Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կորոնավիրուսից արագ ապաքինում է մաղթել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին ուղղված մաղթանքը Տոկաևը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Արագ ապաքինում եմ մաղթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Համոզված եմ, որ իր բնածին կենսունակությամբ նա կկարողանա հաղթահարել հիվանդությունը և վերադառնալ գործունեության՝ ի շահ բարեկամական Հայաստանի», – գրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից: