ՀԱՄԱՅՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՄԻ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ

Սեպտեմբերի 25-ին Չարենցավան համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ համամասնական ընտրություններ: Այդ առիթով զրուցեցինք համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Գալստյանի հետ:
Արթուր Գալստյանը ծնվել է 1966 թ. մարտի 10-ին, Կոտայքի մարզի Ալափարս գյուղում: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Սովորել է Գ. Աղաջանյանի անվան գյուղատնտեսական տեխնիկումում: 2018-2021 թթ. սովորել և ավարտել է Ղազախստանի Հանրապետության Պետրոպավլովսկ քաղաքի Հումանիտար տեխնիկական քոլեջը` ստանալով տեխնիկ-շինարարի որակավորում: 1990-1995 թթ. աշխատել է Գագարին քաղաքի <<Նևթոբազայում>>՝ որպես օպերատոր: 2001-2007 թթ. աշխատել է Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում՝ որպես վարչատնտեսական գծով փոխտնօրեն: 2014 թ. աշխատել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնում՝ որպես փորձագետ: 2002-2006 թթ. Չարենցավանում ընտրվել է ավագանու անդամ: 2017թ.-ից առ այսօր «Սթար Բիլդ» ՍՊԸ-ի տնօրենն է: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Ստորև ներկայացնենք մեր հարցազրույցը Ա. Գալստյանի հետ:
– Պարոն Գալստյան, համայնքի ղեկավարի համամասնական ընտրակարգով ընտրություններում առաջադրել եք Ձեր թեկնածությունը, գլխավորում եք ≪Քաղաքացիական պայմանագիր≫ կուսակցության ավագանու անդամի ցուցակը: Ինչո՞ւ եք ուզում դառնալ Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար։
– Անկեղծ՝ շատ եմ սիրում մեր համայնքը: Այն իմ երկրորդ օջախն է: Առաջադրմանս նպատակն այն է, որ վաղը մեր համայնքն ավելի լավը դառնա: Շատերն են հեռացել այստեղից. ուզում եմ՝ այնպիսի համայնք ունենանք, որ արտագաղթածների մեջ վերադառնալու ցանկություն առաջանա։
– Մինչ առաջադրվելը ազգաբնակչության հետ եղե՞լ են շփումներ։
– Իհարկե: Չեմ սիրում ինքնագովազդով զբաղվել: Թերևս ավելի ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել համայնքի բնակիչներին: Համենայն դեպս կարող եմ հստակ ասել՝ յուրաքանչյուր ոք, ով դիմել է, կամ ես իմացել եմ, որ խնդիրներ ունի, չեմ վախենում բարձրաձայնելուց, միշտ աջակցել եմ։
– Պարոն Գալստյան, առաջադրվել է ևս 2 քաղաքական ուժ: Ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը, մրցակիցների կողմից տարվո՞ւմ է սև փիառի քաղաքականություն: Արդյոք կա՞ թշնամանք։
– Ինչո՞ւ պետք է թշնամանք լինի: Ես մրցակիցների հանդեպ լավ եմ տրամադրված: Ընտրապայքար է. ամեն մեկն իր տեսակետն ու ծրագիրը ունի: Չարենցավան համայնքի բնակիչները ում արժանի կհամարեն ու ձայն կտան, նա էլ կշարունակի իր գործունեությունը։
– Այսօր ովքե՞ր են Ձեր կողքին, Ձեր թիմում:
– Տարբեր մարդիկ են ընդգրկված մեր ավագանու ցուցակում՝ դպրոցի տնօրեն, բժիշկներ, սպորտի վարպետներ և ուրիշներ: Բոլորն էլ համայնքում ճանաչված, հարգանք վայելող մարդիկ են, որոնցով ես հպարտանում եմ։
