ՄԵԿ ԱՇԽԱՏԱՏԵՂ՝ ԽՈՍՏԱՑՎԱԾ 30 ՀՈԳՈՒ – ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ՞

Ինչպես գիտենք, ՀՀ մի շարք համայնքներ խոշորանում են, և դեկտեմբերի 5-ին խոշորացված համայնքներում ՏԻՄ համամասնական ընտրություններ են: Թեժ մրցակցություն է սպասվում Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում, քանի որ այստեղ մասնակցում է 6 քաղաքական ուժ: «Ազատական» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է Արթիկի քաղաքապետի տեղեկալ Արտակ Հարությունյանը, «Միասնական Արթիկ» դաշինքը գլխավորում է Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը, «ՔՊ»-ի ցուցակը գլխավորում է Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ Արթուր Աստոյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ Հակոբ Մալթիլյանը, «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք» կուսակցությունը՝ Արթիկի նախկին քաղաքապետ, այժմ՝ մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը։
Կայանալիք ընտրություններին ընդառաջ զրուցեցինք Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանի հետ:
– Պարոն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը՝ գլխավորելով «Ազատական» կուսակցության ավագանու ցուցակը։
– Ճիշտն ասած՝ 2016-ին էլ եմ ցանկացել մասնակցել ՏԻՄ՝ համայնքի ղեկավարի ընտրություններին, դրանից առաջ երկու անգամ մեծաթիվ ձայներով ընտրվել եմ ավագանու անդամ: 2016 թ. եղել են քաղաքական հետապնդումներ, այդ պատճառով էլ չեմ առաջադրվել, բայց մինչ օրս հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին։
Սամվել Բաբայանի կողմից է առաջարկը եղել: Մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել և տվել ենք մեր համաձայնությունը՝ հաշվի առնելով իր՝ մեր պետության, Արցախի համար ունեցած ներդրումը, ու որոշել ենք թիմով հանդես գալ «Ազատական» կուսակցության ներքո։
– Որո՞նք են Արթիկ խոշորացված համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
– Խնդիրներին ծանոթ եմ և գիտեմ լուծման ճանապարհները իմ աշխատանքային փորձի շնորհիվ, որը ինձ լիովին բավականացնում է: Իսկ գյուղերի հետ կապված՝ խնդիրներին ծանոթ եմ, որովհետև մշտապես շփում է եղել համայնքների բնակիչների հետ: Կարծում եմ՝ մեր թիմը կկարողանա լուծել այդ խնդիրները, որոնք խոշորացված համայնքում, բնականաբար, ավելանալու են: Պարզապես դրա համար պետք է շատ աշխատել: Մեր նախընտրական ծրագրերում ընդգրկված են առաջիկա խոշորացված համայնքի բոլոր խնդիրները և լուծումները, որոնք ընտրողներին ներկայացվում ենք քարոզարշավի ժամանակ: Քանի որ Արթիկ խոշորացված համայնքի 23 համայնքները գյուղական բնակավայրեր են, ուստի առաջնային եմ համարում գյուղատնտեսության զարգացումը և դրան առնչվող խնդիրների լուծումը։
Մեր կարգախոսն է՝ «Մեր թիմը ձեզնից յուրաքանչյուրն է»: Դա պատահական չէ ընտրված: Մենք բոլորս միասին ենք լուծելու մեր համայնքի խնդիրները։ Կարևորում եմ խնդիրների լուծումը ըստ առաջնահերթության: Առաջին հարցը ոռոգման ջրի խնդիրը լուծելն է, քանի որ քսաներեք գյուղական համայնք միանում է քաղաքին, որտեղ նույնպես առկա է այդ խնդիրը, այսինքն՝ քաղաքում էլ կան հողեր, որ չեն ոռոգվում: Ի դեպ, ոռոգման ջրի հարցը ներկայացվելու է կառավարություն, որովհետև դա միայն համայնքային բյուջեով իրականացնել հնարավոր չէ:
Այս և այլ ծրագրային դրույթները կետ առ կետ իմ նախընտրական ծրագրում մանրամասն նշված են:
– Պարոն Հարությունյան, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է հնարավոր գյուղացուն կապել իր հողին, իր համայնքին։
