Հասարակություն

ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՑՄԱՆ.ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈԻ

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում նույնպես սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Ապրելու Երկիր» կուսակցությունն այս համայնքում առաջադրել է Արամ Մանուկյանի թեկնածությունը:

Ներկայացնում ենք մեր զրույցը «Ապրելու Երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արամ Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, ինչո՞ւ որոշեցիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել «Ապրելու երկիր» կուսակցությամբ:

– «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդների հետ եղել եմ մտերիմ հարաբերությունների մեջ: Բացի այդ, մինչ սա Ձորագյուղ համայնքում եղել եմ ավագանու անդամ, բայց ամբողջությամբ քաղաքականության մեջ չեմ եղել: Զբաղվել եմ մեր համայնքի հոգսերով, խնդիրների լուծմամբ: Քանի որ իմ գործունեությունը իրականացնում եմ Մարտունի քաղաքում, ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի խնդիրներին ծանոթ եմ, ուստի որոշեցի առաջադրվել ու արդեն իսկ իմ ունեցած փորձը, գիտելիքները ներդնել խոշորացված համայնքի կայացման գործում: Նշեմ, որ նաև կողմ եմ խոշորացման այս գաղափարին, որովհետև լավ հնարավորություններ է տալիս՝ մեր մտածած նախագծերը իրականացնելու և հասնելու իրոք ապրելու երկիր ունենալուն: Ուստի խորհրդակցելով «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդների հետ՝ հասկացանք, որ մեր ուղիները քաղաքական առումով նույնական են, և որոշեցինք մասնակցել այս ընտրություններին։

Ավագանու համամասնական ցուցակն ի՞նչ սկզբունքով եք ձևավորել:

– Առաջին հերթին մեր ցուցակում ընդգրկված ավագանիներն են մեր կողքին և հիմնականում երիտասարդներ են: Ինչու հիմնականում երիտասարդներ, որովհետև շեշտը երիտասարդների գործունեության վրա եմ դնում. նրանք այս պահին ունեցած իրենց երիտասարդական ավյունով և այն գիտելիքներով, որոնք ձեռք են բերել ժամանակակից տեխնոլոգիայի դարաշրջանում, ավելի շատ օգուտ կբերեն ու կնպաստեն համայնքի զարգացմանը: Նրանք շատ ավելի հավասարակշռված են, շատ ավելի ճկուն այժմյան շուկայական հարաբերությունների պայմաններում, և, առհասարակ, իմ, այսպես ասած, հենարանը նրանք են:  Մենք պետք է միասին գործակցենք և այն խնդիրները, որ դրել ենք մեր առաջ, կյանքի կոչենք: Միասին նաև աշխատել ենք, ճանաչում ենք միմյանց, գաղափարական պայքարը նույն ուղղությամբ է: Միանշանակ այդպես շատ ավելի հեշտ է, որպեսզի այս պայքարում կարողանանք արդյունքներ գրանցել։

– Պարոն Մանուկյան, քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հադիպման ժամանակ հիմնականում ի՞նչ հարցեր են բարձրացվում։

– Հիմնականում բոլոր համայնքներում խնդիրները նույնն են՝ խմելու ջուր, ոռոգման ջուր, ճանապարհների բարեկարգում: Ունենք նաև բնակավայր, որտեղ ոչ մի կոմունիկացիա չկա, մարդատար-ուղևորատար տրանսպորտ չունեն, նույնիսկ մշակույթի տուն չկա, ընդամենը մի փոքրիկ տնակ է դրված, որը, իրենց գյուղական լեքսիկոնով ասած, ծառայում է որպես «կլուբի շենք»։

– Պարոն Մանուկյան, մինչ օրս ՍՊԸ-ի տնօրեն եք, քանի՞ աշխատողի ղեկավար եք եղել:

