Քաղաքականություն

ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿԵՆՔ՝ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 5-ին կայանալու են Խոյ  համայնքի ղեկավարի ընտրություններ: Հիշեցնենք, որ այստեղ միավորվելու է Արմավիրի մարզի  17  համայնք։ Ընտրապայքարին մասնակցում են «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը՝ մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, «Զարթոնք» ազգային կուսակցությունը՝ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Ազատական» կուսակցությունը՝ Այգեշատ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանի գլխավորությամբ:

Այս առիթով «Գործարար հայելին» զրուցել է Արգիշտի Մեխակյանի հետ:

– Պարոն Մեխակյան, հաշվի առնելով Ձեր աշխատանքային անցած  ուղին՝ կարծում  ենք՝ տիրապետում եք համայնքների խնդիրներին և դրանց լուծումներին։

– Իհարկե, տիրապետում եմ: Պատգամավոր եղած ժամանակ այցելել ենք մի շարք համայքներ, ինչպես նաև որպես գործող մարզպետի տեղակալ՝ ամենօրյա ռեժիմով շփվում, աշխատում եմ համայնքների հետ: Իսկ եթե չեմ եղել տվյալ համայնքում, ապա մշտապես տվյալ համայնքի բնակիչների հետ ունեցել եմ հանդիպումներ, քննարկումներ տարբեր հարցերի շուրջ: Բացի այդ, մենք այս ընթացքում քարոզարշավի շրջանակներում համայնքային այցեր ենք կատարում, ներկայացնում մեր ծրագրերը: Ի դեպ, սա շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ շփվելու մեր բնակիչների հետ, տեղեկանալու նրանց բարձրաձայնած խնդիրների մասին, դրանք վերջնական ամփոփելու, որպեսզի հետագայում՝ ընտրվելուց հետո, մեր հնգամյա զարգացման ծրագրի մեջ ներառենք այդ խնդիրների ու հարցերի լուծումները։

– Եթե ընդհանրացնեք համայնքներում առկա խնդիրները, ապա թիվ մեկ խնդիրը ո՞րն է:

– Որպես այդպիսին՝ թիվ մեկ խնդիր չէ, այլ՝ խնդիրներ են, որոնք կթվարկեմ՝ ելնելով դրանց ոլորտային բնույթից:

Առաջին խմբում առաջնային լուծում պահանջող կամ կենսական նշանակություն ունեցող խնդիրներն են, մասնավորապես՝ ոռոգման ջրի անբավարարություն: Իհարկե, համայնքը ջուրը ստեղծողը չէ, բայց հնարավորություններ ունենք ներդրումներ անելու ջրային ենթակառուցվածքների վրա՝ դրանց արդիականացման հետ կապված: Ինչպես նաև որոշ համայնքներում առկա են մասնակի խմելու ջրի, ասֆալտապատման, գազաֆիկացման խնդիրներ: Ունենք մեկ համայնք, որ ընդհանրապես գազաֆիկացված չէ, իսկ մի շարք համայնքներ ունեն մասնակի գազաֆիկացման խնդիրներ: Կարող ենք արձանագրել նաև կրթության ոլորտի հետ կապված խնդիրները: Ճիշտ է, դա չի գտնվում համայնքի ենթակայության ներքո, բայց կան դպրոցներ, որոնք վթարային են, որոշ դպրոցներ չունեն մարզադահլիճ, և փաստացի երեխաները զրկված են առողջ ապրելակերպից, իսկ ձմռան ամիսներին ֆիզկուլտուրայի դասեր անցկացնելու հնարավորություն ընդհանրապես չունեն:

Այն համայնքները, որոնք այս տարիների ընթացքում լուծել են կենսական նշանակության խնդիրները, անկախ նրանից՝ համայնքի թե բարերարների միջոցներով, արդեն զարգացման ծրագրեր են բարձրացնում՝ կապված մշակութային, կրթական կյանքի բարելավման, երիտասարդության համար որոշակի պայմաններ ստեղծելու հետ: Այդ ամենը մեր ծրագրում ներառել ենք։ Ի դեպ, ըստ մեր ծրագրի՝ խնդիրների լուծումը պետք է իրականացվի ոչ միայն առանձին համայնքային  կտրվածքով, այլև՝ գլոբալ, օրինակ, եթե դիտարկում ենք կրթության ոլորտը, որտեղ ներդրումների անհրաժեշտություն կա, ապա պետք է ուշադրություն դարձնենք, թե քանի համայնք ունի այդ խնդիրը և բոլոր համայնքներն ընդգրկենք խնդիրների լուծման գործընթացի մեջ։

