Համայնքի համաչափ զարգացումը սկզբունք

Հարցազրույց Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ
– Պարոն Բաբայան, ինչպիսի՞ խնդիրներ են լուծվել Ձեր ղեկավարման ժամանակահատվածում՝ մոտ մեկ տարվա ընթացքում:
– 2022 թ.-ին 1 միլիարդ 751 միլիոն դրամի վերակառուցման և կառուցման աշխատանքներ են իրականացվել համայնքում: Դրանց մեջ եղել են և՛ սուբվենցիոն ծրագրերը, և՛ համայնքի միջոցով կատարված աշխատանքները: Աբովյան քաղաքում և բոլոր վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ ասֆալտապատման, լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, վարչական շրջաններում՝ գյուղական համայնքներում իրականացվել են նաև այլ բազմաթիվ աշխատանքներ՝ ոռոգման ցանցի բարելավում, սելաֆատարերի մաքրում, աղբահանության համակարգի բարելավում, կանգառներում սպասասրահների կառուցում: Կատարվել են նաև ճանապարհների բարեկարգման՝ փոսալցման աշխատանքներ համայնքի միջոցներով: Շատ վատ էր վիճակը վարչական շրջաններում՝ գյուղական համայնքներում: Հիմա ինչ-որ չափով կարգավորել ենք ու շարունակելու ենք կարգավորել։


Պտղնի համայնքում մանկապարտեզի շենքը մոտ 10 տարի առաջ օտարվել էր: Մեր ջանքերի շնորհիվ շենքը վերադարձվել է համայնքին: Առաջիկա սուբվենցիոն ծրագրերում նախատեսել ենք այն վերակառուցել ու ծառայեցնել բնակչությանը, քանի որ Պտղնի համայնքը մանկապարտեզ չունի։

Համայնքում շատ բարձր մակարդակի վրա է գտնվում մշակութային և սպորտային կյանքը։ Ամեն շաբաթ մշակութային միջոցառումներ են իրականացվում համայնքում։ Գործում է երաժշտական դպրոց, որը լավագույններից է ոչ միայն մարզում, այլև ողջ հանրապետությունում: Մեր սաները ՀՀ-ում տարբեր մրցույթների են մասնակցում և միշտ բարձր տեղեր են գրավում։ Անցած տարի անհատույց պայմանագրով մեր մարզադաշտը տրամադրվել է ֆուդբոլի ֆեդերացիային, և այն վերանորոգվել է ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան: Շատ հանդիպումներ, խաղեր, որոնք նախկինում հնարավոր չէր իրականացնել, այսօր արդեն Աբովյանում տեղի են ունենում։