– Տարբեր ժամանակներում աշխատողների քանակը տարբեր է եղել, մինչև 40 հոգի: Ղեկավար լինելը այսօր ամենաբարդ գործընթացներից մեկն է, քանի որ նախ պետք է բնույթով լինել ղեկավար: Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ եմ և գիտեմ, որ մասնագիտությունն ու այն ձիրքը, որ հարիր է կառավարչին, պետք է կարողանա կիրառել կյանքում, աշխատավայրում հարգանք վայելել, կարողանա ղեկավարել և ճի՛շտ ղեկավարել, ու, ամենակարևորը, կարողանա արդյունք գեներացանել: Իսկ առանց ճիշտ ղեկավարման դա հնարավոր չէ: Մասնավոր բիզնեսում դա արտահայտվում է գումարների տեսքով, իսկ այս դեպքում եթե հավակնում ենք հայտնվել համայնքի ղեկավարի դերում, ապա կառավարչական այդ ունակություններն անհրաժեշտ են մեր բնակչության հետ ճիշտ հարաբերություններ ձևավորելու համար: Կարճ ասած՝ հասկանալ դիմացինի խնդիրները, ապրումակցվել նրա հետ և ճիշտ որոշումներ կայացնել, ամենակարևորը ոչ թե ինչ-որ մի մասին կամ որևէ անձին հաճո որոշումներ կայացնել, այլ կարողանալ կոնպետետ լինել, հասկանալ խնդիրները և ճիշտ լուծում տալ, որը, այո՛, գուցե երբեմն մի հատվածի համար ցավոտ կլինի, բայց ժամանակի ընթացքում կերևա, որ դա էր միակ ճիշտ լուծումը: Դա է կառավարչի կարևոր  առաքելությունը: Այսօր ես ինձ համարում եմ կառավարիչ և կառավարչի հենց այդ ունակությունների վրա եմ ես այսօր հենված, որ մտածում և համոզված եմ, որ միանշանակ կկարողանամ կառավարել համայնքները արդեն խոշորացված համայնքի տեսքով։

– Պարոն, Մանուկյան, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում առկա խնդիրների լուծումը:

– Ամենակարևորը պետք է լինի փոխգործակցային մթնոլորտ: Եթե չի լինում փոխգործակցային մթնոլորտ, այստեղ արդեն ամբողջ խոսակցությունը կլինի շահերի, թիմային գաղափարի մասին և այս դեպքում բանեցնել կառավարչական ունակությունները և, առհասարակ, վարչական ռեսուրսը, շատ դժվար կլինի: Մենք գործ ունենք ոչ միայն մեզ ընտրողների, այլև չընտրողների հետ: Եթե որևէ ղեկավար չի կարողանում այդ չընտրող հատվածին իր ուշադրությամբ, ճիշտ որոշումներով իր կողմը գրավել, ապա կառավարումը միանշանակ ձախողվելու է: Կրկնում եմ՝ հանգեցնելու է թիմային տարանջատումների, իսկ թիմային բախումները լավ տեղ չեն տանելու։

– Ունեք հինգ մրցակից, ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը։

– Շատ հանդարտ, միմյանց հանդեպ հարգանքով: Պետք է ասեմ, որ նախ և առաջ իմ գործելաոճն է՝ առաջինը ինքս հարգանք դրսևորեմ, ապա պահանջեմ դիմացինից: Մեծապես հարգում եմ իմ բոլոր մրցակիցներին: Անկախ քաղաքական մտածողության այդ բազմազանությունից՝ ես ցույց եմ տվել այդ հարգանքը և առայժմ փոխադարձ ստանում եմ այն: Այո, չնչին դեպքեր արձանագրվել են, օրինակ՝ պաստառներ պոկել և այլն, բայց ես դա չեմ կապում անմիջապես առաջին դեմքերի, քաղաքական ընդդիմախոսների հետ: Ընդհանուր առմամբ, այս պահին, կարծում եմ, շատ նորմալ մրցակցային պայքար է գնում։

