Նվիրումը հայրենիքին, հերոսական քայլը, պետք է գնահատվեն. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևները հանձնել է Գուրգեն Դալիբալթայանի և Թաթուլ Ղազարյանի ընտանիքի անդամներին:

Հանձնելով պարգևը գեներալ-գնդապետ Դալիբալթայանի որդուն՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է այն ներդրումը, որն առաջին պատերազմում հաղթանակի գործում ունեցել են Խորհրդային Միության տարբեր վայրերից հայրենիք վերադարձած հայ սպաները՝ բերելով ռազմական արվեստ, պրոֆեսիոնալիզմ և իրենց երկար տարիների փորձառությունը. «Գեներալ Դալիբալթայանն կրթություն էր ստացել թե՛ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, թե՛ Գլխավոր շտաբի ակադեմիայում, և իր ողջ փորձառությամբ օգտակար եղավ հայրենիքին՝ դառնալով մեր գլխավոր շտաբի առաջին ղեկավարն ու այնուհետև երկար տարիներ ծառայելով հայրենիքին»:
Հայրենիքի շքանշանը հանձնելով գնդապետ Թաթուլ Ղազարյանի որդուն և եղբորը՝ նախագահը նշել է, որ Թաթուլ Ղազարյանը օրինակ է դարձել իր ռազմական ընկերների, ողջ բանակի համար. «Նրա նվիրվածությունը, կարգապահությունը, որպես հրամանատար որոշումներ՝ փայլո՛ւն որոշումներ ընդունելու տաղանդը բնորոշ են իսկական հերոսին»: Դիմելով հերոսի որդուն՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա ընտանիքը շարունակելու է Թաթուլ Ղազարյանի գործը. «Քո պարտականությունը, տղա՛ս, շարունակելն է այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել: Իսկ հայրդ քեզ ժառանգել է նվիրումով ծառայել հայրենիքին»: