ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՄԱՍՏՈՒՆ Է՝ ԿԳՆԱՀԱՏԻ

Փարաքար խոշորացված համայնքում ևս դեկտեմբերի 5-ին տեղի կունենան ՏԻՄ համամասնական ընտրություններ, որտեղ առաջադրվել են 3 քաղաքական ուժ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը, և «ՔՊ» կուսակցությունը, որը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ Փարաքար, Մերձավան, Բաղրամյան, Այգեկ, Արևաշատ, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք համայնքները միավորվել են, և խոշորացված համայնքը կոչվում է Փարաքար։
Այս առիթով զրուցել ենք Դավիթ Մինասյանի հետ:
– Պարոն Մինասյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել «Դավիթ Մինասյան» դաշինքով:
– Նախ նշեմ, որ երկու կուսակցություն՝ «Քաղաքացու որոշում» և «Արդարություն», միավորել ենք իրար հետ ու ստեղծել «Դավիթ Մինասյան» դաշինքը: Այդպիսով մարդիկ կհասկանան, թե ընտրացուցակում կոնկրետ ում են ընտրում՝ ինչպես իրենք են ասում, իրենց սիրելի Դավիթ Մինասյանին։ Ես երբևիցե կուսակցական պատկանելություն չեմ ունեցել։
– Փարաքար խոշորացված համայնքում ՏԻՄ համամասնական ընտրություններում պայքարում է ևս երկու քաղաքական ուժ: Ճանաչո՞ւմ եք այդ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորողներին և ո՞ւմ եք լուրջ մրցակից համարում։
– Իհարկե ճանաչում եմ, բոլորն էլ հարգանք վայելող թեկնածուներ են: Մնացածը ցույց կտա ընտրությունների արդյունքները, ժողովրդի քվեն։
– Պարոն Մինասյան, 2019 թ.-ից Փարաքար համայնքի ղեկավարն եք: Այս տարիների ընթացքում համայնքում ինչպիսի գլոբալ խնդիրներ են լուծվել։
– Այս երեք տարվա ընթացքում գրեթե 520 մլն դրամ արժողությամբ ծրագրեր են իրականցվել համայնքում։ Լուծված գլոբալ խնդիրների շարքում են ասֆալտապատման, կոյուղագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքները, վերակառուցվել է մաքրման կայանը, կեղտաջրերը մաքրման կայանում ֆիլտրվելուց հետո գնում են ոռոգման ցանց, փողոցային լուսավորություն ենք անցկացրել, իրականացրել ենք սոցիալական ծրագրեր, պատերազմի ժամանակ օգնություն ենք ուղարկել ռազմաճակատ, իսկ Արցախից եկած ընտանիքներին ընդունել ենք մեր համայնքում, ապահովել սնունդով և անհրաժեշտ պարագաներով: Վերակառուցել ենք Թաիրովի մշակույթի տան ջրագիծը և այլն։
– Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրերը և խոշորացվող համայնքում ո՞ր խնդիրներն եք կարևորում, որոնք կիրականացնեք ընտրվելուց հետո։
– Նախ և առաջ անդրադառնալու ենք այն խնդիրներին, որոնք առկա են գրեթե բոլոր համայնքներում: Քանի որ ծանոթ եմ միավորվող բոլոր համայնքներին, ուստի կարող եմ ասել, որ հիմնականում բոլոր համայնքներում նույն խնդիրներն են, մասնավորապես՝ ասֆալտապատում, լուսավորություն, կոյուղագծերի սեպտիկ հորեր: Այս տարի Արևաշատ համայնքում լուծվում է մանկապարտեզի խնդիրը, Պտղունքում վերակառուցվում է դպրոցը, հաջորդ տարի վերանորոգվելու է Փարաքարի միջնակարգ դպրոցը։
– Իսկ ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:
– Քարոզարշավը սկսել ենք հարգանքի տուրք մատուցելով մեր զոհվածներին՝ այցելելով Եռաբլուր և համայնքի զոհվածների շիրիմներին։ Ունենում ենք հանդիպումներ համայնքներում, ինչը շարունական է: Հանդիպումներ կլինեն բոլոր ութ համայնքներում: Հանդիպումների ընթացքում ներկայացնում ենք մեր ծրագրերը, լսում բնակիչների կողմից բարձրացված խնդիրների մասին, որոնք կընդգրկվեն մեր ծրագրերում։
– Ինչպե՞ս կընթանա նախընտրական փուլը: Ի՞նչ եք կարծում, կլինի՞ լարվածություն, թշնամանք։
– Կարծում եմ, որ խաղաղ կլինի, առանց թշնամանքի: Ամեն դեպքում ժողովուրդը իմաստուն է, և կգնահատվի կատարված աշխատանքը։
– Ի՞նչ կհղեք Ձեր ընտրողներին։
– Միասին շարունակենք։