«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վաղը կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ

Վաղը՝ ժամը 12:00-ին, Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կհանդիպեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի հետ:
Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից: Տիկին Պողոսյանն ասաց, որ հանդիպումը փակ է լինելու լրատվամիջոցների համար, սակայն հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահը կամ խմբակցության ղեկավարը հավանաբար տեղեկություններ կտրամադրեն:
Ավետիսյանի թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել է Կառավարությունը: ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը: Շուրջ մեկ շաբաթ է՝ չեն դադարում որոշ իրավապաշտպանների, փաստաբանների եւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ու նախկին քաղբանտարկյալների քննադատությունները՝ ուղղված Կառավարությանը, որը նման առաջադրում է արել:
Քննադատները հիշեցնում են, որ Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաեւ Մարտի 1-ին առնչվող գործեր, հաստատել, նրանց խոսքերով, «իրավապահների շինծու մեղադրանքները»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ կհանդիպեն թեկնածուին եւ բարձրացված հարցերի պատասխանները կփորձեն ստանալ Ավետիսյանից։
Armtimes.com