Մենք լուրջ խնդիր ունենք նախադպրոցական կրթության հնարավորությունների անբավարարության հետ կապված: 17 համայնքներից ընդամենը երեքում է գործում մանկապարտեզ, և շատ քիչ թվով երեխաներ հնարավորություն ունեն ստանալու նախադպրոցական կրթություն: Մնացած համայնքները, ըստ էության, զրկված են այդ հնարավորությունից:

Ընտրություններից հետո մեր առաջնային խնդիրներից է առաջիկա հինգ տարվա անելիքներում անհապաղ վերանորոգել, վերականգնել գործող մանկապարտեզները առնվազն մի քանի համայնքներում, որպեսզի ոչ միայն տվյալ, այլև հարակից համայնքի երեխաները հնարավորություն ունենան ստանալու նախադպրոցական կրթություն: Ունենք մանկապարտեզ, որն արդեն վեց տարի է՝ վերանորոգված է, գտնվում է պատրաստ վիճակում, բայց քանի որ գյուղը փոքր է և չունի բավարար բյուջե, չի հանձնվում շահագործման: Այս պահին 60 երեխայի հետ կապված, կարելի է ասել, մենք խնդիր չունենք, այդ հարցը շատ արագ կլուծվի, բյուջետային հատկացումներ կլինեն, և որոշակի վերջնական աշխատանքներ իրականացնելուց հետո 60 երեխայի համար կապահովենք նախադպրոցական կրթությունը։

Մշակութային կյանքի հետ կապված նույնպես ունենք խնդիրներ:  Մշակույթի տները հիմնականում անբարեկարգ են: Որոշ համայնքներում խմբակներ գործում են: Պետք է լավ փորձը հաշվի առնել ու պահպանել, ուստի մեր ծրագրերում նախատեսում ենք մյուս համայնքներում ևս վերանորոգել մշակույթի տները և մշակութային տարբեր խմբակներ գործելու պայմաններ ստեղծենք, որպեսզի բոլոր համայնքներում մեր երեխաները հնարավորություն ունենան ինտեգրվելու նաև մշակութային կյանքին:

Մենք լուրջ անելիքներ ունենք նաև երիտասարդության հետ կապված: Պետք է պայմաններ ստեղծենք, ֆինանսապես թե տեխնիկապես աջակցենք նրանց գաղափարների իրագործմանը՝ կախված, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել, և այդպիսով նրանց մասնակից դարձնենք համայնքի կառավարման գործընթացին։

Ունենք լուրջ աշխատանքներ պետական և միջազգային կառույցների հետ՝ համայնքներում տարբեր ֆինանսական և ծրագրային ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ՝ աշխատանքի հետ կապված: Այսօր մի շարք համայնքներում ՄԱԿ-ի գրասենյակի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի հետ կապված լավ փորձ կա, որոնք հնարավորություն են տալիս բացի սեփական եկամուտներից նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներդնել և լուծել համայնքներում առկա կենսական նշանակության, մշակութային կամ այլ խնդիրները:

– Պարոն Մեխակյան, գյուղատնտեսությունը զարգացնելու, գյուղմթերքների իրացման խնդրի  լուծումների ինչպիսի՞ տեսլական ունեք։

– Դա կարևորագույն հարցերից մեկն է, քանի որ մեր 17 համայնքն էլ գյուղաբնակ են, և ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է: Այս առումով լուրջ աշխատանք ունենք աջակցելու բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն գյուղատնտեսությանը, օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքների վերամշակում կամ արտահանում:  Պետք է բանակցել, խոսել բոլոր այն ընկերությունների կամ անհատների հետ, ովքեր կհետաքրքրվեն այդ ոլորտով, և ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի գործունեություն ծավալեն մեր համայնքներում: Դա հնարավորություն կտա մեր գյուղացիներին՝ ունենալու կանխատեսելի եկամուտ: Այսօր ամենամեծ խնդիրը գյուղատնտեսությունում այն է, որ անկանխատեսելի է՝ արտադրանքը կսպառվի՞, թե՞ ոչ: Մարզում գործող վերամշակող ընկերությունների համար համայնքը, այսպես ասած, պետք է միջնորդ հանդիսանա, այսինքն՝ ստանձնի միջնորդի դեր գյուղացու և վերամշակողի կամ արտահանողի միջև, որպեսզի այդ կապը անխափան լինի, մեկը մյուսի ռեսուրսները կարողանան ճիշտ գնահատել: Իհարկե, իդեալական կլինի, որ մեր բոլոր գյուղացիական տնտեսությունները կարողանան նախնական պայմանագրեր ունենալ ցանկացած գյուղատնտեսական ապրանքի մշակման վերաբերյալ, որպեսզի ունենան կանխատեսելի եկամուտ: Դա, բնականաբար, բավականին բարդ գործընթաց է, բայց ջանքերը չենք խնայելու՝ ստեղծելու այդ հնարավորությունը: Օրինակ, եթե վերամշակող ընկերությունը տարածքի խնդիր ունի, պետք է փորձենք լուծել այդ հարցը՝ կամ հատկացնելով համայնքային, կամ մասնավորից որևէ այլ տարածք վերցնել-տալով, որպեսզի գործունեություն ծավալի, ու գյուղացու աշխատանքը շատ ավելի հեշտ լինի։