– Ի՞նչ եք կարծում, պարոն Գալստյան, ինչպե՞ս կընթանա նախընտրական փուլը, կլինի՞ լարվածություն:
– Կարծում եմ՝ նախընտրական փուլը կընթանա շատ լավ, առանց ավելորդ լարվածության: Ես լարվածությանը միանշանակ դեմ եմ, որովհետև սեպտեմբերի 25-ին հաջորդելու է 26-ը: Մենք նույն համայնքում ենք բնակվում, և ես ուզում եմ, որ միմյանց հանդեպ բարեհամբյուր լինենք։
– Ընտրվելու դեպքում առաջնահերթ ո՞ր խնդիրներն են Ձեր ուշադրության կենտրոնում, որո՞նք են առաջնային ծրագրերը:
– Ճիշտ ասած՝ խնդիրները շատ-շատ են, բայց կարող եմ մի քանիսը առաջնահերթ նշել: Օրինակ՝ մեր քաղաքային զբոսայգին, որը ժամանակին պարզապես հրաշք էր, այսօր գտնվում է ցավալի վիճակում: Հիշում եմ՝ իմ մանկության տարիներին անգամ արտերկրից եկած հյուրերը զարմացած էին մեր զբոսայգով: Ընտրվելու դեպքում այն վերանորոգվելու է եվրոպական ստանդարտներին համապատասխան, և ունենալու ենք բոլոր հարմարություններով ժամանակակից զբոսայգի:
Միկրո թաղամասում, որտեղ բավականին մեծ թվով բնակիչներ են ապրում, մանկապարտեզ չկա: Արդեն իսկ կա նախնական պայմանավորվածություն կառավարության հետ իմ ընտրվելու դեպքում մանկապարտեզ կառուցել այս թաղամասում: Կունենանք նաև խաղահրապարակներ բակերում: Քաղաքում ունենք կինոթատրոն, որը երկար տարիներ չի գործում, հատկացվել է եկեղեցուն, որը ոչ մի նպատակով չի գործում: Բանակցություններ են տարվում այն համայնքին վերադարձնելու ուղղությամբ, որից հետո համայնքը կունենա կինոթատրոն։
Գյուղական բնակավայրերում շատ լուրջ է ոռոգման ջրի հարցը: Կան գյուղեր, որոնք ոռոգման համակարգ չունեն, օրինակ՝ ֆանտանը: Գյուղերում առկա խմելու ջրի խնդիրը ոռոգման ջրի չլինելու հետևանքով է: Մարդիկ ստիպված խմելու ջրով են ոռոգում իրենց այգիները:
Մյուս խնդիրներից են ճանապարհների լուսավորության, Բջնի գյուղի դպրոցի ջեռուցման հարցերը: Ընտրվելու դեպքում այս բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու և լուծում են ստանալու:
Եթե յուրաքանչյուրս մեր համայնքին վերաբերվենք որպես մեր մեծ ընտանիքի, ապա շատ կարճ ժամանակում ամեն ինչ լավ կլինի, ու խնդիրներն արագ կլուծվեն։
– Պարոն Գալստյան, Ձեր ընտրվելու դեպքում կադրային փոփոխություններ կիրականացնե՞ք։
– Կադրային ջարդը մեր ձեռագիրը չէ: Բոլորն էլ մեր համայնքի բնակիչներն են, աշխատում են, իրենց ընտանիքներն են պահում: Ով իր աշխատանքին նվիրված է, բարեխիղճ է, միանշանակ պետք է շարունակի աշխատել։
– Ի՞նչ կցանկանաք հղել չարենցավանցիներին՝ Ձեր ընտրողներին։
– Նախ՝ կցանկանամ բոլորին առողջություն, ապա՝ ընտրություններին մասնակցեն առանց մեկը մյուսի դեմ լարվելու, որովհետև կյանքը շարունակվում է ընտրություններից հետո էլ: Նույն համայնքում ենք ապրում, բոլորս իրար բարեկամ ենք, հարևան կամ ծանոթ: Միայն մի խնդրանք ունեմ մեր ազգաբնակչությանը. սեպտեմբերի 25-ին բոլորը մասնակցեն ընտրություններին և ով արժանի է, նրան էլ իրենց քվեն տան:
– Պարոն Գալստյան, Ձեր կարծիքով՝ կինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ:
– Այո՛, ես համոզված եմ, որ ամեն ինչ արդար կլինի։