– Ինչպես արդեն նշեցի, առաջնայինը գյուղական համայնքներում ոռոգման ջրի խնդրի լուծումն է, որպեսզի մեր բնակիչները չմեկնեն արտագնա աշխատանքի, այլ նոր կուլտուրաներ մշակեն իրենց իսկ համայնքում և գումար վաստակեն իրենց իսկ հայրենիքում: Իհարկե, շատ խնդիրներ կան գյուղերում, սակայն նշածս խնդրի լուծմամբ գյուղատնտեսությունը կզարգանա։ Կարևոր է նաև գյուղմթերքի իրացման խնդիրը: Ըստ մեր ծրագրի՝ նախատեսված է նաև գյուղատնտեսական շուկայի ստեղծում, որը նույնպես շատ կարևոր կետ է, և որի շնորհիվ կլուծվի գյուղմթերքի իրացման հարցը: Մեր համայնքներից Հոռոմը, Լուսակերտը, Սարատակը, Հայերնյացը, Հայկասարը, ինչպես գիտեք, Հյուսիս-հարավ ավտոճանապարհին հարևան համայնքներ են, արդեն իսկ Հոռոմ գյուղում փորձը կա՝ սուբվենցիոն ծրագրով համայնքի կողմից սառնարանային տնտեսություն է կառուցվել: Դա կարելի է մեծացնել: Եթե գյուղմթերքը արտահանվում է ՌԴ, ապա այլևս 100 կմ Երևան չի գնա, կպահեստավորեն սառնարաններում, և մեր գյուղերն էլ այս կերպ կզարգանան։
– Պարոն Հարությունյան, ովքե՞ր են Ձեր կողքին:
– Իմ կողքին են նաև քաղաքականություն մտնող նոր մարդիկ, ովքեր սկզբունքային են, գրագետ ու պատրաստակամ իրենց ողջ ներուժը օգտագործելու մեր համայնքի զարգացման համար: Նշեմ, որ ընտրել ենք ոչ օդիոզ մարդկանց:
– Իսկ ինչպիսի՞ն է նախընտրական մթնոլորտը, կա՞ թշնամանք, արդյոք տարվո՞ւմ է սև փիառի քաղաքականություն կամ խոչընդոտներ լինո՞ւմ են մրցակիցների կողմից։
– Մենք չենք պայքարում որևէ մեկի դեմ: Մենք պայքարում ենք Արթիկ խոշորացված համայնքի ձեռքբերումների և հաղթանակների համար։
– Ձեր ավագանու ցուցակում ովքե՞ր են ընդգրկված:
– Բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբան,սոցիոլոգ, դասախոս,մանկավարժներ… Կարծում եմ՝ ավագանիների միայն անունները իմանալը չէ կարևոր, այլ այն, որ նրանք կարողանան լավ աշխատել: Ավագանու ցուցակում ընդգրկվել է նաև Ղևոնդ Սուքիասյանը: Նա մասնակցել է Արցախյան պատերազմներին: 44-օրյա պատերազմում, ցավոք, իր տղան զոհվեց: Ընդգրկել ենք ցուցակում, որպեսզի ընտրվելու դեպքում զոհված տղաների ընտանիքների, վիրավորների հարցերով նա էլ աջակցի մեզ։ Այսօր մենք բոլորս պարտական ենք մեր կռված տղաներին։
– Ի՞նչ եք կարծում, պարոն Հարությունյան, կլարվի՞ նախընտրական մթնոլորտը:
– Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Պետք է նաև թեկնածուները, կուսակցության ղեկավարները, ինչպես նաև առաջին դեմքերը իրենց քարոզարշավը կազմակերպեն այնպես, որ ոչ մի խնդիր չառաջանա: Ամեն օր տարբեր խոսակցություններ են լինում, ինֆորմացիաներ են հասնում: Ես մեր թիմի անդամներին հորդորում եմ, որ ոչ մեկի հետ տարաձայնության մեջ չմտնեն։
– Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները:
– Կարծում եմ՝ 51 % ոչ մի քաղաքական ուժ չի հավաքի, իսկ մնացածը պայքարը ցույց կտա։ Այս ընտրությունների միջոցով ժողովուրդը իր գնահատականը կտա:
– Պարոն Հարությունյան, Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ ըստ Ձեզ՝ ոչ մի քաղաքական ուժ 51 % քվե չի ստանա: Եթե այդպես լինի, Դուք կոալիցիա կկազմե՞ք որևէ ուժի հետ։
– Շատ լավ հարց տվեցիք, որովհետև քաղաքում լուրեր են պտտվում, թե ինչ-որ մեկի հետ պայմանավորվածություն ունենք: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը, ոչ մեկի հետ պայմանավորվածություն չունենք ո՛չ ես, ո՛չ մեր կուսակցությունը: Ընտրությունները կավարտվեն, ձայները կբաշխվեն, հետո մենք կորոշենք՝ հաշվի առնելով նաև մեր ընտրողների, մեր բնակչության, համայնքի շահերը:
– Իսկ ընտրվելու դեպքում կադրային փոփոխություններ կիրականացնե՞ք։
– Կրկնում եմ՝ մեր թիմը ձեզնից յուրաքանչյուրն է: Բոլոր պրոֆեսիոնալ կադրերը, լավ աշխատողները մնալու են և աշխատեն: Կան մարդիկ, թեկնածուներ, բոլորը գիտեն՝ ում մասին է խոսքը, ասում են՝ մեկ տեղի համար արդեն 30-40 հոգու խոսք է տվել, բայց ինչպե՞ս են դա անելու: Անհասկանալի է: Երեսուն հոգու ինչպե՞ս են ընդունելու մեկ հոգու փոխարեն։