– Սկսվել է նախընտրական փուլը: Ունեք երկու մրցակից: Ինչպե՞ս է անցնում այն, կա՞ն խոչընդոտներ, մրցակիցների կողմից տարվո՞ւմ է սև փիառի քաղաքականություն։ Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս է ընթանում քաղաքական մրցակցությունը։

– Այս պահի դրությամբ շատ լավ, սահուն ընթացքի մեջ ենք, ոչ մի խոչընդոտ չկա: Եվ դա բնական է, քանի որ մեկս մյուսին եթե ոչ անմիջականորեն, ապա հեռակա կերպով ճանաչում ենք, բոլորս էլ այդ համայնքների բնակիչներ ենք: Կարծում եմ՝ ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է, և իմաստ չունի սև փիառով կամ այլ ձևերով պայքար տանելու: Մենք արդեն եղել ենք մի քանի համայնքներում: Շարունակական լինելու ենք բոլոր համայնքներում և ներկայացնելու ենք մեր ծրագիրը, լսելու ենք մեր համաքաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրները՝ լինի անձնական, թե գլոբալ՝ հենց գյուղին առնչվող, դա էական չէ: Ի դեպ, մեզ համար շատ հաճելի է, որ բնակիչները, արդեն իսկ իրենց ձեռքին ունենալով մեր նախընտրական բուկլետները, հարցեր են ուղղում՝ կապված մեր նախընտրական ծրագրի հետ: Արդեն մի քանի համայնքներում շատ հետաքրքիր քննարկում ենք ունեցել դրա վերաբերյալ։

– Ի՞նչ եք կարծում, քարոզարշավը մինչև վերջ կընթանա՞ այսպիսի մթնոլորտում, թե՞ կսրվի:

– Մեր կողմից, վստահեցնում եմ, որ չի սրվի, որովհետև ես և մեր թիմը  բացառապես կենտրոնացած ենք մեր աշխատանքների վրա:  Մենք ընդհանրապես չենք հետաքրքրվում, թե մեր քաղաքական մրցակիցները ինչպես են իրենց քարոզարշավը տանում, ինչ պայմաններում: Մեզ հետաքրքրում են մեր անելիքները: Կարծում եմ՝ չարժե ժամանակ կորցնել և ռեսուրսներ վատնել՝ մեզ չվերաբերող հարցերի մեջ մտնելով։

– Պարոն Մեխակյան, ի՞նչ եք կարծում, կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ:

– ՏԻՄ ընտրությունները միշտ արդար են եղել, որովհետև ճանաչելիությունը մեծ է: 17 համայնքների մեծ մասը կապված են իրար հետ: Կարծում եմ՝ որևէ խոչընդոտ չի լինի, մեր քաղաքացիները ընտրություն կկատարեն՝ հաշվի առնելով գիտելիքը, փորձը, նախընտրական ծրագրերը: Մենք ուզում ենք, որ երկխոսություն ծավալվի հենց մեր ծրագրի շուրջ, մեզ դիտողություն անեն ծրագրում ինչ-որ բան չընդգրկելու համար կամ փորձեն ավելի մանրամասն հասկանալ կոնկրետ կետի վերաբերյալ մեր անելիքները։

– Իսկ ինչպե՞ս  եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները։

– Կարծում եմ՝ բավականին բարձր: Ի սկզբանե այդ գիտակցությամբ ենք մտել այս գործընթացի մեջ։

– Ի՞նչ կցանկանաք հղել ընտրողին։

– Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ հնարավորինս արագ լուծելու այն խնդիրները, որոնք ծառացած են մեր համայնքների առջև: Ես կարծում եմ, որ մեր վերջնական նպատակն այն է, որ Խոյ խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայր ոչ թե դիտվի զուտ գյուղատնտեսական կամ այդ միջավայրում ապրող համայնք, այլ իր հնարավորություններն ավելի մեծացնի՝ լինի տուրիզմի թե այլ ոլորտում: Ի դեպ, բավականին հետաքրքիր վայրեր ունենք, ցավոք, շատերին անծանոթ: Մենք շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք՝ մեր համայնքներն այլ ռեսուրսներով ավելի ճանաչելի դարձնելու համար՝ լինի ագրոտուրիզմ, գաստրոտուրիզմ և այլն: Այդ բոլոր հնարավորությունները պետք է փորձենք գիտելիքի բարձրացման շնորհիվ, ինչպես նաև մեր համագյուղացիներին  այդ պրոցեսի մեջ ներգրավելով։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker