«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բերման է ենթարկվել.

ՀՀ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին եւ քանդակագործ Վիգեն Ավետիսին։
Ինչպես նշված է կրթահամալիրի կայքում, տնօրենը բերման է ենթարկվել իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից՝ խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար։
Ոստիկանության լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտից 3 անձ բերվել է Ոստիկանության բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
Նշենք, որ մեջբերված հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։
Վիգեն Ավետիսը, իր ֆեյսսբուքյան էջում տեղեկացնելով բերման ենթարկվելու մասին, նշել է, որ պատճառը ճաղապատմանը դեմ լինելն է։
Ամիսներ առաջ հայտնել էինք, որ Երեւանի թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը փորձել էր ցանկապատել հաստատության տարածքը, իսկ հարեւանությամբ գործող կրթահամալիրի սաները կենդանի պատ էին կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։ Բլեյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում այդ ցանկապատումը բռնություն էր անվանել, քանի որ ավիրվում, ոտնահարվում է շրջակա միջավայրը, այն կանաչը, որ ստեղծել են աշակերտները:
«Բացառվում է, որ մենք ցանկապատի մեջ ապրենք»,- շեշտել էր նա։