Աբովյան քաղաքի թատրոնի շենքի տանիքն անմխիթար վիճակում էր: Իմ և իմ ընկերների միջոցով այն վերակառուցվել է։ Ունենք փողոցներ, որոնք ամբողջությամբ ասֆալտապատվել, լուսավորվել են ընկերներիս միջոցներով։ 2022 թ.-ից սկսած բազմաթիվ ներդրումներ են եղել Աբովյան համայնքում:
Եթե համեմատենք անցած տարվա ընթացքում իրականացված աշխատանքները նախկինում կատարվածների հետ, ապա Աբովյան խոշորացված համայնքում մի քանի տարվա աշխատանք է կատարվել: Նույն տեմպով շարունակելու ենք նաև այս տարի: Արդեն հաստատված են սուբվենցիոն բոլոր հայտերը: Մեզ համար առաջնային է համայնքների համաչափ զարգացումը: Այդ սկզբունքը պահում ենք՝ պետք է զարգանա ոչ միայն Աբովյան քաղաքը, այլև բոլոր վարչական շրջանները։
– Որո՞նք են առաջիկայում իրականացվող ծրագրերը:
– Համայնքում բազմաթիվ խնդիրներ են առկա գրեթե բոլոր ոլորտներում՝ թե՛ ասֆալտապատման, թե՛ լուսավորության և այլն: Այս տարի նախատեսվում է իրականացնել 3 միլիարդ 388 միլիոն դրամի կապիտալ ծրագրեր, որոնց մեջ նախատեսված են թե՛ արդեն հաստատված սուբվենցիոն ծրագրերով, թե՛ համայնքի բյուջեի միջոցներով կատարվելիք աշխատանքները։ Ընդհանուր հաշվով այս տարի ևս լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնելու: Դրանց ծավալը բաժանված է տարիների վրա, ամեն տարի իրականացնելու ենք էլ ավելի շատ աշխատանքներ: Իհարկե, սա նաև կախված է մեր բնակչությունից: Շատ և նորմալ կատարված հավաքագրումները կծառայեն հօգուտ համայնքի, հօգուտ աբովյանցու: Նշեմ, որ անցյալ տարի հարկերի հավաքագրումները գերակատարվել են։
Այս տարվա ծրագրերից է նաև համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգումը, որը բնակչության համար ծառայում է որպես զբոսայգի։ Աբովյան քաղաքում և 10 վարչական շրջաններում իրականացնելու ենք լայնածավալ ասֆալտապատման, լուսավորման նոր համակարգի անցկացման աշխատանքներ: Աբովյան քաղաքում ունենք կասկադի աստիճանները հիշեցնող երկու վայր. նախատեսում ենք դրանք վերակառուցել: Բազմաթիվ փողոցներ գտնվում են անմխիթար վիճակում, նամանավանդ գյուղական բնակավայրերում: Այստեղ նաև փոսալցումներ ենք իրականացնելու՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։ Համայնքի միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով արդեն իսկ հաստատվել են ասֆալտապատման ծրագրերը։ Աբովյան համայնքում բոլոր լուսացույցերը փոխարինվելու են նոր սմարթ լուսացույցերով, ճանապարհների նշանները ևս փոխվելու են: Գծանշումների աշխատանքները իրականցվել են տերմոպլաստով, որը չնայած ավելի թանկ է, սակայն երկարակյաց է։ Այս տարի նաև իրականացվելու է Աբովյան քաղաքի ավտոկայանից սկսած, Բալահովիտ գյուղով անցող և մինչև մայրուղի հասնող ճանապարհի հիմնանորոգում՝ ոչ միայն ասֆալտապատվելու է, այլև անցկացվելու են ջրամատակարարման, ջրահեռացման համակարգեր: Կոյուղագծերի խնդիր ունենք Բալահովիտ վարչական շրջանում. դա երկար տարիների խնդիր է և ամբողջովին վերանորոգվելու է: Աբովյանի մուտքերի ու ելքերի ճանապարհները կհիմնանորոգվեն: Անցած տարի նույն կերպ հիմնանորոգվել է դիսպանսերի ճանապարհը։
Մի խոսքով, փորձում ենք հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ, յուրաքանչյուր ոլորտի զարգացմամբ ապահովել համայնքի զարգացումը, բարելավել համայնքի բնակչության կյանքը: Ժողովուրդը իր վստահության քվեն մեզ է տվել, ուստի մենք պետք է մեզ տրված ժամանակահատվածում արդարացնենք նրանց հույսերը և համայնքի խնդիրները լուծենք գոնե 80-90 %-ով։
– Որո՞նք են այն գլոբալ խնդիրները Աբովյան խոշորացված համայնքում, որոնք Ձեր ուշադրության ներքո են, բայց մոտ մեկ տարվա ընթացքում, ինչ ղեկավարում եք համայնքը, չեք հասցրել լուծել։
– Համայնքի գլոբալ խնդիրները բազմաթիվ են: Համայնքը աճող օրգանիզմ է: Ամեն տարի համայնքում նոր խնդիրներ են առաջ գալիս, որոնք մենք պարտավոր ենք ամեն տարի տարվա հաճախականությամբ լուծել: Աբովյան համայնքում մեծ ծավալով նոր շենքեր, նոր թաղամասեր են կառուցվում: Կարծում ենք՝ տարիներ հետո կտրուկ կաճի բնակչության թիվը։
Ունենք վթարային չորս հանրակացարան, որոնք կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանում և այսօր գտնվում են ամխիթար վիճակում: Այս խնդիրը ևս մեր ուշադրության կենտրոնում է: Դեռևս չենք մանրամասնի ծրագրի էությունը, երբ ի կատար ածվի, բոլորն էլ կիմանան։ Չկա մի այնպիսի խնդիր, որ առկա լինի համայնքում, և մենք դրանով չզբաղվենք։
Բոլոր ոլորտներում ունենք գրանցված հաջողություններ:
– Պարոն Բաբայան, իսկ կադրային խնդիրներ ունե՞ք:
– Կադրային խնդիրներ չունենք: Համայնքապետարանում և վարչական շրջաններում ունենք շատ լավ, փորձառու մասնագետներ և բոլոր խնդիրները միայն աշխատանքի շնորհիվ միահամուռ ուժերով փորձում ենք լուծել։
– Որպես Աբովյան համայնքի ղեկավար՝ ի՞նչ քայլեր եք իրականացնում համայնքը ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ:
– Համայնքում ներդրումներ են իրականացվում թե՛ բազմաբնակարան շենքեր, թե՛ գործարաններ կառուցելու համար: Առաջիկայում ադամանդի վերամշակման ևս մեկ գործարան կբացվի: Ի դեպ, նոր արևային կայանների գործարան է բացվել, որը բազմաթիվ նոր աշխատատեղերի հնարավորություն է տվել: Ներդրումները շարունակական են: Դրանց շնորհիվ համայնքը կարողանում է նորմալ շնչել, մարդիկ իրենց կյանքում, առօրյայում փոփոխություններ են տեսնում: Որպես համայնքի ղեկավար՝ ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում: Ներդրողներին համայնքը գրավում է նաև նրանով, որ նրանց համար խոչընդոտներ չենք ստեղծում: