ԱՊՐԵՆՔ ՄԵՐ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿՐՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին տեղի կունենան Փարաքար խոշորացված համայնքի ընտրություններ, որի արդյունքում միավորվելու են 8 համայնք՝ Փարաքար, Մերձավան, Բաղրամյան, Այգեկ, Արևաշատ, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք: Այս համայնքում ՏԻՄ համասնական ընտրություններում մասնակցության համար գրացնված են երեք քաղաքական ուժ՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, «ՔՊ» կուսակցությունը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ։
Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Վալոդյա Գրիգորյանի հետ:
– Պարոն Գրիգորյան, որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրերը:
– Մեր նախընտրական ծրագրերում ընդգրկված են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ նորաստեղծ թաղամասերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, գազաֆիկացում, ներհամայնքային փողոցների բարեկարգում, ասֆլտապատում, մշակութային կառույցների վերանորոգում, խաղահրապարակների և զբոսայգինների կառուցում ու բարեկարգում, սպորտային հրապարակների կառուցում և վերանորոգում, աջակցություն դպրոցներին, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի, ինչպես նաև կոյուղու ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում, գերեզմանատների բարեկարգում, բուժամբուլատորիաների վերանորոգում և կահավորում, տրանսպորտային համակարգի բարելավում, աղբահանության կազմակերպման որակի բարելավում: Ինպես տեսնում եք, անելիքները շատ են:
– Պարոն Գրիգորյան, քարոզարշավի ժամանակ բնակիչները ինչպիսի՞ խնդիրների մասին են բարձրաձայնում:
– Հիմնականում բոլոր համայնքներում խնդիրները նույնն են: Բնակիչները մտահոգված են այն խնդիրներով, որոնք գրեթե բոլորն էլ ներառված են մեր նախընտրական ծրագրերում։ Դրանք գազաֆիկացման, խմելու ջրի ներքին ցանցի կառուցման, կոյուղագծերի, տրանսպորտի և այլնի հետ կապված նման բազում հարցեր են, որոնց անդրադարձել ենք մեր նախընտրական ծրագրում:
– Այս համայնքներում մշտապես եղել է տրանսպորտի խնդիր, ինչպե՞ս եք պատկերացնում դրա լուծումը։
– Դա խնդրահարույց է հատկապես Արևաշատ համայնքում, քանի որ չկա էջմիածնին կապող տրանսպորտ: Նախկինում եղել է, բայց հիմա չի աշխատում, կարծում եմ, ոչ եկամտաբեր լինելու պատճառով, քանի որ մարդկանց քանակը չի բավարարել: Եթե դա լինի ոչ շահույթ հետապնդող բարեգործական կազմակերպություն, կարծում եմ, ժողովրդին կարող ենք նորմալ տրանսպորտով ապահովել: Համապատասխան մարմինների հետ քննարկումից և թույլտվություն ստանալու դեպքում ընտրություններից հետո իմ անձնական միջոցներով կլուծեմ այդ խնդիրը։ Իմ անձնական հովանավորությամբ Մերձավան համայնքի սպորտդպրոցում մոտ 70 երեխա է մարզվում՝ Մերձավան և հարևան համայնքներից, Այգեկ համայնքում արդեն երկու տարի գործում է պարի խմբակ, Մուսալեռ համայնքում 43 երեխա է մարզվում, Արևաշատում բռնցքամարտի մեծ դպրոց կա, որտեղ 20 երեխա է հաճախում: Վերջիններիս սակավաթիվ լինելը կապված է ֆինանսական հնարավորությունների հետ: Անկախ ընտրությունների արդյունքից՝ ընտրություններից հետո դա էլ կվերցնեմ իմ հովանավորության ներքո, որպեսզի այդ 20-ը դառնա 40, 60։ Ես թե նախկինում, թե այժմ ոչ մի հեռահար նպատակ չեմ ունեցել, պարզապես լինելով մարզիկ՝ ցանկացել եմ այս ձևով մասնակից լինել մեր երեխաների զարգացմանը, քանի որ, վստահ եմ, տարիներ հետո դա իր արդյունքը տալիս է, փողոցից կտրվում են։
– Ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը: Արդյոք կա՞ն խոչընդոտներ մրցակիցների կողմից։
– Ըստ իս՝ նախընտրական մթնոլորտը բավարար է: Այս տարիների ընթացքում ապրել եմ այնպես, որ բոլորն էլ հասցրել են ճանաչել: Ես չեմ աձագանքում, նույնիսկ չեմ էլ հասցնի, քանի որ նույն պահին պատասխան են ստանում ժողովրդի կողմից: Ով սև փիառով է զբաղվում, իրեն միանգամից սևացնում է։
– Ունեք երկու մրցակից, որևէ մեկին լուրջ մրցակից համարո՞ւմ եք։
– Ինչպես նշեցի, մարզիկ եմ եղել, ռինգում մրցակիցներ շատ եմ ունեցել, ճիշտ է, տարբեր են, հիմա քաղաքական մրցակիցներ են, բայց երբեք չի կարելի թերագնահատել ոչ մի մրցակցի, ուղղակի պետք է այս դեպքում ճիշտ ապրել, մյուս դեպքում էլ՝ լավ մարզվել, որպեսզի արդյունքը վերջում լինի գերազանց։
– Եվ ի՞նչ եք կարծում, կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ։
– Կարծում եմ՝ այո, ժողովուրդը թույլ չի տա, որ անարդարություն լինի, իր տված քվեն կհասնի տեղ։
– Պարոն Գրիգորյան, ի՞նչ կուղղեք Ձեր ընտրողներին։
– Ճիշտ ընտրություն կատարեն։ Ընտրեք համար մեկին՝ ինձ։ Ապրենք մեր ապրելու երկրում։