
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում «վերջին աշնանային իրադարձություններից հետո» առաջին անգամ կմասնակցեն դեկտեմբերի 26–ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այդ մասին գրել է ՌԻԱ Նովոստի-ն՝ նշելով, որ Երևանն ու Բաքուն չեն հայտարարել միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունների մասին։ Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին՝ Բրյուսելում, դա 2023–ին նրանց հինգերորդ հանդիպումն էր։ Նշվում է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները Գրանադայում և Բրյուսելում աշնանը չկայացան, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին։ Պարբերականը հիշեցրել է, որ ամիսներ տևած Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություն է սկսել, որի արդյունքում Ալիևը հայտարարեց, թե «հանրապետությունը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։ «Մի քանի օրվա ընթացքում ԼՂ-ից Հայաստան է մեկնել ավելի քան 100 հազար բնակիչ»,-ասվում է հրապարակման մեջ։