքային ուղու մասին:

– Ավարտել եմ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ՀՔՏ բաժինը՝ գազամատակարարման ֆակուլտետը: Բավականին հետաքրքիր ուղի եմ անցել՝ հետաքրքիր դրվագներով: Կարելի է ասել՝ համակարգին ծանոթ եմ ամենաներքևից: Ի դեպ նշեմ, որ հայրս էլ է այս ոլորտում աշխատել: Ես աշխատանքս սկսել եմ կենտրոնի մասնաճյուղից՝ որպես նախագծող, այնուհետև, պատադիր զինվորական ծառայության ավարտից հետո, գազակարգավորիչ կետերը և անհատական ճնշման կարգավորիչները կարգավորող: Դրանից հետո տեղափոխվել եմ Երևանի ԳԳՄ, աշխատել եմ իրացման բլոկում: Ապա տեղափոխվել եմ Սևանի  ԳԳՄ, աշխատել իրացման բլոկում և 2016 թ. նշանակվել եմ տնօրեն: Իսկ 2020 թ. նոյեմբերից Կոտայքի Գազաֆիկացման գազամատակարարման մասնաճյուղի տնօրենն եմ։

Պարոն Խչեյան,  Կոտայքի  Գազաֆիկացման գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն  նշանակվելուց հետո մասնաճյուղը ինչպիսի՞ ձեռքբերումներ է ունեցել։

– Գազաֆիկացման մասով ասեմ, որ գազամատակարարման ցանցը կառուցված է, այսինքն՝ մեր հետագա գործառույթներից է վերակառուցումը, նոր գազատարերի նախագծումը, նոր գազատարերի շինմոնտաժը, նոր բաժանորդներին գազամատակարարումը: Մեր գործը, կարելի է ասել, դառնում է միանման: Այսինքն՝ եթե, օրինակ, նոր կառուցվող թաղամաս է կամ բազմաբնակարան շենք, ընդլայնման ծրագրով իրականացնում ենք գազաֆիկացումը: Կոնկրետ ցուցանիշների հետ կապված՝ կարող եմ փաստել հետևյալը՝ նոր տնօրեն – նոր աշխատանքային պահանջներ, նոր մոտեցում աշխատանքին, աշխատաոճի փոփոխություն:

Այսօր մեզ համար գերխնդիր է նախևառաջ անվտանգության ապահովումը, արվում է առավելագույնը անխափան գազամատակարարում ունենալու համար:

Ձեր կողմից սպասարկվող մասնաճյուղում նոր գազաֆիկացվող տարածքներ ունե՞ք, և ծրագրերում  նոր  գազաֆիկացում նախատեսվա՞ծ է։

– Մասնաճյուղերի մակարդակով նման հարցեր չեն քննարկվում, բայց «Գազպրոմ  Արմենիա» ՓԲԸ-ն, լինելով  Գազպրոմ ՀԲ դուստր ձեռնարկություն, ունի մշակված հինգ տարվա ներդրումային և զարգացման ծրագիր: Հինգ տարվա կտրվածքով բոլոր մասնաճյուղերը, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ապարատը ներկայացրել է գրաֆիկ, այսինքն՝  ներդրումային ծրագրերի, զարգացման նոր տարածքների, նոր օբյեկտների գազաֆիկացման համար ըստ տարիների կազմված են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և փուլային իրականացվում են: Մասնավորապես՝ կոնկրետ 2021թ.-ի համար 2020 թ. վերահաստատվում և մեր կողմից ներկայացվում է ռուսական կողմին, ֆինանսավորման հարցը կարգավորվում է: Ֆինանսական հարցերը լուծելուց հետո, յուրաքանչյուրն իր մասով, նախատեսված ծրագրային բոլոր գործերն իրականացնում ենք: Այս պահին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բավականին խոշոր ներդրումներ է նախատեսել ՀՀ-ում: Տեսնեք՝ ինչպես կստացվի: 2020 թ.-ին բարդություններ ծագեցին կորոնավիրուսի համավարակի հետ կապված: Հուսով ենք, որ բարդությունները կմնան ետևում:

 – Ջեռուցման սեզոնը  նոր է ավարտվել, թևակոխել ենք գարուն: Բաժանորդների վճարունակության հետ կապված խնդիրներ եղե՞լ են՝ պայմանավորված երկրի տնտեսական, սոցիալական իրավիճակների հետ։

– ՀՀ-ում երբ քննարկվում էր գազի սակագինը, ներառեցին շատ հետաքրքիր ծրագիր՝ սոցիալապես անապահովների, փարոսակիրների համար մեկ տարվա ընթացքում մինչև 600 մ3-ը 100 դրամ է, իսկ դրանից ավելի սպառելու դեպքում գործում է սովորական սակագինը: Ընդհանրապես՝ անցյալ տարի, կապված համավարակի և պատերազմի հետ, թե՛ պետության կողմից, թե՛ «Գազպրոմ Արմենիայի» նախաձեռնությամբ բավականին լուրջ օգնություններ են տրամադրվել սոցիալապես անապահովներին, փախստականներին: Այս պահին կարող ենք ֆիքսել, որ ամիս առ ամիս վիճակը վատանում է: Ճիշտ է, արդեն ջեռուցման սեզոնն ավարտվում է, կոմունալ ծախսերն ավելի քիչ կլինեն: Հուսանք, որ մինչև տարվա վերջ երկրում գլոբալ փոփոխություններ կլինեն, մարդկանց սոցիալական վիճակը կլավանա։ Ձմեռը ծանր էր, բայց, փառք Աստծո, կարողացանք հավաքագրումներ իրականցնել և դուրս գալ ծանր վիճակից։

– Ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

– Խախտումներ շատ ենք հայտնաբերում: Լինում են հաշվիչի շրջանցումով գազօգտագործման դեպքեր, կամ պոկում են մեր կողմից կնքված հաշվիչի կնիքը, փորձում են միջամտել, հաշվիչի աշխատանքը կեղծել, որպեսզի անհամեմատ քիչ ֆիքսվի գազի ծախսը: Սակայն, իհարկե, մեր աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ այդ ամենը կարճ ժամանակահատվածում հայտնաբերվում է, հաշվիչները սահմանված կարգով փոխարինվում են, իսկ նման միջամտության ենթարկված հաշվիչները ուղարկում ենք լաբարատորիա՝ ստուգաչափման, լաբարատորիայի եզրակացության հիման վրա կառավարության կողմից հաստատված կարգով կատարվում են վերահաշվարկներ: Ի դեպ՝ դրա հետևանքով բավականին լուրջ տուգանքներ են ի հայտ գալիս։

Անվտանգության հարցում շատ մեծ դեր ունեցան ազդանշանային  սարքերը, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Իսկ այն խոսակցությունները, թե իբր դրանք շատ էլեկտրաէներգիա են ծախսում, իրականությանը չի համապատասխանում: Տարեկան ընդամենը մոտ 300 դրամի հոսանք կարող է ծախսել: Անվտանգության կանոնների խախտումը հիմնականում կապված է այս սարքի անջատված լինելու հետ։ Ձմռանը, երբ անցնում ենք ջեռուցման սեզոնին, մեր ամբողջ ուժերը ներդնում ենք մեր  բաժանորդներին ևս մեկ անգամ հրահանգավորելու, որ ազդանշանային սարքը չանջատեն և գազից օգտվեն՝ անվտանգության կանոնները պահպանելով։

– Պարոն Խչեյան, իսկ տեխնիկապես ինչպիսի՞ վիճակում է Ձեր մասնաճյուղը։

– Տեխնիկապես բավականին հագեցած ենք: Վերջին տարիներին անհամեմատ ավելի շատ է եղել տեխնիկապես վերազինումը: Եթե հետահայացք ենք գցում, նախկինում գազավիկները, կարելի է ասել, աշխատել են փակ աչքերով, պարզագույն սարքավորումներով, և շատ ավելի մեծ մարդկային ռեսուրս է անհրաժեշտ եղել՝ պրոցեսն իրականացնելու համար: Մինչդեռ այժմ էլեկտրոնիկայի դար է, այն ամենը, ինչ նախկինում ինժեներներն արել են ձեռքով, այժմ արվում է սարքերով: Օրինակ, եթե տեսնում էինք, որ դաշտում խոտը չորացած է կամ տրանշի մոտ մոծակներ են հավաքված, հասկանում էինք, որ ինչ-որ խնդիր կա՝ մեր գազատարը վնաված է: Իսկ այժմ այն ամենը, ինչ կապված է ստորգետնյա գազատարի հետ, ցանկացած ինֆորմացիա կարողանում ենք ունենալ՝ ընդհուպ խորությունը ինչքան է, պաշտպանիչ շերտը վնասվա՞ծ է, թե՞ ոչ: Այս ամենը մեզ համար լուրջ ձեռքբերում է, դա հնարավորություն է տալիս կանխատեսել վթարային իրավիճակները և վերացնել։

– Մասնագետ կադրերի պակաս ունե՞ք։

– Թերևս չկա այնպիսի ոլորտ, որտեղ մասնագետ կադրերի պակաս չլինի: Բայց, իմ պատկերացմամբ, այսօր մեր երիտասարդների մեջ մի քիչ կայծն է պակասում, ձգտում չկա, ունենք բարձրագույնավարտ աշխատակիցներ, որոնք, սակայն, չեն մտածում իրենց վրա աշխատելու մասին՝ առաջընթացի, ինչու չէ՝ նաև պաշտոն ունենալու։

– Ի՞նչ կցանկանաք ավելացնել որպես ամփոփում:

– Որպես մասնաճյուղի տնօրեն՝ իմ ցանկությունն է, որ մենք կարողանանք անխափան, անփորձանք իրականացնել մեր աշխատանքները: Եթե ժողովրդի վիճակը սոցիալական առումով ավելի լավ լինի, միանշանակ մեր աշխատանքային ռեժիմն ավելի հեշտ և, այսպես ասած, փորձանքներից հեռու կլինի: Մեզ համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու խաղաղությունն է, ինչի առկայության դեպքում ամեն ինչ էլ լավ կլինի: Կոնկրետ մեր ուղղությամբ ամեն ինչ արված է, որպեսզի կարողանանք ճիշտ կազմակերպել աշխատանքային պրոցեսը։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker