Ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե ես գործարքի եմ գնում․ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավայրից ժամանել է Ազգային ժողովով ու մասնակցում է 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, անպիտան հրթիռների գործով մեղադրվում է պետությունից շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։
«Ընդդիմությունից կամ դիմությունից հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ես ինչ-որ գործարքի եմ գնում, կամ չգիտեմ՝ ինչ եմ անում: Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչի համար եմ հիմա կալանավորված։ Ենթագիտակցաբար նաև կրում եմ այս կալանավորումը պատերազմի արդյունքի համար, ոչ նրա համար, ինչ որ ձևակերպված է։ Հենց այդ ենթագիտակցությամբ պատրաստ եմ շարունակել, որպեսզի պարզ լինի, իրավիճակն էլ լիցքաթափվի: Թող նաև հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ինքն այդ բանսարկու մեղադրանքն ընդունում է»,- քիչ առաջ ասաց Դավիթ Տոնոյանը։