– Արդյոք մինչև վերջ այդպես կընթանա՞։

– Թերևս՝ այո: Չեմ կարծում որևէ այլ բան կխաթարի: Համենայն դեպս, մեր կողմից ես ամեն ինչ անելու եմ, որ մինչև վերջ գնա այսպես, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ հասկանա՝ ում տա իր ձայնը: Եթե մտնենք այդ անհարգալից պայքարի մեջ, մենք նաև կդեֆորմացնենք մեր հանրության պատկերացումը, թե ում ձայն տա: Շատ լավ հասկանում եմ, որ դիմացինին ցածրացնելով չէ, որ պետք է բարձրանամ: Ես այդ պայքարն եմ որդեգրել և այդպես էլ ուզում եմ առաջ գնալ։

– Պարոն Մանուկյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու, հաղթելու Ձեր հնարավորությունները։

– Հաղթելու շանսերը շատ բարձր եմ գնահատում: Ինչո՞ւ: Որովհետև այսօր առերես շփվում եմ մեր բնակիչների հետ և նկատում եմ, որ նրանց վերաբերմունքը, կարծիքը նախ մեր քաղաքական ուժի, ապա նաև իմ անձի, մեր քաղաքական համախոհների նկատմամբ շատ բարձր է: Բայց, բնականաբար, միանշանակ ասել, թե կհաղթեմ, ճիշտ չի լինի: Պարզապես տպավորությունը դրական է, մենք վստահորեն գնում ենք հաղթանակի: Ես չեմ մտնում, այսպես ասած, կանխատեսումների դաշտ, դա անշնորհակալ գործ է, բայց, համենայնդեպս, վստահ եմ մեր հաղթանակին, և ամեն ինչ անում ենք, որպեսզի դա արձանագրվի։

– Թեկնածուներից ո՞ւմ եք Ձեզ լուրջ մրցակից համարում։

– Չեմ ուզում այս պահին այդպիսի գնահատական տալ, քանի որ ամենայն հարգանքով եմ վերաբերվում իմ քաղաքական ընդդիմախոսներին: Այս պահին չեմ ասի: Թե ով է լուրջ մրցակից, ցույց կտան քվեարկության արդյունքները, մեր բնակչության վերջնական քվեն: Ես միանշանակ կընդունեմ բնակչության ընտրությունը և կշնորհավորեմ յուրաքանչյուր քաղաքական ընդդիմախոսին՝ անկախ նրանց ունեցած արդյունքից։

– Արդյոք կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ։

– Կարծում եմ՝ այո: Հանդիպելով բնակչության հետ՝ իրոք որևէ մեկի կողմից չեմ տեսնում, որ այդ թեզը առաջ տանի: «Արդյոք մեր ձայնը տեղ կհասնի՞»՝ այդպիսի արտահայտություն, ամենայն անկեղծությամբ, դեռևս չեմ լսել: Զգում եմ, որ իսկապես հետաքրքրված են ծրագրերով, փորձում են լսել, տարբերակել՝ ով, ինչ, ինչպես: Այդ պարագայում, տեսնում եմ, այլ, արատավոր գործընթաց չի լինելու, և վերջնարդյունքը ինձ համար ընդունելի կլինի միանշանակ։

– Իսկ ի՞նչ եք կարծում, ընտրողները կառաջնորդվե՞ն իրենց ձայնը լավագույնին տալու սկզբունքով, թե՞ կլինի, այսպես ասած, «թայֆաբազություն»։

– Ոչ թե թայֆաբազություն, այլ՝ առայժմ մեր ընտրողների մոտ իշխում է բարեկամ-ծանոթ գաղափարը: Դա միշտ է եղել, այս պահին էլ եմ դա տեսնում: Այստեղ ևս այդ նեղ համայնքային շահերն են գործում, այսինքն՝ ձայնս տամ մեր համայնքի թեկնածուին, որպեսզի մեր համայնքի ձայնը լսելի լինի: Չնայած այդ ամենին՝ ամենայն հարգանքով եմ վերաբերվում մեր համայնքի բնակչության նմանատիպ կարծիքներին: Դրանք չես կարող փոխել, որովհետև ժամանակի ընթացքում կարծրացած կարծիքներ են, որքան էլ փորձեմ հասկացնել, որ կոնկրետ իմ ընտրվելու դեպքում հավասար եմ վերաբերվելու բոլորին: Բայց իսկապես, այնպես ենք անելու, որ իրոք այդ համաչափ զարգացումը տեղի ունենա, քանի որ պատասխանատվություն ենք կրում՝ քաղաքական դաշտ մտնելով ու ստանալով մեր բնակիչների վստահությունը: Հակառակ դեպքում կձախողենք: Չէ՞ որ հինգ տարի հետո էլի ընտրություններ են լինելու, համաչափ զարգացնելու այսօրվա մեր խոստումները ո՞ւր են կորչելու: Թե՞ ասելու ենք՝ սա քաղաքական էր ու վերջ: Իսկ ո՞ւր կմնա անձնական պատասխանատվությունը, որը նույնիսկ շատ կարևոր է։

– Պարոն Մանուկյան, Ձեր նախընտրական ծրագրերում մի կետ կա թափառող շների խնդրի լուծման վերաբերյալ: Մի փոքր կլուսաբանե՞ք, խնդրեմ։

– Խիստ արդիական խնդիր է: Այսօր մեր փողոցներում թափառող շներ շատ կան: Կա լուծման երկու տարբերակ՝ կա՛մ համագործակցում ենք մասնավորի հետ և իրականացնում ստերջացման պրոցեսը, որպեսզի այլևս հնարավորություն չունենան բազմանալու, կա՛մ ունենում ենք ապաստարաններ և շներին տեղափոխում ենք այնտեղ, ինչն ավելի ռեալ է: Այստեղ շատ կարևոր է ներգրավել արտերկրի գումարները, քանի որ այսօր կենդանիների պաշտպանության բազմաթիվ ծրագրեր կան: Ահա այդպիսի ծրագրեր ներգրավելով՝ այդ գումարներով հնարավոր կլինի լուծում տալ այդ խնդրին: Բայց շատ կարևոր է, որ մեր հարևան համայնքները նույնպես իրականացնեն այդ ծրագիրը, որովհետև միայն մեզ մոտ լուծելով՝ խնդիրը չի վերանա: Պետք է համապարփակ լուծում լինի։

– Իսկ 50+ քվե չստանալու դեպքում կոալիցիա կկազմե՞ք այլ քաղաքական ուժի հետ։

– Հարգելիս, այս պահին վաղ է այդ մասին խոսելը: Նախ պետք է արձանագրվի, ապա ըստ այդմ որոշում կայացնենք: Վստահեցնում եմ՝ մեր քաղաքական ուժն այնպիսին է, որ կառավարման մեխանիզմի ստեղծման համար խոչընդոտ չի հանդիսանա: Իսկ կոալիցիա կկազմենք, թե ոչ՝ նայած այս դեպքում ովքեր են, ինչպիսի քաղաքական ուժեր կլինեն, արդյոք բանակցություններ տեղի կունենան համապատասխան ձևով: Ամենակարևորը՝ պետք է ամեն ինչ անել պետականամետ լուծում տալու համար: Ամեն ինչ պետք է ուղղված լինի նրան, որ լուծում լինի բնակչի, ոչ թե քաղաքական նեղ անձնական շահերի համար։

– Ի՞նչ կցանկանաք ասել Ձեր ընտրողին: 

– Նախ կցանկանամ, որ մեր ընտրողները այս փուլում ճիշտ կողմնորշվեն, կարողանան զանազանել անկեղծ, ճիշտ խոստումները պոպուլիստական հայտարարություններից: Ամենակարևորը՝ կցանկանայի, որ մեր բնակչությունը մեր երկրի այս խառը պահին լինեն համբերատար, լինեն պետության, հայ զինվորի կողքին: Պետականամետությունը շատ կարևոր եմ համարում:

Քանի որ առջևում Նոր Տարին է, կցանկանայի, որ ուրախ, խաղաղ տարի լինի բոլորիս համար, իսկ այս ընտրության արդյունքները իրոք բխեն մեր ժողովրդի կամքից։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker