ՀասարակությունՔաղաքականություն

ՀԱՂԹԱՆԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԹԻՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱԽԵՆԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված  համայնքում կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որտեղ առաջադրված է 4 քաղաքական ուժ  «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Արտակ Գևորգյանը՝ համայնքի նախկին ղեկավարը: «Իմ հզոր համայնքը» կուսակցությունը գլխավորում է Արմենակ Նաջարյանը, «Հայկական երազանք»-ը՝ Ագուն Սաղաթելյանը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Արման Սարիբեկյանը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ հավաքելով ձայների 49 %-ը, սակայն իշխանության գալու համար պակասում էր ավագանու 3 անդամի ձայն: «Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։

Եվ ահա կրկին ընտրություններ են: Ստորև ներկայացնենք մեր հարցազրույցը համայնքի ղեկավարի թեկնածու Արտակ Գևորգյանի հետ:

– Պարոն Գևորգյան, ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը, կա՞ լարվածություն։

– Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ազգաբնակչությանը՝ մեր ընտրողներին՝ նախորդ ընտրություններում «Ազգ-համայնք» դաշինքին, այսինքն՝ մեզ, հաղթանակ պարգևելու, վստահության քվե տալու համար: Դա մեզ համար մեծ պատասխանատվություն է և պարտավորեցնում է բարձր պահել ժողովրդի վստահությունը:

Օրենքը կրկին փորձելու հնարավորություն է տվել, և մենք չենք վարանում  որևէ դժվարություններից, պայքարը տանում ենք հանուն ժողովրդավարության, հանուն ժողովրդի հաղթանակի: Հաղթանակ ունեցող թիմը չի կարող ո՛չ վախենալ մրցակցությունից, ո՛չ էլ խուսանավել, դուրս գալ պայքարից: Չկա նման բան, մեր թիմը մարտունակ է, մեր թիմը միասնական է: Դա են վկայում նաև հետընտրական փուլում ժամանակավոր պաշտոնակատարի կողմից աշխատողների հանդեպ համատարած բռնությունները, աշխատանքից ազատելը՝ հավաքարարից, աղբ թափող բանվորից, վարորդից մինչև բարձրաստիճան պաշտոնյա: Սակայն դա որևէ խնդիր չի առաջացրել, թիմի որոշակի զանգված հաշվի առնելով, որ չի կարող համատեղ աշխատել  համայնքի ժպ-ի հետ, ինքնակամ դուրս է եկել: Սա կարևոր պարտականություն է, և մենք կարևոր առաքելություն ունենք՝ հաշվի առնելով ժողովրդի կողմից ստացած վստահության քվեն: Այսօր էլ ունենք ժողովրդի վստահությունը և մասնակցելով ընտրապայքարին՝ միանշանակ վստահ ենք, որ 3-4 ամսվա ընթացքում արդեն դասեր քաղած մեր ժողովուրդը դարձյալ ձայնը տալու է մեզ: «Ազգ-համայնք» դաշինքը ստանալու է ժողովրդի քվեն և մինչև վերջ տեր է կանգնելու ժողովրդի հաղթանակին: Մենք ծառայելու ենք Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին, մեր պետականությանը օրենքների և սահմանադրության շրջանակներում։

– Պարոն Գևորգյան, վերջին ընտրություններում Ձեր դաշինքը քանի՞ տոկոս ձայն է ստացել։

– Վերջին ընտրություններում «Ազգ-համայնք» դաշինքը ստացել է ընտրողների 49,44 % քվե, օրենքի շրջանակներում 50 %+ ապահովելու համար պակասել է ընդամենը 63 ձայն, որի պատճառով հետագայում նաև կոալիցիաներ ձևավորվելու հնարավորությունները անարդյունավետ են անցել: Քանի որ, ըստ օրենքի գործող կարգի, իմ լիազորությունների ժամկետը սպառվել էր, օրենքով սահմանված կարգով նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Վստահ եմ, որ դա ընդամենը ժամանակավոր է, և ժամանակավորի կարգավիճակում էլ կվերջանա ամեն ինչ։ Այս պայքարում հաստատ ունենալով ժողովրդի հաղթանակը՝ ապահովելու ենք ժողովրդավարություն, քանի որ ժողովրդի վստահությունը իրոք պարտավորեցնում է, ծառայելու ենք համայնքաշինությանը, պետականաշինությանը:

Ինչքան էլ փորձում են պետական մակարդակով բռնություներ կիրառել պետական աշխատանք ունեցող մարդկանց հանդեպ, ճնշումներ կիրառել, տարբեր կարգի խոչընդոտներ ստեղծել, մարդիկ, այնուամենայնիվ, բավականին ընտրական պրոցեսների մեջ թրծվել են: Նման կարգի վերաբերմունքը մարդկանց մոտ դժգոհության ալիք է ու ատելություն է առաջացնում։ Եթե մարդը չունի իշխանություն, այս պարգայում նման կարգի բռնի մեթոդներով է փորձում առաջնորդվել: Հետևաբար եթե հանկարծ ժողովուրդը միամիտ գտնվի և նման մարկանց հնարավորություն ընձեռնվի ունենալ ժովորդի իշխանությունը, ապա դա շատ ծանր հետևանքներ կունենա յուրաքանչյուրի համար: Նրանք, ովքեր պետական բնագավառում են աշխատում, և նրանց հանդեպ կիրառվում են բռնություններ, պետք է կարողանան ճկուն քաղաքականություն վարել։ Բոլորը գիտեն՝ ընտրությունը փակ և գաղտնի է: Մտնելով քվեախուց՝ կարող են իրենց ընտրությունը կատարել այն թեկնածուի օգտին, որին ցանկանում են։

– Իսկ ովքե՞ր են Ձեր կողքին:

– Իմ կողքին իմ թիմն է, չունեք դավաճանության որևէ դրսևորում, ավելին՝ ունենք նոր համակիրներ։

– Ի՞նչ եք կարծում,  կլարվի՞ իրավիճակը։

– Իրենք ձգտում են ամեն կերպ լարում ստեղծել, տարբեր իմաստներով, բայց մենք հաղթողի դիրքերից ենք մոտենում հարցին: Առհասարակ ագրեսիան մեծանում է այն ժամանակ,  երբ մարդը զգում է թուլություն, իսկ ուժեղ մարդը երբեք  ցույց չի տալիս իր ունեցած ուժեղ դիրքը և հնարավորությունները՝ տարատեսակ շոուների միջոցով տեսանելի և ցուցադրական միջավայր ապահովելով։

Քարոզարշավին ներկայանում ենք մեր թիմով, մեր նեկայացուցիչներով, այն բոլոր մարդկանցով, որոնք տարիների ընթացքում իրոք ապացուցել են իրենց ազնվությունը, մաքրությունը, պայքարել են ո՛չ աթոռի համար, այլ՝ իրենց պայքարը գաղափարական և ժողովրդական է:

– Ինչպե՞ս եք գնահատում հաղթելու Ձեր շանսերը։

– Նորմալ:

– Եվ վերջում՝ ի՞նչ կցանկանայիք հղել Անի համայնքի բնակիչներին:

– Ես ցանկանում եմ խնդրել, հորդորել  մեր ընտրողին, որ տարիների ընթացքում մասնակցելով ընտրություններին, ճանաչելով, վստահություն ունենալով մարդկանց, քաղաքական ուժերի հանդեպ՝ կատարեն ճիշտ ընտրություն: Հաշվի առնելով տարիների ընթացքում մեր անցած լուրջ ճանապարհը և այն, որ «Ազգ-համայնք» դաշինքը  ներկայացնում է ժողովրդի իշխանությունը, ոչ թե որևէ քաղաքական միջավայրի ունեցած հնարավորությունը, իրենց վստահության քվեն տան «Ազգ-համայնք» դաշինքին՝ համոզված լինելով, որ գտնվելու են հուսալի ձեռքերում: Մեր դաշինքը կանգնած է ժողովրդի կողքին, քաղաքական որևէ միջավայրում որևէ քաղաքական ֆունկցիա չի իրականցնում։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker